Logo

Fastex Պրեմիեր լիգա. 19-20-րդ տուրերից հետաձգված հանդիպումներին ընդառաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
13:47 / 08.04.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Ապրիլի 8-ին կկայանա Fastex Պրեմիեր լիգայի 20-րդ տուրից հետաձգված խաղը:

FastNews-ը ներկայացնում է 19-20-րդ տուրերից հետաձգված հանդիպումների անոնսը։

«Շիրակ» - «Արարատ»  

Ապրիլի 8, ժամը՝ 18:30, Գյումրի, Քաղաքային մարզադաշտ

103 խաղ, «Շիրակը» հաղթել է 47 անգամ, «Արարատը»՝ 29, գրանցվել է 27 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 148-117

1-ին շրջան. 17.08.2024  «Արարատ»  - «Շիրակ»՝ 1-2 (0-1)

Գոլերը՝ 0-1-0-2՝ Մորի Կոնե 18՛, 11մ, 53՛, 1-2՝ Մուսա Կանտե 90+6՛, 11մ:

3-րդ շրջան. 04.04.2025  «Արարատ»  - «Շիրակ»՝ 1-2 (1-0)

Գոլերը՝ 1-0՝ Մամադու Դումբիա 22՛, 1-1՝ Սերյոժա Ուռուշանյան 73՛, 1-2՝ Ռաֆիկ Միսակյան 85՛:

«Արարատ»՝ 9-րդ տեղ (20 միավոր), «Շիրակ»՝ 6-րդ տեղ (28 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1.Ընդամենը 4 օր առաջ կայացավ «Արարատի» և «Շիրակի» 3-րդ շրջանի հանդիպումը, իսկ այսօր Գյումրիում տեղի կունենա 20-րդ տուրից հետաձգված 2-րդ շրջանի խաղը: «Շիրակը» հյուրընկալվելիս կամային հաղթանակ տոնեց՝ ընդհատելով առանց հաղթանակների 5 խաղերի շարքը, որում 4 պարտություն էր կրել:

Նախորդ հաղթանակը շիրակցիները տարել էին անցյալ տարվա նոյեմբերի 28-ին՝ Գյումրիում նվազագույն հաշվով պարտության մատնելով «Փյունիկին»:   

2. «Արարատը» Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 850-րդ խաղում պարտություն կրեց, որն առաջինն էր գարնանային հատվածում: Մինչև այդ արարատցիները 3 խաղում 5 միավոր էին վաստակել՝ հաղթելով «Ալաշկերտին», ոչ-ոքի խաղալով ԲԿՄԱ-ի և «Գանձասարի» հետ: Նախորդ պարտությունն «Արարատը» կրել էր անցյալ տարվա դեկտեմբերի 3-ին՝ սեփական դաշտում 2-3 հաշվով զիջելով «Վեստ Արմենիային»:

3. Մրցակիցների միջև կայացած ընթացիկ առաջնության երկու խաղերում էլ հաղթել է «Շիրակը»: Իսկ մինչև այդ կայացած առաջնության 5 խաղերից 4-ում հաջողությունն ուղեկցել էր «Արարատին», մեկ խաղ ավարտվել էր ոչ-ոքի:

4. Ընթացիկ առաջնությունում «Արարատին» 2 գոլ խփած Մորի Կոնեին գարնանային հատվածում դեռ չի հաջողվել գրավել մրցակիցների դարպասը: Գոլ խփելու դեպքում Կոնեն «Շիրակի» կազմում պաշտոնական մրցումներում 31 գնդակով կդառնա թիմի պատմության ամենաարդյունավետ այլազգի ֆուտբոլիստը: Նա կգերազանցի Մուսա Փոլ Բակայոկոյի ռեկորդային ցուցանիշը, որի հաշվին 30 գոլ է գրանցված:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Շիրակ»՝ Անդրանիկ Բարիկյան - 19 գոլ:

«Արարատ»՝ Նշան Էրզրումյան - 10 գոլ:

5-րդ զգուշացման պատճառով խաղին չի մասնակցի շիրակցի Սեդրիկ Դոն:

«Նոա» - ԲԿՄԱ

Ապրիլի 9, ժամը՝ 16:00, Աբովյան, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր

13 խաղ, «Նոան» հաղթել է 7 անգամ, ԲԿՄԱ-ն՝ 2, գրանցվել է 4 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 21-9

1-ին շրջան. 25.08.2024  ԲԿՄԱ - «Նոա»՝ 1-2 (0-1)

Գոլերը՝ 0-1՝ Մաթեուս Այաս 8՛, 11մ, 0-2՝ Գրենիկ Պետրոսյան 53՛, 1-2՝ Արայիկ Էլոյան 58՛:

«Նոա»՝ 1-ին տեղ (55 միավոր), ԲԿՄԱ՝ 7-րդ տեղ (25 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1.Այնպես է ստացվել, որ մրցակիցները 5 օրում երկու անգամ մրցելու են միմյանց հետ: 19-րդ տուրից հետաձգված այս խաղից հետո ապրիլի 13-ին 26-րդ տուրում   «Նոան» կհյուրընկալվի ԲԿՄԱ-ին:

«Նոան» խաղից խաղ ավելի է ամրապնդում առաջատարի իր դիրքերը մրցաշարային աղյուսակում՝ մեծացնելով միավորների տարբերությունը հետապնդողներից: Ռուի Մոտայի գլխավորած թիմը 8 միավորով գերազանցում է 2-րդ տեղում ընթացող «Արարատ-Արմենիային», որից 2 խաղ էլ պակաս է անցկացրել: Բացառված չէ, որ «Նոան» առաջնության ավարտից մի քանի տուր առաջ անհասանելի դառնա մրցակիցների համար և ժամկետից շուտ նվաճի չեմպիոնի տիտղոսը:

Նախորդ տուրում «Նոան» ակումբային բոլոր մրցաշարերում անցկացրած հոբելյանական՝ 250-րդ խաղը նշանավորեց առաջնությունում տոնած 15-րդ անընդմեջ հաղթանակով՝ 5-1 հաշվով պարտության մատնելով «Վեստ Արմենիային»: ԲԿՄԱ-ին հաղթելու դեպքում «Նոան» կկրկնի «Փյունիկի» ռեկորդային ցուցանիշը, որը 2004թ. 16 անընդմեջ հաղթանակ էր տոնել:

2. ԲԿՄԱ-ն 25-րդ տուրում ազատ էր, իսկ մարտի 27-ին անցկացրած իր վերջին խաղում 3 անպատասխան գնդակ էր ուղարկել «Վեստ Արմենիայի» դարպասը՝ տոնելով առաջնության գարնանային հատվածում առաջին հաղթանակը: Առաջնության վերջին 7 հանդիպումներում բանակայիններն ընդամենը մեկ պարտություն են կրել («Վեստ Արմենիա»՝ 0-1)՝ վաստակելով 12 միավոր:

3. Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 4 խաղերում էլ հաղթել է «Նոան»: Ընդ որում դրանցից 3-ում ԲԿՄԱ-ն գոլ չի խփել:

4. ԲԿՄԱ-ի դարպասը գրավելու դեպքում Գոնսալո Գրեգորիոն «Նոայի» կազմում բոլոր մրցաշարերում խփած գոլերի քանակը կհասցնի 26-ի և կդառնա ակումբի պատմության գլխավոր ռմբարկուն՝ գերազանցելով Մաքսիմ Մայրովիչին:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Նոա»՝ Գեղամ Հարությունյան, Մաքսիմ Մայրովիչ, Ալեքսանդր Լյովե, Արթուր Միրանյան, Փոլ Գլադոն - 2-ական գոլ:

ԲԿՄԱ՝ Գրենիկ Պետրոսյան - 2 գոլ:

Հանդիպմանը չի մասնակցի նախորդ խաղում խաղադաշտից հեռացված բանակային Էդիկ Վարդանյանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ