Logo

Fastex Պրեմիեր լիգա. 27-րդ տուրի հանդիպումներին ընդառաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
12:55 / 18.04.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Ապրիլի 18-ին կմեկնարկի Fastex Պրեմիեր լիգայի 27-րդ տուրը:

FastNews-ը ներկայացնում է 27-րդ տուրի հանդիպումների անոնսը։

«Արարատ» - «Ալաշկերտ»

Ապրիլի 18, ժամը՝ 16:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

49 խաղ, «Արարատը» հաղթել է 12 անգամ, «Ալաշկերտը»՝ 30, գրանցվել է 7 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 51-77

1-ին շրջան. 03.08.2024  «Արարատ» - «Ալաշկերտ»՝ 2-0 (1-0)

Գոլերը՝ 1-0՝ Կասիմ Հաջի 45՛,2-0՝ Իլարիոն Գուռ 72՛:

2-րդ շրջան. 08.03.2025  «Ալաշկերտ» - «Արարատ»՝ 0-1 (0-0)

Գոլը՝ 0-1՝ Քրիստոֆեր Բոնիֆեյս 50՛, 11մ:

«Արարատ»՝ 8-րդ տեղ (23 միավոր), «Ալաշկերտ»՝ 10-րդ տեղ (17 միավոր):

Հետաքրքիր  փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Նախորդ տուրում «Վեստ Արմենիայի» հետ հանդիպումն անհաջող դասավորվեց «Արարատի» համար: 20-րդ րոպեին թիմը խաղադաշտում մնաց 10 ֆուտբոլիստով, երբ կարմիր քարտի արժանացավ Բադեմ Դիաբիրան: «Արարատը» 1-2 հաշվով պարտվեց: Մրցակիցների միջև կայացած առաջնության նախորդ խաղում էլ 3-2 հաշվով հաղթել էր «Վեստ Արմենիան»: Իսկ մինչև այդ կայացած բոլոր 5 խաղերում էլ հաջողությունն ուղեկցել էր արարատցիներին:

2. Առաջնության գարնանային հատվածում բավական լավ ելույթներ ունեցող «Ալաշկերտն» «Ուրարտուին» էլ լուրջ դիմադրություն ցույց տվեց: Ավելին, միայն խաղավերջում իրացրած 11մ հարվածի շնորհիվ «Ուրարտուն» խուսափեց պարտությունից՝ 1-1: Դա ալաշկերտցիների արդեն 3-րդ անընդմեջ ոչ-ոքին էր առաջատար հնգյակում գտնվող թիմերի հետ անցկացրած վերջին խաղերում: Մինչև այդ «Ալաշկերտը» մեկական միավոր էր վաստակել «Վանի» (2-2) և «Փյունիկի» (1-1) հետ հանդիպումներում:

«Ալաշկերտը» վաղուց չի ճաշակել հաղթանակի բերկրանքը: Վերջին անգամ դա տեղի է ունեցել անցյալ տարվա հոկտեմբերի 27-ին ԲԿՄԱ-ի հետ կայացած խաղում՝ 2-0: Դրանից հետո անցկացրած 12 հանդիպումներում ալաշկերտցիներն ընդամենը 5 միավոր են վաստակել:

3. Առաջիկա խաղը հոբելյանական՝ 50-րդն է մրցակիցների միջև: Առաջնության առաջին շրջանում «Ալաշկերտի» նկատմամբ տարած հաղթանակով «Արարատն» ընդհատել էր մրցակցի հետ նախորդ 5 խաղերում կրած պարտությունների շարքը: Մինչև այդ, վերջին անգամ «Արարատն» «Ալաշկերտին» հաղթել էր 2022թ. դեկտեմբերի 4-ին կայացած մրցավեճում՝ 1-0: Իսկ ահա ընթացիկ առաջնությունում ալաշկերտցիներին ոչ միայն չի հաջողվել միավոր վաստակել «Արարատի» հետ խաղերում, այլև գրավել մրցակցի դարպասը:

4. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Գոռ Մալաքյանը Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 250-րդ խաղը կանցկացնի: Թիմի ներկայիս կազմից նրա ցուցանիշը լավագույնն է:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Արարատ»՝ Ալեքսանդր Ռակիչ - 6 գոլ:

«Ալաշկերտ»՝ Միհրան Մանասյան - 17 գոլ:

«Արարատից» կբացակայեն նախորդ խաղում խաղադաշտից հեռացված Բադեմ Դիաբիրան և 10-րդ անգամ զգուշացված սենեգալցի Մուսա Կանտեն, որը 2-րդ խաղը բաց կթողնի: Կարմիր քարտի պատճառով որակազրկված է նաև ալաշկերտցի Արմեն Մանուչարյանը:

ԲԿՄԱ - «Շիրակ»

Ապրիլի 18, ժամը՝ 18:30, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

10 խաղ, ԲԿՄԱ-ն հաղթել է 1 անգամ, «Շիրակը»՝ 6, գրանցվել է 3 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 3-10

1-ին շրջան. 02.08.2024  ԲԿՄԱ - «Շիրակ»՝ 0-2 (0-0)

Գոլերը՝ 0-1՝ Լյովա Մրյան 56՛, 0-2՝ Ռազմիկ Հակոբյան 72՛:

2-րդ շրջան. 08.03.2025  «Շիրակ» - ԲԿՄԱ՝ 0-0   

ԲԿՄԱ՝ 7-րդ տեղ (25 միավոր), «Շիրակ»՝ 6-րդ տեղ (28 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Առաջնության վերջին երկու խաղերում ԲԿՄԱ-ն դաժան փորձության ենթարկվեց «Նոայի» կողմից՝ խոշոր հաշիվներով զիջելով մրցակցին: Այդ խաղերում բանակայիններն ընդամենը մեկ գոլ խփեցին՝սեփական դարպասը բաց թողնելով 8 գնդակ: Իսկ մինչև այդ ԲԿՄԱ-ն առաջնության գարնանային հատվածում առաջին հաղթանակն էր տարել՝ 3 անպատասխան գնդակ խփելով «Վեստ Արմենիային»:

2. «Շիրակը» Գյումրիում հերթական պարտությունը կրեց, որը 3-րդ անընդմեջն էր: Նախորդ տուրում շիրակցիները նվազագույն հաշվով պարտվեցին «Վանին»: Մինչև այդ էլ սեփական դաշտում գյումրեցիները զիջել էին «Նոային» (1-2) և «Արարատին» (1-3):

Ընթացիկ առաջնությունում շիրակցիները շատ անհաջող են խաղում սեփական դաշտում՝ 13 հանդիպումներում վաստակելով ընդամենը 9 միավոր:

3. «Շիրակն» առաջնության հանդիպումներում մեծ առավելության է հասել ԲԿՄԱ-ի նկատմամբ՝ վերջին 5 խաղերում վաստակելով 11 միավոր: Ընդ որում նախորդ 4 խաղերում բանակայիններին չի հաջողվել գրավել «Շիրակի» դարպասը: Միակ հաղթանակը ԲԿՄԱ-ն տարել է մրցակիցների 5-րդ հանդիպման ժամանակ՝ 2023թ. օգոստոսի 11-ին Գյումրիում կայացած խաղում: Հյուրերի հաղթանակն ապահովել էր «Շիրակի» ավագ Հրայր Մկոյանի ինքնագոլը:

4. Եթե Մորի Կոնեին հաջողվի գրավել ԲԿՄԱ-ի  դարպասը, ապա «Շիրակի» կազմում պաշտոնական մրցումներում 31-րդ գոլը կխփի ու կդառնա թիմի պատմության ամենաարդյունավետ այլազգի ֆուտբոլիստը: Նա կգերազանցի Մուսա Փոլ Բակայոկոյի ռեկորդային ցուցանիշը, որի հաշվին 30 գոլ է գրանցված:

5. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Արամ Խամոյանը ԲԿՄԱ-ի կազմում բոլոր մրցաշարերում հոբելյանական՝ 100-րդ խաղը կանցկացնի: Դանիել Աղբալյանից (122 խաղ) հետո նա կդառնա ԲԿՄԱ-ում 100 խաղի սահմանը հատած 2-րդ ֆուտբոլիստը:

Դիմակայության լավագույն ռմբարկուն

«Շիրակ»՝ Լյովա Մրյան – 4 գոլ:

«Փյունիկ» - «Ուրարտու»

Ապրիլի 19, ժամը՝ 16:00, Աբովյան, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր

101 խաղ, «Փյունիկը» հաղթել է 50 անգամ, «Ուրարտուն»՝ 25, գրանցվել է 26 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 170-107

1-ին շրջան. 05.08.2024  «Ուրարտու» - «Փյունիկ»՝ 0-0

2-րդ շրջան. 09.03.2025  «Փյունիկ» - «Ուրարտու»՝ 0-3 (0-1)

Գոլերը՝ 0-1-0-3՝ Բրունո Միշել 41՛, 48՛, 58՛, 11մ:

«Փյունիկ»՝ 4-րդ տեղ (47 միավոր), «Ուրարտու»՝ 2-րդ տեղ (48 միավոր): 

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1.«Փյունիկը» շարունակում է անհաջող ելույթներն առաջնության գարնանային հատվածում: Գործող չեմպիոնը Սուպերգավաթի մրցախաղում 0-4 հաշվով կրած պարտությունից հետո «Արարատ-Արմենիային» զիջեց նաև գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում՝ 2 անպատասխան գնդակ ընդունելով սեփական դարպասը:

Առաջնության նախորդ տուրում էլ փյունիկցիները մեծ դժվարությամբ կարողացան 3-1 հաշվով առավելության հասնել «Գանձասարի» նկատմամբ: «Փյունիկն» առաջնության գարնանային հատվածի 7 հանդիպումներում ընդամենը 10 միավոր է վաստակել:

2. «Ուրարտուն» առաջնության վերջին 2 հանդիպումներում թանկարժեք միավորներ կորցրեց: Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը նախ 0-3 հաշվով պարտվեց «Արարատ-Արմենիային», որին զիջել էր նաև գավաթի քառորդ եզրափակիչ երկու խաղերում էլ, ապա ընդամենը մեկ միավոր վաստակեց «Ալաշկերտի» հետ մրցավեճում՝ 1-1: Ընդ որում միայն խաղավերջում Միքայել Միրզոյանի իրացրած 11մ հարվածի շնորհիվ «Ուրարտուն» փրկվեց պարտությունից:

3. Անցյալ տարվա օգոստոսի 5-ին կայացած առաջնության մեկնարկային տուրի հանդիպումը հոբելյանական՝ 100-րդն էր մրցակիցների միջև: 2-րդ շրջանի խաղում տարած հաղթանակով «Ուրարտուն» ընդհատել էր փյունիկցիների հետ առանց հաղթանակների 5 խաղերի շարքը (3 ոչ-ոքի, 2 պարտություն): Նախորդ հաղթանակն «Ուրարտուն» տարել էր 2023թ. հունիսի 2-ին կայացած խաղում, որում ավելացված ժամանակում Եվգենի Ցիմբալյուկի խփած միակ գոլը ոչ միայն վճռել էր հանդիպման ելքը, այլև չեմպիոնի տիտղոսին էր արժանացրել Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմին:

4. Սոլոմոն Իմե Ուդոյի համար առաջիկա խաղը կլինի 300-րդը ֆուտբոլային կարիերայում:

5. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Միքայել Միրզոյանը Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 100-րդ խաղը կանցկացնի:

Դիմակայության  լավագույն ռմբարկուները

«Փյունիկ»՝ Գևորգ Ղազարյան - 9 գոլ:

«Ուրարտու»՝ Արամ Հակոբյան, Սամվել Մելքոնյան -  6-ական գոլ:

«Վան» - «Արարատ-Արմենիա»

Ապրիլի 20, ժամը՝ 16:00, Չարենցավան, Քաղաքային մարզադաշտ

17 խաղ, «Վանը» հաղթել է 3 անգամ, «Արարատ-Արմենիան»՝ 13, գրանցվել է 1 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 11-39

1-ին շրջան. 04.08.2024  «Վան» - «Արարատ-Արմենիա»՝ 0-2 (0-1)

Գոլերը՝ 0-1՝ Ջոնաթան Դուարտե 32՛, 0-2՝ Ալեքսիս Ռոդրիգես 68՛, 11մ:

2-րդ շրջան. 10.03.2025  «Արարատ-Արմենիա» - «Վան»՝ 1-1 (1-0)

Գոլերը՝ 1-0՝ Ալվին Թերա 9՛, 1-1՝ Ռոբերտ Հակոբյան 90+6՛:

«Վան»՝ 5-րդ տեղ (41 միավոր), «Արարատ-Արմենիա»՝ 3-րդ տեղ (48 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1.«Վանը» գավաթի ընթացիկ խաղարկությունում առաջին պարտությունը կրեց` կիսաեզրափակչի առաջին խաղում հյուրընկալվելիս 0-2 հաշվով զիջելով «Նոային»: Եվրագավաթների ուղեգիր նվաճելու համար չարենցավանյան ակումբին անհրաժեշտ է առաջնությունում 4-րդ տեղը զբաղեցնել: Ուստի «Արարատ-Արմենիայի» հետ կայանալիք հանդիպումը շատ կարևոր է:

«Վանը» նախորդ տուրում Գյումրիում նվազագույն հաշվով պարտության մատնեց «Շիրակին»՝ տանելով ընթացիկ առաջնությունում 12-րդ հաղթանակը: Դա թիմի պատմության մեջ նոր ռեկորդային ցուցանիշ է: ՀՀ առաջնություններում չարենցավանյան ակումբը առավել շատ հաղթանակներ տոնել էր 2022/23թթ. մրցաշրջանում՝ 11: Վահե Գևորգյանի գլխավորած թիմն առաջնության վերջին 8 հանդիպումներում անպարտելի է՝ վաստակելով 18 միավոր:

2. Գործող գավաթակիր «Արարատ-Արմենիան» ընթացիկ մրցաշրջանում ահեղ մրցակից է դարձել «Փյունիկի» համար: Սուպերգավաթի մրցախաղում 4-0 հաշվով տարած հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» փյունիկցիներին պարտության մատնեց նաև գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում՝ 2 անպատասխան գնդակ խփելով մրցակցի դարպասը:

Մրցակիցների միջև կայացած առաջնության նախորդ երկու խաղերում էլ հաջողությունը կրկին ուղեկցել էր գործող գավաթակրին՝ 2-1, 3-2: Իսկ ահա մրցակիցների առաջին խաղում 3-1 հաշվով հաղթել էր «Փյունիկը»:

Վարդան Մինասյանի գլխավորած թիմը հաջող է խաղում նաև առաջնությունում: Նախորդ տուրում թիմն ազատ էր, իսկ ապրիլի 5-ին անցկացրած առաջնության վերջին խաղում Մարիուս Նուբիսիի հեթ-տրիկի շնորհիվ պարտության էր մատնել «Ուրարտուին»՝ տոնելով 3-րդ անընդմեջ հաղթանակը:

3. Մրցակիցների միջև կայացած առաջնության հանդիպումներում դեռևս ոչ-ոքի արդյունք չէր գրանցվել: Եվ ահա 2-րդ շրջանի խաղում առաջին ոչ-ոքին գրանցվեց: Ընդ որում «Վանը» պարտությունից խուսափեց ավելացված ժամանակում:

«Արարատ-Արմենիան» մեծ առավելության է հասել «Վանի» նկատմամբ: Վերջին 11 հանդիպումներից 9-ն ավարտվել են «Արարատ-Արմենիայի» հաղթանակով: Միակ հաղթանակը «Վանի» օգտին գրանցվել է անցյալ տարվա մարտի 3-ին Ֆուտբոլի ակադեմիայում կայացած խաղում՝ 2-0:

4. «Վանի» դարպասը գրավելու դեպքում Տենտոն Յենեն «Արարատ-Արմենիայի» կազմում բոլոր մրցաշարերում 42-րդ գոլը կխփի ու կդառնա ակումբի պատմության գլխավոր ռմբարկուն՝ գերազանցելով Մաիլսոն Լիմայի ռեկորդը:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Արարատ-Արմենիա»՝ Ուիլֆրեդ Կուասի Էզա, Ջոնաթան Դուարտե, Արթուր Սերոբյան - 5-ական գոլ:

«Վանից» հանդիպմանը չեն մասնակցի 5-րդ զգուշացումը ստացած Յուրի Գարեգինյանն ու Կլայդեր Մասեդոն:

«Նոա» - «Գանձասար»

Ապրիլի 20, ժամը՝ 19:00, Աբովյան, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր

2 խաղ, որոնցում հաղթել է «Նոան», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 10-0

1-ին շրջան. 08.12.2024  «Նոա» - «Գանձասար»՝ 7-0 (3-0)

Գոլերը՝ 1-0-3-0` Էրալդ Չինարի 6՛, 11՛, 29՛, 4-0՝ Արտյոմ Ավանեսյան 52՛, 5-0՝ Զավեն Խուդավերդյան 67՛, 6-0-7-0՝ Գոնսալու Գրեգորիու 77՛, 86՛:

2-րդ շրջան. 10.03.2025  «Գանձասար» - «Նոա»՝ 0-3 (0-2)

Գոլերը՝ 0-1՝ Գոռ Մանվելյան 28՛, 0-2՝ Գոնսալու Գրեգորիու 39՛, 0-3՝ Բրայան Մենդոզա 83՛:

«Նոա»՝ 1-ին տեղ (61 միավոր), «Գանձասար»՝ 11-րդ տեղ (3 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1.«Նոան» ևս մեկ վստահ քայլ կատարեց գավաթի եզրափակչի ճանապարհին՝ կիսաեզրափակչի առաջին խաղում սեփական դաշտում 2 անպատասխան գնդակ ուղարկելով «Վանի» դարպասը: Ռուի Մոտայի գլխավորած թիմը միակն է, որ գավաթի ընթացիկ խաղարկությունում դեռ գոլ բաց չի թողել՝ փոխարենը մրցակիցների դարպասը խփելով 11 գնդակ:

Առաջնությունում էլ «Նոայի» գործերը գերազանց են ընթանում: Չի բացառվում, որ արդեն մեկ-երկու տուր հետո թիմը ժամկետից շուտ գրանցի իր առաջին չեմպիոնությունը: Նախորդ խաղում 5-1 հաշվով պարտության մատնելով ԲԿՄԱ-ին, «Նոան» առաջնությունում 17-րդ անընդմեջ հաղթանակն էր տարել ու գերազանցել էր 2004թ. «Փյունիկի» սահմանած ռեկորդը:

2. Իսկ ահա «Գանձասարին» ոչ մի կերպ չի հաջողվում առաջին հաղթանակը տոնել: Նախորդ տուրում գանձասարցիները 1-3 հաշվով պարտվեցին «Փյունիկին»:

3. Ընթացիկ մրցաշրջանում մրցակիցներն արդեն 5-րդ անգամ են մրցավեճի բռնվելու: Թե առաջնության և թե գավաթի մրցաշարում կայացած բոլոր 4 խաղերում էլ «Նոան» հաղթել է խոշոր հաշիվներով՝ ընդհանուր առմամբ խփելով 17 գոլ: Իսկ ահա գանձասարցիները դեռ չեն գտել մրցակցի դարպասի բանալին:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Նոա»՝ Էրալդ Չինարի, Գոնսալու Գրեգորիու - 3-ական գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ