Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում նոյեմբերի 28-ին կմեկնարկի 19-րդ տուրը: VNews-ը ներկայացնում է տուրի անոնսը։
«Լեռնային Արցախ» - «Վան»
Նոյեմբերի 28, ժամը՝ 14:00, Վայք, Քաղաքային մարզադաշտ
2 խաղ, որից մեկում հաղթել է «Վանը», մյուսում գրանցվել է ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 1-2
1-ին շրջան. 29.07.2022 «Լեռնային Արցախ» - «Վան»՝ 0-1 (0-0)
Գոլը՝ 0-1՝ Էդգար Մովսեսյան 90+1՛, 11մ:
86-րդ րոպեին Յեիսոն Ռասինեսը («Լեռնային Արցախ») չիրացրեց 11մ հարվածը, որը հետ մղեց Սամուր Ագամագոմեդովը:
2-րդ շրջան. 11.10.2022 «Վան» - «Լեռնային Արցախ»՝ 1-1 (1-1)
Գոլերը՝ 1-0՝ Էդգար Մովսեսյան 13՛, 1-1՝ Արամ Կոստանդյան 45+1՛:
«Լեռնային Արցախ»՝ 6-րդ տեղ (21 միավոր), «Վան»՝ 5-րդ տեղ (24 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. «Լեռնային Արցախը» նախորդ տուրում սեփական դաշտում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Շիրակի» հետ: Դա առաջնության նորեկի 3-րդ անընդմեջ ոչ-ոքին էր: Մինչև այդ էլ «Լեռնային Արցախը» միավորը բաժանել էր «Փյունիկի» (1-1) և «Արարատի» (0-0) հետ: Վերջին 4 խաղերում արցախցիները հաղթանակ չեն տարել:
2. «Վանն» այս հանդիպմանը նախապատրաստվելու համար ավելի քիչ ժամանակ է ունեցել, քանի որ Fastex Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչում Գյումրիում մրցել էր «Շիրակի» հետ: Գավաթային մրցավեճն անհաջող դասավորվեց «Վանի» համար: Խաղասկզբում թիմի ռմբարկու Էդգար Մովսեսյանը չիրացրեց 11մ հարվածը, իսկ գյումրեցիները յուրաքանչյուր խաղակեսի ավելացված ժամանակում մեկական գնդակ խփեցին և կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեցին:

3. Ընթացիկ մրցաշրջանում մրցակիցները 4-րդ անգամ են հանդիպելու: Հիշեցնենք, որ «Լեռնային Արցախն» ու «Վանը» մրցակիցներ էին Fastex Հայաստանի գավաթի 1/8 եզրափակչում: Վայքում կայացած այդ խաղում «Վանը» 3-1 հաշվով վստահ հաղթանակ էր տարել: Առաջնության հանդիպումներում էլ «Վանը» հաստատել է իր առավելությունը «Լեռնային Արցախի» նկատմամբ:
4. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Ջոսուե Գաբան Fastex ՀՊԼ-ում 55-րդ խաղը կանցկացնի և կդառնա «Վանի» ռեկորդակիրը: Նա կգերազանցի թիմի նախկին պաշտպան Արգիշտի Պետրոսյանի ռեկորդային ցուցանիշը: Վերջինս Fastex ՀՊԼ-ում «Վանի» կազմում 54 խաղի է մասնակցել:
Դիմակայության լավագույն ռմբարկուն
«Վան»՝ Էդգար Մովսեսյան - 2 գոլ:
«Վանի» կազմում հանդիպմանը չի մասնակցի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված Իբրահիմ Յահայան:
«Լեռնային Արցախից» էլ կբացակայի 5 դեղին քարտի արժանացած Արթուր Խաչատրյանը:
«Նոա» - «Ալաշկերտ»
Նոյեմբերի 29, ժամը՝ 14:00, Արմավիր, «Հոբելյանական» մարզադաշտ
17 խաղ, «Նոան» հաղթել է 6 անգամ, «Ալաշկերտը» ՝ 8, գրանցվել է 3 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 13-23
1-ին շրջան. 30.07.2022 «Նոա» - «Ալաշկերտ»՝ 3-4 (1-3)
Գոլերը՝ 1-0՝ Ադամս Ֆրայդի 7՛, 1-1՝ Աննան Մենսահ 13՛, 1-2՝ Արտակ Եդիգարյան 17՛, 11մ, 1-3՝ Բլադիմիր Դիաս 38՛, 2-3՝ Պետրոս Աֆաջանյան 60՛, 3-3՝ Դրամանե Սալու 83՛, 3-4՝ Տիագո Գալվաո 90+3՛:
2-րդ շրջան. 10.10.2022 «Ալաշկերտ» - «Նոա»՝ 5-0 (3-0)
Գոլերը՝ 1-0՝ Բլադիմիր Դիաս 8՛, 2-0-3-0՝ Սերգեյ Իվանով 11՛, 45+2՛, 4-0՝ Բլադիմիր Դիաս 58՛, 5-0՝ Կևին Ռեյես 65՛:
«Նոա»՝ 10-րդ տեղ (6 միավոր), «Ալաշկերտ»՝ 3- րդ տեղ (34 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. «Նոան» դուրս մնաց Fastex Հայաստանի գավաթի խաղարկությունից՝ քառորդ եզրափակչում հյուրընկալվելիս 0-3 հաշվով զիջելով «Փյունիկին»: Առաջնությունում էլ «Նոային» դեռ չի հաջողվում առաջին հաղթանակը տանել: Նախորդ տուրում «Վանի» հետ մրցավեճում «Նոան» շատ մոտ էր հաջողությանը, սակայն ավելացված ժամանակում գոլ բաց թողեց՝ ձեռքից բաց թողնելով հաղթանակը (2-2): Հետաքրքիր է, որ «Վանի» հետ կայացած առաջին շրջանի խաղում էլ «Նոան» էր պարտությունից խուսափել ավելացված ժամանակում խփած գոլի շնորհիվ և կրկին գրանցվել էր մարտական ոչ-ոքի (2-2):
2. «Ալաշկերտն» էլ անհաջողության մատնվեց գավաթի մրցաշարում՝ չկարողանալով հաղթահարել Առաջին խմբի առաջնության մասնակից «Գանձասարի» դիմադրությունը: 120 րոպեները բավարար չեղան ալաշկերտցիներին մրցակցի դարպասը գրավելու համար: Իսկ հետխաղյա 11մ հարվածաշարում ճակատագրական եղավ առաջնության լավագույն ռմբարկու Բլադիմիր Դիասի վրիպումը:

3. Գավաթի մրցաշարում անհաջողությունը թանկ նստեց «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանի վրա, որը հրաժարական տվեց: Նշենք, որ առաջնության վերջին 3 խաղերում «Ալաշկերտն» ընդամենը մեկ միավոր էր վաստակել («Ուրարտու»՝ 0-0, «Վան»՝ 0-1, «Փյունիկ»՝ 1-2): Մինչև տարեվերջ «Ալաշկերտը» կղեկավարի ակումբի երկրորդ թիմի մարզչական շտաբն Արմեն Շահգելդյանի գլխավորությամբ:
4. Հանդիպմանը մասնակցելու դեպքում «Ալաշկերտի» կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը ֆուտբոլային կարիերայում հոբելյանական՝ 350-րդ խաղը կանցկացնի:

Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Նոա»՝ Կիրիլ Բոռ, Մաքսիմ Մայրովիչ 2-ական գոլ:
«Ալաշկերտ»՝ Արտակ Եդիգարյան - 5 գոլ:
Հանդիպմանը չի մասնակցի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված «Նոայի» կիսապաշտպան Ռոբերտ Բաղրամյանը:
ԲԿՄԱ - «Շիրակ»
Նոյեմբերի 29, ժամը՝ 16:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ
2 խաղ, որոնցում հաղթել է «Շիրակը», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 0-2
1-ին շրջան. 31.07.2022 ԲԿՄԱ - «Շիրակ»՝ 0-1 (0-0)
Գոլը՝ 0-1՝ Լյովա Մրյան 59՛:
2-րդ շրջան. 11.10.2022 «Շիրակ» - ԲԿՄԱ ՝ 1-0 (1-0)
Գոլը՝ 1-0՝ Ռաֆիկ Միսակյան 37՛:
17-րդ րոպեին շիրակցի Մուսա Փոլ Բակայոկոն չիրացրեց 11մ հարվածը (Հենրի Ավագյանը հետ մղեց գնդակը):
ԲԿՄԱ՝ 9-րդ տեղ (9 միավոր), «Շիրակ»՝ 8-րդ տեղ (15 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Նախորդ տուրում ԲԿՄԱ-ն շատ մոտ էր առաջնությունում 2-րդ հաղթանակը տոնելուն: «Արարատ-Արմենիայի» հետ մրցավեճում բանակայինները հաղթում էին 2-0 հաշվով, սակայն Հայաստանի կրկնակի չեմպիոնին մեծ ջանքերի գնով հաջողվեց խուսափել պարտությունից՝ գրանցելով գոլառատ ոչ-ոքի:
«Փյունիկի» հետ նախորդ խաղում էլ ԲԿՄԱ-ն առաջինն էր բացել հաշիվը, սակայն կրկին չկարողացավ հաղթել՝ բավարարվելով ոչ-ոքի արդյունքով: Հիշեցնենք, որ առաջնությունում միակ հաղթանակը բանակայինները տարել են «Արարատի» նկատմամբ (2-1) սեպտեմբերի 17-ին կայացած խաղում:
2. «Շիրակը» բարձր տրամադրությամբ կներկայանա առաջնության հանդիպմանը, քանի որ շատ հաջող խաղաց գավաթի քառորդ եզրափակչում՝ Գյումրիում 2-0 հաշվով հաղթելով «Վանին»: Խաղն այլ ընթացք կարող էր ունենալ, եթե 8-րդ րոպեին Էդգար Մովսեսյանը 11մ հարվածով գրավեր Լյովա Կարապետյանի պաշտպանած դարպասը: Սակայն «Վանի» ռմբարկուն շեղ հարվածեց:

«Շիրակի» գավաթային հաջողությունն ավելի է արժևորվում, քանի որ վերջին անգամ գյումրեցիները պատվավոր մրցանակի կիսաեզրափակչի ուղեգիր էին նվաճել 2017-18թթ. խաղարկությունում:
Իսկ առաջնությունում «Շիրակի» գործերն այնքան էլ հաջող չեն ընթանում: Նախորդ տուրում շիրակցիները Վայքում գոլազուրկ ոչ-ոքի էին խաղացել «Լեռնային Արցախի» հետ: Վերջին 4 խաղերում «Շիրակն» ընդամենը մեկ միավոր է վաստակել:
3. Ընթացիկ առաջնությունում ԲԿՄԱ-ն առայժմ «Շիրակի» ամենահարմար մրցակիցն է, որին գյումրեցիները հաղթել են 2 խաղերում էլ: Բացի ԲԿՄԱ-ից, «Շիրակին» հաջողվել է առաջնությունում մեկական հաղթանակ էլ տոնել «Նոայի» և «Արարատի» նկատմամբ:
ԲԿՄԱ-ի կազմում խաղին չի մասնակցի 5-րդ զգուշացումը ստացած Էրիկ Սիմոնյանը: Հանդիպումը բաց կթողնի նաև նախորդ տուրում խաղադաշտից հեռացված շիրակցի Էրիկ Վարդանյանը:
«Փյունիկ» - «Արարատ»
Նոյեմբերի 30, ժամը՝ 17:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
90 խաղ, «Փյունիկը» հաղթել է 46 անգամ, «Արարատը»՝ 24, գրանցվել է 20 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 148-86
1-ին շրջան. 30.07.2022 «Փյունիկ» -«Արարատ»՝ 0-1 (0-0)
Գոլը՝ 0-1՝ Ռազմիկ Հակոբյան 71՛:
2-րդ շրջան. 09.10.2022 «Արարատ» - «Փյունիկ»՝ 1-0 (1-0)
Գոլը՝ 1-0՝ Ռուդիկ Մկրտչյան 9՛:
«Փյունիկ»՝ 4-րդ տեղ (30 միավոր), «Արարատ»՝ 7-րդ տեղ (18 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. «Փյունիկը» հաջողությամբ լուծեց Fastex Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ դուրս գալու խնդիրը՝ սեփական դաշտում 3-0 հաշվով պարտության մատնելով «Նոային»: Այդ հաջողությունն ավելի է արժևորվում, քանի որ գավաթի վերջին 6 խաղարկություններում առաջին անգամ «Փյունիկին» հաջողվեց կիսաեզրափակչի ուղեգիր նվաճել:
2. Առաջնության նախորդ տուրն էլ հաղթական էր Հայաստանի գործող չեմպիոնի համար, որը դժվարին մրցապայքարում 2-1 հաշվով հաղթեց «Ալաշկերտին»: Ընդ որում հաղթական գոլը գրանցվեց ավելացված ժամանակում «Ալաշկերտի» պաշտպան Դիդիե Բորիս Կադիոյի հաշվին, որը գրավեց սեփական դարպասը: Իսկ մինչև այդ, «Փյունիկն» առաջնության նախորդ երեք խաղերում թանկարժեք 6 միավոր էր կորցրել՝ ոչ-ոքի խաղալով «Լեռնային Արցախի» (1-1), «Արարատ-Արմենիայի» (0-0) և ԲԿՄԱ –ի (1-1) հետ:
3. «Արարատը» հանդիպմանը նախապատրաստվելու համար ավելի շատ ժամանակ է ունեցել, քանի որ դուրս է մնացել Fastex Հայաստանի գավաթի մրցաշարից: Հիշեցնենք, որ արարատցիները գավաթի 1/8 եզրափակչում 0-4 խոշոր հաշվով պարտվել էին «Արարատ-Արմենիային»:
Առաջնության նախորդ տուրում էլ «Արարատն» անհաջողության մատնվեց՝ հյուրընկալվելիս 1-2 հաշվով զիջելով «Ուրարտուին»: Դա Ալեքսանդր Պետրոսյանի գլխավորությամբ «Արարատի» առաջին պարտությունն էր:

4. Որքան էլ որ զարմանալի է, սակայն ընթացիկ առաջնությունում «Արարատն» այն թիմերից մեկն է (մյուսը մեկ խաղ անցկացրած «Վանն» է), որի հետ անցկացրած երկու հանդիպումներում «Փյունիկը» ոչ միայն միավոր չի վաստակել, այլև գոլ չի խփել:
5. Հանդիպմանը մասնակցելու և դարպասն անառիկ պահելու դեպքում 36-ամյա Դավիթ Յուրչենկոն 2022թ. օրացուցային տարում Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում 12-րդ «չոր» խաղը կանցկացնի և կգերազանցի «Գանձասար-Կապանի» նախկին դարպասապահ Էդիկ Երիցյանի տարիքային ռեկորդը:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Փյունիկ»՝ Արսեն Ավետիսյան - 9 գոլ:
«Արարատ»՝ Կարեն Բարսեղյան - 5 գոլ:
Հանդիպմանը չի մասնակցի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված «Արարատի» ավագ Հրայր Մկոյանը:
«Ուրարտու» - «Արարատ-Արմենիա»
Նոյեմբերի 30, ժամը՝ 19:00, Երևան, «Ուրարտու-1» մարզադաշտ
15 խաղ, «Ուրարտուն» հաղթել է 4 անգամ, «Արարատ-Արմենիան»՝ 5, գրանցվել է 6 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 11-15
1-ին շրջան. 31.07.2022 «Ուրարտու» - «Արարատ-Արմենիա»՝ 1-0 (0-0)
Գոլը՝ 1-0՝ Օլեգ Պոլյակով 59՛:
2-րդ շրջան. 09.10.2022 «Արարատ-Արմենիա» - «Ուրարտու» ՝ 0-1 (0-1)
Գոլը՝ 0-1՝ Լեոն Սաբուա 45+2՛, 11մ:
«Ուրարտու»՝ 1-ին տեղ (41 միավոր), «Արարատ-Արմենիա»՝ 2-րդ տեղ (36 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. Ընդամենը 5 օրվա ընթացքում մրցաշարային աղյուսակի առաջին երկու տեղերը զբաղեցնող թիմերը 2-րդ անգամ մրցավեճի կբռնվեն: Նոյեմբերի 26-ին ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում մրցակիցների միջև կայացած գավաթի քառորդ եզրափակիչ հանդիպումն ավարտվել էր «Ուրարտուի» խոշոր հաշվով հաղթանակով (4-0):

«Արարատ-Արմենիան» կրկնել էր գավաթի մրցաշարերում իր ամենախոշոր հաշվով պարտության ռեկորդը: Նման հաշվով «Արարատ-Արմենիան» պարտվել էր «Գանձասար-Կապանին» 2017-18թթ. գավաթի մրցաշարում, երբ կրում էր «Ավան-Ակադեմիա» անվանումը և ելույթ էր ունենում Առաջին խմբի առաջնությունում:
Ավելորդ է խոսել հանդիպման կարևորության մասին, որում հաղթանակի արժեքը շատ մեծ է: «Ուրարտուն» 6 միավորով գերազանցում է «Արարատ-Արմենիային» և հաղթանակի դեպքում անկախ մնացած 2 տուրերի արդյունքներից, առաջնության աշնանային հատվածը կավարտի առաջին հորիզոնականում: Իսկ «Արարատ-Արմենիային» հաղթանակը հնարավորություն կընձեռի կրճատելու միավորների տարբերությունն առաջատարից, որի շնորհիվ չեմպիոնական մրցավազքում պայքարը կսրվի:
2. «Ուրարտուն» առաջնության նախորդ տուրում 2-1 հաշվով հաղթել էր «Արարատին»՝ անպարտելի խաղերի թիվը հասցնելով 12-ի: Իսկ «Արարատ-Արմենիան» ԲԿՄԱ-ի հետ մրցավեճում երկու կարևոր միավոր էր կորցրել (2-2): Ընդ որում Հայաստանի կրկնակի չեմպիոնը մրցակցին զիջում էր 0-2 հաշվով:
3. Ընթացիկ մրցաշրջանում մրցակիցներն արդեն 4-րդ անգամ են հանդիպելու: Պաշտոնական 3 խաղերում էլ Դմիտրի Գունկոն իր նոր սաների հետ հաղթել է նախկին թիմին, ընդ որում «Արարատ-Արմենիան» դեռ չի գտել «Ուրարտուի» դարպասի բանալին: Եթե «Ուրարտուին» հաջողվի այս խաղում էլ գրավել մրցակցի դարպասը, ապա դա կլինի Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում «Արարատ-Արմենիայի» բաց թողած 100-րդ գոլը:
4. Եթե 26-ամյա Վսևոլոդ Երմակովին հաջողվի անառիկ պահել դարպասը, ապա 2022թ. օրացուցային տարում Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում 15-րդ «չոր» խաղը կանցկացնի և կկրկնի Վալերիո Վիմերկատիի տարիքային ռեկորդը:

5. Հանդիպմանը մասնակցելու դեպքում «Արարատ-Արմենիայի» 27-ամյա կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում 166-րդ խաղը կանցկացնի ու կգերազանցի «Իմպուլսի» նախկին լեգեոնական Գագա Թբիլաշվիլու տարիքային ռեկորդը: Վերջինս Հայաստանի առաջնություններում խաղացած այլազգի ֆուտբոլիստներից այդ տարիքում բոլորից շատ՝ 165 հանդիպման էր մասնակցել:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Ուրարտու»՝ Օլեգ Պոլյակով - 2 գոլ:
«Արարատ-Արմենիա»՝ Մաիլսոն Լիմա - 4 գոլ:


