Logo

Fastex Պրեմիեր լիգա. 26-րդ տուրի հանդիպումներին ընդառաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
11:33 / 11.04.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Fastex Պրեմիեր լիգայում ապրիլի 11-ին կմեկնարկի 26-րդ տուրը:

FastNews-ը ներկայացնում է տուրի անոնսը։

«Ալաշկերտ» - «Ուրարտու»

Ապրիլի 11, ժամը՝ 16:00, Արմավիր, Հակոբ Տոնոյանի անվան քաղաքային մարզադաշտ

47 խաղ, «Ալաշկերտը» հաղթել է 18 անգամ, «Ուրարտուն»՝ 15, գրանցվել է 14 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 65-66

1-ին շրջան. 24.08.2024  «Ալաշկերտ»  - «Ուրարտու»՝ 0-3 (0-1)

Գոլերը՝ 0-1՝ Լուքման Գիլմոր 44՛, 0-2՝ Իվան Իգնատև 63՛, 0-3՝ Էդգար Մովսեսյան 81՛:

2-րդ շրջան.  03.12.2024  «Ուրարտու» - «Ալաշկերտ»՝ 1-0  (0-0)

Գոլը՝ 1-0՝ Իվան Իգնատև 90+6՛:

«Ալաշկերտ»՝ 10-րդ տեղ (16 միավոր), «Ուրարտու»՝ 3-րդ տեղ (47 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1.Առաջնության գարնանային հատվածում «Ալաշկերտն» իրեն անհամեմատ ավելի լավ է դրսևորում, որին հաղթելը մրցակիցներից մեծ ջանքեր է պահանջում: Վերջին երկու հանդիպումներում ալաշկերտցիներն արժանի դիմադրություն ցույց տվեցին «Վանին» և «Փյունիկին»՝ մեկական միավոր վաստակելով նրանց հետ մրցավեճում: Ընդ որում «Վանը» հաշվի մեջ առջևում էր 2-0 հաշվով:

Ճիշտ է, «Ալաշկերտը» վաղուց չի ճաշակել հաղթանակի բերկրանքը: Վերջին անգամ դա տեղի է ունեցել անցյալ տարվա հոկտեմբերի 27-ին ԲԿՄԱ-ի հետ կայացած խաղում՝ 2-0: Դրանից հետո անցկացրած 11 հանդիպումներում ալաշկերտցիներն ընդամենը 4 միավոր են վաստակել:

2. «Ուրարտուն» նախորդ տուրում «Արարատ-Արմենիայի» հետ սկզբունքային մրցախաղում անչափ կարևոր 3 միավոր կորցրեց՝ 0-3 խոշոր հաշվով պարտություն կրելով: Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը նահանջեց 3-րդ հորիզոնական: Ընդհատվեց նաև «Ուրարտուի» 5 անընդմեջ հաղթանակների շարքը:

3. Մրցակիցների միջև կայացած առաջնության նախորդ 5 խաղերում էլ հաղթել է «Ուրարտուն» ընդհանուր 13-1 հաշվով: Ընդ որում երկու խաղում գրանցվել է խոշոր հաշիվ (6-1, 3-0): Վերջին հաղթանակն «Ուրարտուի» նկատմամբ «Ալաշկերտը» տարել է 2023թ. սեպտեմբերի 15-ին՝ 4-2:

4. Հանդիպմանը մասնակցելու դեպքում ալաշկերտցի Ալեքսանդր Գլիշիչը Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 100-րդ խաղը կանցկացնի:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Ալաշկերտ»՝ Արտակ Եդիգարյան - 10 գոլ:

«Ուրարտու»՝ Կարեն Մելքոնյան - 6 գոլ:

«Գանձասար» - «Փյունիկ»

Ապրիլի 12, ժամը՝ 16:00, Երևան, «Ջունիոր սպորտ» մարզադաշտ

2 խաղ, որոնցում հաղթել է «Փյունիկը», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 0-6

1-ին շրջան. 07.11.2024  «Գանձասար» - «Փյունիկ»՝ 0-5 (0-2)

Գոլերը՝ 0-1՝ Ագդոն Մենեզես 7՛, 0-2՝ Յուսուֆ Օտուբանջո 35՛, 11մ, 0-3՝ Արտակ Գրիգորյան 48՛, 0-4-0-5՝ Յուսուֆ Օտուբանջո 78՛, 85՛:

2-րդ շրջան.  02.12.2024  «Փյունիկ» - «Գանձասար»` 1-0 (0-0)

Գոլը՝ 1-0՝ Սերժ Դեբլե 90+6՛, 11մ:

«Գանձասար»՝ 11-րդ տեղ (3 միավոր), «Փյունիկ»՝ 4-րդ տեղ (44 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Նախորդ տուրում «Գանձասարը» Չարենցավանում 2 անպատասխան գնդակ բաց թողեց «Վանից»՝ կրելով հերթական պարտությունը: «Գանձասարին» ոչ մի կերպ չի հաջողվում առաջնությունում հաղթանակ տոնել: Կապանցիները դրան շատ մոտ էին «Արարատի» հետ խաղում, սակայն ավելացված ժամանակում ձեռքից բաց թողեցին հաղթանակը: Միակ սփոփանքն այն էր, որ ընդհատվել էր 8 անընդմեջ պարտությունների շարքը:

2. «Փյունիկին» շարունակում են հետապնդել անհաջողությունները: Գործող չեմպիոնը Սուպերգավաթի մրցախաղում 4 անպատասխան գնդակ ընդունեց «Արարատ-Արմենիայից»՝ կրելով մրցաշարի պատմության մեջ ամենախոշոր հաշվով պարտությունը: Առաջնության նախորդ տուրում էլ փյունիկցիներն «Ալաշկերտի» հետ մրցավեճում բավարարվեցին ոչ-ոքի արդյունքով: Ընդհանրապես «Փյունիկն» առաջնության գարնանային հատվածում շատ անհաջող է խաղում՝ 6 հանդիպումներում վաստակելով ընդամենը 7 միավոր:

3. «Գանձասարի» հետ առաջին շրջանի հանդիպումը հիշարժան էր Յուսուֆ Օտուբանջոյի համար: Հեթ-տրիկ ձևակերպելով, նիգերիացի հարձակվողը Fastex Պրեմիեր լիգայում խփած գոլերի քանակը հասցրել էր 76-ի ու գերազանցելով բրազիլացի Մարկոս Պիզելիի ռեկորդային ցուցանիշը, դարձել էր Հայաստանի առաջնությունների ամենաարդյունավետ այլազգի ֆուտբոլիստը:

Կապանցիների հետ առաջիկա խաղում գոլ խփելու դեպքում Օտուբանջոն պատմական նվաճման կհասնի: Դա կլինի նրա 87-րդ գոլն ակումբային բոլոր մրցաշարերում, որի շնորհիվ կգերազանցի Մարկոս Պիզելիին ու կդառնա Հայաստանում հանդես եկած ամենաարդյունավետ այլազգի ֆուտբոլիստը:

Դիմակայության լավագույն ռմբարկուն

«Փյունիկ»՝ Յուսուֆ Օտուբանջո - 3 գոլ:

«Գանձասարից» հանդիպմանը չի մասնակցի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված Սիմոն Օբոնդեն:

«Շիրակ» - «Վան»

Ապրիլի 12, ժամը՝ 19:00, Գյումրի, Քաղաքային մարզադաշտ

13 խաղ, «Շիրակը» հաղթել է 2 անգամ, «Վանը»՝ 8, գրանցվել է 3 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 7-19

1-ին շրջան. 26.08.2024  «Շիրակ» - «Վան»՝ 0-2 (0-0)

Գոլերը՝ 0-1՝ Մոմո Տուրե 50՛, 0-2՝ Ջոն Բատիգի 90+1՛:

2-րդ շրջան.  02.12.2024   «Վան» - «Շիրակ»՝ 1-0 (0-0)

Գոլը՝ Ջոն Բատիգի 47՛:

«Շիրակ»՝ 6-րդ տեղ (28 միավոր), «Վան»՝ 5-րդ տեղ (38 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. «Շիրակը» 20-րդ տուրից հետաձգված խաղում Գյումրիում 1-3 հաշվով պարտվեց «Արարատին», որի նկատմամբ 4 օր առաջ հյուրընկալվելիս կամային հաղթանակ էր տոնել (2-1): Շիրակցիները շարունակում են անհաջող ելույթները սեփական դաշտում՝ անցկացրած 11 հանդիպումներում կրելով 6-րդ պարտությունը, վաստակելով ընդամենը 9 միավոր:

Գյումրիում անցկացրած առաջնության վերջին 3 խաղերում «Շիրակն» ընդամենը մեկ միավոր է վաստակել՝ գոլազուրկ ոչ-ոքի խաղալով ԲԿՄԱ-ի հետ, իսկ վերջին հաղթանակը գրանցվել է անցյալ տարվա նոյեմբերի 28-ին «Փյունիկի» հետ խաղում՝ 1-0:

2. «Վանը» շարունակեց հաջող ելույթները՝ նախորդ տուրում 2-0 հաշվով հաղթելով «Գանձասարին»: Դա առաջնության գարնանային հատվածում թիմի 2-րդ հաղթանակն էր: Վահե Գևորգյանի գլխավորած թիմն առաջնության վերջին 7 հանդիպումներում անպարտելի է՝ վաստակելով 15 միավոր: Թիմն աչքի է ընկնում նաև բարձր արդյունավետությամբ՝ 22 խաղում խփելով 42 գոլ: Դա «Վանի» պատմության մեջ ռեկորդային ցուցանիշ է:

Խփած գոլերում հատկապես մեծ ներդրում ունի թիմի ռմբարկու Մոմո Տուրեն, որի հաշվին 10 գոլ է գրանցված: Թիմից հեռացած Ջոն Բատիգին 7 գոլ է խփել: Ռմբարկուների եռյակը 6 գոլով եզրափակում է Կարեն Նալբանդյանը:

3. «Վանը» զգալի առավելության է հասել «Շիրակի» նկատմամբ: Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 4 խաղերում «Շիրակն» ընդամենը մեկ միավոր է վաստակել՝ չկարողանալով գրավել «Վանի» դարպասը:

Անցյալ տարվա հոկտեմբերի 1-ին Գյումրիում կայացած Հայաստանի գավաթի 1/8 եզրափակչի խաղում էլ «Վանը» հաղթել էր 3-0 հաշվով: Վերջին հաղթանակը «Վանի» նկատմամբ շիրակցիները տարել են 2023թ. հոկտեմբերի 3-ին՝ Գյումրիում 2 անգամ գրավելով մրցակցի դարպասը:

4. «Շիրակին» պարտության մատնելու դեպքում «Վանն» ընթացիկ առաջնությունում 12-րդ հաղթանակը կտոնի, ինչը թիմի պատմության մեջ նոր ռեկորդային ցուցանիշ կլինի: ՀՀ առաջնություններում չարենցավանյան ակումբը առավել շատ հաղթանակներ տոնել է 2022/23թթ. մրցաշրջանում՝ 11:

5. «Վանի» դարպասը գրավելու դեպքում Մորի Կոնեն «Շիրակի» կազմում բոլոր մրցաշարերում 31-րդ գոլը կխփի ու գերազանցելով Մուսա Փոլ Բակայոկոյի ցուցանիշը, կդառնա թիմի պատմության ամենաարդյունավետ լեգեոնականը:

6. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Հրայր Մկոյանը ֆուտբոլային կարիերայում հոբելյանական՝ 600-րդ խաղը կանցկացնի: Հետաքրքիր է, որ 500-րդ խաղի հոբելյանը Մկոյանը ևս նշել էր «Վանի» հետ կայացած խաղում: 2022թ. մարտի 1-ին Չարենցավանում տեղի ունեցած առաջնության 20-րդ տուրի այդ խաղում Մկոյանն «Արարատի» ավագն էր:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Վան»՝ Ուիլֆրեդ Կուասի Էզա, Էդգար Մովսեսյան, Նարեկ Հովհաննիսյան, Քրիստոֆեր Բոնիֆեյս, Ջոն Բատիգի - 2-ական գոլ:

«Վանից» կբացակայեն նախորդ խաղում կարմիր քարտ ստացած Էմանուել Ջոնը և 5-րդ անգամ զգուշացված Դավիթ Տերտերյանը:

ԲԿՄԱ - «Նոա»

Ապրիլի 13, ժամը՝ 18:30, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

14 խաղ, ԲԿՄԱ-ն հաղթել է 2 անգամ, «Նոան»՝ 8, գրանցվել է 4 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 9-24

1-ին շրջան. 25.08.2024  ԲԿՄԱ - «Նոա»՝ 1-2 (0-1)

Գոլերը՝ 0-1՝ Մաթեուս Այաս 8՛, 11մ, 0-2՝ Գրենիկ Պետրոսյան 53՛, 1-2՝ Արայիկ Էլոյան 58՛:

2-րդ շրջան. 09.04.2025  «Նոա» - ԲԿՄԱ ՝ 3-0 (2-0)

Գոլերը՝ 1-0՝ Հելդեր Ֆեռեյրա 2՛, 2-0՝ Բրունո Ալմեյդա 30՛, 3-0՝ Էրալդ Չինարի 89՛:

ԲԿՄԱ՝ 7-րդ տեղ (25 միավոր), «Նոա»՝ 1-ին տեղ (58 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Ապրիլի 9-ին մրցակիցների միջև կայացած 19-րդ տուրից հետաձգված խաղում  ԲԿՄԱ-ն 3 անպատասխան գնդակ էր ընդունել սեփական դարպասը: Իսկ դրան նախորդած խաղում բանակայինները 3-0 հաշվով հաղթել էին «Վեստ Արմենիային»:

2. ԲԿՄԱ-ի նկատմամբ տարած հաղթանակը 16-րդ անընդմեջն էր ընթացիկ առաջնությունում, որի շնորհիվ «Նոան» կրկնեց 2004թ. «Փյունիկի» գրանցած ռեկորդային ցուցանիշը: Այնպես որ բանակայիններին կրկին հաղթելու դեպքում Ռուի Մոտայի գլխավորած թիմը ՀՀ առաջնություններում նոր ռեկորդ կսահմանի:

Գերազանց ելույթների շնորհիվ «Նոան» արդեն 10 միավորով է գերազանցում 2-րդ տեղում ընթացող «Արարատ-Արմենիային», որն այս տուրում ազատ է և մեկ խաղ էլ ավելի է անցկացրել: Այնպես որ չեմպիոնի տիտղոսի նվաճման հարցում «Նոան» խնդիրներ չպետք է ունենա:

3. Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 5 խաղերում էլ հաղթել է «Նոան»: Ընդ որում դրանցից 4-ում ԲԿՄԱ-ն գոլ չի խփել:

4. Առաջնության վերջին երկու խաղերում Գոնսալո Գրեգորիոն գոլ չի խփել: Եթե նրան հաջողվի գրավել ԲԿՄԱ-ի դարպասը, ապա «Նոայի» կազմում բոլոր մրցաշարերում խփած գոլերի քանակը կհասցնի 26-ի և կդառնա ակումբի պատմության գլխավոր ռմբարկուն՝ գերազանցելով Մաքսիմ Մայրովիչին:

5. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Արամ Խամոյանը ԲԿՄԱ-ի կազմում բոլոր մրցաշարերում հոբելյանական՝ 100-րդ խաղը կանցկացնի: Դանիել Աղբալյանից (121 խաղ) հետո նա կդառնա ԲԿՄԱ-ում 100 խաղի սահմանը հատած 2-րդ ֆուտբոլիստը:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

ԲԿՄԱ՝ Գրենիկ Պետրոսյան - 2 գոլ:

«Նոա»՝  Գեղամ Հարությունյան, Մաքսիմ Մայրովիչ, Ալեքսանդր Լյովե, Արթուր Միրանյան, Փոլ Գլադոն - 2-ական գոլ:

«Վեստ Արմենիա» - «Արարատ»

Ապրիլի 14, ժամը՝ 16:00, Երևան, «Ջունիոր սպորտ» մարզադաշտ

6 խաղ, «Վեստ Արմենիան» հաղթել է 1 անգամ, «Արարատը»՝ 5, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 5-10

1-ին շրջան. 24.08.2024 «Վեստ Արմենիա» - «Արարատ»՝ 1-2 (0-0)

Գոլերը՝ 0-1՝ Սերոբ Գալստյան 80՛, 0-2՝ Մուսա Կանտե 90+6՛, 1-2՝ Արսեն Եղիազարյան 90+10՛:

2-րդ շրջան.  03.12.2024  «Արարատ» - «Վեստ Արմենիա»՝ 2-3 (2-1)

Գոլերը՝ 0-1՝ Մարտին Գրիգորյան 12՛, 1-1-2-1՝ Իլարիոն Գուռ 14՛, 19՛, 2-2՝ Զախար Տարասենկո 58՛, 2-3՝ Արթուր Քարտաշյան 87՛:

«Վեստ Արմենիա»՝ 9-րդ տեղ (20 միավոր), «Արարատ»՝ 8-րդ տեղ (23 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. «Վեստ Արմենիան» նախորդ խաղում հյուրընկալվելիս 1-5 հաշվով զիջեց «Նոային»՝ կրելով առաջնությունում 3-րդ անընդմեջ պարտությունը: Առաջնության վերջին 6 խաղերում Պատրիկ Պապյանի գլխավորած թիմն ընդամենը 3 միավոր է վաստակել՝ նվազագույն հաշվով հաղթելով ԲԿՄԱ-ին:

2. «Արարատը» 20-րդ տուրից հետաձգված խաղում Գյումրիում 3-1 հաշվով ռևանշի հասավ «Շիրակի» նկատմամբ, որին 4 օր առաջ սեփական դաշտում պարտվել էր (1-2): Գարնանային հատվածում դա  արարատցիների 2-րդ հաղթանակն էր:

3. Մրցակիցների միջև 2-րդ շրջանում կայացած խաղում «Վեստ Արմենիային» վերջապես հաջողվեց հաղթել «Արարատին», որին մինչև այդ զիջել էր բոլոր 5 խաղերում էլ:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Արարատ»՝ Ռանսոմ Իբեհ, Իլարիոն Գուռ – 2-ական գոլ:

10-րդ զգուշացման պատճառով առաջիկա 2 խաղերը բաց կթողնի սենեգալցի Մուսա Կանտեն, ինչը մեծ կորուստ է «Արարատի» համար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ