Fastex Պրեմիեր լիգայում ապրիլի 23-ին կմեկնարկի 28-րդ տուրը:
FastNews-ը ներկայացնում է տուրի անոնսը։
«Վեստ Արմենիա» - «Փյունիկ»
Ապրիլի 23, ժամը՝ 16:00, Երևան, «Ջունիոր սպորտ» մարզադաշտ
5 խաղ, որոնցում հաղթել է «Փյունիկը», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 5-15
1-ին շրջան. 13.09.2024 «Վեստ Արմենիա» - «Փյունիկ»՝ 1-3 (0-2)
Գոլերը՝ 0-1՝ Ագդոն Մենեզես 4՛, 0-2՝ Յուսուֆ Օտուբանջո 38՛, 1-2՝ Արթուր Դանիելյան 65՛, 1-3՝ Սերժ Դեբլե 87՛:
«Վեստ Արմենիա»՝ 9-րդ տեղ (23 միավոր), «Փյունիկ»՝4-րդ տեղ (47 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. «Վեստ Արմենիան» նախորդ տուրում ազատ էր, իսկ առաջնությունում անցկացրած վերջին խաղում սեփական դաշտում 2-1 հաշվով հաղթեց «Արարատին»: Պատրիկ Պապյանի գլխավորած թիմն ընդհատեց 3 անընդմեջ պարտությունների շարքը:
2. «Փյունիկը» նախորդ տուրում 1-4 հաշվով պարտվելով «Ուրարտուին», պաշտոնապես վայր դրեց չեմպիոնի իր լիազորությունները: Նույնիսկ տեսականորեն «Նոան» արդեն անհասանելի է փյունիկցիների համար, որոնք առաջատարին զիջում են 17 միավորով: «Ուրարտուից» կրած պարտությունը 4-րդն էր առաջնության գարնանային հատվածում, որի 8 հանդիպումներում չեմպիոնն ընդամենը 10 միավոր է վաստակել:
Առաջնության 2-րդ անընդմեջ խաղում փյունիկցիներն ինքնագոլի հեղինակ են դառնում: «Գանձասարի» հետ խաղում սեփական դարպասը գրավել էր Սերգեյ Վակուլենկոն, «Ուրարտուի» հետ մրցավեճում էլ ինքնագոլ գրանցվեց Միխայիլ Կովալենկոյի հաշվին: Հիշեցնենք, որ Անտոն Բրատկովն էլ Սուպերգավաթի խաղում էր ինքնագոլի հեղինակ դարձել:

3. «Փյունիկը» Fastex Պրեմիեր լիգայի այն 2 թիմերից մեկն է (մյուսը «Նոան» է), որի հետ հանդիպումներում «Վեստ Արմենիան» դեռ միավոր չի վաստակել: Ընդ որում փյունիկցիները կայացած 5 խաղերից երկուսում հաղթել են խոշոր հաշվով: Մրցակիցների միջև անցյալ տարվա նոյեմբերի 21-ին նշանակված 2-րդ շրջանի հանդիպմանը «Վեստ Արմենիան» չէր ներկայացել, որի համար թիմին 0-3 հաշվով տեխնիկական պարտություն էր գրանցվել:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Վեստ Արմենիա»՝ Զախար Տարասենկո - 2 գոլ:
«Փյունիկ»՝ Յուսուֆ Օտուբանջո - 6 գոլ:
5-րդ զգուշացման պատճառով հանդիպմանը չի մասնակցի փյունիկցի Յուսուֆ Օտուբանջոն:
«Գանձասար» - «Արարատ-Արմենիա»
Ապրիլի 25, ժամը՝ 16:00, Երևան, «Ջունիոր սպորտ» մարզադաշտ
2 խաղ, որոնցում հաղթել է «Արարատ-Արմենիան», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 0-6
1-ին շրջան. 14.09.2024 «Գանձասար» - «Արարատ-Արմենիա»՝ 0-3 (0-2)
Գոլերը՝ 0-1՝ Ալեքսիս Ռոդրիգես 16՛, 0-2՝ Արմեն Համբարձումյան 32՛, 0-3՝ Էրիկ Օկանսի 63՛:
11-րդ րոպեին Սարգիս Շահինյանը չիրացրեց 11մ հարվածը (Դանիլո Կուչերը հետ մղեց գնդակը): 45+9-րդ րոպեին Բերտրան Մանին չիրացրեց 11մ հարվածը (հորիզոնական ձողին):
2-րդ շրջան. 21.11.2024 «Արարատ-Արմենիա» - «Գանձասար»՝ 3-0 (1-0)
Գոլերը՝ 1-0՝ Մարիուս Նուբիսի 5՛, 2-0՝ Ալեքսիս Ռոդրիգես 88՛, 3-0՝ Կարեն Մուրադյան 90+3՛:
«Գանձասար»՝ 11-րդ տեղ (3 միավոր), «Արարատ-Արմենիա»՝ 3-րդ տեղ (51 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Առաջնության գարնանային հատվածում «Գանձասարը» թեև շատ լավ տպավորություն է թողնում, սակայն դեռ չի կարողանում միավորներ վաստակել, էլ չենք խոսում առաջին հաղթանակը տանելու մասին: «Նոայի» հետ խաղում էլ գանձասարցիներն արժանի դիմադրություն ցույց տվեցին առաջատարին, որին մեծ ջանքերի գնով, այն էլ 11մ հարվածով խփած միակ գոլի շնորհիվ հաջողվեց հերթական հաղթանակը տոնել: Իսկ «Գանձասարն» առաջնությունում 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց:
Վերջին անգամ կապանցիները միավոր են վաստակել մարտի 27-ին «Արարատի» հետ կայացած խաղում՝ 1-1:
2. «Արարատ-Արմենիան» առաջնության գարնանային հատվածում զգալի առաջընթաց է գրանցել՝ բարելավելով դիրքերը մրցաշարային աղյուսակում: Նախորդ տուրում Վարդան Մինասյանի գլխավորած թիմը Ժիրայր Շաղոյանի դուբլի շնորհիվ հյուրընկալվելիս 3-2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Վանի» նկատմամբ: Դա Հայաստանի կրկնակի չեմպիոնի 4-րդ անընդմեջ հաղթանակն էր:
Առաջնության գարնանային հատվածում «Արարատ-Արմենիան» անցկացրած 7 հանդիպումներում 16 միավոր է վաստակել: Վերջին 6 խաղերում թիմն անպարտելի է: Վերջին պարտությունն առաջնությունում Վարդան Մինասյանի գլխավորած թիմը կրել է փետրվարի 25-ին՝ 1-2 հաշվով զիջելով «Ուրարտուին»:

3. Գարնանն արդյունավետ խաղով աչքի է ընկնում Մարիուս Նուբիսին, որը 14 գոլով «Արարատ-Արմենիայի» լավագույն ռմբարկուն է: Առաջնության վերջին 4 խաղերում նա խաղադաշտից չի հեռացել առանց գոլի՝ 6 անգամ գրավելով մրցակիցների դարպասը: Կամերունցի ֆուտբոլիստը պաշտոնական վերջին 6 հանդիպումներում էլ իր հաշվին գոլ է գրանցել՝ դարպասապահներին 9 անգամ ստիպելով գնդակը հանել ցանցից:
4. Եթե Տենտոն Յենեին հաջողվի գրավել «Գանձասարի» դարպասը, ապա «Արարատ-Արմենիայի» կազմում բոլոր մրցաշարերում 42-րդ գոլը կխփի ու կդառնա ակումբի պատմության գլխավոր ռմբարկուն՝ գերազանցելով Մաիլսոն Լիմայի ռեկորդը:
Դիմակայության լավագույն ռմբարկուն
«Արարատ-Արմենիա»՝ Ալեքսիս Ռոդրիգես- 2:
5-րդ զգուշացման պատճառով «Արարատ-Արմենիայից» կբացակայի Ջոնաթան Դուարտեն:
ԲԿՄԱ - «Վան»
Ապրիլի 26, ժամը՝ 16:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ
14 խաղ, ԲԿՄԱ-ն հաղթել է 6 անգամ, «Վանը»՝ 3, գրանցվել է 5 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 25-16
1-ին շրջան. 13.09.2024 ԲԿՄԱ - «Վան»՝ 0-1 (0-1)
Գոլը՝ 0-1՝ Մոմո Տուրե 31՛:
2-րդ շրջան. 22.11.2024 «Վան» - ԲԿՄԱ՝ 2-3 (0-2)
Գոլերը՝ 0-1՝ Գոռ Առաքելյան 26՛, 0-2՝ Արայիկ Էլոյան 45+1՛, 1-2՝ Մոմո Տուրե 58՛, 2-2՝ Իզուչուկվու Օկոնկվո 68՛, 2-3՝ Արայիկ Էլոյան 90+6՛, 11մ:
ԲԿՄԱ՝ 7-րդ տեղ (28 միավոր), «Վան»՝ 5-րդ տեղ (41 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. ԲԿՄԱ-ն առաջնության նախորդ երկու խաղերում «Նոային» խոշոր հաշիվներով պարտվելուց հետո «Շիրակի» հետ խաղում կամք ու վճռականություն դրսևորեց: Մրցակցին 0-2 հաշվով զիջելով, բանակայիններն ի վերջո 3 գոլ խփեցին ու 3-2 հաշվով կամային հաղթանակ տարան: Դուբլի հեղինակ դարձած Միսակ Հակոբյանն ու 11մ հարվածը դիպուկ իրացրած Արայիկ Էլոյանը 7-ական գնդակով թիմի լավագույն ռմբարկուներն են: Նրանք ալաշկերտցի Սարգիս Մեթոյանի հետ ընթացիկ առաջնության ամենաարդյունավետ հայ ֆուտբոլիստներն են:
2. «Վանը» նախորդ տուրում չափազանց լարված ու անհաշտ մրցապայքարում 2-3 հաշվով զիջեց «Արարատ-Արմենիային», թեև առաջինն էր հաջողության հասել: Վահե Գևորգյանի գլխավորած թիմի անպարտելի 8 խաղերի տպավորիչ շարքն ընդհատվեց: Հետաքրքիր է, որ նախորդ պարտությունը «Վանը» կրել էր անցյալ տարվա նոյեմբերի 22-ին հենց ԲԿՄԱ-ից՝ կրկին զիջելով 2-3 հաշվով:

3. Առաջնության առաջին շրջանում նվազագույն հաշվով տարած հաղթանակով «Վանն» ընդհատել էր ԲԿՄԱ-ի հետ հանդիպումներում առանց հաղթանակների 6 խաղերի շարքը, որի ընթացքում 4 անընդմեջ պարտություն էր կրել: Իսկ նախորդ հաղթանակը ԲԿՄԱ-ի նկատմամբ «Վանը» տարել էր 2022թ. հոկտեմբերի 15-ին (3-0):
Դիմակայության լավագույն ռմբարկուները
ԲԿՄԱ՝ Գրենիկ Պետրոսյան, Արայիկ Էլոյան – 4-ական գոլ:
«Վան»՝ Էդգար Մովսեսյան - 3 գոլ:
«Նոա» - «Արարատ»
Ապրիլի 26, ժամը՝ 19:00, Աբովյան, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր
25 խաղ, «Նոան» հաղթել է 10 անգամ, «Արարատը»՝ 6, գրանցվել է 9 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 33-27
1-ին շրջան. 15.09.2024 «Արարատ» - «Նոա»՝ 2-1 (0-0)
Գոլերը՝ 0-1՝ Հելդեր Ֆեռեյրա 47՛, 1-1՝ Իլարիոն Գուռ 78՛, 2-1՝ Մուսա Կանտե 90+1՛:
2-րդ շրջան. 20.11.2024 «Նոա» - «Արարատ»՝ 4-0 (2-0)
Գոլերը՝ 1-0՝ Սերգեյ Մուրադյան 16՛, 2-0՝ Վիրժիլ Պինսոն 45+5՛, 3-0՝ Հելդեր Ֆեռեյրա 57՛, 4-0՝ Իմրան Օմար 73՛:
«Նոա»՝ 1-ին տեղ (64 միավոր), «Արարատ»՝ 8-րդ տեղ (26 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1.«Նոան» նախորդ տուրում մեծ դժվարությամբ, 11մ հարվածով Գոռ Մանվելյանի խփած միակ գոլի շնորհիվ հաղթեց «Գանձասարին», որի հետ ընթացիկ մրցաշրջանում անցկացրած պաշտոնական նախորդ 4 հանդիպումներում ընդհանուր առմամբ 17 անպատասխան գնդակ էր խփել: Առաջնության առաջատարն իրեն բնորոշ ագրեսիվ ու արդյունավետ խաղը չցուցադրեց, ինչից իր դժգոհությունն արտահայտեց նաև թիմի գլխավոր մարզիչ Ռուի Մոտան: Նրա գլխավորած թիմն առաջնությունում 18-րդ անընդմեջ հաղթանակը տարավ:

Առաջնության վերջին 15 հանդիպումներում առաջին անգամ «Նոան» բավարարվեց միայն մեկ խփած գոլով: Վերջին անգամ դա տեղի էր ունեցել անցյալ տարվա հոկտեմբերի 28-ին «Արարատ-Արմենիայի» հետ խաղում, որում ևս «Նոան» հաղթել էր նվազագույն հաշվով:
Իսկ ընդհանրապես, առաջնության 24 խաղերից միայն 5-ում է «Նոան» մեկ գոլ խփել: Այդ հանդիպումների շարքում են նաև «Արարատի» (1-2), «Վանի» (1-1) և «Ուրարտուի» (1-2) հետ անցկացրած խաղերը: Հայաստանի փոխչեմպիոնը միակն է, որ ընթացիկ առաջնության բոլոր խաղերում էլ գոլ է խփել:
2. «Արարատն» առաջնության 3-րդ շրջանի խաղում էլ հաղթեց «Ալաշկերտին», որին նախորդ երկու խաղերում նույնիսկ չէր հաջողվել գրավել արարատցիների դարպասը: Գարնանային հատվածի 7 հանդիպումներում արարատցիները 11 միավոր են վաստակել:

3. Առաջնության առաջին շրջանում տարած հաղթանակով «Արարատն» ընդհատել էր «Նոայի» հետ հանդիպումներում կրած 4 անընդմեջ պարտությունների շարքը: Նախորդ հաղթանակը «Նոայի» նկատմամբ «Արարատը» տարել էր 2022/23թթ. առաջնության 4-րդ շրջանում Կասիմ Հաջիի խփած միակ գոլի շնորհիվ:
Ի դեպ, «Արարատից» կրած այդ պարտությունն առաջինն էր «Նոայի» համար ընթացիկ առաջնությունում: 2-րդ և առայժմ վերջին պարտությունը Ռուի Մոտայի գլխավորած թիմը կրել է անցկացրած 6-րդ խաղում «Ուրարտուից» (1-2), որին հաջորդել է 18 անընդմեջ հաղթանակների շարքը:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Նոա»՝ Արտյոմ Սիմոնյան, Արթուր Միրանյան - 3-ական գոլ:
«Արարատ»՝ Էդգար Մալաքյան - 4 գոլ:
«Շիրակ» - «Ուրարտու»
Ապրիլի 27, ժամը՝ 19:00, Գյումրի, Քաղաքային մարզադաշտ
93 խաղ, «Շիրակը» հաղթել է 26 անգամ, «Ուրարտուն»՝ 42, գրանցվել է 25 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 86-149
1-ին շրջան. 14.09.2024 «Շիրակ» - «Ուրարտու»՝ 0-2 (0-1)
Գոլերը՝ 0-1՝ Իվան Իգնատև 16՛, 0-2՝ Օլեգ Պոլյակով 79՛:
2-րդ շրջան. 20.11.2024 «Ուրարտու» - «Շիրակ»՝ 1-2 (0-0)
Գոլերը՝ 0-1-0-2՝ Ռազմիկ Հակոբյան 56՛, 74՛, 11մ, 1-2՝ Իվան Իգնատև 80՛:
«Շիրակ»՝ 6-րդ տեղ (28 միավոր), «Ուրարտու»՝ 2-րդ տեղ (51 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Վերջին հանդիպումներում «Շիրակին» ոչ մի կերպ չի հաջողվում միավոր վաստակել: Նախորդ տուրում էլ գյումրեցիները հյուրընկալվելիս 2-3 հաշվով պարտվեցին ԲԿՄԱ-ին, թեև խաղի ընթացքում առջևում էին 2 գնդակի առավելությամբ: «Շիրակը» 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց:
2. Իսկ ահա «Ուրարտուն» «Փյունիկի» հետ սկզբունքային մրցավեճում 4-1 խոշոր հաշվով անչափ կարևոր կամային հաղթանակ տոնեց: Դա առաջնությունում Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմի 2-րդ հաղթանակն էր փյունիկցիների նկատմամբ: Իսկ մեկնարկային տուրում մրցակիցների մրցավեճում գոլազուրկ ոչ-ոքի էր գրանցվել:

3. Եթե «Ուրարտուին» հաջողվի գրավել «Շիրակի» դարպասը, ապա Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 150-րդ գոլը կխփի շիրակցիներին:
4. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Միքայել Միրզոյանը Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 100-րդ խաղը կանցկացնի:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Շիրակ»՝ Անդրանիկ Բարիկյան - 8 գոլ:
«Ուրարտու»՝ Արամ Հակոբյան, Արսեն Բալաբեկյան - 8-ական գոլ:


