Fastex Պրեմիեր լիգայում մայիսի 2-ին կմեկնարկի 29-րդ տուրը:
FastNews-ը ներկայացնում է տուրի անոնսը։
«Ալաշկերտ» - «Գանձասար»
Մայիսի 2, ժամը՝ 16:00, Արմավիր, Հ. Տոնոյանի անվան Քաղաքային մարզադաշտ
2 խաղ, որոնցից մեկում հաղթել է «Ալաշկերտը», մյուսում գրանցվել է ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 3-2:
1-ին շրջան. 18.09.2024 «Ալաշկերտ» - «Գանձասար»՝ 2-2 (0-1)
Գոլերը՝ 0-1՝ Աշոտ Քոչարյան 4՛, 0-2՝ Իսրայել Օպոկու 60՛, 1-2՝ Ժոզե Էմբալու 69՛, 2-2՝ Պետրոս Ավետիսյան 90+4՛, 11մ:
2-րդ շրջան. 23.10.2024 «Գանձասար» - «Ալաշկերտ»՝ 0-1 (0-1)
Գոլը՝ 0-1՝ Պետրոս Ավետիսյան 12՛, 11մ:
«Ալաշկերտ»՝ 10-րդ տեղ (17 միավոր), «Գանձասար»՝ 11-րդ տեղ (3 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1.Նախորդ տուրում «Ալաշկերտն» ազատ էր, իսկ ապրիլի 18-ին անցկացրած առաջնության վերջին խաղում հյուրընկալվելիս 2-3 հաշվով զիջել էր «Արարատին»: Ընդ որում առաջին խաղակեսից հետո ալաշկերտցիները հաղթում էին 2-1 հաշվով: Խաղից հետո թիմի գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանը հեռացվել էր զբաղեցրած պաշտոնից։ «Գանձասարի» հետ խաղում թիմի գործողությունները կղեկավարի Ալբերտ Սաֆարյանը։

Էդգար Թորոսյանն «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում իր առաջին խաղն անցկացրել էր անցյալ տարվա հոկտեմբերի 27-ին ԲԿՄԱ-ի հետ մրցավեճում, որում ալաշկերտցիները հաղթել էին 2-0 հաշվով: Դա Թորոսյանի գլխավորությամբ առաջնությունում տարած միակ հաղթանակն էր: Հաջորդ 13 խաղերում «Ալաշկերտն» ընդամենը 4 միավոր վաստակեց:
Էդգար Թորոսյանն «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել էր Աբրահամ Խաշմանյանին, որի գլխավորությամբ թիմն անցկացրել էր մեկնարկային 11 հանդիպումները:
2. Առաջնության նորեկ «Գանձասարի» համար շատ անհաջող դասավորվեց «Արարատ-Արմենիայի» հետ հանդիպման վերջնամասը: Մինչև 86-րդ րոպեն գանձասարցիները համառ դիմադրություն էին ցույց տվել մրցակցին, որը խաղասկզբում խփած միակ գոլի շնորհիվ հաղթում էր նվազագույն հաշվով: Սակայն խաղավերջում «Գանձասարը» 3 գոլ բաց թողեց ու 0-4 խոշոր հաշվով պարտվեց: Դա կապանցիների 4-րդ անընդմեջ պարտությունն էր, ընդ որում վերջին երկու խաղերում նրանք գոլ չեն խփել:

3. Հանդիպմանը մասնակցելու դեպքում ալաշկերտցի Արմեն Մանուչարյանը Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 200-րդ խաղը կանցկացնի:
Դիմակայության լավագույն ռմբարկուն
«Ալաշկերտ»՝ Պետրոս Ավետիսյան – 2 գոլ:
«Արարատ-Արմենիա» - «Շիրակ»
Մայիսի 3, ժամը՝ 16:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ
21 խաղ, «Արարատ-Արմենիան» հաղթել է 14 անգամ, «Շիրակը»՝ 3, գրանցվել է 4 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 44-12
1-ին շրջան. 19.09.2024 «Արարատ-Արմենիա» - «Շիրակ»՝ 4-0 (2-0)
Գոլերը՝ 1-0՝ Արմեն Համբարձումյան 10՛, 2-0՝ Ժոաո Կեյրուշ 20՛, 3-0՝ Արթուր Սերոբյան 66՛, 11մ, 4-0՝ Մեթյու Գբոմադու 85՛:
2-րդ շրջան. 22.10.2024 «Շիրակ» - «Արարատ-Արմենիա»՝ 0-3 (0-0)
Գոլերը՝ 0-1՝ Մարիուս Նուբիսի 74՛, 0-2՝ Տենտոն Յենե 80՛, 0-3՝ Մեթյու Գբոմադու 90+2՛:
«Արարատ-Արմենիա»՝ 2-րդ տեղ (54 միավոր), «Շիրակ»՝ 6-րդ տեղ (29 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1.«Արարատ-Արմենիան» 2-րդ տարին անընդմեջ հանդես կգա Հայաստանի գավաթի եզրափակչում ու կփորձի պահպանել գավաթակրի իր տիտղոսը: Թեև կիսաեզրափակչի պատասխան խաղում Վարդան Մինասյանի գլխավորած թիմը սեփական դաշտում 0-2 հաշվով պարտվեց «Փյունիկին», սակայն հետխաղյա 11մ հարվածաշարում 4-2 հաշվով հաղթող դուրս եկավ մրցակցի հետ գավաթային երկխաղյա դիմակայությունում:

Առաջնությունում էլ «Արարատ-Արմենիան» հաջող է խաղում: Նախորդ տուրում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվելիս 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Գանձասարի» դարպասն ու շրջանցելով «Ուրարտուին», բարձրացավ 2-րդ տեղ: Դա Հայաստանի կրկնակի չեմպիոնի 5-րդ անընդմեջ հաղթանակն էր, որից 3-ը՝ խոշոր հաշվով: Առաջնության գարնանային հատվածում «Արարատ-Արմենիան» անցկացրած 8 հանդիպումներում 19 միավոր է վաստակել: Վերջին 7 խաղերում թիմն անպարտելի է:
2. Վերջին հանդիպումներում «Շիրակին» ոչ մի կերպ չի հաջողվում հաղթանակ տոնել: Նախորդ տուրում Գյումրիում «Ուրարտուի» հետ խաղում շիրակցիները փրկվեցին պարտությունից և մեկ միավոր վաստակեցին: Իսկ մինչև այդ «Շիրակը» 3 անընդմեջ պարտություն էր կրել: Վերջին հաղթանակը Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմը տարել է ապրիլի 4-ին՝ արտագնա խաղում 2-1 հաշվով առավելության հասնելով «Արարատի» նկատմամբ:
Որքան էլ որ տարօրինակ է, ընթացիկ առաջնությունում շիրակցիներն ավելի հաջող են խաղում հյուրընկալվելիս, քան Գյումրիում: Մրցակիցների դաշտում անցկացրած 13 հանդիպումներում գյումրեցիները 19 միավոր են վաստակել, մինչդեռ սեփական դաշտում նույնքան խաղերում ընդամենը 10 միավոր են գրանցել իրենց օգտին:

3. Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 13 հանդիպումներում «Արարատ-Արմենիան» անպարտելի է՝ տոնելով 11 հաղթանակ, 2 խաղ ավարտելով ոչ-ոքի: Ընդ որում 2020/21թթ. առաջնության առաջին շրջանի խաղում «Արարատ-Արմենիան» պարզապես ջախջախել էր շիրակցիներին՝ 7 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը:
Դա Բարձրագույն խմբում «Արարատ-Արմենիայի» ամենախոշոր հաշվով հաղթանակն էր: Իսկ «Շիրակը» կրկնել էր իր ամենախոշոր հաշվով պարտության ռեկորդը: Նախկինում շիրակցիները 0-7 հաշվով պարտվել էին «Փյունիկին» (2006թ.) և «Միկային» (2009թ.):
Վերջին հաղթանակն «Արարատ-Արմենիայի» նկատմամբ «Շիրակը» տարել է 2020թ. հունիսի 20-ին: Գյումրիում կայացած այդ խաղի ելքը վճռել էր շիրակցի Մորի Կոնեի խփած միակ գոլը:
Ընթացիկ առաջնությունում «Շիրակը» դեռ չի գտել «Արարատ-Արմենիայի» դարպասի բանալին՝ երկու խաղերում էլ պարտվելով խոշոր հաշվով:
4. Մրցակիցների 2-րդ շրջանի խաղում մի քանի նշանակալի իրադարձություն էր տեղի ունեցել: Տենտոն Յենեի խփած գոլն «Արարատ-Արմենիայի» հոբելյանական՝ 350-րդ գնդակն էր Fastex Պրեմիեր լիգայում: Տենտոնն էլ իր խփած գոլերի թիվը հասցրել էր 33-ի և ընդգրկվել էր Հայաստանի առաջնությունների 100 լավագույն ռմբարկուների ցանկում: Իսկ «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Կարեն Մուրադյանը Հայաստանի առաջնություններում հոբելյանական՝ 300-րդ խաղն էր անցկացրել:
5. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Ռուդիկ Մկրտչյանը «Շիրակի» կազմում Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 100-րդ խաղը կանցկացնի:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Արարատ-Արմենիա»՝ Յուսուֆ Օտուբանջո - 4 գոլ:
«Շիրակ»՝ Մորի Կոնե - 2 գոլ:
«Ուրարտու» - «Վեստ Արմենիա»
Մայիսի 3, ժամը՝ 19:00, Երևան, «Ուրարտու-1» մարզադաշտ
6 խաղ, «Ուրարտուն» հաղթել է 1 անգամ, «Վեստ Արմենիան»՝ 4, գրանցվել է 1 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 10-11
1-ին շրջան. 18.09.2024 «Ուրարտու» - «Վեստ Արմենիա»՝ 1-2 (1-1)
Գոլերը՝ 0-1՝ Զախար Տարասենկո 7՛, 1-1՝ Ժիրայր Մարգարյան 16՛, 1-2՝ Յուսուֆ Իբրահիմ 90+7՛:
Լեգեոնականների լիմիտը խախտելու համար «Վեստ Արմենիային» 0-3 հաշվով տեխնիկական պարտություն է գրանցվել:
2-րդ շրջան. 21.10. «Վեստ Արմենիա» - «Ուրարտու»՝ 2-2 (0-1)
Գոլերը՝ 0-1՝ Իվան Իգնատև 14՛, 1-1՝ Տիգրան Այունց 53՛, 2-1՝ Հաջի Դրամե 62՛, 2-2՝ Իվան Իգնատև 90+6՛:
«Ուրարտու»՝ 3-րդ տեղ (52 միավոր), «Վեստ Արմենիա»՝ 9-րդ տեղ (23 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Մրցանակային տեղերի համար պայքարող «Ուրարտուն» նախորդ տուրում «Շիրակի» հետ մրցավեճում 2 կարևոր միավոր կորցրեց՝ ձեռքից բաց թողնելով հաղթանակը: 84-րդ րոպեին Բրունո Միշելը բացել էր հաշիվը, սակայն քիչ անց Ռուդիկ Մկրտչյանը վերականգնել էր հավասարակշռությունը:
2. «Վեստ Արմենիան» լուրջ դիմադրություն ցույց տվեց «Փյունիկին», որին միայն Սերժ Դեբլեի խփած միակ գոլի շնորհիվ հաջողվեց հաղթանակ տոնել: Իսկ մինչև այդ Պատրիկ Պապյանի գլխավորած թիմը 2-1 հաշվով հաղթել էր «Արարատին» և ընդհատել էր 3 անընդմեջ պարտությունների շարքը:

Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Ուրարտու»՝ Թեմուր Ջիկիա - 3 գոլ:
«Վեստ Արմենիա»՝ Զախար Տարասենկո - 4 գոլ:
«Վեստ Արմենիայի» կազմում հանդիպմանը չի մասնակցի նախորդ խաղում խաղադաշտից հեռացված Մարտին Գրիգորյանը:
«Վան» - «Նոա»
Մայիսի 4, ժամը՝ 16:00, Չարենցավան, Քաղաքային մարզադաշտ
17 խաղ, «Վանը» հաղթել է 2 անգամ, «Նոան»՝ 10, գրանցվել է 5 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 11-30
1-ին շրջան. 19.09.2024 «Վան» - «Նոա»՝ 1-1 (0-1)
Գոլերը՝ 0-1՝ Իմրան Ուլադ Օմար 28՛, 1-1՝ Օլավալե Ֆառայոլա 59՛:
2-րդ շրջան. 20.10.2024 «Նոա» - «Վան»՝ 5-0 (2-0)
Գոլերը՝ 1-0՝ Գոնսալու Գրեգորիու 9՛, 2-0՝ Իմրան Ուլադ Օմար 45+2՛, 3-0՝ Գուդմունդուր Թորարինսոն 74՛, 4-0՝ Մաթեուս Այաս 77՛, 5-0՝ Էրալդ Չինարի 90+7՛:
«Վան»՝ 5-րդ տեղ (42 միավոր), «Նոա»՝ 1-ին տեղ (67 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1.«Վանին» չհաջողվեց գավաթի եզրափակչի ուղեգիր նվաճել, թեև կիսաեզրափակչի պատասխան խաղում նվազագույն հաշվով հաղթեց «Նոային», որի հետ կայացած առաջին մրցավեճում սեփական դարպասը 2 անպատասխան գնդակ էր ընդունել: Առաջնության վերջնագծում Վահե Գևորգյանի գլխավորած թիմին բավական դժվարին պայքար է սպասվում 4-րդ տեղի համար, ինչը Եվրագավաթի ուղեգիր կպարգևի:
Նախորդ երկու տուրերում «Վանը» 5 թանկարժեք միավորի կորուստ ունեցավ՝ 2-3 հաշվով պարտվելով «Արարատ-Արմենիային» և ոչ-ոքի (1-1) խաղալով ԲԿՄԱ-ի հետ:
2. «Նոան» հաջողությամբ լուծեց գավաթի եզրափակչի ուղեգրի նվաճման հարցը, թեև Չարենցավանում պարտվեց նվազագույն հաշվով: «Նոան» Հայաստանի գավաթի ընթացիկ խաղարկությունում առաջին գոլը բաց թողեց և առաջին անգամ խաղադաշտից պարտված հեռացավ՝ ընդհատելով 4 անընդմեջ հաղթանակների շարքը: Ռուի Մոտայի գլխավորած թիմը նաև գավաթի ընթացիկ խաղարկությունում առաջին անգամ խաղադաշտից հեռացավ առանց գոլ խփելու:

3. Գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղից 3 օր անց «Նոան» Չարենցավանում կրկին կմրցի «Վանի» հետ, որին հաղթելու դեպքում ժամկետից շուտ պաշտոնապես չեմպիոն կհռչակվի: Հնարավոր է նաև, որ «Նոան» «Վանի» հետ հանդիպմանը ներկայանա արդեն չեմպիոնի կարգավիճակով, եթե նախօրեին «Արարատ-Արմենիային» չհաջողվի հաղթել «Շիրակին»:
Նախորդ տուրում «Նոան» իր երկրպագուներին կրկին ուրախացրեց արդյունավետ խաղով՝ 3 անպատասխան գնդակ ուղարկելով «Արարատի» դարպասը: Դա Fastex Պրեմիեր լիգայում «Նոայի» տարած 22-րդ հաղթանակն էր: Ռուի Մոտան թիմը գլխավորած 12 մարզիչների մեջ դարձել էր ռեկորդակիր ՀՀ առաջնություններում տարած հաղթանակների քանակով: Նա գերազանցել էր Կառլոս Ինարեխոսի ռեկորդային ցուցանիշը, որի գլխավորությամբ «Նոան» նախորդ առաջնության 27 հանդիպումներում 21 հաղթանակ էր տարել:
4. Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 10 հանդիպումներում «Նոան» անպարտելի է՝ տոնելով 6 հաղթանակ, 4 խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին հաղթանակը «Նոայի» նկատմամբ «Վանը» տոնել է 2022թ. մայիսի 21-ին Չարենցավանում կայացած խաղում՝ 1-0:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Վան»՝ Էդգար Մովսեսյան - 2 գոլ:
«Նոա»՝ Արթուր Միրանյան- 4 գոլ:
«Փյունիկ» - ԲԿՄԱ
Մայիսի 4, ժամը՝ 19:00, Աբովյան, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր
15 խաղ, որոնցից 13-ում հաղթել է «Փյունիկը», 2-ում գրանցվել է ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 36-7:
1-ին շրջան. 20.09.2024 «Փյունիկ» - ԲԿՄԱ` 4-1 (1-1)
Գոլերը՝ 1-0՝ Ագդոն Մենեզես 21՛, 1-1՝ Գոռ Առաքելյան 33՛, 2-1՝ Ժունինյո 50՛, 3-1՝ Յուսուֆ Օտուբանջո 62՛, 11մ, 4-1՝ Սերժ Դեբլե 85՛:
2-րդ շրջան. 23.10.2024 ԲԿՄԱ - «Փյունիկ»՝ 1-2 (1-2)
Գոլերը՝ 0-1-0-2՝ Յուսուֆ Օտուբանջո 23՛, 25՛, 1-2՝ Կառլեն Հովհաննիսյան 36՛:
«Փյունիկ»՝ 4-րդ տեղ (50 միավոր), ԲԿՄԱ՝ 7-րդ տեղ (29 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Չեմպիոնի լիազորությունները վայր դնելուց հետո «Փյունիկը» դուրս մնաց նաև Հայաստանի գավաթի խաղարկությունից: Թեև կիսաեզրափակչի պատասխան խաղում փյունիկցիները 2-0 հաշվով հաղթեցին «Արարատ-Արմենիային», սակայն հետխաղյա 11մ հարվածաշարում 2-4 հաշվով պարտվեցին: «Փյունիկին» 3-րդ տարին անընդմեջ չհաջողվեց հաղթահարել կիսաեզրափակչի արգելքը: 2022/23թթ. մրցաշարում փյունիկցիները կիսաեզրափակչում 11մ հարվածաշարում 3-5 հաշվով պարտվել էին «Շիրակին» (1-1), իսկ հաջորդ խաղարկությունում նվազագույն հաշվով զիջել էին «Արարատ-Արմենիային»:
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն այժմ պետք է մեծ ջանքեր գործադրի գոնե առաջնությունում մրցանակակիր դառնալու համար, ինչը ևս չափազանց բարդ խնդիր է: Նախորդ տուրում «Փյունիկը» Սերժ Դեբլեի խփած միակ գոլի շնորհիվ հաղթեց «Վեստ Արմենիային»:
2. Վերջին 2 խաղերում ԲԿՄԱ-ն բավական հաջող ելույթներ ունեցավ: 27-րդ տուրում «Շիրակի» հետ խաղում կամք ու վճռականություն դրսևորելով, բանակայինները 3-2 հաշվով կամային հաղթանակ տարան: Հաջորդ տուրում «Վանի» հետ մրցավեճում էլ ԲԿՄԱ-ն իրեն լավ դրսևորեց ու շատ մոտ էր հաղթանակին, սակայն ավելացված ժամանակում մրցակցին հաջողվեց խուսափել պարտությունից (1-1):

3. Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 6 հանդիպումներում էլ հաղթել է «Փյունիկը», որից 4-ը՝ խոշոր հաշվով: Յուսուֆ Օտուբանջոն այդ խաղերում խաղադաշտից չի հեռացել առանց գոլի՝ 7 անգամ գրավելով մրցակցի դարպասը: մեկական գոլ է խփել: ԲԿՄԱ-ին դեռ չի հաջողվել հաղթել փյունիկցիներին, իսկ վերջին միավորը Հայաստանի անցած տարվա չեմպիոնի հետ մրցավեճում վաստակել է 2023թ. մայիսի 26-ին ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղում, որում գրանցվել է ոչ-ոքի՝ 1-1:
Ընդ որում ԲԿՄԱ-ն 88-րդ րոպեին Գևորգ Տարախչյանի խփած գոլի շնորհիվ բացել էր հաշիվը, սակայն ավելացված ժամանակում Խուան Բրավոն «Փյունիկին» փրկել էր պարտությունից:
4. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Միսակ Հակոբյանը ԲԿՄԱ-ի կազմում բոլոր մրցաշարերում հոբելյանական՝ 100-րդ խաղը կանցկացնի: Դանիել Աղբալյանից (124 խաղ) և Արամ Խամոյանից (101) հետո նա կդառնա ԲԿՄԱ-ում 100 խաղի սահմանը հատած 3-րդ ֆուտբոլիստը:
Դիմակայության լավագույն ռմբարկուն
«Փյունիկ»՝ Յուսուֆ Օտուբանջո – 9 գոլ:
«Փյունիկի» կազմում հանդիպմանը չեն մասնակցի 5 դեղին քարտի արժանացած Միխայիլ Կովալենկոն և Ագդոն Մենեզեսը: ԲԿՄԱ-ից կբացակայի նախորդ խաղում խաղադաշտից հեռացված Միշել Այվազյանը:


