Fastex ՀՊԼ-ի 13-րդ տուրից հետաձգված այս խաղով փետրվարի 24-ին կվերսկսվի ֆուտբոլի Հայաստանի 31-րդ առաջնությունը: VNews-ը ներկայացնում է խաղի անոնսը։
«Վան» - «Փյունիկ»
24 փետրվարի, ժամը՝ 15:00, Չարենցավան, Քաղաքային մարզադաշտ
8 խաղ, «Վանը» հաղթել է 2 անգամ, «Փյունիկը»՝ 3, գրանցվել է 3 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 4-9
1-ին շրջան. 21.08.2022 «Փյունիկ» - «Վան»՝ 0-1 (0-0)
Գոլը՝ 0-1՝ Պավել Գորելով 83՛
«Վան»՝ 5 -րդ տեղ (27 միավոր), «Փյունիկ»՝ 3-րդ տեղ (34 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. «Վանն» առաջնության գարնանային հատվածին նախապատրաստվել է բոլիվիացի 42-ամյա մասնագետ Ումբերտո Վիվիանիի գլխավորությամբ, որը գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Արթուր Ասոյանին: Թիմի մարզչական շտաբում ընդգրկվել է նաև իսպանացի Նիկոլաս Օչանդոն:

2. Երկու թիմերն էլ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հիմնովին փոփոխել են իրենց կազմերը: «Վանից» հեռացել են 16 ֆուտբոլիստներ՝ Եվգենի Գրիցենկոն, Դավիթ Արշակյանը, Դավիթ Պապիկյանը, Էմանուել Միրեկուն, Գեղամ Հարությունյանը, Բոգդան Միցիկը, Մուբարաք Ահմեդը, Շոթա Գվազավան, Ալան Տատաևը, Արտյոմ Բիլին, Միլան Լալիչը, Սիլվիո Գուտիերեսը, Ալիկ Հովհաննիսյանը, Դաուր Չանբան, Կիրիլ Անտրոպովն ու Արթուր Ստեփանյանը:
Թիմի կազմը համալրել են 13 ֆուտբոլիստներ՝ Ռումյան Հովսեփյանը, Արմեն Մանուչարյանը, Արթուր Քարտաշյանը, Արման Մկրտչյանը, Գեղամ Ղադիմյանը, բոլիվիացի դարպասապահ Դիեգո Զամորան, արգենտինացի ձախ պաշտպան Մանուել Մորելոն, կոլումբացի կենտրոնական պաշտպան Խուան Դանիել Սիֆուենտես Վերգարան, գանացի կիսապաշտպան Մոհամեդ Ֆաթաուն, Հասարակածային Գվինեայից հարձակողական ոճի կիսապաշտպան Ռենատու Բենգոն, վենեսուելացի հարձակվող Ուիլսոն Բարիոսը, ղազախ հարձակվող Դանիլ Անկուդինովը և նիգերիացի հարձակվող Բիսմարկ Ուբան:

3. Ինչպես նախորդ առաջնությունում, այս անգամ էլ ձմեռային նախապատրաստական շրջանում «Փյունիկը» զգալիորեն փոփոխել է կազմը: Թիմից հեռացել են 11 ֆուտբոլիստներ՝ Բորիս Վարգան, Նեմանյա Մլադենովիչը, Մարիան Ռադեսկին, Ռոբերտ Գեգեդոշը, Ալեքսանդր Կարապետյանը, Դավիթ Յուրչենկոն, Զորան Գայիչը, Արաս Օզբիլիսը, Անդրե Մենսալաոն, Դամե Դիոպը և Գրենիկ Պետրոսյանը, որը վերադարձել է ԲԿՄԱ:
Երկարատև ընդմիջումից հետո «Արարատից» «Փյունիկ» է վերադարձել 32-ամյա Էդգար Մալաքյանը: Վերջինս «Փյունիկի» մարզադպրոցի սան է և կարիերան սկսել է հենց հարազատ ակումբում՝ 2007-2012/13թթ. առաջնություններում թիմի կազմում ընդհանուր առմամբ անցկացնելով 110 խաղ, խփելով 11 գոլ:

Հայաստանի գործող չեմպիոնի կազմը համալրել են նաև դարպասապահ Հենրի Ավագյանը, կոլումբացի պաշտպան Խուան Բրավոն, բրազիլացիներ, պաշտպան Խամես Սանթոս Դաս Նևեսն ու կիսապաշտպան Լուկաս Վիլելան և հայիթցի հարձակվող Ջոնել Դեսիրեն:
4. «Վանն» առաջնության գարնանային հատվածին նախապատրաստվել է սեփական մարզաբազայում: Մարզումներին զուգահեռ թիմը ստուգողական հանդիպումներ է անցկացրել «Միկայի» (4-1), «Նոայի» (1-1, 2-2), ԲԿՄԱ-ի (1-0, 0-1) և «Արարատի» (3-3) հետ:
5. «Փյունիկը» հունվարի 14-ից փետրվարի 13-ն ուսումնամարզական հավաք է անցկացրել Թուրքիայի Բելեկ քաղաքում: Հավաքի ընթացքում Հայաստանի չեմպիոնը ստուգողական 8 խաղ է անցկացրել: Փյունիկցիները հաղթել են «ԲՄԱ Խաբարովսկին» (4-2), ղազախական «Մակտարալին» (4-0), ռուսական «Օրենբուրգին» (1-0) և ուկրաինական «Ալեքսանդրիային» (1-0), պարտվել են ուկրաինական «Դնեպր-1-ին» (1-3) ու «Վերեսին» (0-1), միևնույն 0-2 հաշվով զիջել են ռուսական «Խիմկիին» և «Բալթիկային»:
Հայաստան վերադառնալուց հետո փյունիկցիները ևս երկու ստուգողական խաղ անցկացրին: «Վեստ Արմենիայի» հետ կայացած հանդիպումն ավարտվեց գոլառատ ոչ-ոքի (2-2), իսկ հաջորդ խաղում չեմպիոնը 3-1 հաշվով հաղթեց «Նոային»:

6. Ընթացիկ առաջնության առաջին շրջանի մրցավեճում հաղթելով չեմպիոնին, «Վանն» ընդհատել էր Fastex ՀՊԼ-ում «Փյունիկի» հետ հանդիպումներում առանց հաղթանակների 6 խաղերի շարքը: Մինչև այդ 3-ում հաղթել էր «Փյունիկը», նույնքան խաղում գրանցվել էր ոչ-ոքի: Միակ հաղթանակը «Վանը» տոնել էր Fastex ՀՊԼ-ում մրցակիցների առաջին հանդիպման ժամանակ: 2020թ. օգոստոսի 29-ին Չարենցավանում կայացած խաղում «Վանին» հաղթանակ էր պարգևել Ուիլֆրեդ Կուասի Էզայի խփած միակ գոլը:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Փյունիկ»՝ Խոսե Կառաբալյո, Ուգո Ֆիրմինու - 3-ական գոլ:
Հանդիպմանը չի մասնակցի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված փյունիկցի Ալեքսանդր Միլկովիչը։


