Logo

Fastex Պրեմիեր լիգա. 15-րդ տուրի հանդիպումներին ընդառաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
14:18 / 28.11.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Fastex Պրեմիեր լիգայում նոյեմբերի 28-ին կմեկնարկի առաջնության 15-րդ տուրը:

FastNews-ը ներկայացնում է տուրի անոնսը։

«Գանձասար» - ԲԿՄԱ

Նոյեմբերի 28, ժամը՝ 15:00, Երևան, «Ջունիոր սպորտ» մարզադաշտ

4 խաղ, որոնցից 2-ում հաղթել է ԲԿՄԱ-ն, 2-ում գրանցվել է ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 4-10

1-ին շրջան. 23.08.2025  ԲԿՄԱ - «Գանձասար»՝ 0-0  

«Գանձասար»՝ 9-րդ տեղ (9 միավոր), ԲԿՄԱ՝ 7-րդ տեղ (11 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Նախորդ տուրում «Գանձասարը» Գյումրիում նվազագույն հաշվով պարտվեց «Շիրակին»: Դա առաջնության վերջին 8 հանդիպումներում գանձասարցիների 7-րդ պարտությունն էր: Այդ ընթացքում կապանյան թիմն ընդամենը 3 միավոր է վաստակել՝ նոյեմբերի 3-ին սեփական դաշտում նվազագույն հաշվով հաղթելով «Ալաշկերտին»:

2. ԲԿՄԱ-ն էլ անհաջողության մատնվեց՝ Չարենցավանում դրամատիկ պայքարում 2-3 հաշվով զիջելով «Վանին»: Դաշտի տերերը հաղթանակը կորզեցին ավելացված ժամանակում Հրայր Մկոյանի իրացրած 11մ հարվածի շնորհիվ: Բանակայիններն ընթացիկ առաջնությունում 4-րդ անընդմեջ պարտությունը կրեցին:

3. Մրցակիցների առաջին ծանոթությունը տեղի է ունեցել նախորդ մրցաշրջանում և ավարտվել է ԲԿՄԱ-ի 6-1 հաշվով հաղթանակով: Երկրորդ շրջանի խաղում կրկին հաղթեցին բանակայինները (2-1), իսկ ահա հաջորդ մրցավեճում գանձասարցիներն առաջին միավորը վաստակեցին (2-2): 

4. «Գանձասարի» երկու ֆուտբոլիստների հաճելի հոբելյան է սպասում: Հանդիպմանը մասնակցելու դեպքում Աննան Մենսահը Fastex Պրեմիեր լիգայում 150-րդ խաղը կանցկացնի, իսկ Արման Խաչատրյանը ՀՀ առաջնություններում 100-րդ խաղի հոբելյանը կնշի:       

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Գանձասար»՝ Ուսման Ֆայե՝ 2 գոլ:

ԲԿՄԱ՝ Դանիել Աղբալյան - 3 գոլ:

Հանդիպմանը չի մասնակցի նախորդ խաղում խաղադաշտից հեռացված «Գանձասարի» դարպասապահ Գրիգորի Մաթևոսյանը:

«Ալաշկերտ» - «Ուրարտու»

Նոյեմբերի 29, ժամը՝ 15:00, Արմավիր, Հ. Տոնոյանի անվան Քաղաքային մարզադաշտ

49 խաղ, «Ալաշկերտը» հաղթել է 19 անգամ, «Ուրարտուն»՝ 15, գրանցվել է 15 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 67-67

1-ին շրջան. 22.08.2025  «Ուրարտու»  - «Ալաշկերտ»՝ 0-1 (0-0)

Գոլը՝ 0-1՝ Էդգար Փիլոյան 58՛:

«Ալաշկերտ»՝ 2-րդ տեղ (29 միավոր), «Ուրարտու»՝ 3-րդ տեղ (26 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. «Ալաշկերտը» նախորդ տուրում մարտական ոչ-ոքի (2-2) գրանցեց «Նոայի» հետ մրցավեճում, որին առաջին շրջանում հաղթել էր 2-0 հաշվով: Առաջնության վերջին 3 խաղերում ալաշկերտցիներն ընդամենը 4 միավոր են վաստակել՝ միակ հաղթանակը տոնելով ԲԿՄԱ-ի նկատմամբ (2-0):

2. «Ուրարտուն» էլ նախորդ տուրում «Փյունիկի» հետ մրցավեճում մեկ միավոր վաստակեց՝ հաղթանակը ձեռքից բաց թողնելով ավելացված ժամանակում: Իսկ հաշիվը բացել էր առաջնության լավագույն ռմբարկու Բրունո Միշելը՝ խփելով 12-րդ գոլը:

Ռոբերտ Արզումանյանի  գլխավորած թիմը 8-րդ անպարտելի խաղն անցկացրեց առաջնությունում: Այդ շարքի առաջին 6 խաղերում թիմի դարպասապահ Ալեքսանդր Միշիևը գոլ բաց չի թողել: Վերջին պարտությունն առաջնությունում «Ուրարտուն» կրել է սեպտեմբերի 14-ին՝ սեփական դաշտում 2-3 հաշվով զիջելով «Արարատ-Արմենիային»:

3. Տուրի կենտրոնական խաղը 50-րդն է մրցակիցների միջև Հայաստանի առաջնություններում: Առաջին շրջանում տարած հաղթանակով «Ալաշկերտն» ընդհատել էր «Ուրարտուի» հետ առաջնության հանդիպումներում առանց հաղթանակների 6 խաղերի շարքը: Այդ ընթացքում ալաշկերտցիները 5 անընդմեջ պարտություն էին կրել, մեկ խաղ ավարտել էին ոչ-ոքի: Ընդ որում երկու խաղում գրանցվել էր խոշոր հաշիվ (6-1, 3-0): Իսկ նախորդ հաղթանակն «Ուրարտուի» նկատմամբ «Ալաշկերտը» տարել էր 2023թ. սեպտեմբերի 15-ին՝ 4-2:

4. Մրցակիցների առաջին շրջանի խաղում Էդգար Փիլոյանի խփած գնդակը դարձել էր  Fastex Պրեմիեր լիգայում «Ալաշկերտի» հոբելյանական՝ 500-րդ գոլը: 

5. «Նոայի» հետ խաղում Կարեն Նալբանդյանն ընթացիկ առաջնությունում 5-րդ 11մ հարվածն էր անվրեպ իրացրել՝ խփելով 8-րդ գոլը: Եթե նրան հաջողվի գրավել նաև «Ուրարտուի» դարպասը, ապա կկրկնի «Ալաշկերտի» նախկին հարձակվող Ուրոշ Նենադովիչի արդյունավետության տարիքային ռեկորդը: Վերջինս 23 տարեկանում թիմի կազմում բոլորից շատ՝ 9 գոլ էր խփել:

6. Հանդիպմանը մասնակցելու դեպքում ալաշկերտցի Յուրի Գարեգինյանը Fastex Պրեմիեր լիգայում  հոբելյանական՝ 200-րդ խաղը կանցկացնի:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Ալաշկերտ»՝ Արտակ Եդիգարյան - 10 գոլ:

«Ուրարտու»՝ Կարեն Մելքոնյան - 6 գոլ:

«Ուրարտուի» կազմում հանդիպմանը չի մասնակցի նախորդ խաղում խաղադաշտից հեռացված Նիկոլաս Կալուկյանը:

«Արարատ-Արմենիա» - «Շիրակ»

Նոյեմբերի 30, ժամը՝ 17:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

23 խաղ, «Արարատ-Արմենիան» հաղթել է 16 անգամ, «Շիրակը»՝ 3, գրանցվել է 4 ոչ-ոքի, խփած և բաց  թողած գոլերի հարաբերակցությունը՝ 50-13

1-ին շրջան. 24.08.2025  «Շիրակ» - «Արարատ-Արմենիա»՝ 0-1 (0-0)

 Գոլը՝ 0-1՝ Արայիկ Էլոյան 90+9՛:

«Արարատ-Արմենիա»՝ 1-ին տեղ (31 միավոր), «Շիրակ»՝ 8-րդ տեղ (10 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. «Արարատ-Արմենիան» նոյեմբերի 25-ին «Փյունիկի» հետ 3-րդ տուրից հետաձգված խաղում անհաջողության մատնվեց՝ զիջելով նվազագույն հաշվով: Իսկ մինչև այդ Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը նախորդ տուրում 2-1 հաշվով հաղթել էր «Արարատին»: Այսպիսով, ընդհատվեց առաջնության մեկնարկից «Արարատ-Արմենիայի» անպարտելի 13 խաղերի շարքը:

Fastex Պրեմիեր լիգայում նախորդ պարտությունն «Արարատ-Արմենիան» կրել էր մայիսի 24-ին՝ հյուրընկալվելիս 0-2 հաշվով զիջելով «Նոային»:

2. Երկարատև ընդմիջումից հետո «Շիրակը» վերջապես կրկին ուրախացրեց իր երկրպագուներին՝ Ռաֆիկ Միսակյանի խփած միակ գոլի շնորհիվ Գյումրիում հաղթելով «Գանձասարին»: Շիրակցիներն ընդհատեցին առաջնությունում առանց հաղթանակների 7 խաղերի շարքը, որի ընթացքում ընդամենը 2 միավոր էին վաստակել:

Նախորդ հաղթանակը, որն առաջինն էր ընթացիկ առաջնությունում, «Շիրակը» տարել էր սեպտեմբերի 12-ին՝ կրկին Գյումրիում 4-2 հաշվով պարտության մատնելով «Արարատին»:

3. Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 15 հանդիպումներում «Արարատ-Արմենիան» անպարտելի է՝ տոնելով 13 հաղթանակ, 2 խաղ ավարտելով ոչ-ոքի: Ընդ որում 2020/21թթ. առաջնության առաջին շրջանի խաղում «Արարատ-Արմենիան» պարզապես ջախջախել էր շիրակցիներին՝ 7 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը:

Դա Բարձրագույն խմբում «Արարատ-Արմենիայի» ամենախոշոր հաշվով հաղթանակն էր: Իսկ «Շիրակը» կրկնել էր իր ամենախոշոր հաշվով պարտության ռեկորդը: Նախկինում շիրակցիները 0-7 հաշվով պարտվել էին «Փյունիկին» (2006թ.) և «Միկային» (2009թ.):

Վերջին հաղթանակն «Արարատ-Արմենիայի» նկատմամբ «Շիրակը» տարել է 2020թ. հունիսի 20-ին: Գյումրիում կայացած այդ խաղի ելքը վճռել էր շիրակցի Մորի Կոնեի խփած միակ գոլը:

Նախորդ առաջնությունում «Շիրակը» բոլոր 3 խաղերում էլ պարտվել էր խոշոր հաշվով (0-4, 0-3, 1-5)՝ միայն 3-րդ շրջանի մրցավեճում գտնելով մրցակցի դարպասի բանալին:

4. Մրցակիցների առաջին շրջանի խաղում Արայիկ Էլոյանի խփած գնդակը Fastex Պրեմիեր լիգայում «Արարատ-Արմենիայի» հոբելյանական՝ 400-րդ գոլն էր: Այն նաև «Շիրակի» դարպասն առաջնության հանդիպումներում «Արարատ-Արմենիայի» խփած 50-րդ գոլն էր:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Արարատ-Արմենիա»՝ Յուսուֆ Օտուբանջո, Տենտոն Յենե, Մեթյու Գբոմադու – 4-ական գոլ:

«Շիրակ»՝ Մորի Կոնե - 2 գոլ:

«Փյունիկ» - «Արարատ»

Նոյեմբերի 30, ժամը՝ 19:00, Աբովյան, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր

100 խաղ, «Փյունիկը» հաղթել է 54 անգամ, «Արարատը»՝ 24, գրանցվել է 22 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 173-91

1-ին շրջան. 24.08.2025  «Արարատ» - «Փյունիկ»՝ 0-2 (0-0)

Գոլերը՝ 0-1՝ Էրիկ Օկանսի 51՛, 0-2՝ Վագներ Գոնսալվեշ 90+4՛:

«Փյունիկ»՝ 4-րդ տեղ (26 միավոր), «Արարատ»՝ 10-րդ տեղ (3 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Հայկական ֆուտբոլի պատմության տարբեր ժամանակահատվածների երկու ամենատիտղոսակիր թիմերի միջև մինչև օրս Հայաստանի առաջնություններում 100 խաղ է անցկացվել: Վաղեմի մրցակիցների առաջին հանդիպումը կայացել է 1992թ. Հայաստանի անդրանիկ առաջնության 6-րդ տուրում:

«Արարատը», որ մինչև այդ հանդես էր եկել ԽՍՀՄ առաջնություններում, գլխավորում էր թիմի նախկին պաշտպան Արմեն Սարգսյանը: Իսկ նորաստեղծ «Փյունիկը», որ այն ժամանակ կրում էր ՀՄԸՄ անվանումը, հանդես էր գալիս խաղացող-մարզիչ Խորեն Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Մայիսի 3-ին «Հրազդան» մարզադաշտում կայացած խաղում ՀՄԸՄ-ի երիտասարդ ֆուտբոլիստները լուրջ դիմադրություն ցույց տվեցին փորձառու արարատցիներին՝ հանդիպումն ավարտելով ոչ-ոքի: 12-րդ րոպեին Ալբերտ Սարգսյանը 11մ հարվածով հաշվի մեջ առաջ մղեց արարատցիներին, իսկ խաղավարտից 5 րոպե առաջ Հայկ Մարգարյանը վերականգնեց հավասարակշռությունը:

Երկրորդ շրջանի խաղում կրկին գրանցվեց 1-1 հաշիվ: Այս անգամ հաշիվը բացեց ՀՄԸՄ-ն Պողոս Գալստյանի դիպուկ հարվածի շնորհիվ, իսկ մինչև ընդմիջում արարատցիներից Արմեն Բաբալարյանը խփեց պատասխան գոլը:

Հաջորդ մրցաշրջանում «Արարատին» հաջողվեց նվազագույն հաշվով հաղթել ՀՄԸՄ-ին: Միայն մրցակիցների միջև կայացած առաջնության 10-րդ հանդիպման ժամանակ` 1996թ. ապրիլի 18-ին «Փյունիկը» վերջապես առաջին հաղթանակը տոնեց «Արարատի» նկատմամբ՝ 3-1: Իսկ մինչև այդ տեղի ունեցած առաջնության 9 հանդիպումներից 3-ում հաղթել էր «Արարատը», 6-ում գրանցվել էր ոչ-ոքի:

2. «Փյունիկը» 3-րդ տուրից հետաձգված խաղում Խավիեր Մորենոյի խփած միակ գոլի շնորհիվ հաղթեց «Արարատ-Արմենիային»՝ ընդհատելով վերջինիս անպարտելի 13 խաղերի շարքը: Իսկ նախորդ տուրում «Փյունիկն» «Ուրարտուի» հետ մրցավեճում ավելացված ժամանակում Սերգեյ Վակուլենկոյի խփած գոլի շնորհիվ էր հրաշքով փրկվել պարտությունից: Առաջնության վերջին 4 խաղերում փյունիկցիները 10 միավոր են վաստակել:

3. «Արարատը» շարունակեց անհաջող ելույթներն առաջնությունում՝ 1-2 հաշվով զիջելով «Արարատ-Արմենիային»: Այդ խաղում միակ դրականն այն էր, որ «Արարատին» վերջապես հաջողվեց ընդհատել 463 րոպե տևած գոլային երաշտը, երբ 89-րդ րոպեին Յայա Սոգոդոգոն գրավեց «Արարատ-Արմենիայի» դարպասը: Հետաքրքիր է, որ նախորդ գոլը կրկին խփել էր Սոգոդոգոն հոկտեմբերի 4-ին ԲԿՄԱ-ի հետ կայացած խաղի 75-րդ րոպեին:

4. «Փյունիկը» զգալի առավելության է հասել «Արարատի» նկատմամբ: Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 10 հանդիպումներում «Փյունիկն» անպարտելի է՝ տոնելով 8 հաղթանակ, 2 խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին հաղթանակը «Փյունիկի» նկատմամբ «Արարատը» տոնել է 2022թ. հոկտեմբերի 9-ին սեփական դաշտում Ռուդիկ Մկրտչյանի խփած միակ գոլի շնորհիվ:

5. «Արարատի» դարպասը գրավելու դեպքում 29-ամյա Մարիուս Նուբիսին ընթացիկ առաջնությունում 5-րդ գոլը կխփի ու կգերազանցի Լուկաս Վիլյելայի արդյունավետության տարիքային ռեկորդը: Վերջինս փյունիկցի այլազգի ֆուտբոլիստներից այդ տարիքում բոլորից շատ՝ 4 գոլ է խփել:

6. Հանդիպմանը մասնակցելու դեպքում արարատցի Գոռ Լուլուկյանը  Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 100-րդ խաղը կանցկացնի:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Փյունիկ»՝ Արսեն Ավետիսյան - 9 գոլ:

«Արարատ»՝ Կարեն Բարսեղյան - 5 գոլ:

«Վան» - «Նոա»

Դեկտեմբերի 2, ժամը՝ 15:00, Չարենցավան, Քաղաքային մարզադաշտ

19 խաղ, «Վանը» հաղթել է 2 անգամ, «Նոան»՝ 11, գրանցվել է 6 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 14-34

1-ին շրջան. 24.09.2025  «Նոա» - «Վան»՝ 2-1 (1-0)

Գոլերը՝ 1-0՝ Ուլադ Օմար 26՛, 11մ, 1-1՝ Ալիֆ Ռոդրիգես 75՛, 11մ, 2-1՝ Նարդին Մուլահուսեյնովիչ 90+2՛:

«Վան»՝ 6-րդ տեղ (20 միավոր), «Նոա»՝ 5-րդ տեղ (22 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Նախորդ տուրում «Վանը» դրամատիկ պայքարում 3-2 հաշվով պարտության մատնեց ԲԿՄԱ-ին՝ տոնելով 3-րդ անընդմեջ հաղթանակը: Թիմին հաղթանակ պարգևեց ավելացված ժամանակում Հրայր Մկոյանի դիպուկ իրացրած 11մ հարվածը:  «Վանի» ավագն ընթացիկ առաջնությունում 2-րդ 11մ հարվածը հստակ իրացրեց:

Նոյեմբերի 2-ին Գյումրիում Մկոյանը բացել էր գոլերի հաշիվը «Վանում»՝ ավելացված ժամանակում 11մ հարվածով գրավելով «Շիրակի» դարպասն ու հաղթանակ պարգևելով իր թիմին: Մկոյանը Fastex Պրեմիեր լիգայում «Վանում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստն է: Նա Հայկ Ղազարյանի դարպասը խոցեց 39 տարեկան 82 օրականում:

2. «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի 4-րդ տուրում հյուրընկալվելիս ոչ-ոքի (1-1) խաղաց շոտլանդական «Աբերդինի» հետ: Իսկ առաջնության նախորդ տուրում գործող չեմպիոնը մարտական ոչ-ոքի (2-2) գրանցեց «Ալաշկերտի» հետ: Մինչև այդ էլ «Նոան» 1-2 հաշվով պարտվել էր «Արարատ-Արմենիային»:

3. Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 12 հանդիպումներում «Նոան» անպարտելի է՝ տոնելով 7 հաղթանակ, 5 խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին հաղթանակը «Նոայի» նկատմամբ «Վանը» տոնել է 2022թ. մայիսի 21-ին Չարենցավանում կայացած խաղում՝ 1-0:

4. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Օգնյեն Չանչարևիչը Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 200-րդ խաղը կանցկացնի: Նա կդառնա այդ սահմանագիծը հատած այլազգի առաջին դարպասապահը:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Նոա»՝ Արթուր Միրանյան- 4 գոլ:

«Վան»՝ Էդգար Մովսեսյան - 2 գոլ:

Հանդիպմանը չի մասնակցի նախորդ խաղում խաղադաշտից հեռացված «Նոայի» պաշտպան Դավիդ Սուալեհեն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ