Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում ելույթ ունեցող Երևանի «Արարատը» հովանավորչական պայմանագիր է ստորագրել Fastex ընկերության հետ: Այսուհետ Fastex-ը «Արարատի» տիտղոսային հովանավորն է:
Այս համաձայնագիրը միավորում է ամենամեծ պատմություն ունեցող հայկական ակումբն ու նորարարական և արագ զարգացող հայկական ընկերությունը՝ երկրպագուների համար նոր, ավելի վառ տպավորություններ ստեղծելու նպատակով:
Fastex-ը Web3 տեխնոլոգիայով առաջնորդվող էկոհամակարգ է, որն իր մեջ ներառում է Fasttoken կրիպտոարժույթը, Fastex Verse մետավերս տիրույթը, Fastex Exchange կրիպտոարժույթի փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային համակարգը, ftNFT մարկետը, ինչպես նաև Fastex Chain բլոկչեյն հարթակը։
««Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակների 50-ամյակի տարում շատ ուրախալի է մեր կողքին նման ընկերություն ունենալը։ Համոզված եմ, որ մեր համագործակցությունը կլինի երկկողմանի օգտակար և արդյունավետ, իսկ դրա արդյունքները տեսանելի կլինեն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում ապրող «Արարատի» բազմաթիվ երկրպագուների համար»,- նշել է «Արարատի» գործադիր տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանը։
«Ուրախ ենք ընդլայնելու Fastex-ի ներկայությունը հայկական ֆուտբոլում այնպիսի հեղինակավոր ֆուտբոլային բրենդի հետ, ինչպիսին «Արարատն» է, իսկ ԽՍՀՄ առաջնությունում և գավաթում տարած հաղթանակների 50-րդ տարեդարձն էլ ավելի խորհրդանշական ու արժեքավոր է դարձնում համագործակցությունը մեր ընկերության համար»,- ասել է Fastex-ի սպորտային համագործակցությունների ղեկավար Արմեն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնության թիմերից Fastex-ը համագործակցում է նաև գործող չեմպիոն Երևանի «Փյունիկի», «Նոայի» և Չարենցավանի «Վանի» հետ։
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրից հետո «Արարատը» 22 միավորով 6-րդ տեղում է:


