Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում մարտի 10-ին կմեկնարկի 23-րդ տուրը: VNews-ը ներկայացնում է տուրի անոնսը։
ԲԿՄԱ - «Ալաշկերտ»
Մարտի 10, ժամը՝ 15:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարադաշտ
6 խաղ, որոնցում հաղթել է «Ալաշկերտը», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 4-15
1-ին շրջան. 26.08.2022 ԲԿՄԱ - «Ալաշկերտ»՝ 2-4 (1-1)
Գոլերը՝ 1-0՝ Ժիրայր Շաղոյան 8՛, 1-1՝ Արտակ Եդիգարյան 33՛, 1-2՝ Բլադիմիր Դիաս 53՛, 2-2՝ Ժիրայր Շաղոյան 69՛, 2-3՝ Տիագո
Գալվաո 86՛, 2-4՝ Բլադիմիր Դիաս 89՛:
2-րդ շրջան. 30.10.2022 «Ալաշկերտ» - ԲԿՄԱ ՝ 1-0 (0-0)
Գոլը՝ 1-0՝ Ռոնալդ Կուելյար 79՛:
ԲԿՄԱ՝ 9-րդ տեղ (16 միավոր), «Ալաշկերտ»՝ 4-րդ տեղ (38 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. Նախորդ տուրում ԲԿՄԱ-ն վերջապես աչքի ընկավ արդյունավետ գործողություններով՝ հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթելով «Լեռնային Արցախին»: Դա Հայաստանի առաջնություններում բանակայինների խոշոր հաշվով երկրորդ հաղթանակն էր: Առաջինը գրանցվել էր 1996/97թթ. առաջնությունում, որում ԲԿՄԱ-ն 3 անպատասխան գնդակ էր ուղարկել Գորիսի «Զանգեզուրի» դարպասը:
Ընթացիկ առաջնությունում ԲԿՄԱ-ն ընդամենը 3-րդ հաղթանակը տոնեց: Մինչև այդ բանակայինները հաղթել էին «Արարատին» (2-1) և «Վանին» (1-0):
2. Չեմպիոնական մրցավազքում մեծ նշանակություն ունեցող «Արարատ-Արմենիայի» հետ մրցավեճում «Ալաշկերտը» 2 կարևոր միավոր կորցրեց՝ խաղն ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի: Ընդհանրապես, «Արարատ-Արմենիան» ալաշկերտցիների ամենաանհարմար մրցակիցներից մեկն է դարձել, որի հետ Fastex ՀՊԼ-ում անցկացրած վերջին 7 հանդիպումներում կրել են 4 պարտություն, 3 խաղ ավարտել են ոչ-ոքի:
3. Իսկ ահա ԲԿՄԱ-ի համար «Ալաշկերտն» է դարձել ամենաանհարմար մրցակիցներից մեկը, որին պարտվել է Fastex ՀՊԼ-ում անցկացրած բոլոր 6 հանդիպումներում էլ:
4. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Արտակ Եդիգարյանը Fastex ՀՊԼ-ում հոբելյանական՝ 300-րդ խաղը կանցկացնի: Նա կդառնա Հայաստանի առաջնությունների պատմության մեջ այդ սահմանագիծը հատած ընդամենը 16-րդ ֆուտբոլիստը: Ընթացիկ առաջնության մասնակիցներից միայն Արտակ Գրիգորյանն (361) ու Հրայր Մկոյանն (320) են Fastex ՀՊԼ-ում 300-ից ավելի խաղ անցկացրել: Իսկ յուրօրինակ ռեկորդակիրը «Շիրակի» նախկին ավագ Հովհաննես Թահմազյանն է, որը մասնակցել է 461 հանդիպման:
Հետաքրքիր է, որ բանակայինների հետ անցյալ տարվա օգոստոսի 26-ին կայացած առաջին շրջանի հանդիպումը ևս հոբելյանական էր Եդիգարյանի համար: Այդ օրն «Ալաշկերտի» կիսապաշտպանը ֆուտբոլային կարիերայում 450-րդ պաշտոնական խաղն էր անցկացրել: Իսկ թիմի պաշտպան Տարոն Ոսկանյանն էլ նշել էր իր կարիերայի 400-րդ պաշտոնական խաղի հոբելյանը:
5. ԲԿՄԱ-ի դարպասը գրավելու դեպքում Ուրոշ Նենադովիչը պաշտոնական մրցումներում «Ալաշկերտում» խփած 23 գնդակով կդառնա թիմի ամենաարդյունավետ լեգեոնականը՝ մեկ գնդակով գերազանցելով Ալեքսանդր Գլիշիչի ռեկորդային ցուցանիշը:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
ԲԿՄԱ՝ Արթուր Սերոբյան, Ժիրայր Շաղոյան - 2-ական գոլ:
«Ալաշկերտ»՝ Դավիթ Խուրցիձե - 3 գոլ:
«Արարատ» - «Վան»
Մարտի 10, ժամը՝ 18:00, Աբովյան, Քաղաքային մարզադաշտ
9 խաղ, որից 6-ում հաղթել է «Արարատը», 3-ում գրանցվել է ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 9-2
1-ին շրջան. 27.08.2022 «Արարատ» - «Վան»՝ 1-0 (1-0)
Գոլը՝ 1-0՝ Ալիկ Առաքելյան 28՛:
2-րդ շրջան. 29.10.2022 «Վան» - «Արարատ» ՝ 0-2 (0-2)
Գոլերը՝ 0-1՝ Ամարա Տրաորե 28՛, 0-2՝ Արմանդ Դագրո 37՛:
«Արարատ»՝ 7-րդ տեղ (22 միավոր), «Վան»՝ 5-րդ տեղ (27 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. «Արարատն» անհաջող է սկսել առաջնության գարնանային հատվածը՝ պարտվելով «Արարատ-Արմենիային» (1-3) և «Շիրակին» (1-2): Առաջնության վերջին 3 խաղերում «Արարատն» ընդամենը մեկ միավոր է վաստակել՝ ԲԿՄԱ-ի հետ մրցավեճն ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի:
2. «Վանը» ևս առաջնության երկրորդ հատվածում չափազանց անհաջող է ելույթ ունենում՝ 2 անգամ պարտվելով «Փյունիկին» (0-3, 1-3) ու զիջելով «Ուրարտուին» (0-2): Նախորդ տուրում փյունիկցիներից կրած պարտությունը 4-րդ անընդմեջն էր ընթացիկ առաջնությունում:
3. «Արարատը» միակ թիմն է, որին «Վանը» Fastex ՀՊԼ-ում դեռ չի հաղթել: Նախորդ առաջնության միայն 4-րդ շրջանի խաղում էր «Վանին» վերջապես հաջողվել գրավել «Արարատի» դարպասը՝ խաղն ավարտելով ոչ-ոքի (1-1): Իսկ մինչև այդ, արարատցիները 3 խաղերում էլ հաղթել էին նվազագույն հաշվով:
Ընթացիկ առաջնությունում էլ «Վանին» դեռ չի հաջողվել գտնել «Արարատի» դարպասի բանալին՝ պարտվելով երկու խաղերում էլ:
4. «Վանի» կազմում գոլերի հաշիվը բացելու դեպքում Ռումյան Հովսեփյանը Fastex ՀՊԼ-ում 32-րդ գոլը կխփի ու կընդգրկվի Հայաստանի առաջնությունների պատմության 100 լավագույն ռմբարկուների ցանկում:
5. Հանդիպմանը մասնակցելու դեպքում «Արարատի» ավագ Հրայր Մկոյանը Fastex ՀՊԼ-ում 321-րդ խաղը կանցկացնի և կընդգրկվի Հայաստանի առաջնություններում առավել շատ հանդիպումների մասնակցած ֆուտբոլիստների տասնյակում՝ ցանկից դուրս մղելով «Միկայի» և «Ուլիսի» նախկին հարձակվող Արտյոմ Ադամյանին: Վերջինս 320 խաղ է անցկացրել:
Ընդհանրապես, «Վանի» հետ հանդիպումները հիշարժան են եղել «Արարատի» ավագի համար: Անցյալ տարվա մարտի 1-ին Չարենցավանում գյումրեցի պաշտպանը ֆուտբոլային կարիերայում պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 500-րդ խաղն էր անցկացրել: Նա դարձել էր այդ սահմանագիծը հատած ընդամենը 10-րդ հայ ֆուտբոլիստը:
Ընթացիկ առաջնության առաջին շրջանի խաղում՝ անցյալ տարվա օգոստոսի 27-ին Երևանում Մկոյանը «Արարատի» մարզաշապիկով Fastex ՀՊԼ-ում 100-րդ անգամ էր խաղադաշտ դուրս եկել: Իսկ հոկտեմբերի 29-ին Չարենցավանում «Վանի» հետ կայացած մրցավեճում «Արարատի» ավագը հայկական ակումբներում, Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականներում պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 450-րդ խաղն էր անցկացրել:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Արարատ»՝ Ուրոշ Նենադովիչ, Սերժ Դեբլե - 2-ական գոլ:
«Վանի» կազմում հանդիպմանը չեն մասնակցի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված Արթուր Քարտաշյանը և 5-րդ դեղին քարտը ստացած Պավել Գորելովը:
«Փյունիկ» - «Նոա»
Մարտի 11, ժամը՝ 15:00, Երևան, «Ջունիոր Սպորտ» մարզադաշտ
15 խաղ, «Փյունիկը» հաղթել է 10 անգամ, «Նոան՝ 4, գրանցվել է 1 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 20-10
1-ին շրջան. 29.08.2022 «Փյունիկ» - «Նոա»՝ 3-0 (1-0)
Գոլերը՝ 1-0՝ Անդրե Մենսալաո 27՛, 2-0՝ Միխայիլ Կովալենկո 81՛, 3-0՝ Յուսուֆ Օտուբանջո 90՛:
2-րդ շրջան. 31.10.2022 «Նոա» - «Փյունիկ»՝ 0-1 (0-0)
Գոլը՝ 0-1՝ Խոսե Կառաբալյո 73՛:
«Փյունիկ»՝ 3-րդ տեղ (43 միավոր), «Նոա»` 10-րդ տեղ (15 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. «Փյունիկը» գերազանց է սկսել առաջնության գարնանային հատվածը՝ տոնելով 3- անընդմեջ հաղթանակ («Վան»՝ 3-0, 3-1, «Շիրակ»՝ 4-1): Ճիշտ է, «Վանի» հետ կայացած նախորդ տուրի մրցավեճում փյունիկցիներից մեծ ջանքեր պահանջվեցին խաղավերջում կամային հաղթանակ կորզելու համար:
Այդ խաղում Ստանիսլավ Բուչնևի դարպասը Ջոսուե Գաբայի խփած գնդակը դարձավ Fastex ՀՊԼ-ում «Փյունիկի» մասնակցությամբ հանդիպումներում գրանցված 2500-րդ գոլը:
2. Նախորդ տուրում «Նոան» արժանի դիմադրություն ցույց տվեց առաջնության առաջատար «Ուրարտուին», որին միայն խաղավերջում հաջողվեց երկու անգամ գրավել մրցակցի դարպասն ու հաղթանակ տոնել:
3. Նախորդ մրցաշրջանում «Փյունիկն» առաջնության մասնակից միակ թիմն էր, որի հետ հանդիպումներում «Նոան» միավոր չվաստակեց՝ պարտվելով բոլոր 4 խաղերում էլ: Ընթացիկ առաջնությունում էլ «Նոան» ոչ միայն պարտվել է երկու խաղերում էլ, այլև չի կարողացել գրավել «Փյունիկի» դարպասը: Այնպես որ մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 6 խաղերում էլ հաղթել են փյունիկցիները: Վերջին հաղթանակը «Փյունիկի» նկատմամբ «Նոան» տարել է 2021թ. մայիսի 15-ին կայացած հանդիպման խաղավերջում Պետրոս Ավետիսյանի խփած միակ գոլի շնորհիվ:
4. Յուսուֆ Օտուբանջոն առաջնության գարնանային հատվածի 3 հանդիպումներում էլ խաղադաշտից չի հեռացել առանց գոլի՝ ընդհանուր առմամբ 4 անգամ գրավելով մրցակիցների դարպասները: «Նոայի» հետ խաղում էլ աչքի ընկնելու դեպքում նիգերիացի հարձակվողը կխփի Fastex ՀՊԼ-ում 36-րդ գոլը և կընդգրկվի Հայաստանի առաջնությունների ամենաարդյունավետ լեգեոնականների հնգյակում:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Փյունիկ»՝ Խոսե Կառաբալյո - 3 գոլ:
«Նոա»՝ Վլադիմիր Ազարով - 3 գոլ:
«Նոայի» կազմում հանդիպմանը չեն մասնակցի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված Սերգեյ Մուրադյանը և 5-րդ դեղին քարտը ստացած Պրինց Էբենեզերը:
«Ուրարտու» - «Լեռնային Արցախ»
Մարտի 11, ժամը՝ 15:00, Արմավիր, Հակոբ Տոնոյանի անվան քաղաքային մարզադաշտ
11 խաղ, «Ուրարտուն» հաղթել է 10 անգամ, «Լեռնային Արցախը»՝ 1, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 33-11
1-ին շրջան. 28.08.2022 «Ուրարտու» - «Լեռնային Արցախ»՝ 2-3 (2-1)
Գոլերը՝ 0-1՝ Խուան Պալասիո 7՛, 1-1՝ Կարեն Մելքոնյան 15՛, 2-1՝ Ժիրայր Մարգարյան 26՛, 2-2-2-3՝ Ժիրայր Մարգարյան, ինքնագոլեր 71՛, 81՛:
2-րդ շրջան. 29.10.2022 «Լեռնային Արցախ» - «Ուրարտու»՝ 1-2 (1-2)
Գոլերը՝ 1-0՝ Օլաոլուվա Օջետունդե 5՛, 1-1՝ Օլեգ Պոլյակով 36՛, 1-2՝ Եվգենի Ցիմբալյուկ 44՛:
«Ուրարտու»՝ 1-ին տեղ (53 միավոր), «Լեռնային Արցախ»՝ 8-րդ տեղ (21 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. Նախորդ տուրում 2-0 հաշվով հաղթելով «Նոային», «Ուրարտուն» առաջնությունում 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Վերջին 3 հանդիպումներում առաջնության առաջատարը դարպասն անառիկ է պահել:
2. «Լեռնային Արցախն» «Ալաշկերտից» (1-3) և ԲԿՄԱ-ից (0-3) կրած պարտություններով սկսեց առաջնության գարնանային հատվածը: Արցախցիները 5 անընդմեջ պարտություն են կրել: Վերջին 9 հանդիպումներում թիմը հաղթանակ չի տարել՝ վաստակելով ընդամենը 3 միավոր: «Ալաշկերտի» հետ խաղում «Լեռնային Արցախին» վերջապես հաջողվել էր ընդհատել 575 րոպե տևած գոլային երաշտը:
Առաջնությունում վերջին հաղթանակը «Լեռնային Արցախը» տարել է անցյալ տարվա հոկտեմբերի 24-ին՝ նվազագույն հաշվով առավելության հասնելով ԲԿՄԱ-ի նկատմամբ:
3. Մինչև ընթացիկ մրցաշրջանի մեկնարկը, մրցակիցների միջև կայացած բոլոր 9 հանդիպումներում էլ հաղթել էր «Ուրարտուն», որն այն ժամանակ կրում էր «Բանանց» անվանումը: Ընդ որում խաղերից 5-ում «Ուրարտուն» հաղթել էր խոշոր հաշվով: Թիմի ֆուտբոլիստներից Անդրանիկ Հովսեփյանը (Ռումյան Հովսեփյանի հայրը) և Գագիկ Սիմոնյանը դարձել էին հեթ-տրիկի հեղինակ:
Եվ ահա ընթացիկ առաջնության առաջին շրջանի խաղում «Լեռնային Արցախին» վերջապես հաջողվեց հաղթել «Ուրարտուին»: Դրան մեծապես նպաստեցին մրցակցի պաշտպան Ժիրայր Մարգարյանի երկու ինքնագոլերը, որոնց շնորհիվ «Ուրարտուի» ավագը Հայաստանի առաջնություններում յուրօրինակ հակառեկորդ սահմանեց:
4. Դմիտրո Խլյոբասի հետ 7 գնդակով «Ուրարտուի» լավագույն ռմբարկուների ցանկը գլխավորող Մաքսիմ Մայրովիչի համար հերթական գոլը կլինի 30-րդը Fastex ՀՊԼ-ում:
5. Հանդիպմանը մասնակցելու դեպքում «Ուրարտուի» ավագ Ժիրայր Մարգարյանը Fastex ՀՊԼ-ում 150-րդ խաղի հոբելյանը կնշի:
6. «Ուրարտուի» 24-ամյա կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն էլ խաղին մասնակցելու դեպքում տարիքային ռեկորդ կսահմանի: Դա կլինի Fastex ՀՊԼ-ում Իվուի 123-րդ խաղը: Նա կգերազանցի Սոլոմոն Իմե Ուդոյի ռեկորդային ցուցանիշը, որն այդ տարիքում Բարձրագույն խմբում խաղացած լեգեոնականներից բոլորից շատ՝ 118 հանդիպման էր մասնակցել:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Ուրարտու»՝ Անդրանիկ Հովսեփյան, Գագիկ Սիմոնյան - 4-ական գոլ:
«Արարատ-Արմենիա» - «Շիրակ»
Մարտի 12, ժամը՝ 15:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ
13 խաղ, «Արարատ-Արմենիան» հաղթել է 7 անգամ, «Շիրակը»՝ 3, գրանցվել է 3 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 27-10
1-ին շրջան. 28.08.2022 «Արարատ-Արմենիա» - «Շիրակ»՝ 3-0 (1-0)
Գոլերը՝ 1-0՝ Ուգո Ֆիրմինու 35՛, 2-0՝ Ագդոն Մենեզես 54՛, 3-0՝ Արտյոմ Ավանեսյան 83՛:
2-րդ շրջան. 30.10.2022 «Շիրակ» - «Արարատ-Արմենիա» ՝ 0-5 (0-2
Գոլերը՝ 0-1՝ Ուգո Ֆիրմինու 1՛, 0-2՝ Տենտոն Յենե 3՛, 0-3՝ Ուգո Ֆիրմինու 47՛, 0-4՝ Արմեն Համբարձումյան 53՛, 0-5՝ Ջեսի Ակիլա 90+1՛:
«Արարատ-Արմենիա»՝ 2-րդ տեղ (47 միավոր), «Շիրակ»՝ 6-րդ տեղ (24 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. Չեմպիոնական հավակնություններ ունեցող «Արարատ-Արմենիան» «Ալաշկերտի» հետ նախորդ տուրի մրցավեճում 2 կարևոր միավոր կորցրեց՝ խաղն ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի: Դեռ լավ է, որ ավելացված ժամանակում Երմակովի սխալից հետո «Ալաշկերտի» խփած գոլը VAR համակարգի միջոցով չեղարկվել էր: Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմն արդեն 6 միավորով է հետ մնում «Ուրարտուից»:
«Արարատ-Արմենիան» կրկնեց ընթացիկ առաջնությունում «Ուրարտուի» գրանցած լավագույն ցուցանիշը՝ անպարտելի խաղերի թիվը հասցնելով 12-ի: Դա նաև 2018/19թթ. առաջնությունում «Արարատ-Արմենիայի» ռեկորդային ցուցանիշի կրկնությունն է: Այնպես որ «Շիրակի» հետ հանդիպումը բարեհաջող ավարտելու դեպքում Հայաստանի կրկնակի չեմպիոնն անպարտելիության նոր ռեկորդ կսահմանի:
2. «Շիրակն» աստիճանաբար շտկում է մրցաշարային վիճակը: Նախորդ տուրում շիրակցիները Չարենցավանում 2-1 հաշվով հաղթեցին «Արարատին» ու շրջանցելով արարատցիներին, տեղափոխվեցին 6-րդ հորիզոնական: Վերջին 3 խաղերում դա շիրակցիների 2-րդ հաղթանակն էր:
3. Fastex ՀՊԼ-ում մրցակիցների միջև կայացած նախորդ 5 խաղերում «Շիրակն» ընդամենը մեկ միավոր է վաստակել: Ընդ որում 2020-21թթ. առաջնության առաջին շրջանի խաղում «Արարատ-Արմենիան» պարզապես ջախջախել էր շիրակցիներին՝ 7 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը: Դա Բարձրագույն խմբում «Արարատ-Արմենիայի» ամենախոշոր հաշվով հաղթանակն էր: Իսկ «Շիրակը» կրկնել էր իր ամենախոշոր հաշվով պարտության ռեկորդը: Նախկինում շիրակցիները 0-7 հաշվով պարտվել էին «Փյունիկին» (2006թ.) և «Միկային» (2009թ.):
Ընթացիկ առաջնության երկու խաղերում էլ «Արարատ-Արմենիան» հաղթել է խոշոր հաշվով՝ անառիկ պահելով սեփական դարպասը:
Վերջին հաղթանակն «Արարատ-Արմենիայի» նկատմամբ «Շիրակը» տարել է 2020թ. հունիսի 20-ին: Գյումրիում կայացած այդ խաղի ելքը վճռել էր շիրակցի Մորի Կոնեի խփած միակ գոլը:
4. Եթե շիրակցի Մուսա Փոլ Բակայոկոյին հաջողվի գրավել «Արարատ-Արմենիայի» դարպասը, ապա պաշտոնական մրցումներում թիմի կազմում կխփի 27-րդ գոլը և կդառնա «Շիրակի» ամենաարդյունավետ լեգեոնականը: Նա կգերազանցի թիմի նախկին հարձակվող Ժան Ժակ Բուգուհիի արդյունավետության ռեկորդը, որը շիրակցիների կազմում պաշտոնական մրցումներում 26 գոլի հեղինակ էր դարձել:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Արարատ-Արմենիա»՝ Յուսուֆ Օտուբանջո - 4 գոլ:
«Շիրակ»՝ Մորի Կոնե - 2 գոլ: