Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում ապրիլի 25-ին կմեկնարկի 29-րդ տուրը: VNews-ը ներկայացնում է տուրի անոնսը։
«Լեռնային Արցախ» - «Նոա»
Ապրիլի 25, ժամը՝ 16:00, Վայք, Քաղաքային մարզադաշտ
3 խաղ, «Լեռնային Արցախը» հաղթել է 1 անգամ,»Նոան»՝ 1, գրանցվել է 1 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 1-2
1-ին շրջան. 06.08.2022 «Նոա» - «Լեռնային Արցախ»՝ 0-1 (0-0)
Գոլը՝ 0-1՝ Մարվին Պերեա 89՛:
2-րդ շրջան. 15.10.2022 «Լեռնային Արցախ» - «Նոա»՝ 0-0
3-րդ շրջան. 03.12.2022 «Նոա» - «Լեռնային Արցախ»՝ 2-0 (2-0)
Գոլերը՝ 1-0՝ Հայկ Ղևոնդյան 4՛, 2-0՝ Լևոն Վարդանյան 24՛:
«Լեռնային Արցախ»՝ 8-րդ տեղ (21 միավոր), «Նոա»՝ 9-րդ տեղ (20 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. «Լեռնային Արցախին» առաջնության գարնանային հատվածում ոչ մի կերպ չի հաջողվում միավոր վաստակել: Առաջնության նորեկը 11-րդ անընդմեջ պարտությունը կրեց՝ հյուրընկալվելիս 4 անպատասխան գնդակ ընդունելով «Վանից»: Դա ընթացիկ առաջնությունում խոշոր հաշվով կրած արցախցիների 4-րդ պարտությունն էր: Առաջնության վերջին 15 հանդիպումներում «Լեռնային Արցախը» հաղթանակ չի տարել՝ վաստակելով ընդամենը 3 միավոր: Առաջնությունում վերջին հաղթանակն արցախցիները տարել են անցյալ տարվա հոկտեմբերի 24-ին՝ նվազագույն հաշվով առավելության հասնելով ԲԿՄԱ-ի նկատմամբ:
Արդեն 7 խաղ՝ 668 րոպե շարունակ արցախցիները չեն կարողանում գրավել մրցակիցների դարպասները: Վերջին գոլն առաջնությունում «Լեռնային Արցախի» օգտին գրանցվել է փետրվարի 28-ին «Ալաշկերտի» հետ կայացած հանդիպման 52-րդ րոպեին: Գոլի հեղինակ է դարձել Օլաոլուվա Օջետունդեն:
2. «Նոան» էլ նախորդ տուրում անհաջող խաղաց՝ մրցակցի դաշտում 0-3 հաշվով զիջելով «Ալաշկերտին»: Դա թիմի խոշոր հաշվով 6-րդ պարտությունն էր: Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը 2-րդ անգամ խոշոր հաշվով պարտվեց «Ալաշկերտին», որի հետ երկրորդ շրջանի խաղում 5 անպատասխան գոլ էր բաց թողել:
«Լեռնային Արցախի» կազմում առաջիկա երկու հանդիպումները բաց կթողնի 10-րդ զգուշացումը ստացած Խալիֆա Աբաբակար Սոուն:
ԲԿՄԱ - «Վան»
Ապրիլի 26, ժամը՝ 17:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ
7 խաղ, ԲԿՄԱ-ն հաղթել է 2 անգամ, «Վանը»՝ 2, գրանցվել է 3 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 6-8
1-ին շրջան. 07.08.2022 «Վան» - ԲԿՄԱ՝ 2-2 (0-1)
Գոլերը՝ 0-1՝ Դանիել Աղբալյան 19՛, 0-2՝ Ժիրայր Շաղոյան 51՛, 11մ, 1-2-2-2՝ Էդգար Մովսեսյան 57՛, 82՛, 11մ:
2-րդ շրջան. 15.10.2022 ԲԿՄԱ - «Վան»՝ 0-3 (0-2)
Գոլերը՝ 0-1՝ Էդգար Մովսեսյան 16՛, 11մ, 0-2՝ Բոգդան Միցիկ 31՛, 0-3՝ Պավել Գորելով 57՛:
3-րդ շրջան. 03.12.2022 «Վան» - ԲԿՄԱ՝ 0-1 (0-1)
Գոլը՝ 0-1՝ Միքայել Միրզոյան 48՛:
ԲԿՄԱ՝ 10-րդ տեղ (18 միավոր), «Վան»՝ 5-րդ տեղ (34 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. ԲԿՄԱ-ն նախորդ տուրում Գյումրիում «Շիրակի» հետ մրցավեճում գրանցած ոչ-ոքիով ընդհատեց 4 անընդմեջ պարտությունների շարքը, որի ընթացքում հաջորդաբար զիջել էր «Ուրարտուին» (0-2), «Փյունիկին» (0-3), «Արարատին» (0-1) և «Արարատ-Արմենիային» (1-2): Առաջնության գարնանային հատվածում բանակայինները 5-րդ միավորը վաստակեցին: Միակ հաղթանակը Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմը տարել էր «Լեռնային Արցախի» նկատմամբ (3-0), մեկ միավոր էլ վաստակել էր «Ալաշկերտի» հետ մրցավեճում (1-1):
2. Նախորդ տուրը հաջող էր «Վանի» համար, որը սեփական դաշտում 4-0 հաշվով հաղթեց «Լեռնային Արցախին»: Դա Fastex ՀՊԼ-ում «Վանի» ամենախոշոր հաշվով հաղթանակն էր: Ընթացիկ առաջնությունում չարենցավանյան ակումբը խոշոր հաշվով 2-րդ հաղթանակը տարավ: Առաջինը գրանցվել էր անցյալ տարվա հոկտեմբերի 15-ին ԲԿՄԱ-ի հետ կայացած խաղում (3-0): Առաջնության գարնանային հատվածում «Վանը» բոլիվիացի մարզիչ Հումբերտո Վիվիանիի գլխավորությամբ 2-րդ հաղթանակը տարավ: Առաջինը թիմի օգտին գրանցվել էր «Արարատի» նկատմամբ մարտի 10-ին կայացած խաղում (3-1):
3. Առաջնության 3-րդ շրջանում Միքայել Միրզոյանի խփած միակ գոլի շնորհիվ հաղթելով «Վանին», ԲԿՄԱ-ն ընդհատել էր Չարենցավանի թիմի հետ հանդիպումներում առանց հաղթանակների 4 խաղերի շարքը, որոնցից 3-ն ավարտվել էր ոչ-ոքի, մեկում հաղթել էր «Վանը»: Իսկ մինչև այդ միակ հաղթանակը ԲԿՄԱ-ն տարել էր 2021թ. նոյեմբերի 4-ին սեփական դաշտում կայացած խաղում: Եվ կրկին թիմին հաղթանակ էր պարգևել Միքայել Միրզոյանի խփած միակ գոլը:
4. Նախորդ տուրում տուգանային գեղեցիկ հարվածով գրավելով «Շիրակի» դարպասը, Գրենիկ Պետրոսյանը 6 գնդակով դարձել էր Fastex ՀՊԼ-ում ԲԿՄԱ-ի պատմության լավագույն ռմբարկուն: Պետրոսյանը գերազանցել էր 5-ական գոլ խփած Ժիրայր Շաղոյանին ու Միքայել Միրզոյանին: Ընթացիկ առաջնությունում Գրենիկը 2-րդ գոլը խփեց: Իսկ ռմբարկուների ցանկը գլխավորում է մեկնարկային 6 հանդիպումներում 5 գոլ խփած և Սոֆիայի ԲԿՄԱ տեղափոխված Ժիրայր Շաղոյանը:
5. «Վանի» կազմում լավագույն ռմբարկուն առաջնության աշնանային հատվածում 8 գոլ խփած Էդգար Մովսեսյանն է: Եթե նրան վերջապես հաջողվի բացել գոլերի հաշիվը գարնանային հատվածում, ապա կգերազանցի թիմի նախկին ռմբարկու Ուիլֆրեդ Կուասի Էզայի մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդը: Վերջինս 2020/21թթ. առաջնությունում 8 գնդակով ճանաչվել էր «Վանի» լավագույն ռմբարկու:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
ԲԿՄԱ՝ Դանիել Աղբալյան, Միքայել Միրզոյան – 2-ական գոլ:
«Վան»՝ Էդգար Մովսեսյան - 3 գոլ:
ԲԿՄԱ-ի կազմում հանդիպմանը չի մասնակցի 5-րդ դեղին քարտին արժանացած Վոլոդյա Սամսոնյանը:
«Արարատ» - «Ալաշկերտ»
Ապրիլի 26, ժամը՝ 20:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
42 խաղ, «Արարատը» հաղթել է 10 անգամ, «Ալաշկերտը»՝ 25, գրանցվել է 7 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 43-65
1-ին շրջան. 06.08.2022 «Ալաշկերտ» «Արարատ»՝ 2-0 (0-0)
Գոլերը՝ 1-0՝ Բլադիմիր Դիաս 56՛, 2-0՝ Սարգիս Մեթոյան 89՛:
2-րդ շրջան. 14.10.2022 «Արարատ» - «Ալաշկերտ»՝ 0-1 (0-1)
Գոլը՝ 0-1՝ Տիագո Գալվաո 3՛:
3-րդ շրջան. 04.12.2022 «Ալաշկերտ» - «Արարատ»՝ 0-1 (0-1)
Գոլը՝ 0-1՝ Ամարա Տրաորե 16՛:
«Արարատ»՝ 7-րդ տեղ (29 միավոր), «Ալաշկերտ»՝ 4-րդ տեղ (48 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. Գագիկ Սիմոնյանի գլխավորությամբ անցկացրած 3 հաջող խաղերից հետո նախորդ տուրում «Արարատը» սեփական հարկի տակ 0-2 հաշվով զիջեց «Փյունիկին»: Դա ընթացիկ առաջնությունում գործող չեմպիոնից արարատցիների կրած 2-րդ անընդմեջ պարտությունն էր: Իսկ մինչև այդ, մրցակիցների միջև կայացած երկու հանդիպումներում էլ նվազագույն հաշվով հաղթել էր «Արարատը»:
2. Մրցանակային տեղերի համար պայքարելու հնարավորությունից գործնականում զրկված «Ալաշկերտը» նախորդ խաղում 3-0 հաշվով հաղթեց «Նոային»: Դա ընթացիկ առաջնությունում ալաշկերտցիների տարած խոշոր հաշվով 4-րդ հաղթանակն էր: Առաջնության երկրորդ հատվածում Վահե Գևորգյանի գլխավորած թիմը 8 հանդիպումներում 14 միավոր է վաստակել:
3. Առաջնության 3-րդ շրջանում «Ալաշկերտի» նկատմամբ տարած հաղթանակով «Արարատն» ընդհատել էր մրցակցի հետ նախորդ 5 խաղերում կրած պարտությունների շարքը: Մինչև այդ, վերջին անգամ «Արարատն» «Ալաշկերտին» հաղթել էր նախորդ առաջնության առաջին շրջանի խաղում՝ 2021թ. սեպտեմբերի 11-ին կայացած մրցավեճում սեփական դաշտում առավելության հասնելով 3-2 հաշվով: Հետաքրքիր է, որ այդ խաղի հաշիվը բացել էր ալաշկերտցի Ալեքսանդր Գլիշիչը, որը ներկայումս «Արարատում» է:
4. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Ուրոշ Նենադովիչն «Ալաշկերտի» կազմում պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 100-րդ խաղը կանցկացնի: Օգնյեն Չանչարևիչից (172 խաղ) և Տիագո Կոելյոյից (115) հետո սերբ հարձակվողը կդառնա «Ալաշկերտում» 100 խաղի սահմանագիծը հատած 3-րդ լեգեոնականը: Նա այդ հոբելյանը կարող էր նշել նախորդ տուրում, սակայն չմասնակցեց «Նոայի» հետ հանդիպմանը: Եթե Նենադովիչին հաջողվի գրավել «Արարատի» դարպասը, ապա «Ալաշկերտում» Fastex ՀՊԼ-ում 20-րդ գոլը կխփի:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Արարատ»՝ Ալեքսանդր Ռակիչ - 6 գոլ:
«Ալաշկերտ»՝ Միհրան Մանասյան - 17 գոլ:
«Ուրարտու» - «Շիրակ»
Ապրիլի 27, ժամը՝ 17:00, Երևան, «Ուրարտու-1» մարզադաշտ
86 խաղ, «Ուրարտուն» հաղթել է 39 անգամ, «Շիրակը»՝ 24, գրանցվել է 23 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 139-80
1-ին շրջան. 08.08.2022 «Շիրակ» - «Ուրարտու»՝ 0-2 (0-1)
Գոլերը՝ 0-1՝ Մաքսիմ Մայրովիչ 8՛, 0-2՝ Դմիտրո Խլյոբաս 70՛:
2-րդ շրջան. 15.10.2022 «Ուրարտու» - «Շիրակ»՝ 1-0 (0-0)
Գոլը՝ 1-0՝ Մարկոս Ժունիոր 70՛:
86-րդ րոպեին Մարկոս Ժունիորը չիրացրեց 11մ հարվածը (Պողոս Այվազյանը հետ մղեց գնդակը):
3-րդ շրջան. 04.12.2022 «Շիրակ» - «Ուրարտու»՝ 2-3 (2-1)
Գոլերը՝ 1-0՝ Ալասան Դումբիա 19՛, 2-0՝ Դոնալդ Կոդիա 36՛, 2-1-2-3 ՝ Նարեկ Գրիգորյան 45՛, 89՛, 90+1՛:
«Ուրարտու»՝ 1-ին տեղ (64 միավոր), «Շիրակ»՝ 6-րդ տեղ (32 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. Այս հանդիպումը մրցակիցների միջև մայիսի 13-ին «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Fastex Հայաստանի գավաթի եզրափակիչից առաջ ուժերի յուրօրինակ ստուգատես կլինի: Որքան էլ որ զարմանալի է, սակայն «Ուրարտուն» և «Շիրակը» միմյանց հետ առաջին անգամ են վիճարկելու Հայաստանի գավաթը:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում «Ուրարտուն» 4-0 հաշվով հաղթել էր «Գանձասարին», իսկ «Շիրակը» հետխաղյա 11մ հարվածաշարում (հիմնական և լրացուցիչ ժամանակում գրանցվել էր ոչ-ոքի՝ 1-1) պայքարից դուրս էր թողել գործող չեմպիոն «Փյունիկին»:
2. «Շիրակն» ընթացիկ առաջնությունում առաջին անգամ չկարողացավ հաղթել ԲԿՄԱ-ին՝ բավարարվելով ոչ-ոքիով: Նախորդ երեք խաղերում էլ գյումրեցիները մրցակցին պարտության էին մատնել նվազագույն հաշվով: Առաջնության վերջին 4 հանդիպումներում «Շիրակն» անպարտելի է՝ վաստակելով 8 միավոր:
3. «Ուրարտուն» «Արարատ-Արմենիայի» հետ անցկացրած անչափ կարևոր խաղում հրաշքով կարողացավ 0-2 հաշվից հետո ուշքի գալ ու ավելացված ժամանակում փրկվել պարտությունից, ինչը թիմին հնարավորություն ընձեռեց պահպանելու առաջատարի դիրքը: Առաջնության վերջին 3 խաղերում Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը թանկարժեք 7 միավորի կորուստ ունեցավ, ինչը հնարավորություն տվեց նրա մրցակիցներին ընդհուպ մոտենալու «Ուրարտուին»: 29-րդ տուրից առաջ «Արարատ-Արմենիան» ընդամենը մեկ միավոր է զիջում «Ուրարտուին», իսկ «Փյունիկն» առաջատարից միավորների տարբերությունը հասցրել է 3-ի:
4. Ընթացիկ առաջնությունում «Շիրակին» դեռ չի հաջողվել միավոր վաստակել «Ուրարտուի» հետ մրցավեճում: Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 7 հանդիպումներն անցել են «Ուրարտուի» առավելությամբ, որը տարել է 5 հաղթանակ, 2 խաղ ավարտել է ոչ-ոքի: Վերջին անգամ «Շիրակն» «Ուրարտուին» հաղթել է 2019թ. օգոստոսի 2-ին Գյումրիում կայացած խաղում (3-1):
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Ուրարտու»՝ Արամ Հակոբյան, Արսեն Բալաբեկյան - 8-ական գոլ:
«Շիրակ»՝ Անդրանիկ Բարիկյան - 8 գոլ:
Հանդիպումը բաց կթողնի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված շիրակցի Մուսա Փոլ Բակայոկոն:
«Փյունիկ» -«Արարատ-Արմենիա»
Ապրիլի 27, ժամը՝ 20:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
16 խաղ, «Փյունիկը» հաղթել է 5 անգամ, «Արարատ-Արմենիան»՝ 6, գրանցվել է 5 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 16-21
2-րդ շրջան. 17.10.2022 «Փյունիկ» - «Արարատ-Արմենիա»՝ 2-1 (1-1)
Գոլերը՝ 1-0՝ Յուսուֆ Օտուբանջո 9՛, 1-1՝ Ուիլֆրեդ Կուասի Էզա 29՛, 2-1՝ Հովհաննես Հարությունյան 61՛:
1-ին շրջան. 10.11.2022 «Արարատ-Արմենիա» - «Փյունիկ»՝ 0-0
3-րդ շրջան. 05.12.2022 «Արարատ-Արմենիա» - «Փյունիկ»՝ 1-1 (0-1)
Գոլերը՝ 0-1՝ Լուկա Յուրիչիչ 21՛, 1-1՝ Ուիլֆրեդ Կուասի Էզա 83՛:
«Փյունիկ»՝ 3-րդ տեղ (61 միավոր), «Արարատ-Արմենիա»՝ 2-րդ տեղ (63 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. Չեմպիոնի տիտղոսի հավակնորդների միջև կայանալիք տուրի կենտրոնական հանդիպումն ընթացիկ առաջնության ամենավճռորոշ մրցավեճերից մեկն է: Կարելի է ասել, որ հաղթանակն այս խաղում ոչ թե 3, այլ 6 միավորի արժեք ունի: Նախորդ մրցաշրջանում հենց «Փյունիկի» և «Արարատ-Արմենիայի» միջև էր ծավալվել պայքարը չեմպիոնության համար:
Առաջնության աշնանային հատվածի ավարտից հետո Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը 8 միավորով գերազանցում էր «Փյունիկին»: Սակայն գարնանային հատվածում գերազանց ելույթների շնորհիվ փյունիկցիներին հաջողվեց շրջանցել մրցակցին ու 15-րդ անգամ չեմպիոն հռչակվել:
Ընթացիկ առաջնությունում պատկերը մի փոքր այլ է: Չեմպիոնական մրցավազքին մասնակցում է նաև «Ուրարտուն», որն առայժմ պահպանում է առաջատարի իր դիրքը, թեև վերջին 3 խաղերում 7 միավոր է կորցրել: Հաղթանակի դեպքում «Փյունիկը» կշրջանցի «Արարատ-Արմենիային», իսկ եթե հաջողությունն ուղեկցի Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմին, ապա Հայաստանի կրկնակի չեմպիոնը կարող է ստանձնել առաջատարի դերը, եթե «Ուրարտուն» չհաղթի «Շիրակին»: Ահա թե որքան կարևոր է հաղթանակն այս խաղում: Երկու թիմերն էլ տպավորիչ ցուցանիշներով են մոտեցել վճռորոշ հանդիպմանը:
2. «Փյունիկն» «Արարատի» հետ խաղում էլ շարունակեց հաղթարշավը՝ առավելության հասնելով 2-0 հաշվով: Դա Հայաստանի գործող չեմպիոնի 9-րդ անընդմեջ հաղթանակն էր: Փյունիկցիները պարզապես հիացնում են իրենց ելույթներով առաջնության երկրորդ հատվածում, որի 9 խաղերում դեռ միավոր չեն կորցրել, մրցակիցների դարպասը գրավել են 27 անգամ, բաց են թողել ընդամենը 3 գոլ:
3. Նախորդ տուրում «Ուրարտուի» հետ մրցավեճում «Արարատ-Արմենիան» շատ մոտ էր անչափ կարևոր հաղթանակ տոնելուն, սակայն ավելացված ժամանակում ձեռքից բաց թողեց 3 միավորը: Ընդհատվեց թիմի 5 անընդմեջ հաղթանակների շարքը, իսկ ահա անպարտելի խաղերի թիվը հասավ 18-ի, որոնցում Հայաստանի կրկնակի չեմպիոնը 13 հաղթանակ է տարել, 5 անգամ գրանցվել է ոչ-ոքի: Հետաքրքիր է, որ վերջին պարտությունն առաջնությունում «Արարատ-Արմենիան» կրել է անցյալ տարվա հոկտեմբերի 17-ին հենց «Փյունիկի» հետ կայացած խաղում՝ 1-2:
4. Մրցակիցների միջև կայացած առաջնության նախորդ 6 խաղերից 3-ում հաղթել է «Փյունիկը», նույնքան անգամ գրանցվել է ոչ-ոքի: Վերջին հաղթանակը «Փյունիկի» նկատմամբ «Արարատ-Արմենիան» տարել է 2021թ. օգոստոսի 15-ին կայացած խաղում՝ 3-0: Հետաքրքիր է, որ գոլերից երկուսն իր օգտին էր գրանցել ներկայումս «Փյունիկում» ելույթ ունեցող Յուսուֆ Օտուբանջոն: «Արարատ-Արմենիան» գլխավորում էր Դմիտրի Գունկոն, իսկ «Փյունիկի» ղեկին Եղիշե Մելիքյանն էր:
5. Չեմպիոնի տիտղոսի համար պայքարում կարևորագույն նշանակություն ունեցող այս հանդիպումը Եղիշե Մելիքյանի և Վարդան Բիչախչյանի մարզչական 8-րդ դիմակայությունն է Fastex ՀՊԼ-ում: Առայժմ առավել հաջողակ է գտնվել Վարդան Բիչախչյանը, որի գլխավորած թիմերը 3 անգամ հաղթել են Եղիշե Մելիքյանի օրոք խաղացած ակումբներին: Ընդ որում բոլոր հաղթանակներն էլ տարել է «Արարատը». 2-ը՝ «Փյունիկի», մեկը՝ «Ալաշկերտի» նկատմամբ:
Եղիշե Մելիքյանը «Փյունիկի» ղեկին մեկական անգամ հաղթել է Բիչախչյանի «Արարատին» և «Արարատ-Արմենիային»: 2 ոչ-ոքիներն էլ գրանցվել են ընթացիկ առաջնությունում «Փյունիկի» և «Արարատ-Արմենիայի» մրցավեճում: Մելիքյանի գլխավորած թիմերը 8 գոլ են խփել, Բիչախչյանի սաները 12 անգամ են գրավել դարպասը:
6. Եթե 33-ամյա Ստանիսլավ Բուչնևին հաջողվի անառիկ պահել դարպասը, ապա առաջնության գարնանային հատվածում 6-րդ «չոր» խաղը կանցկացնի ու կգերազանցի «Փյունիկի» նախկին դարպասապահ Արմեն Ավագյանի տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում 5 անգամ էր դարպասն անառիկ պահել:
Վսևոլոդ Երմակովն էլ գոլ բաց չթողնելու դեպքում Fastex ՀՊԼ-ում 60-րդ «չոր» խաղը կանցկացնի, ինչը լավագույն ցուցանիշն է Հայաստանի առաջնություններում խաղացած այլազգի դարպասապահների մեջ: Ընթացիկ առաջնությունում դա կլինի ռուս դարպասապահի 16-րդ «չոր» խաղը: Երմակովը կկրկնի 2018/19թթ. առաջնությունում «Շիրակում» գրանցած իր լավագույն ցուցանիշը, ինչպես նաև «Արարատ-Արմենիայի» ռեկորդակիր Դմիտրի Աբակումովի արդյունքը: Վերջինս 2018/19թթ. առաջնությունում անցկացրած 28 հանդիպումներից 16-ում դարպասն անառիկ էր պահել:
7. Երկու թիմերի հարձակվողներն էլ առաջնության լավագույն ռմբարկուի տիտղոսի գլխավոր հավակնորդներն են: Փյունիկցիներ Յուսուֆ Օտուբանջոն և Լուկա Յուրիչիչը 12 գնդակով գլխավորում են ռմբարկուների ցանկը: Նրանց մեկ գոլ է զիջում Ուիլֆրեդ Կուասի Էզան: 9-ական գոլ են խփել Տենտոն Յենեն և ընթացիկ առաջնությունում «Արարատ-Արմենիայում» ելույթ ունեցող նախկին փյունիկցի Ուգո Ֆիրմինուն, որը վնասվածքի պատճառով վերջին 5 խաղերին չի մասնակցել:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Փյունիկ»՝ Ուգո Ֆիրմինու, Հովհաննես Հարությունյան - 2-ական գոլ:
«Արարատ-Արմենիա»՝ Անտոն Կոբյալկո, Յուսուֆ Օտուբանջո, Մաիլսոն Լիմա - 3-ական գոլ:
5-րդ զգուշացման պատճառով հանդիպմանը չի մասնակցի «Արարատ-Արմենիայի» ավագ Արմեն Համբարձումյանը: