Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում մայիսի 30-ին կմեկնարկի 35-րդ տուրը: VNews-ը ներկայացնում է տուրի անոնսը։
«Արարատ» - ԲԿՄԱ
Մայիսի 30, ժամը՝ 18:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
8 խաղ, «Արարատը» հաղթել է 4 անգամ, ԲԿՄԱ-ն՝ 3, գրանցվել է 1 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 12-9
1-ին շրջան. 17.09.2022 ԲԿՄԱ - «Արարատ»՝ 2-1 (0-1)
Գոլերը՝ 0-1՝ Սերոբ Գալստյան 26՛, 1-1՝ Գոռ Լուլուկյան 56՛, 2-1՝ Գևորգ Տարախչյան 78՛:
2-րդ շրջան. 08.12.2022 «Արարատ» - ԲԿՄԱ՝ 0-0
3-րդ շրջան. 09.04.2023 ԲԿՄԱ - «Արարատ» ՝ 0-1 (0-0)
Գոլը՝ 0-1՝ Ռազմիկ Հակոբյան 59՛:
«Արարատ»՝ 6-րդ տեղ (36 միավոր), ԲԿՄԱ՝ 8-րդ տեղ (31 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Առաջնության վերջին երկու հանդիպումները հաջող էին «Արարատի» համար: Նախ արարատցիները նվազագույն հաշվով հաղթեցին «Նոային», ապա 3 անպատասխան գնդակ ուղարկեցին «Լեռնային Արցախի» դարպասը՝ տոնելով խոշոր հաշվով առաջին հաղթանակը: Ընդհանրապես, ընթացիկ առաջնությունում «Արարատին» առաջին անգամ հաջողվեց մեկ խաղում 3 անգամ գրավել մրցակցի դարպասը: Արարատցիները դեռ որոշակի հնարավորություններ են պահպանում 5-րդ տեղը զբաղեցնելու համար:
2. ԲԿՄԱ-ն նախորդ տուրում տհաճ անակնկալ մատուցեց «Փյունիկին»՝ ընդհատելով Հայաստանի գործող չեմպիոնի 14 անընդմեջ հաղթանակների ռեկորդային շարքը: Ընդ որում ԲԿՄԱ-ն հաշվի մեջ առջևում էր և միայն լրացուցիչ ժամանակում «Փյունիկին» հաջողվեց խուսափել պարտությունից: Վերջին 6 հանդիպումներում բանակայինները 13 միավոր են վաստակել՝ պարտվելով միայն «Ուրարտուին»՝ 0-1:

3. Առաջնության 3-րդ շրջանում տարած հաղթանակով «Արարատն» ընդհատել էր ԲԿՄԱ-ի հետ առանց հաղթանակների 4 խաղերի շարքը, որում կրել էր 3 պարտություն, մեկն ավարտել էր ոչ-ոքի: Վերջին անգամ «Արարատը» ԲԿՄԱ-ին հաղթել էր 2021թ. դեկտեմբերի 4-ին՝ 2-1:
4. Հանդիպմանը մասնակցելու դեպքում արարատցի Գոռ Մալաքյանը Fastex ՀՊԼ –ում հոբելյանական՝ 200-րդ խաղը կանցկացնի: Գոռը 2-րդ մրցաշրջանն է անցկացնում «Արարատում», որի կազմում մասնակցել է 57 հանդիպման:

Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Արարատ»՝ Ռազմիկ Հակոբյան- 2 գոլ:
ԲԿՄԱ՝ Նարեկ Ալավերդյան - 2 գոլ:
Այս հանդիպումն էլ բաց կթողնի 3 խաղով որակազրկված «Արարատի» ավագ Հրայր Մկոյանը: ԲԿՄԱ-ից կբացակայի 5-րդ դեղին քարտին արժանացած Դանիել Աղբալյանը:
«Վան» - «Ալաշկերտ»
Մայիսի 31, ժամը՝ 17:00, Չարենցավան, Քաղաքային մարզադաշտ
10 խաղ, «Վանը» հաղթել է 3 անգամ, «Ալաշկերտը»՝ 6, գրանցվել է 1 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 8-14
1-ին շրջան. 16.09.2022 «Ալաշկերտ» - «Վան»՝ 0-0
2-րդ շրջան. 13.11.2022 «Վան» - «Ալաշկերտ»՝ 1-0 (0-0)
Գոլը՝ 1-0՝ Մուբարաք Ահմեդ 84՛:
3-րդ շրջան. 09.04.2023 «Ալաշկերտ» - «Վան»՝ 3-1 (2-0)
Գոլերը՝ 1-0՝ Արտակ Եդիգարյան 9՛, 11մ, 2-0՝ Վիտալի Ուստինով 20՛, 3-0՝ Արթուր Քարտաշյան 69՛, ինքնագոլ, 3-1՝ Մանուել Մորելյո 90+9՛:
«Վան»՝ 5-րդ տեղ (40 միավոր), «Ալաշկերտ»՝ 4-րդ տեղ (63 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Նախորդ տուրում 3-0 խոշոր հաշվով հաղթելով «Շիրակին», «Վանն» առաջնությունը 5-րդ տեղում ավարտելու շատ լավ հնարավորություն ստացավ: Ընդ որում բացառված չէ, որ մինչև «Ալաշկերտի» հետ հանդիպմանը ներկայանալը, «Վանն» արդեն ապահոված լինի 5-րդ տեղը, եթե նախօրեին «Արարատին» չհաջողվի հաղթել ԲԿՄԱ-ին: «Վանն» ընթացիկ առաջնությունում խոշոր հաշվով 3-րդ հաղթանակը տարավ: Մինչև այդ չարենցավանյան թիմը պարտության էր մատնել ԲԿՄԱ-ին (3-0) և «Լեռնային Արցախին» (4-0):
2. Առաջնությունում այլևս որևէ խնդիր լուծելու անհրաժեշտություն չունեցող «Ալաշկերտն» «Ուրարտուի» հետ մրցավեճում իրեն գերազանց դրսևորեց՝ 3-2 հաշվով պարտության մատնելով առաջատարին: Կարելի է փաստել, որ այդ հանդիպումը լավագույնն էր Վահե Գևորգյանի գլխավորությամբ առաջնության գարնանային հատվածում անցկացրած խաղերից: Ընթացիկ առաջնությունում «Ալաշկերտին» առաջին անգամ հաջողվեց հաղթել «Ուրարտուին»:

3. Մինչև մրցակիցների միջև կայացած 3-րդ շրջանի հանդիպումը, «Վանը» միակ թիմն էր, որի հետ ընթացիկ առաջնությունում անցկացրած խաղերում «Ալաշկերտին» չէր հաջողվել գրավել մրցակցի դարպասը: Վերջին գոլը «Վանին» «Ալաշկերտը» խփել էր անցյալ տարվա ապրիլի 28-ին Չարենցավանում կայացած խաղում: Հանդիպման 10-րդ րոպեին Ֆոֆանա Բեկոն գրավել էր Դավիթ Պապիկյանի պաշտպանած դարպասը:
4. «Վանի» հետ անցյալ տարվա նոյեմբերի 13-ին կայացած մրցավեճը հիշարժան էր Արտակ Գրիգորյանի համար, որը ֆուտբոլային կարիերայում պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 500-րդ խաղն էր անցկացրել:
Իր նախկին թիմի դեմ 3-րդ շրջանի մրցավեճում էլ «Վանի» կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը հայկական ակումբներում, Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականներում պաշտոնական մրցումներում 300-րդ խաղի հոբելյանն էր նշել:
5. «Վանի» դարպասը գրավելու դեպքում Տիագո Գալվաոն Fastex ՀՊԼ–ում 20-րդ գոլը կխփի և կեզրափակի Հայաստանի առաջնությունների ամենաարդյունավետ բրազիլացի ֆուտբոլիստների եռյակը: 75 գնդակով ցանկը գլխավորում է Մարկոս Պիզելին, որին հաջորդում է Ալեքս Էնրիկե դա Սիլվան (34 գոլ): Գալվաոն կշրջանցի 19-ական գոլ խփած Ռենատո դե Մորայեսին և Էդնեյին:

Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Վան»՝ Ուիլֆրեդ Կուասի Էզա - 2 գոլ:
«Ալաշկերտ»՝ Դավիդ Դավիդյան, Արտակ Եդիգարյան - 2-ական գոլ:
«Վանի» կազմում հանդիպմանը չի մասնակցի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված Դավիթ Մանոյանը: 5-րդ դեղին քարտի պատճառով խաղը բաց կթողնի «Ալաշկերտի» ավագ Արտակ Գրիգորյանը:
«Շիրակ» - «Նոա»
Մայիսի 31, ժամը՝ 20:00, Գյումրի, Քաղաքային մարզադաշտ
14 խաղ, «Շիրակը» հաղթել է 6 անգամ, «Նոան»՝ 4, գրանցվել է 4 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 21-19
1-ին շրջան. 16.09.2022 «Նոա» - «Շիրակ»՝ 1-3 (1-1)
Գոլերը՝ 1-0՝ Լևոն Վարդանյան 24՛, 1-1՝ Արտեմ Գևորգյան 35՛, 11մ, 1-2՝ Դոնալդ Կոդիա 67՛, 1-3՝ Մուսա Փոլ Բակայոկո 70՛:
2-րդ շրջան. 08.12.2022 «Շիրակ» - «Նոա»՝ 2-0 (1-0)
Գոլերը՝ 1-0՝ Մուսա Փոլ Բակայոկո 39՛, 2-0՝ Լյովա Մրյան 90+1՛:
3-րդ շրջան. 11.04.2023 «Նոա» - «Շիրակ»՝ 3-3 (2-1)
Գոլերը՝ 1-0՝ Ալեքսանդր Լյովե 28՛, 2-0՝ Ռուբեն Եսայան 32՛, 2-1՝ Մուսա Փոլ Բակայոկո 45+5՛, 11մ, 2-2՝ Ռաֆիկ Միսակյան 64՛, 2-3՝ Երջանիկ Ղուբասարյան 78՛, ինքնագոլ, 3-3՝ Յոն-Տյոմ Կիմ 90+4՛:
«Շիրակ»՝ 7-րդ տեղ (33 միավոր), «Նոա»`9-րդ տեղ (26 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. «Շիրակն» անհաջող ելույթներ է ունենում առաջնության վերջնագծում: Նախորդ տուրում գյումրեցիները Չարենցավանում 0-3 հաշվով զիջեցին «Վանին»՝ կրելով 3-րդ անընդմեջ պարտությունը: Առաջնության վերջին 5 հանդիպումներում «Շիրակի» ֆուտբոլիստներին չի հաջողվել գտնել մրցակիցների դարպասի բանալին: Թիմում գոլային երաշտը հասել է 452 րոպեի: Վերջին գոլը շիրակցիները խփել են ապրիլի 27-ին «Ուրարտուի» հետ կայացած հանդիպման 88-րդ րոպեին, երբ Վալի Սիսեն դիպուկ է իրացրել 11մ հարվածը:
Առաջնության վերջին 7 հանդիպումներում «Շիրակը» չի հաղթել՝ վաստակելով ընդամենը 2 միավոր: Վերջին հաղթանակը գյումրեցիները տարել են ապրիլի 16-ին՝ սեփական դաշտում նվազագույն հաշվով առավելության հասնելով «Լեռնային Արցախի» նկատմամբ:
2. «Նոան» հաճելի անակնկալ մատուցեց իր երկրպագուներին՝ Fastex ՀՊԼ-ում հոբելյանական՝ 150-րդ խաղում 2-1 հաշվով հաղթելով «Արարատ-Արմենիային»: «Նոան» ընդհատեց 4 անընդմեջ պարտությունների շարքը: Հայաստանի առաջնություններում Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը 2-րդ անգամ պարտության մատնեց «Արարատ-Արմենիային»: Առաջին հաղթանակը «Նոան» տարել էր անցյալ տարվա մայիսի 9-ին կայացած խաղում Դմիտրի Լավրիշչևի խփած միակ գոի շնորհիվ: Իսկ ընթացիկ առաջնության առաջին երեք խաղերում էլ հաղթել էր «Արարատ-Արմենիան»:

3. Առաջին շրջանում տարած հաղթանակով «Շիրակն» ընդհատել էր առաջնությունում «Նոայի» հետ դիմակայությունում առանց հաղթանակների 4 խաղերի շարքը, որի ընթացքում խոշոր հաշվով 3 պարտություն էր կրել, մեկ խաղ ավարտել էր ոչ-ոքի: Նախորդ հաղթանակը «Նոայի» նկատմամբ «Շիրակը» տոնել էր 2020թ. հունիսի 11-ին՝ Գյումրիում առավելության հասնելով 2-0 հաշվով:
Իսկ ընթացիկ առաջնությունում արդեն «Նոային» դեռ չի հաջողվել հաղթել «Շիրակին»՝ 3 խաղերում վաստակելով ընդամենը մեկ միավոր: Հաջողության դեպքում «Նոան» Fastex ՀՊԼ–ում հոբելյանական՝ 50-րդ հաղթանակը կտոնի:
4. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Մարկո Պրլևիչը «Շիրակի» կազմում Fastex ՀՊԼ–ում հոբելյանական՝ 100-րդ խաղը կանցկացնի: Սերբ պաշտպանը կդառնա «Շիրակում» 100 խաղի սահմանագիծը հատած երկրորդ լեգեոնականը Մուսա Փոլ Բակայոկոյից հետո (105 խաղ):
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Շիրակ»՝ Մորի Կոնե, Մուսա Փոլ Բակայոկո - 3-ական գոլ:
«Նոա»՝ Վլադիմիր Ազարով - 3 գոլ:
«Շիրակի» կազմում հանդիպմանը չի մասնակցի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված Մաջիկո Տրաորեն:
«Արարատ-Արմենիա» - «Լեռնային Արցախ»
Հունիսի 1, ժամը՝ 18:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ
3 խաղ, որոնցում հաղթել է «Արարատ-Արմենիան», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 4-0
1-ին շրջան. 17.09.2022 «Լեռնային Արցախ» - «Արարատ-Արմենիա»՝ 0-1 (0-0)
Գոլը՝ 0-1՝ Տենտոն Յենե 48՛:
2-րդ շրջան. 09.12.2022 «Արարատ-Արմենիա» - «Լեռնային Արցախ»՝ 1-0 (0-0)
Գոլը՝ 1-0՝ Ռոմերսիո 76՛:
3-րդ շրջան. 10.04.2023 «Լեռնային Արցախ» - «Արարատ-Արմենիա»՝ 0-2 (0-0)
Գոլերը՝ 0-1՝ Ալեմաո 54՛, 11մ, 0-2՝ Թաոֆիք Ջիբրիլ 79՛:
«Արարատ-Արմենիա»՝ 3-րդ տեղ (72 միավոր), «Լեռնային Արցախ»՝ 10-րդ տեղ (21 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. «Արարատ-Արմենիան» չկարողացավ օգտվել նախորդ տուրում «Ուրարտուի» և «Փյունիկի» «սայթաքումներից» և կրճատել միավորների տարբերությունը: Շատերի համար անսպասելի Հայաստանի կրկնակի չեմպիոնը հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվեց «Նոային» և վերջնականապես դուրս մնաց չեմպիոնական մրցավազքից: Ընդ որում Արմեն Համբարձումյանը թիմին կարող էր փրկել պարտությունից, սակայն ավելացված ժամանակում չիրացրեց 11մ հարվածը:
Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմը ստիպված կլինի բավարարվել բրոնզե մեդալով: Առաջնության գարնանային հատվածում «Արարատ-Արմենիան» 3-րդ պարտությունը կրեց: Մինչև այդ երևանյան ակումբը զիջել էր «Փյունիկին» (1-4) և «Ալաշկերտին» (0-1):
2. «Լեռնային Արցախը» շարունակեց անհաջող ելույթների շարքը՝ կրելով 17-րդ անընդմեջ պարտությունը: Առաջնության նորեկը սեփական դաշտում 0-3 հաշվով զիջեց «Արարատին»: «Լեռնային Արցախը» կրկնեց «Լոռիի» և «Կիլիկիայի» հակառեկորդները: «Լոռին» 1997թ. առաջնության մեկնարկային 17 հանդիպումներում էլ պարտվել էր, իսկ «Կիլիկիան» 2007թ. առաջնությունում վերջին 17 խաղերում էր զիջել մրցակիցներին: Արցախցիները վերջին անգամ միավոր են վաստակել անցյալ տարվա նոյեմբերի 20-ին՝ Վայքում գոլազուրկ ոչ-ոքի խաղալով «Շիրակի» հետ:
Արդեն 21 խաղ «Լեռնային Արցախը» հաղթանակ չի տարել՝ վաստակելով ընդամենը 3 միավոր: Առաջնությունում վերջին հաղթանակը «Լեռնային Արցախի» օգտին գրանցվել է անցյալ տարվա հոկտեմբերի 24-ին՝ նվազագույն հաշվով առավելության հասնելով ԲԿՄԱ-ի նկատմամբ:

3. Եթե Վսևոլոդ Երմակովին հաջողվի անառիկ պահել սեփական դարպասը, ապա ընթացիկ առաջնությունում 17-րդ «չոր» խաղը կանցկացնի և կդառնա «Արարատ-Արմենիայի» ռեկորդակիրը թիմում խաղացած դարպասապահների մեջ: Նա կգերազանցի Դմիտրի Աբակումովի ռեկորդային ցուցանիշը, որը 2018/19թթ. առաջնությունում «Արարատ-Արմենիայի» դարպասը 16 խաղում էր անառիկ պահել: Երմակովը կբարելավի նաև անձնական լավագույն ցուցանիշը, որը գրանցել էր 2018/19թթ. առաջնությունում «Շիրակի» դարպասը պաշտպանելիս (16 «չոր» խաղ):
Երմակովը նաև կկրկնի Հայաստանի առաջնություններում խաղացած այլազգի դարպասապահների մեջ լավագույն արդյունքն ունեցող Լևան Բուբուտեիշվիլու ռեկորդային ցուցանիշը: Վրացի դարպասապահը 2011թ. առաջնությունում «Գանձասարի» դարպասը 17 անգամ անառիկ է պահել:

«Լեռնային Արցախի» կազմում հանդիպմանը չեն մասնակցի 11-րդ անգամ զգուշացված Խալիֆա Աբաբակար Սոուն և 5 դեղին քարտ ստացած Աշոտ Ադամյանը:
«Փյունիկ» - «Ուրարտու»
Հունիսի 2, ժամը՝ 20:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
94 խաղ, «Փյունիկը» հաղթել է 48 անգամ, «Ուրարտուն»՝ 23, գրանցվել է 23 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 160-100
1-ին շրջան. 19.09.2022 «Ուրարտու» - «Փյունիկ»՝ 2-1 (0-0)
Գոլերը՝ 1-0՝ Միխայիլ Կովալենկո 54՛, ինքնագոլ, 1-1՝ Յուսուֆ Օտուբանջո 67՛, 2-1՝ Նարեկ Գրիգորյան 76՛:
2-րդ շրջան. 09.12.2022 «Փյունիկ» - «Ուրարտու»՝ 0-3 (0-0)
Գոլերը՝ 0-1՝ Մարկոս Ժունիոր 63՛, 0-2՝ Ուգոչուկվու Իվու 84՛, 0-3՝ Դմիտրո Խլյոբաս 90՛:
3-րդ շրջան. 11.04.2023 «Ուրարտու» - «Փյունիկ»՝ 1-3 (1-2)
Գոլերը՝ 1-0՝ Արման Ղազարյան 5՛, 11մ, 1-1՝ Ալեքսանդր Միլկովիչ 38՛, 1-2՝ Յուսուֆ Օտուբանջո 45+5՛, 1-3՝ Լուկա Յուրիչիչ 66՛:
«Փյունիկ»՝ 2-րդ տեղ (77 միավոր), «Ուրարտու»՝ 1-ին տեղ (79 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. Չեմպիոնի տիտղոսի համար պայքարող երկու թիմերի մրցավեճն ընթացիկ առաջնության ամենակարևորագույն հանդիպումն է, որում հաղթանակը ոսկու գին ունի: Հաղթանակի դեպքում «Ուրարտուն» առաջնության ավարտից մեկ տուր առաջ իր պատմության մեջ երկրորդ անգամ կնվաճի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը:
Եթե հաջողությունն ուղեկցի «Փյունիկին», ապա գործող չեմպիոնը մեկ միավորով կգերազանցի մրցակցին և ամեն ինչ կվճռվի վերջին՝ 36-րդ տուրում:
Ոչ-ոքին ևս նպաստավոր է «Ուրարտուի» համար, որին չեմպիոն դառնալու համար բավարար կլինի վերջին տուրում «Արարատին» չպարտվելը: Նույնիսկ եթե «Արարատի» հետ խաղն ավարտվի ոչ-ոքի, իսկ «Փյունիկը» հաղթի «Ալաշկերտին», ապա չեմպիոնի կոչման հավակնորդները հավասար միավորներով կավարտեն առաջնությունը: Իսկ այդ դեպքում «Ուրարտուն» «Փյունիկի» նկատմամբ անձնական հանդիպումներում ունեցած առավելության շնորհիվ չեմպիոն կհռչակվի: Այնպես որ այս խաղում «Փյունիկին» միայն հաղթանակ է անհրաժեշտ:
2. Նախորդ տուրում «Փյունիկի» 14 անընդմեջ հաղթանակների ռեկորդային շարքն ընդհատվեց: Հայաստանի գործող չեմպիոնն առաջնության գարնանային հատվածում առաջին երկու միավորը կորցրեց՝ ոչ-ոքի (1-1) խաղալով ԲԿՄԱ-ի հետ: Նախորդ առաջնության գարնանային հատվածի 15 հանդիպումներում «Փյունիկը» 12 հաղթանակ էր տարել, 3 խաղ ավարտել էր ոչ-ոքի:

3. «Ուրարտուն» էլ ավելի անհաջող խաղաց՝ հյուրընկալվելիս 2-3 հաշվով զիջելով «Ալաշկերտին»: «Ուրարտուն» առաջնության գարնանային հատվածում 2-րդ պարտությունը կրեց՝ ընդհատելով 5 անընդմեջ հաղթանակների և առանց պարտությունների 7 խաղերի շարքը: Հետաքրքիր է, որ մինչև այդ առաջնության երկրորդ հատվածում Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը զիջել էր միայն «Փյունիկին» (1-3):

4. Նախորդ առաջնությունում «Ուրարտուին» միայն 4-րդ շրջանի խաղում էր (1-1) հաջողվել գրավել «Փյունիկի» դարպասն ու առաջին միավորը վաստակել: Այդ խաղում փյունիկցի Նիկիտա Բառանովի խփած գոլը հոբելյանական՝ 250-րդն էր մրցակիցների դիմակայությունում:
Ընթացիկ առաջնության առաջին շրջանում տարած հաղթանակով «Ուրարտուն» ընդհատել էր «Փյունիկի» հետ դիմակայությունում առանց հաղթանակների 4 խաղերի շարքը, որի ընթացքում 3 պարտություն էր կրել, մեկ խաղ ավարտել էր ոչ-ոքի:
Նախորդ հաղթանակը «Փյունիկի» նկատմամբ «Ուրարտուն» տոնել էր 2021թ. մայիսի 28-ին կայացած 2020/21թթ. առաջնության ավարտական տուրի խաղում Արթուր Միրանյանի խփած միակ գոլի շնորհիվ:
5. «Փյունիկին» միայն ընթացիկ առաջնության 3-րդ շրջանի խաղում հաջողվեց հաղթել «Ուրարտուին»: Այդ խաղում Արման Ղազարյանը 11մ հարվածով խփեց Fastex ՀՊԼ-ում «Փյունիկի» հետ դիմակայությունում «Ուրարտուի» հոբելյանական՝ 100-րդ գոլը:
6. Այս հանդիպումը Եղիշե Մելիքյանի և Դմիտրի Գունկոյի մարզչական 11-րդ դիմակայությունն է Fastex ՀՊԼ-ում: 5 հանդիպումներում հաղթել են Գունկոյի գլխավորած թիմերը, 4-ում «Փյունիկի» ղեկին Մելիքյանն է հաջողության հասել, մեկ խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:

Ընդ որում 2-ական անգամ «Ուրարտուն» և «Նոան» են Գունկոյի գլխավորությամբ հաղթել «Փյունիկին», մեկ անգամ էլ հաջողությունն ուղեկցել է «Արարատ-Արմենիային»: Մելիքյանի օրոք «Փյունիկը» 2 անգամ հաղթել է Գունկոյի գլխավորությամբ խաղացած «Արարատ-Արմենիային», որի հետ մեկ խաղ ավարտել է ոչ-ոքի, մեկական անգամ էլ հաղթել է «Նոային» և «Ուրարտուին»:
7. Յուսուֆ Օտուբանջոն և Լուկա Յուրիչիչը 16-ական գնդակով գլխավորում են առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը: «Ուրարտուի» կազմում 9 գոլով ամենաարդյունավետը Դմիտրո Խլյոբասն է:

8. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Ուգոչուկվու Իվուն Fastex ՀՊԼ-ում 134-րդ խաղը կանցկացնի և կընդգրկվի Հայաստանի առաջնություններում առավել շատ խաղեր անցկացրած լեգեոնականների տասնյակում: Նա տասնյակից դուրս կթողնի Դիդիե Բորիս Կադիոյին, որը 133 խաղի է մասնակցել:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Փյունիկ»՝ Գևորգ Ղազարյան - 9 գոլ:
«Ուրարտու»՝ Արամ Հակոբյան, Սամվել Մելքոնյան - 6-ական գոլ:


