Logo

Fastex Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի հանդիպումներին ընդառաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
11:13 / 08.11.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Fastex Պրեմիեր լիգայում նոյեմբերի 8-ին կմեկնարկի 13-րդ տուրը: «Փյունիկ» - «Նոա» հանդիպումը հետաձգվել է:

FastNews-ը ներկայացնում է տուրի անոնսը։

«Ալաշկերտ» - ԲԿՄԱ

Նոյեմբերի 8, ժամը՝ 15:00, Արմավիր, Հակոբ Տոնոյանի անվան Քաղաքային մարզադաշտ

16 խաղ, «Ալաշկերտը» հաղթել է 11 անգամ, ԲԿՄԱ-ն՝ 3, գրանցվել է 2 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 33-11

1-ին շրջան. 13.09.2025 ԲԿՄԱ - «Ալաշկերտ»՝ 1-3 (0-2)

Գոլերը՝ 0-1՝ Կայո Պերեյրա 8՛, 0-2՝ Մոմո Տուրե 27՛, 0-3՝ Կարեն Նալբանդյան 65՛, 11մ, 1-3՝ Նարեկ Հովհաննիսյան՝ 88՛, 11մ:

«Ալաշկերտ»՝ 2-րդ տեղ (25 միավոր), ԲԿՄԱ՝ 7-րդ տեղ (11 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Ընթացիկ մրցաշրջանում «Գանձասարը» դարձել է «Ալաշկերտի» ամենադժվարին մրցակիցներից մեկը, որի հետ անցկացրած պաշտոնական երկու խաղերում էլ ալաշկերտցիները պարտվել են: Նախ «Ալաշկերտը» մրցակցին զիջեց գավաթի խաղարկության նախնական փուլում (1-2), ապա առաջնության նախորդ տուրում պարտվեց նվազագույն հաշվով: Այդ պարտությունը թանկ նստեց թիմի վրա, որն առաջատարի իր տեղը զիջեց «Արարատ-Արմենիային»:

«Ալաշկերտի» անպարտելի 4 խաղերի շարքն ընդհատվեց: Նախորդ պարտությունն առաջնությունում Վահե Գևորգյանի գլխավորած թիմը կրել էր սեպտեմբերի 25-ին՝ հյուրընկալվելիս 1-2 հաշվով զիջելով «Արարատ-Արմենիային»:

2. ԲԿՄԱ-ի համար էլ նախորդ տուրն անհաջող դասավորվեց: Բանակայինները սեփական դաշտում 1-2 հաշվով պարտվեցին «Փյունիկին»: ԲԿՄԱ-ն 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Նախորդ խաղում բանակայինները նույնպիսի հաշվով զիջել էին «Արարատ-Արմենիային»:
3. Մինչև նախորդ մրցաշրջանի մեկնարկը, ԲԿՄԱ-ին մեկ անգամ էր հաջողվել առաջնությունում հաղթել «Ալաշկերտին»: Դա տեղի էր ունեցել 2023թ. մայիսի 16-ին «Նաիրի» մարզադաշտում կայացած խաղում՝ 2-1: Բանակայինների հաղթանակն ապահովել էին Գրենիկ Պետրոսյանի և Դանիել Աղբալյանի խփած գոլերը:

Իսկ նախորդ առաջնությունում առավելությունն արդեն ԲԿՄԱ-ի կողմն էր, որը 3 խաղերից երկուսում հաղթեց, մեկում՝ պարտվեց:

4. «Ալաշկերտի» առաջին գոլը կլինի Fastex Պրեմիեր լիգայում Վահե Գևորգյանի գլխավորությամբ թիմի խփած հոբելյանական՝ 100-րդ գնդակը:

5. Հանդիպմանը մասնակցելու դեպքում «Ալաշկերտի» դարպասապահ Արսեն Բեգլարյանը Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 250-րդ խաղը կանցկացնի: Իսկ եթե նրան հաջողվի դարպասն անառիկ պահել, ապա պատմական նվաճման կհասնի: Դա կլինի փորձառու դարպասապահի 100-րդ «չոր» խաղը Fastex Պրեմիեր լիգայում: Նա կդառնա այդ սահմանագիծը հատած ընդամենը 3-րդ դարպասապահը Գևորգ Կասպարովից (123) և Հարություն Աբրահամյանից (103) հետո:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Ալաշկերտ»՝ Արտակ Եդիգարյան, Դավիթ Խուրցիձե - 4-ական գոլ:

ԲԿՄԱ՝ Արթուր Սերոբյան, Ժիրայր Շաղոյան, Դանիել Աղբալյան - 2-ական գոլ:

Հանդիպմանը չի մասնակցի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված ալաշկերտցի Մոմո Տուրեն:

«Արարատ-Արմենիա» - «Ուրարտու»

Նոյեմբերի 8, ժամը՝ 18:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

25 խաղ, «Արարատ-Արմենիան» հաղթել է 10 անգամ, «Ուրարտուն»՝ 8, գրանցվել է 7 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 35-25

1-ին շրջան. 14.09.2025 «Ուրարտու» - «Արարատ-Արմենիա»՝ 2-3 (0-1)

Գոլերը՝ 0-1՝ Խուան Բալանտա 19՛, 0-2՝ Ժիրայր Շաղոյան 68՛, 1-2՝ Բրունո Միշել 74՛, 11մ, 1-3՝ Ժիրայր Մարգարյան 79՛, ինքնագոլ, 2-3՝ Բրունո Միշել 86՛, 11մ:

«Արարատ-Արմենիա»՝ 1-ին տեղ (27 միավոր), «Ուրարտու»՝ 3-րդ տեղ (24 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. «Արարատ-Արմենիան» իրեն գերազանց դրսևորեց նախորդ տուրի կենտրոնական խաղում՝ հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթելով երկրի չեմպիոն «Նոային»: Այդ հաղթանակի շնորհիվ Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը շրջանցեց «Ալաշկերտին» և 27 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Արարատ-Արմենիան» 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց:

«Արարատ-Արմենիան» ընդհատեց «Նոայի» հետ առաջնության հանդիպումներում առանց հաղթանակների 7 խաղերի շարքը, որի ընթացքում 6 անընդմեջ պարտություն էր կրել, մեկ հանդիպում ավարտել էր ոչ-ոքի: Նախորդ հաղթանակը «Նոայի» նկատմամբ «Արարատ-Արմենիան» տարել էր 2023թ. սեպտեմբերի 15-ին՝ 4-3:

«Արարատ-Արմենիան» կրկնեց 2021/22թթ. առաջնությունում Դմիտրի Գունկոյի գլխավորությամբ անցկացրած մեկնարկային 11 անպարտելի խաղերի ռեկորդային շարքը: Այդ մրցաշրջանում Հայաստանի կրկնակի չեմպիոնը մեկնարկային 11 հանդիպումներում 10 հաղթանակ էր տոնել՝ միակ ոչ-ոքին գրանցելով «Սևանի» հետ 8-րդ տուրում կայացած խաղում:

2. Նախորդ տուրում «Ուրարտուն» էլ հաջող խաղաց՝ Անտոն Բրատկովի խփած միակ գոլի շնորհիվ հաղթելով «Արարատին»: «Ուրարտուն» առաջնության վերջին 6 հանդիպումներում 4-րդ հաղթանակը տարավ: Այդ խաղերում թիմի դարպասն անառիկ է մնացել:

3. Նախորդ առաջնությունում մրցակիցների մրցավեճում առավելությունն «Ուրարտուի» կողմն էր, որը հաղթել էր առաջին երկու հանդիպումներում (3-1, 2-1): Իսկ 3-րդ շրջանի խաղում հաջողությունն ուղեկցել էր «Արարատ-Արմենիային» Մարիուս Նուբիսիի հեթ-տրիկի շնորհիվ (3-0): Ընթացիկ առաջնության առաջին շրջանում կրկին հաջողությունն ուղեկցել էր «Արարատ-Արմենիային»:

4. «Արարատ-Արմենիայի» դարպասը գրավելու դեպքում Բրունո Միշելը միանգամից 3 ռեկորդ կսահմանի: Նա Fastex Պրեմիեր լիգայում խփած 17 գոլով կդառնա Հայաստանի առաջնություններում «Ուրարտուի» պատմության ամենաարդյունավետ լեգեոնականը՝ գերազանցելով Բրունո Կորեային և Դու Բալային, որոնք 16-ական գոլ են խփել:

26-ամյա Միշելը նաև կգերազանցի թիմի նախկին ֆուտբոլիստ Սամվել Կոստանդյանի արդյունավետության տարիքային ռեկորդը, որը 1992թ. «Բանանցում» 16 գոլ էր խփել: Միշելի ցուցանիշը ռեկորդային կլինի նաև 26 տարեկանում Հայաստանի առաջնություններում գոլ խփած այլազգի ֆուտբոլիստների մեջ: Ներկայումս ռեկորդակիրը Մարկոս Պիզելին է, որն այդ տարիքում 2010թ. «Փյունիկում» 16 գոլ է խփել:

5. Նախորդ տուրում «Ուրարտուի» 21-ամյա դարպասապահ Ալեքսանդր Միշիևը 6-րդ անընդմեջ խաղում գոլ բաց չէր թողել՝ 540 րոպե շարունակ դարպասը պահելով անառիկ: Նա միանգամից տարիքային երկու ռեկորդ էր սահմանել: Միշիևի արդյունքը ռեկորդային էր ՀՀ առաջնություններում հանդես եկած 21-ամյա այլազգի դարպասապահների մեջ: Նա գերազանցել էր «Երևանի» նախկին դարպասապահ Վասիլի Կուզնեցովի տարիքային ռեկորդը, որն այդ տարիքում 1999թ. 466 րոպե շարունակ գոլ բաց չէր թողել:

Ալեքսանդր Միշիևը նաև գերազանցել էր Արսեն Բեգլարյանի տարիքային ռեկորդը: Վերջինս Հայաստանի առաջնություններում հանդես եկած դարպասապահներից այդ տարիքում 2014թ. «Ուլիսի» դարպասը բոլորից երկար՝ 539 րոպե շարունակ անառիկ էր պահել:

«Արարատ-Արմենիայի» հետ խաղում Ալեքսանդր Միշիևը մեկ այլ տպավորիչ ռեկորդ կարող է սահմանել, եթե մեկնարկից առնվազն 37 րոպե դարպասն անառիկ պահի: Այդ դեպքում Միշիևն առնվազն 577 րոպե շարունակ դարպասն անառիկ կպահի և այդ ցուցանիշով կդառնա «Ուրարտուի» պատմության մեջ լավագույն դարպասապահը:

Նա կգերազանցի թիմի նախկին դարպասապահ Գարեգին Նաջարյանի ռեկորդային ցուցանիշը, որը 1992թ. առաջնությունում «Բանանցում» 576 րոպե շարունակ գոլ բաց չէր թողել:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Արարատ-Արմենիա»՝ Տենտոն Յենե - 5 գոլ:

«Ուրարտու»՝ Բրունո Միշել - 3 գոլ:

5-րդ զգուշացման պատճառով հանդիպմանը չի մասնակցի «Արարատ-Արմենիայի» հարձակվող Արայիկ Էլոյանը:

«Վան» - «Գանձասար»

Նոյեմբերի 9, ժամը՝ 15:00, Չարենցավան, Քաղաքային մարզադաշտ

4 խաղ, «Վանը» հաղթել է 3 անգամ, «Գանձասարը»՝ 1, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 10-3

1-ին շրջան. 12.09.2025 «Գանձասար» - «Վան»՝ 1-0 (1-0)

Գոլը՝ Պատվական Ավետիսյան 18՛:

«Վան»՝ 6-րդ տեղ (14 միավոր), «Գանձասար»՝ 8-րդ տեղ (9 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Նախորդ տուրում «Վանը» Գյումրիում դրամատիկ պայքարում 3-2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Շիրակի» նկատմամբ: Չարենցավանի թիմին հաղթանակ պարգևեց ավելացված ժամանակում թիմի ավագ Հրայր Մկոյանի դիպուկ իրացրած 11մ հարվածը: Մկոյանը դարձավ Fastex Պրեմիեր լիգայում «Վանում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը՝ իր նախկին թիմի դարպասը գրավելով 39 տարեկան 61 օրականում: Մկոյանի գոլը Հայաստանի առաջնություններում «Վանի» հանդիպումներում գրանցված 450-րդ գոլն էր: Այդ գոլերից 186-ը խփել է «Վանը»:

2. «Գանձասարի» համար ևս հաղթական էր նախորդ տուրը: Գանձասարցիները Լևոն Պետրոսյանի խփած միակ գոլի շնորհիվ ընթացիկ մրցաշրջանում երկրորդ անգամ հաղթեցին «Ալաշկերտին»: Իսկ առաջին հաղթանակը գրանցվել էր Հայաստանի գավաթի ընթացիկ խաղարկության նախնական փուլում (2-1):

Այդ հաղթանակով «Գանձասարն» ընդհատեց 5 անընդմեջ պարտությունների շարքն ու 568 րոպե տևած գոլային երաշտը: Ընթացիկ առաջնությունում դա գանձասարցիների 2-րդ հաղթանակն էր: Առաջինը գրանցվել էր սեպտեմբերի 12-ին «Վանի» հետ սեփական դաշտում կայացած խաղում, որում կապանցիները խփել էին իրենց նախորդ գոլը: 18-րդ րոպեին աչքի էր ընկել Պատվական Ավետիսյանը:

3. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Բենիկ Հովհաննիսյանը Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 200-րդ խաղը կանցկացնի:

4. Իսկ «Գանձասարի» 32-ամյա ավագ Տարոն Ոսկանյանի համար «Վանի» հետ հանդիպումը կլինի 321-րդը Հայաստանի առաջնություններում, որի շնորհիվ նա կգերազանցի Արտյոմ Ադամյանի տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում Հայաստանի առաջնություններում բոլորից շատ՝ 320 խաղի է մասնակցել:

Դիմակայության լավագույն ռմբարկուն

«Վան»՝ Կարեն Նալբանդյան - 3 գոլ:

«Արարատ» - «Շիրակ»

Նոյեմբերի 9, ժամը՝ 18:00, Աբովյան, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր

105 խաղ, «Արարատը» հաղթել է 30 անգամ, «Շիրակը»՝ 48, գրանցվել է 27 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 122-153

1-ին շրջան. 12.09.2025 «Շիրակ» - «Արարատ»՝ 4-2 (2-2)

Գոլերը՝ 1-0՝ Ռաֆիկ Միսակյան 12՛, 11մ, 1-1՝ Պատրիկ Հանձոնգո 14՛, 2-1՝ Սերգեյ Մանուկյան 19՛, 2-2՝ Մուսա Կանտե 36՛, 3-2՝ Լյովա Մրյան 90+3՛, 4-2՝ Վարդան Թովմասյան 90+11՛:

90+3-րդ րոպեին Լյովա Մրյանը չիրացրեց 11մ հարվածը (Անզիմատի Աբուդուն հետ մղեց գնդակը):

«Արարատ»՝ 10-րդ տեղ (2 միավոր), «Շիրակ»՝ 9-րդ տեղ (6 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Նախորդ տուրում «Ուրարտուի» հետ մրցավեճում թեև «Արարատն» իրեն վատ չդրսևորեց, սակայն կրկին խաղադաշտից պարտված հեռացավ՝ մրցակցին զիջելով նվազագույն հաշվով: Դա արարատցիների 3-րդ անընդմեջ պարտությունն էր: Նախորդ երկու խաղերում «Արարատը» պարտվել էր խոշոր հաշիվներով (ԲԿՄԱ՝ 0-4, «Նոա»՝ 0-3):
Առաջնության վերջին 11 հանդիպումներում արարատցիներն ընդամենը մեկ միավոր են վաստակել՝ 9-րդ տուրում ոչ-ոքի (2-2) խաղալով ԲԿՄԱ-ի հետ:

2. «Շիրակը» Գյումրիում կրկին անհաջող խաղաց՝ դրամատիկ պայքարում 2-3 հաշվով պարտվելով «Վանին», որին Չարենցավանում զիջել էր նույնպիսի արդյունքով: Առաջնության վերջին 6 խաղերում «Շիրակն» ընդամենը մեկ միավոր է վաստակել՝ ոչ-ոքի (1-1) խաղալով «Ալաշկերտի» հետ:

Ընթացիկ առաջնությունում սեփական դաշտում անցկացրած 6 հանդիպումներում շիրակցիները 4 պարտություն են կրել, մեկ խաղ ավարտել են ոչ-ոքի, միակ հաղթանակը տարել են «Արարատի» նկատմամբ:

3. Մրցակիցների միջև կայացած նախորդ առաջնության առաջին շրջանում տարած հաղթանակով (2-1) «Շիրակն» ընդհատել էր արարատցիների հետ մրցավեճում առանց հաղթանակների 5 խաղերի շարքը (1 ոչ-ոքի, 4 պարտություն): Դրանից հետո կայացած 3 խաղերից երկուսում հաջողությունն ուղեկցել է «Շիրակին», մեկում հաղթել է «Արարատը»:

4. Հանդիպմանը մասնակցելու դեպքում արարատցի Գոռ Լուլուկյանը Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 100-րդ խաղը կանցկացնի:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Շիրակ»՝ Անդրանիկ Բարիկյան - 19 գոլ:

«Արարատ»՝ Նշան Էրզրումյան - 10 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ