Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում նոյեմբերի 3-ին կմեկնարկի 15-րդ մրցափուլը։ VNews-ը ներկայացնում է տուրի անոնսը։
«Արարատ-Արմենիա» - «Վան»
Նոյեմբերի 3, ժամը՝ 16:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ
8 խաղ, «Արարատ-Արմենիան» հաղթել է 6 անգամ, «Վանը»՝ 2, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 16-6
1-ին շրջան. 02.09.2022 «Վան» - «Արարատ-Արմենիա»՝ 0-4 (0-1)
Գոլերը՝ 0-1՝ Ջոնաթան Դուարտե 32՛, 0-2-0-3՝ Ուիլֆրեդ Կուասի Էզա 60՛, 62՛, 0-4՝ Ջոնաթան Դուարտե 73՛:
«Արարատ-Արմենիա»՝ 3-րդ տեղ (28 միավոր), «Վան»՝ 6-րդ տեղ (17 միավոր):
Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1. «Արարատ-Արմենիան» նախորդ տուրում կրկին աչքի ընկավ արդյունավետ գործողություններով՝ Գյումրիում 5 անպատասխան գնդակ ուղարկելով «Շիրակի» դարպասը: Դա Հայաստանի կրկնակի չեմպիոնի խոշոր հաշվով 2-րդ անընդմեջ հաղթանակն էր, որը 5-րդն էր ընթացիկ առաջնությունում: Այդ ցուցանիշով «Արարատ-Արմենիան» լավագույնն է առաջնությունում:
Ընթացիկ առաջնությունում Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմը երկրորդ անգամ խոշոր հաշվով հաղթեց «Շիրակին»: Առաջին շրջանում «Արարատ-Արմենիան» գյումրեցիներին պարտության էր մատնել 3-0 հաշվով: Նույնպիսի հաշիվ էր գրանցվել նաև «Նոայի» հետ խաղում: «Արարատ-Արմենիան» 4 անպատասխան գնդակ էր խփել «Վանին», 4-1 հաշվով էլ պարտության էր մատնել «Ալաշկերտին»:
2. «Վանին» ոչ մի կերպ չի հաջողվում հաղթել Fastex ՀՊԼ-ում իր ամենաանհարմար մրցակից «Արարատին», որին պարտվեց նաև Չարենցավանում: Վերջինիս հետ անցկացրած 9 հանդիպումներից 6-ում «Վանը» պարտվել է, 3-ն ավարտել է ոչ-ոքի: «Վանն» առաջնությունում երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց՝ կրկին չգտնելով մրցակցի դարպասի բանալին:
3. Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 5 հանդիպումներից 4-ում հաղթել է «Արարատ-Արմենիան», մեկում հաջողությունն ուղեկցել է «Վանին»: Այդ հաղթանակը «Վանը» տարել է մարտի 20-ին՝ Չարենցավանում առավելության հասնելով 2-1 հաշվով:
4. Եթե «Արարատ-Արմենիային» հաջողվի 2 անգամ գրավել «Վանի» դարպասը, ապա Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմերի մասնակցությամբ հանդիպումներում կգրանցվի հոբելյանական՝ 900-րդ գոլը: Իսկ «Վանը» Fastex ՀՊԼ-ում բաց կթողնի 100-րդ գնդակը: Ի դեպ, «Վանի» հետ կայացած առաջին շրջանի հանդիպումը Վարդան Բիչախչյանի մարզչական կարիերայում հոբելյանական՝ 350-րդ խաղն էր Fastex ՀՊԼ-ում:
5. «Շիրակի» հետ խաղում դուբլ ձևակերպելով, 34-ամյա Ուգո Ֆիրմինուն ընթացիկ առաջնությունում գոլերի թիվը հասցրեց 6-ի և գերազանցեց «Արարատ-Արմենիայի» նախկին հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի արդյունավետության տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում թիմում խաղացած ֆուտբոլիստներից առավել արդյունավետ էր գործել՝ խփելով 4 գոլ: Ֆիրմինուն 6 գոլով ընդգրկվեց «Արարատ-Արմենիայի» բոլոր տարիների լավագույն ռմբարկուների տասնյակում: Նա ներկայումս թիմի լավագույն ռմբարկուն է:

«Վանի» կազմում էլ ամենաարդյունավետն Էդգար Մովսեսյանն է, որը նույնպես 6 գոլ է խփել:
Դիմակայության լավագույն ռմբարկուն
«Արարատ-Արմենիա»՝ Ուիլֆրեդ Կուասի Էզա - 4 գոլ:
«Շիրակ» - «Ալաշկերտ»
Նոյեմբերի 3, ժամը՝ 18:00, Գյումրի, Քաղաքային մարզադաշտ
36 խաղ, «Շիրակը» հաղթել է 10 անգամ, «Ալաշկերտը»՝ 14, գրանցվել է 12 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 37-47
1-ին շրջան. 02.09.2022 «Ալաշկերտ» - «Շիրակ»՝ 3-0 (1-0)
Գոլերը՝ 1-0՝ Արտակ Եդիգարյան 38՛, 11մ, 2-0-3-0՝ Բլադիմիր Դիաս 65՛, 88՛:
«Շիրակ»՝ 7-րդ տեղ (14 միավոր), «Ալաշկերտ»՝ 2-րդ տեղ (30 միավոր):
Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1. «Շիրակը» նախորդ տուրում շատ անհաջող խաղաց՝ Գյումրիում 0-5 հաշվով պարտվելով «Արարատ-Արմենիային»: Առաջին շրջանի խաղում էլ «Շիրակը» 3 անպատասխան գնդակ էր ընդունել «Արարատ-Արմենիայից»: Ընթացիկ առաջնությունում գյումրեցիները խոշոր հաշվով 3-րդ պարտությունը կրեցին: Նախկինում «Շիրակը» 0-3 հաշվով պարտվել էր «Ալաշկերտին»:
2. «Արարատ-Արմենիայից» 1-4 հաշվով կրած պարտությունից հետո «Ալաշկերտը» կարողացավ ուշքի գալ և ԲԿՄԱ-ի հետ մրցավեճում դժվարին պայքարում, 10 հոգով հաղթանակ տարավ: Հանդիպման ելքը վճռեց փոխարինման մտած Ռոնալդ Կուելյարի խփած միակ գոլը: Բոլիվիացի ֆուտբոլիստն արդեն 2-րդ անգամ իր թիմին հաղթանակ պարգևեց: «Լեռնային Արցախի» հետ առաջնության 3-րդ տուրի խաղում էլ փոխարինման մտնելով, Կուելյարն ավելացված ժամանակի 6-րդ րոպեին դարձել էր հանդիպման միագ գոլի հեղինակը:

3. «Ալաշկերտի» ներկայիս արդյունքը (30 միավոր) միայն մեկ միավորով է զիջում 2015-16թթ. առաջնությունում թիմի գրանցած լավագույն ցուցանիշին: Իսկ տարած հաղթանակների (9) և խփած գնդակների (27) քանակը 2015-16թթ. առաջնությունում գրանցված լավագույն ցուցանիշի կրկնությունն է:
4. Առաջին շրջանում տարած հաղթանակով «Ալաշկերտն» ընդհատել էր Fastex ՀՊԼ-ում «Շիրակի» հետ հանդիպումներում գրանցված 3 անընդմեջ ոչ-ոքիների շարքը: Մինչև այդ, «Ալաշկերտը» շիրակցիներին վերջին անգամ հաղթել էր 2019-20թթ. առաջնության ավարտական տուրում՝ 2020թ. հուլիսի 14-ին Գյումրիում կայացած խաղում առավելության հասնելով 4-2 հաշվով:
5. ԲԿՄԱ-ի հետ խաղում «Ալաշկերտի» 33-ամյա դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը 2022թ. օրացուցային տարում Բարձրագույն խմբում 14-րդ անգամ դարպասն անառիկ էր պահել և գերազանցել էր Աշտարակի «Քասախի» նախկին դարպասապահ Բագրատ Ստեփանյանի 30-ամյա վաղեմության տարիքային ռեկորդը: Վերջինս 1992թ. Հայաստանի անդրանիկ առաջնությունում 33 տարեկանում դարպասը 13 անգամ անառիկ էր պահել:
Եթե Չանչարևիչին հաջողվի «Շիրակի» հետ մրցավեճում էլ դարպասն անառիկ պահել, ապա Fastex ՀՊԼ-ում հոբելյանական՝ 50-րդ »չոր» խաղը կանցկացնի: Հայաստանի առաջնություններում խաղացած դարպասապահներից առավել հաճախ՝ 52 անգամ դարպասն անառիկ է պահել Վսևոլոդ Երմակովը:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Շիրակ»՝ Սերժ Դեբլե, Մորի Կոնե - 4-ական գոլ:
«Ալաշկերտ»՝ Միհրան Մանասյան - 7 գոլ:
Հանդիպմանը չի մասնակցի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված ալաշկերտցի Բլադիմիր Դիասը: «Շիրակից» էլ կբացակայի 5-րդ դեղին քարտը ստացած Դոնալդ Կոդիան:

«Ուրարտու» - ԲԿՄԱ
Նոյեմբերի 4, ժամը՝ 19:00, Երևան, «Ուրարտու-1» մարզադաշտ
5 խաղ, որոնցում հաղթել է «Ուրարտուն», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 16-3
1-ին շրջան. 04.09.2022 ԲԿՄԱ- «Ուրարտու»՝ 1-4 (0-2)
Գոլերը՝ 0-1՝ Մաքսիմ Մայրովիչ 18՛, 0-2՝ Սերգեյ Մկրտչյան 26՛, 0-3՝ Մաքսիմ Մայրովիչ 47՛, 1-3՝ Միքայել Միրզոյան 51՛, 1-4՝ Մաքսիմ Մայրովիչ 81՛:
«Ուրարտու»՝ 1-ին տեղ (34 միավոր), ԲԿՄԱ՝ 9-րդ տեղ (7 միավոր):
Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1. «Ուրարտուն» շարունակեց հաղթարշավը՝ Վայքում կամային հաղթանակ տոնելով «Լեռնային Արցախի» նկատմամբ: Դա առաջնությունում «Ուրարտուի» 7-րդ անընդմեջ հաղթանակն էր: Վերջին 9 հանդիպումներում «Ուրարտուն» անպարտելի է՝ տոնելով 8 հաղթանակ, մեկ խաղ ավարտելով ոչ-ոքի: Այդ ընթացքում միայն «Ալաշկերտին» է հաջողվել մեկ միավոր վաստակել «Ուրարտուի» հետ խաղում: Նախորդ առաջնության նույն ժամանակահատվածի համեմատ «Ուրարտուն» զգալի առաջընթաց է ունեցել՝ 16 միավոր ավելի վաստակելով:
2. ԲԿՄԱ-ն տևական ժամանակ անհաջող ելույթներ է ունենում առաջնությունում: Վերջին 6 հանդիպումներում բանակայիններին չի հաջողվել գեթ մեկ գոլ խփել: Թիմում գոլային երաշտը հասել է 552 րոպեի: Դա առաջնությունում վատագույն արդյունքն է: Վերջին գոլն առաջնությունում ԲԿՄԱ-ն խփել է սեպտեմբերի 17-ին «Արարատի» հետ հանդիպման 78-րդ րոպեին Գևորգ Տարախչյանի հարվածի շնորհիվ:
Նախորդ տուրում էլ ԲԿՄԱ-ն նվազագույն հաշվով զիջեց «Ալաշկերտին»: Վերջին 6 հանդիպումներում բանակայիններն ընդամենը մեկ միավոր են վաստակել՝ գոլազուրկ ոչ-ոքի խաղալով «Վանի» հետ:

3. «Ուրարտուն» Fastex ՀՊԼ-ում ԲԿՄԱ-ի ամենաանհարմար մրցակիցներից մեկն է, որի հետ անցկացրած բոլոր 5 խաղերում էլ բանակայինները պարտվել են: Ընդ որում 3 անգամ ԲԿՄԱ-ն մրցակցին զիջել է խոշոր հաշվով (0-5, 1-4, 1-4):
4. Մրցակիցների առաջին շրջանի խաղում «Ուրարտուի» հարձակվող Մաքսիմ Մայրովիչը հեթ-տրիկ էր գրանցել՝ Ջոնել Դեսիրեի հետ դառնալով ԲԿՄԱ-ի հետ դիմակայության լավագույն ռմբարկուն: Մայրովիչը 6 գնդակով Դմիտրո Խլյոբասի հետ ընթացիկ առաջնությունում «Ուրարտուի» լավագույն ռմբարկուն է: Եթե 26-ամյա Մայրովիչին հաջողվի գրավել ԲԿՄԱ-ի դարպասը, ապա կգերազանցի թիմի նախկին լեգեոնական Լաերսիոյի արդյունավետության տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում թիմի լեգեոնականներից բոլորից շատ՝ 6 գոլ էր խփել:
5. ԲԿՄԱ-ն հյուրընկալվելիս անցկացրած 7 հանդիպումներում հաղթանակ չի տոնել՝ վաստակելով ընդամենը 3 միավոր: Մրցակիցների դաշտերում անցկացրած վերջին 4 խաղերում բանակայինները գոլ չեն խփել:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Ուրարտու»՝ Ջոնել Դեսիրե, Մաքսիմ Մայրովիչ - 3-ական գոլ:
«Ուրարտուին» այս խաղում չեն կարող օգնել նախորդ տուրում խաղադաշտից հեռացված Կարեն Մելքոնյանն ու 5-րդ դեղին քարտին արժանացած Օլեգ Պոլյակովը:
«Արարատ» - «Նոա»
Նոյեմբերի 5, ժամը՝ 17:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
16 խաղ, «Արարատը» հաղթել է 3 անգամ, «Նոան» ՝ 4, գրանցվել է 9 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 18-15
1-ին շրջան. 03.09.2022 «Նոա» - «Արարատ» ՝ 0-0
«Արարատ»՝ 8-րդ տեղ (14 միավոր), «Նոա»՝ 10-րդ տեղ (5 միավոր):
Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ
1. Նախորդ տուրում «Արարատն» ընդհատեց 3 անընդմեջ պարտությունների շարքը՝ Չարենցավանում 2-0 հաշվով հաղթելով «Վանին», որն արարատցիների ամենահարմար մրցակիցն է Fastex ՀՊԼ-ում: Այդ խաղում «Արարատի» ֆուտբոլիստների գործողությունները խաղադաշտում ղեկավարում էր Ալեքսանդր Պետրոսյանն, որն ընթացիկ առաջնությունում թիմի 4-րդ մարզիչն էր Արամ Ոսկանյանից, Ռաֆայել Սաֆարյանից և Գագիկ Սիմոնյանից հետո:
Հետաքրքիր է, որ ընթացիկ առաջնությունում «Արարատը» հաղթել է միայն «Փյունիկին» և «Վանին»՝ առավելության հասնելով մրցակիցների հետ անցկացրած 2 հանդիպումներում էլ:
2. «Նոան» շարունակեց իր անհաջող ելույթներն առաջնությունում՝ նվազագույն հաշվով պարտվելով «Փյունիկին»: Հետաքրքիր է, որ Ռոբերտ Արզումանյանը թիմի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր հենց «Փյունիկի» հետ առաջին շրջանի խաղում, որում «Նոան» 0-3 հաշվով պարտվել էր:
Վերջին 5 հանդիպումներում «Նոան» ընդամենը 2 միավոր է վաստակել, միայն մեկ գոլ է խփել:

3. Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 4 հանդիպումներն էլ ավարտվել են ոչ-ոքի: Վերջին հաղթանակը «Նոայի» նկատմամբ «Արարատը» տարել է նախորդ առաջնության մեկնարկային տուրում՝ առավելության հասնելով 7-1 հաշվով: Դա Fastex ՀՊԼ-ում «Նոայի» կրած ամենախոշոր հաշվով պարտություններից մեկն էր:
4. «Նոային» էլ արդեն 5 խաղ չի հաջողվել առաջնությունում հաղթել «Արարատին»՝ կրելով մեկ պարտություն, 4-ն ավարտելով ոչ-ոքի: Վերջին հաղթանակն «Արարատի» նկատմամբ գրանցվել է անցյալ տարվա ապրիլի 15-ին կայացած խաղում, որում «Նոան» առավելության է հասել 3-2 հաշվով:
5. Երկու թիմերն էլ աչքի չեն ընկնում արդյունավետությամբ, ուստի ռմբարկուների ցուցանիշներն էլ շատ ցածր են: «Արարատում» 2-ական գոլ են խփել Ռազմիկ Հակոբյանն ու Ռուդիկ Մկրտչյանը: «Նոայում» նույնպիսի ցուցանիշով ամենաարդյունավետը Լևոն Վարդանյանը, Ադամս Ֆրայդին ու Դրամանե Սալուն են:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Արարատ»՝ Դոնիմանի Յակուբա Սիլուե, Էդգար Մալաքյան - 3-ական գոլ:
«Նոա»՝ Արտյոմ Սիմոնյան - 3 գոլ:
«Լեռնային Արցախ» - «Փյունիկ»
Նոյեմբերի 6, ժամը՝ 15:00, Վայք, Քաղաքային մարզադաշտ
19 խաղ, «Փյունիկը» հաղթել է 18 անգամ, գրանցվել է 1 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 7-53
1-ին շրջան. 03.09.2022 «Փյունիկ» - «Լեռնային Արցախ»՝ 1-0 (1-0)
Գոլը՝ 1-0՝ Լուկա Յուրիչիչ 29՛:
«Լեռնային Արցախ»՝ 5-րդ տեղ (18 միավոր), «Փյունիկ»՝ 4-րդ տեղ (24 միավոր):
Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1. Առաջնության առաջատար «Ուրարտուի» հետ նախորդ տուրի խաղում բացելով հաշիվը` «Լեռնային Արցախին» ոչ միայն չհաջողվեց հաղթել, այլև խաղադաշտից պարտված հեռացավ: Բարձրագույն խմբի նորեկը 6-րդ պարտությունը կրեց: Բոլոր խաղերում էլ արցախցիները մրցակիցներին զիջել են մեկ գնդակի տարբերությամբ:
2. Նախորդ տուրը հաղթական էր «Փյունիկի» համար: «Բազելի» հետ կարևորագույն խաղից առաջ «Նոայի» հետ մրցավեճում Եղիշե Մելիքյանը կրկին ստիպված էր խաղադաշտ դուրս բերել ոչ հիմնական կազմը: Թեև դժվարությամբ, սակայն Հայաստանի գործող չեմպիոնին հաջողվեց Խոսե Կառաբալյոյի խփած միակ գոլի շնորհիվ հաղթանակ տանել: Դա առաջնությունում փյունիկցիների 3-րդ անընդմեջ հաղթանակն էր: Մինչև այդ, «Փյունիկը» հաղթել էր նաև «Արարատ-Արմենիային» (2-1) ու «Շիրակին» (1-0):

3. Ընթացիկ մրցաշրջանում 17 տարվա ընդմիջումից հետո մրցակիցները կրկին մրցավեճի բռնվեցին Բարձրագույն խմբի առաջնությունում: Իսկ մինչև այդ, նրանց վերջին հանդիպումը կայացել էր 2005թ. հունիսի 16-ին և ավարտվել էր «Փյունիկի» հերթական հաղթանակով՝ 3-1: Թիմերի առաջին ծանոթությունը տեղի էր ունեցել նախորդ դարում՝ 1993թ. օգոստոսի 28-ին: Այն ժամանակ «Փյունիկը» կրում էր «Հոմենընդմեն» անվանումը, իսկ «Լեռնային Արցախը» հանդես էր գալիս «Երազանք» անվամբ: «Հոմենընդմենը» 6-1 հաշվով ջախջախեց մրցակցին: Առաջին գոլի հեղինակ դարձավ Արսեն Ավետիսյանը:
4. «Փյունիկի» կազմում Fastex ՀՊԼ-ում անցկացրած 12 հանդիպումներին մասնակցել են 35 ֆուտբոլիստներ: Ընդ որում Զորան Գայիչը միայն նախորդ տուրում առաջին հանդիպումն անցկացրեց ընթացիկ առաջնությունում: Հետաքրքիր է, որ նախորդ առաջնությունում «Փյունիկում» ընդհանուր առմամբ 37 ֆուտբոլիստներ էին խաղացել:
Առավել հաճախ՝ 10 անգամ խաղադաշտ է դուրս եկել Ռոման Կարասյուկը: Թիմի լավագույն ռմբարկուն Յուսուֆ Օտուբանջոն է, որն անցկացրած 7 խաղում 4 գոլ է խփել:
5. «Լեռնային Արցախն» առաջնության14 հանդիպումներում ասպարեզ է դուրս բերել 23 ֆուտբոլիստի: Նրանցից 6-ը՝ Վյաչեսլավ Գրիգորյանը, Արամ Կոստանդյանը, Արթուր Խաչատրյանը, Վալդո Բիլունգան, Սիմոն Օբոնդեն և Օլաոլուվա Օջետունդեն մասնակցել են բոլոր խաղերին: Ընդ որում դարպասապահ Վյաչեսլավ Գրիգորյանն ու պաշտպան Արամ Կոստանդյանը խաղացել են առանց փոխարինման: Թիմի լավագույն ռմբարկուն 13 խաղում 4 գոլ խփած Յեիսոն Ռասինեսն է:
Դիմակայության լավագույն ռմբարկուն
«Փյունիկ»՝ Արսեն Ավետիսյան - 8 գոլ:


