Logo

Fastex ՀՊԼ. 24-րդ տուրին ընդառաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
11:14 / 16.03.2023Fastex Պրեմիեր լիգա
Բացառիկ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում մարտի 16-ին կմեկնարկի 24-րդ տուրը: VNews-ը ներկայացնում է տուրի անոնսը։

«Լեռնային Արցախ»  - «Փյունիկ» 

Մարտի 16, ժամը՝ 15:00, Վայք, Քաղաքային մարզադաշտ

20 խաղ, «Փյունիկը» հաղթել է 18 անգամ, գրանցվել է 2 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 8-54

1-ին շրջան. 03.09.2022 «Փյունիկ» - «Լեռնային Արցախ»՝ 1-0 (1-0)

Գոլը՝ 1-0՝ Լուկա Յուրիչիչ 29՛:

2-րդ շրջան. 06.11.2022  «Լեռնային Արցախ»  - «Փյունիկ»՝ 1-1 (1-0) 

Գոլերը՝ 1-0՝ Վալդո Բիլունգա 16՛, 1-1՝ Լուկա Յուրիչիչ 69՛:

«Լեռնային Արցախ»՝ 8-րդ տեղ (21 միավոր), «Փյունիկ»՝ 3-րդ տեղ (46 միավոր): 

Հետաքրքիր փաստեր՝  հանդիպմանն ընդառաջ

1. «Լեռնային Արցախը» շարունակում է անհաջող ելույթներն առաջնությունում: Նախորդ տուրում արցախցիները 6-րդ անընդմեջ պարտությունը կրեցին՝ 0-3 հաշվով զիջելով «Ուրարտուին»: Վերջին 10 հանդիպումներում թիմը հաղթանակ չի տարել՝ վաստակելով ընդամենը 3 միավոր: Առաջնությունում վերջին հաղթանակը «Լեռնային Արցախը» տարել է անցյալ տարվա հոկտեմբերի 24-ին՝ նվազագույն հաշվով առավելության հասնելով ԲԿՄԱ-ի նկատմամբ:

2. Իսկ ահա «Փյունիկը» գերազանց է սկսել առաջնության երկրորդ հատվածը՝ տոնելով 4 անընդմեջ հաղթանակ: Նախորդ տուրում էլ փյունիկցիները 2-0 հաշվով հաղթեցին «Նոային»: Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում էլ «Փյունիկը» առաջնության գարնանային հատվածը սկսել էր 5 անընդմեջ հաղթանակով: 
Եվ ընդհանրապես, գարնանային հատվածում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պարզապես ֆանտաստիկ արդյունք էր ցույց տվել՝ անցկացրած 17 հանդիպումներում տանելով 13 հաղթանակ, 4 խաղ ավարտելով ոչ-ոքի, ինչի շնորհիվ վերացրել էր «Արարատ-Արմենիայից» 8 միավորի տարբերությունն ու չեմպիոն էր հռչակվել:

3. Ընթացիկ մրցաշրջանում 17 տարվա ընդմիջումից հետո մրցակիցները կրկին մրցավեճի բռնվեցին Բարձրագույն խմբի առաջնությունում: Իսկ մինչև այդ, նրանց վերջին հանդիպումը կայացել էր 2005թ. հունիսի 16-ին և ավարտվել էր «Փյունիկի» հերթական հաղթանակով՝ 3-1: Թիմերի առաջին ծանոթությունը տեղի էր ունեցել  նախորդ դարում՝ 1993թ. օգոստոսի 28-ին: Այն ժամանակ «Փյունիկը» կրում էր «Հոմենընդմեն» անվանումը, իսկ «Լեռնային Արցախը» հանդես էր գալիս «Երազանք» անվամբ: «Հոմենընդմենը» 6-1 հաշվով ջախջախեց մրցակցին: Առաջին գոլի հեղինակ դարձավ Արսեն Ավետիսյանը:

4. Առաջնության գարնանային հատվածում «Փյունիկն» աչքի է ընկնում արդյունավետ խաղով՝ 4 հանդիպումներում խփելով 12 գոլ: Գոլերից 4-ը գրանցվել է Յուսուֆ Օտուբանջոյի հաշվին, 3-ական անգամ մրցակիցների դարպասը գրավել են Խոսե Կառաբալյոն ու Լուկա Յուրիչիչը, մեկական անգամ էլ աչքի են ընկել Ջոնել Դեսիրեն ու Էդգար Մալաքյանը: Լուկա Յուրիչիչը 10 գնդակով «Փյունիկի» ռմբարկուն է:

Դիմակայության  լավագույն ռմբարկուն

«Փյունիկ»՝ Արսեն Ավետիսյան - 8 գոլ:

ԲԿՄԱ - «Ուրարտու» 

Մարտի 16, ժամը՝ 18:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

6 խաղ, որոնցում հաղթել է «Ուրարտուն», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 3-17

1-ին շրջան. 04.09.2022 ԲԿՄԱ- «Ուրարտու»՝ 1-4 (0-2) 

Գոլերը՝ 0-1՝ Մաքսիմ Մայրովիչ 18՛, 0-2՝ Սերգեյ Մկրտչյան 26՛, 0-3՝ Մաքսիմ Մայրովիչ 47՛, 1-3՝ Միքայել Միրզոյան 51՛, 1-4՝ Մաքսիմ Մայրովիչ 81՛:

2-րդ շրջան. 04.11.2022  «Ուրարտու» - ԲԿՄԱ՝ 1-0 (0-0)  

Գոլը՝ 1-0՝ Մարկոս Ժունիոր 76՛: 

ԲԿՄԱ՝ 9-րդ տեղ (17 միավոր), «Ուրարտու»՝ 1-ին տեղ (56 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝  հանդիպմանն ընդառաջ

1. ԲԿՄԱ-ն «Ալաշկերտի» հետ նախորդ տուրի խաղում շատ մոտ էր 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնելուն: Սակայն հանդիպման ավելացված ժամանակում VAR համակարգի շնորհիվ «Ալաշկերտը» 11մ հարվածի իրավունք ստացավ և Արտակ Եդիգարյանը թիմին փրկեց պարտությունից: Բանակայինները Fastex ՀՊԼ-ում «Ալաշկերտի» հետ անցկացրած 7 հանդիպումներում առաջին միավորը վաստակեցին: ԲԿՄԱ-ն վատ չի սկսել առաջնության երկրորդ հատվածը՝ 3 խաղում վաստակելով 4 միավոր:

2. «Ուրարտուն» շարունակեց հաղթարշավն՝ Արմավիրում 3-0 խոշոր հաշվով պարտության մատնելով «Լեռնային Արցախին»: Դա առաջնությունում «Ուրարտուի» 5-րդ անընդմեջ հաղթանակն էր: Ընդ որում վերջին 4 հանդիպումներում «Ուրարտուն» դարպասն անառիկ է պահել: Առաջնության միանձնյա առաջատարը միակն է, որ գարնանային հատվածում դեռ գոլ բաց չի թողել:

3. «Ուրարտուն» Fastex ՀՊԼ-ում ԲԿՄԱ-ի ամենաանհարմար մրցակիցներից մեկն է, որի հետ անցկացրած բոլոր 6 խաղերում էլ բանակայինները պարտվել են: Ընդ որում 3 անգամ ԲԿՄԱ-ն մրցակցին զիջել է խոշոր հաշվով (0-5, 1-4, 1-4):

4. Առաջնության գարնանային հատվածի 3 հանդիպումներում էլ Նարեկ Գրիգորյանը դաշտից չի հեռացել առանց գոլի՝ մեկական անգամ գրավելով մրցակիցների դարպասները: Վերջին երկու խաղերում նա դիպուկ է իրացրել 11մ հարվածները: Նարեկը Մաքսիմ Մայրովիչի և Դմիտրո Խլյոբասի հետ 7 գնդակով ընթացիկ առաջնությունում «Ուրարտուի» լավագույն ռմբարկուն է: 

5. Առաջնության գարնանային հատվածի 3 հանդիպումներում էլ Արսեն Բեգլարյանը դարպասն անառիկ է պահել: Նա պատմական նվաճման շեմին է: Եթե ԲԿՄԱ-ի հետ խաղում էլ «Ուրարտուի» դարպասապահը գոլ բաց չթողնի, ապա հայկական ակումբներում, Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականներում անցկացրած պաշտոնական մրցումներում 100-րդ անգամ դարպասն անառիկ կպահի և կընդգրկվի Սերգեյ Զատիկյանի անվան ակումբում՝ դառնալով ընդամենը 5-րդ անդամը:

Դիմակայության  լավագույն ռմբարկուները

«Ուրարտու»՝ Ջոնել Դեսիրե, Մաքսիմ Մայրովիչ - 3-ական գոլ:

ԲԿՄԱ-ի կազմում կբացակայի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված Արամ Խամոյանը:  

«Ալաշկերտ» - «Շիրակ» 

Մարտի 17, ժամը՝ 15:00, Երևան, «Նաիրի» մարզադաշտ

37 խաղ, «Ալաշկերտը» հաղթել է 15 անգամ, «Շիրակը»՝ 10, գրանցվել է 12 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 49-37

1-ին շրջան. 02.09.2022 «Ալաշկերտ» - «Շիրակ»՝ 3-0 (1-0) 

Գոլերը՝ 1-0՝ Արտակ Եդիգարյան 38՛, 11մ,  2-0-3-0՝ Բլադիմիր Դիաս 65՛, 88՛:

2-րդ շրջան. 03.11.2022  «Շիրակ» - «Ալաշկերտ»՝ 0-2 (0-0)

Գոլերը՝ 0-1՝ Կևին Ռեյես 17՛, 0-2՝ Խամես Սանթոս 31՛:

«Ալաշկերտ»՝ 4-րդ տեղ (39 միավոր), «Շիրակ»՝ 6-րդ տեղ (24 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝  հանդիպմանն ընդառաջ

1. Վերջին երկու հանդիպումներում «Ալաշկերտը» թանկարժեք 4 միավորի կորուստ ունեցավ: Ընդ որում այդ խաղերի վերջնարդյունքը գրանցվեց VAR համակարգի կայացրած որոշումներով: «Արարատ-Արմենիայի» հետ խաղի ավելացված ժամանակում չեղարկվեց «Ալաշկերտի» խփած գոլն ու գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի, իսկ ԲԿՄԱ-ի հետ մրցավեճում մրցակցի դարպասին 11մ հարված նշանակվեց և Արտակ Եդիգարյանը թիմին փրկեց պարտությունից:

«Ալաշկերտն» արդեն 7 միավորով է հետ մնում 3-րդ տեղում ընթացող «Փյունիկից», ուստի թիմից մեծ ջանքեր կպահանջվեն մրցանակային տեղերի համար մղվող պայքարում:

2. «Շիրակը» նախորդ տուրում լուրջ դիմադրություն ցույց տվեց «Արարատ-Արմենիային»: Դժվար է ասել, թե ինչպիսի ավարտ կունենար հանդիպումը, եթե շիրակցի Ալեքսա Վիդիչը գլխի դիպուկ հարվածով չգրավեր սեփական դարպասը: Ընթացիկ առաջնությունում «Շիրակը» ոչ միայն միավոր չի վաստակել «Արարատ-Արմենիայի» հետ հանդիպումներում, այլև դեռ չի գտել մրցակցի դարպասի բանալին: Նախորդ երկու խաղերում գյումրեցիները մրցակցին պարտվել էին խոշոր հաշվով՝ ընդհանուր առմամբ բաց թողնելով 8 գոլ: 

3. Առաջին շրջանում տարած հաղթանակով «Ալաշկերտն» ընդհատել էր Fastex ՀՊԼ-ում «Շիրակի» հետ հանդիպումներում գրանցված 3 անընդմեջ ոչ-ոքիների շարքը:  Մինչև այդ, «Ալաշկերտը» շիրակցիներին վերջին անգամ հաղթել էր 2019/20թթ. առաջնության ավարտական տուրում՝ 2020թ. հուլիսի 14-ին Գյումրիում կայացած խաղում առավելության հասնելով 4-2 հաշվով: Իսկ «Շիրակին» ընթացիկ առաջնությունում դեռ չի հաջողվել գրավել «Ալաշկերտի» դարպասը:
«Ալաշկերտն» այս խաղում կարող է Fastex ՀՊԼ-ում հոբելյանական՝ 400-րդ գոլը խփել, եթե 2 անգամ գրավի «Շիրակի» դարպասը:

4. Նախորդ տուրում ԲԿՄԱ-ի հետ մրցավեճում Fastex ՀՊԼ-ում հոբելյանական՝ 300-րդ խաղն անցկացրած Արտակ Եդիգարյանի համար «Շիրակի» հետ հանդիպումը կլինի 200-րդ պաշտոնականն «Ալաշկերտի» կազմում: Եդիգարյանը կդառնա «Ալաշկերտում» պաշտոնական մրցումներում 200-րդ խաղի սահմանագիծը հատած 2-րդ ֆուտբոլիստը: Ռեկորդակիրն «Ալաշկերտի» ավագ Արտակ Գրիգորյանն է, որը թիմի կազմում մասնակցել է 253 խաղի:

5. Տարոն Ոսկանյանի համար էլ այս հանդիպումը կլինի Fastex ՀՊԼ-ում հոբելյանական՝ 250-րդ խաղը: Նա «Ալաշկերտի» մարզաշապիկով 114-րդ անգամ խաղադաշտ դուրս կգա:

Դիմակայության  լավագույն ռմբարկուները

«Ալաշկերտ»՝ Միհրան Մանասյան - 7 գոլ: 

«Շիրակ»՝  Սերժ  Դեբլե, Մորի Կոնե - 4-ական գոլ:

«Շիրակն» այս խաղում կազմի լուրջ կորուստներ կունենա: Հանդիպմանը չեն մասնակցի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված Դոնալդ Կոդիան և թիմի ավագ Արտյոմ Միքայելյանը: 

«Վան» - «Արարատ-Արմենիա»  

Մարտի 17, ժամը՝ 15:00, Չարենցավան, Քաղաքային մարզադաշտ
9 խաղ, «Վանը» հաղթել է 2 անգամ, «Արարատ-Արմենիան»՝ 7, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 6-20

1-ին շրջան. 02.09.2022 «Վան»  - «Արարատ-Արմենիա»՝ 0-4 (0-1)  

Գոլերը՝ 0-1՝ Ջոնաթան Դուարտե 32՛, 0-2-0-3՝ Ուիլֆրեդ Կուասի Էզա 60՛, 62՛, 0-4՝ Ջոնաթան Դուարտե 73՛:

2-րդ շրջան. 03.11.2022  «Արարատ-Արմենիա» - «Վան»՝ 4-0 (2-0) 

Գոլերը՝ 1-0՝ Տենտոն Յենե 17՛, 2-0- 3-0՝ Ուգո Ֆիրմինու 20՛, 86՛, 4-0՝ Մաիլսոն Լիմա 90+1՛: 

«Վան»՝ 5-րդ տեղ (30 միավոր), «Արարատ-Արմենիա»՝ 2-րդ տեղ (50 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝  հանդիպմանն ընդառաջ

1. «Վանին» վերջապես հաջողվեց հաղթել Fastex ՀՊԼ-ում իր ամենաանհարմար մրցակից «Արարատին», որի հետ անցկացրած առաջնության նախորդ 9 հանդիպումներից 6-ում պարտվել էր, 3-ն ավարտել էր ոչ-ոքի: Այդ հաղթանակով «Վանն» ընդհատեց առաջնությունում 4 անընդմեջ պարտությունների շարքը: 

2. «Արարատ-Արմենիան» դժվարին պայքարում մրցակցի պաշտպան Ալեքսա Վիդիչի ինքնագոլի շնորհիվ կարողացավ հաղթել «Շիրակին», որին նախորդ երկու խաղերում պարտության էր մատնել խոշոր հաշվով՝ սեփական դարպասը պահելով անառիկ: 

«Արարատ-Արմենիան» գերազանցեց ընթացիկ առաջնությունում «Ուրարտուի» անպարտելիության ռեկորդը՝ 13 հանդիպումներից 9-ում հաղթելով, 4-ն ավարտելով ոչ-ոքի: Այս արդյունքը Հայաստանի կրկնակի չեմպիոնի համար թիմային նոր ռեկորդ է: Մինչև այդ 2018/19թթ. առաջնությունում «Արարատ-Արմենիան» 12 խաղ անընդմեջ չէր պարտվել:

Ընթացիկ առաջնությունում Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմը վերջին պարտությունը կրել է անցյալ տարվա հոկտեմբերի 17-ին՝ 1-2 հաշվով զիջելով «Փյունիկին»:

3. Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 3 հանդիպումներն էլ ավարտվել են «Արարատ-Արմենիայի» հաղթանակով: Ընդ որում «Վանին» չի հաջողվել գրավել մրցակցի դարպասը: Վերջին հաղթանակը «Վանը» տարել է անցյալ տարվա մարտի 20-ին՝ Չարենցավանում առավելության հասնելով 2-1 հաշվով:

4. «Արարատի» հետ մրցավեճում Fastex ՀՊԼ-ում հոբելյանական՝ 100-րդ խաղն անցկացրած Էդգար Մովսեսյանը 8 գնդակով «Վանի» լավագույն ռմբարկուն է: Եթե նրան հաջողվի գրավել «Արարատ-Արմենիայի» դարպասը, ապա կգերազանցի թիմի նախկին հարձակվող Ուիլֆրեդ Կուասի Էզայի մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդը: Վերջինս «Վանում» 2020/21թթ. առաջնությունում 8 գոլ էր խփել: Ի դեպ, Էզան ներկայումս մրցակիցների դիմակայության լավագույն ռմբարկուն է՝ 4 անգամ գրավելով իր նախկին թիմի դարպասը:

Դիմակայության  լավագույն ռմբարկուն

«Արարատ-Արմենիա»՝ Ուիլֆրեդ Կուասի Էզա - 4 գոլ:

«Արարատ-Արմենիայի» կազմում հանդիպմանը չի մասնակցի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված Կառլոս Պերեսը:

«Նոա» - «Արարատ» 

Մարտի 18, ժամը՝ 15:00, Աբովյան, Քաղաքային մարզադաշտ

17 խաղ, «Նոան» հաղթել է 4 անգամ, «Արարատը»՝ 4, գրանցվել է 9 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 16-20

1-ին շրջան. 03.09.2022 «Նոա» - «Արարատ» ՝ 0-0 

2-րդ շրջան. 05.11.2022  «Արարատ»  - «Նոա»՝  2-1 (1-0)  

Գոլերը՝ 1-0՝ Ռուդիկ Մկրտչյան 20՛, 2-0՝ Էդգար Մալաքյան 62՛, 11մ, 2-1՝ Լևոն Վարդանյան 65՛:

«Նոա»՝ 10-րդ տեղ (15 միավոր), «Արարատ»՝ 7-րդ տեղ (22 միավոր): 

Հետաքրքիր փաստեր՝  հանդիպմանն ընդառաջ

1. Առաջնության վերջին երկու խաղերում «Նոային» չափազանց դժվարին մրցակիցներ էին բաժին ընկել՝ «Ուրարտուն» և «Փյունիկը», որոնց զիջեց միևնույն 0-2 հաշվով: Վերջին 4 հանդիպումներում «Նոան» 3 միավոր է վաստակել՝ նվազագույն հաշվով հաղթելով ԲԿՄԱ-ին:

 2. «Արարատը» չափազանց անհաջող է սկսել առաջնության գարնանային հատվածը՝ պարտվելով 3 խաղերում էլ: Ընդ որում նախորդ տուրում արարատցիները Fastex ՀՊԼ-ում առաջին անգամ պարտվեցին «Վանին», որի հետ մինչև այդ անցկացրած առաջնության 9 խաղերից  6-ում հաղթել էին, 3-ն ավարտել էին ոչ-ոքի: 

«Նոային» զիջելու դեպքում «Արարատը» Fastex ՀՊԼ-ում 300-րդ պարտությունը կկրի, ինչը Հայաստանի առաջնությունների հակառեկորդ է: Առաջնության վերջին 4 հանդիպումներում «Արարատն» ընդամենը մեկ միավոր է վաստակել՝ գոլազուրկ ոչ-ոքի խաղալով ԲԿՄԱ-ի հետ:

3. Առաջնության երկրորդ շրջանում տարած հաղթանակով «Արարատն» ընդհատել էր «Նոայի» հետ գրանցած 4 ոչ-ոքիների շարքը: Նախորդ հաղթանակը «Նոայի» նկատմամբ «Արարատը» տարել էր 2021/22թթ. առաջնության մեկնարկային տուրում՝ առավելության հասնելով 7-1 հաշվով: Դա Fastex ՀՊԼ-ում «Նոայի» կրած ամենախոշոր հաշվով պարտություններից մեկն էր:

4. «Նոային» արդեն 6 խաղ չի հաջողվել առաջնությունում հաղթել «Արարատին»՝ կրելով 2 պարտություն, 4-ն ավարտելով ոչ-ոքի: Վերջին հաղթանակն «Արարատի» նկատմամբ գրանցվել է 2021թ. ապրիլի 15-ին կայացած խաղում, որում «Նոան» առավելության է հասել 3-2 հաշվով:  

Դիմակայության  լավագույն ռմբարկուները

«Նոա»՝ Արտյոմ Սիմոնյան - 3 գոլ: 

«Արարատ»՝ Էդգար Մալաքյան - 4 գոլ:

Հանդիպմանը չի մասնակցի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված արարատցի Վարդան Արզոյանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա