Logo

Fastex Պրեմիեր լիգա. 3-րդ տուրի հանդիպումներին ընդառաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
16:35 / 15.08.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Fastex Պրեմիեր լիգայում օգոստոսի 15-ին կմեկնարկի առաջնության 3-րդ տուրը: «Փյունիկ» - «Արարատ-Արմենիա» հանդիպումը հետաձգվել է:

FastNews-ը ներկայացնում է տուրի անոնսը։

«Վան» - «Ուրարտու»

Օգոստոսի 15, ժամը՝ 17:00, Չարենցավան, Քաղաքային մարզադաշտ

18 խաղ, «Վանը» հաղթել է 4 անգամ, «Ուրարտուն»՝ 10, գրանցվել է 4 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 17-31

«Վան»՝ 3-րդ տեղ (4 միավոր), «Ուրարտու»՝ 1-ին տեղ (4 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Չնայած «Վանում» տեղի ունեցած արմատական փոփոխություններին, թիմը հաջող է սկսել առաջնությունը՝ 2 տուրից հետո «Ուրարտուի» և «Փյունիկի» հետ ստանձնելով առաջատարի դերը: «Վանն» Էդգար Թորոսյանի գլխավորությամբ մեկնարկեց  «Արարատ-Արմենիայի» հետ մրցավեճում գրանցած գոլազուրկ ոչ-ոքիով, իսկ հաջորդ խաղում նվազագույն հաշվով հաղթեց «Արարատին»:

Մեկնարկային երկու հանդիպումներում էլ «Վանի» դարպասապահ Գոռ Մանուկյանը դարպասն անառիկ է պահել, ինչը թիմային նոր ռեկորդ է:

2. «Ուրարտուն» էլ թիմի ղեկը կրկին ստանձնած Ռոբերտ Արզումանյանի գլխավորությամբ մեկնարկային խաղում ոչ-ոքի (1-1) ավարտեց ԲԿՄԱ-ի հետ մրցավեճը, ապա նվազագույն հաշվով հաղթեց «Գանձասարին»:

3. Երկրորդ շրջանի խաղում հաղթելով «Ուրարտուին», «Վանն» ընդհատել էր մրցակցի հետ առաջնության նախորդ 8 հանդիպումներում առանց հաղթանակների շարքը, որի ընթացքում 5 պարտություն էր կրել:

Առաջնությունում «Վանն» «Ուրարտուին» նախորդ անգամ հաղթել էր 2022թ. օգոստոսի 13-ին երևանյան խաղում Իպեյ Վիլյամսի խփած միակ գոլի շնորհիվ: Նախորդ առաջնության ավարտական տուրում էլ չարենցավանցիները 2 անպատասխան գնդակ էին խփել Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմի դարպասը:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Վան»՝ Մոմո Տուրե - 4 գոլ:

«Ուրարտու»՝ Արթուր Միրանյան - 4 գոլ:

«Ալաշկերտ» - «Արարատ»

Օգոստոսի 16, ժամը՝ 17:00, Արմավիր, Հակոբ Տոնոյանի անվան Քաղաքային մարզադաշտ

50 խաղ, «Ալաշկերտը» հաղթել է 30 անգամ, «Արարատը»՝ 13, գրանցվել է 7 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 79-54

«Ալաշկերտ»՝ 10-րդ տեղ (0 միավոր), «Արարատ»՝ 7-րդ տեղ (1 միավոր):

Հետաքրքիր  փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. «Ալաշկերտը» 11-օրյա դադարից հետո կրկին մրցասպարեզ դուրս կգա: Կազմը լիովին փոփոխած թիմն առաջնությունում իր միակ հանդիպումն անցկացրել է օգոստոսի 4-ին՝ սեփական դաշտում 1-2 հաշվով զիջելով «Փյունիկին»: Իսկ օգոստոսի 10-ին «Արարատ-Արմենիայի» հետ նշանակված հանդիպումը հետաձգվել էր:

2.Նախորդ մրցաշրջանի համեմատ «Արարատն» անհաջող է մեկնարկել: «Գանձասարի» հետ մեկնարկում գրանցած ոչ-ոքիին հետևեց նվազագույն հաշվով պարտությունը «Վանից»: Իսկ ահա նախորդ առաջնության մեկնարկային երկու խաղերում արարատցիները միևնույն 2-0 հաշվով պարտության էին մատնել «Ալաշկերտին» ու «Գանձասարին»:

3. Մրցակիցների միջև ապրիլի 18-ին կայացած վերջին հանդիպումը հոբելյանական՝ 50-րդն էր, որում արարատցիները 3-2 հաշվով հաղթեցին: Նախորդ առաջնությունում «Արարատը» բացահայտ առավելության էր հասել «Ալաշկերտի» նկատմամբ՝ մրցակցին պարտության մատնելով բոլոր 3 խաղերում էլ: Ընդ որում առաջին շրջանում «Ալաշկերտի» նկատմամբ տարած հաղթանակով «Արարատն» ընդհատել էր մրցակցի հետ նախորդ 5 խաղերում կրած պարտությունների շարքը: Մինչև այդ, վերջին անգամ «Արարատն» «Ալաշկերտին» հաղթել էր 2022թ. դեկտեմբերի 4-ին կայացած մրցավեճում՝ 1-0:

4. Մրցակիցների միջև ապրիլի 18-ին կայացած մրցավեճում Գոռ Մալաքյանը Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 250-րդ խաղն էր անցկացրել: «Վանի» հետ 2-րդ տուրի մրցավեճում Մալաքյանն ընթացիկ առաջնությունում առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ, իսկ օրերս հայտարարեց ֆուտբոլային կարիերան ավարտելու և մարզչական գործունեություն սկսելու մասին: Նա ընդգրկվել է «Փյունիկի» մարզչական շտաբում:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Ալաշկերտ»՝ Միհրան Մանասյան - 17 գոլ:

«Արարատ»՝ Ալեքսանդր Ռակիչ - 6 գոլ:

ԲԿՄԱ - «Շիրակ»

Օգոստոսի 16, ժամը՝ 19:30, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

11 խաղ, ԲԿՄԱ-ն հաղթել է 2 անգամ, «Շիրակը»՝ 6, գրանցվել է 3 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 6-12

ԲԿՄԱ՝ 5-րդ տեղ 1 միավոր), «Շիրակ»՝ 9-րդ տեղ (1 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. ԲԿՄԱ-ն 14-օրյա ընդմիջումից հետո առաջնությունում իր 2-րդ խաղը կանցկացնի: Բանակայինները նոր մրցաշրջանը սկսել էին իրենց ավանդական դժվարին մրցակից «Ուրարտուի» հետ գրանցած ոչ-ոքիով, իսկ «Նոայի» հետ 2-րդ տուրի հանդիպումը հետաձգվել էր:

2. «Շիրակը» նախորդ տուրում Գյումրիում գոլազուրկ ոչ-ոքի էր խաղացել «Փյունիկի» հետ: Իսկ առաջնության մեկնարկային խաղում շիրակցիները 0-4 հաշվով պարտվել էին «Նոային»:

Նախորդ առաջնությունում շիրակցիներն անհաջող խաղացին սեփական դաշտում՝ 14 հանդիպումներում վաստակելով ընդամենը 13 միավոր:

3. Նախորդ մրցաշրջանում մրցակիցների միջև կայացած 3 հանդիպումներում թիմերը մեկական հաղթանակ էին տարել, մեկ խաղում էլ գրանցվել էր ոչ-ոքի: Ընդ որում 3-րդ շրջանի խաղում տարած հաղթանակով (3-2) ԲԿՄԱ-ն ընդհատել էր շիրակցիների հետ մրցավեճում առանց հաղթանակների 5 խաղերի շարքը: Մինչև այդ միակ հաղթանակը ԲԿՄԱ-ն տարել էր մրցակիցների 5-րդ հանդիպման ժամանակ՝ 2023թ. օգոստոսի 11-ին Գյումրիում կայացած խաղում: Հյուրերի հաղթանակն ապահովել էր «Շիրակի» ավագ Հրայր Մկոյանի ինքնագոլը:

4. Արմեն Գյուլբուդաղյանցը ԲԿՄԱ-ի գլխավոր մարզչի պաշտոնում նորամուտը նշել է հենց «Շիրակի» հետ անցյալ տարվա փետրվարի 22-ին Գյումրիում կայացած առաջնության խաղում, որում շիրակցիներն Արսեն Հովհաննիսյանի գլխավորությամբ հաղթել են նվազագույն հաշվով: Հաջորդ երկու խաղերից մեկում գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի, մյուսում 2-0 հաշվով առավելության են հասել Արսեն Հովհաննիսյանի սաները:

5. Մրցակիցների միջև ապրիլի 18-ին կայացած վերջին խաղում Մորի Կոնեն գրավելով ԲԿՄԱ-ի  դարպասը, «Շիրակի» կազմում պաշտոնական մրցումներում 31-րդ գոլն էր խփել ու դարձել էր թիմի պատմության ամենաարդյունավետ այլազգի ֆուտբոլիստը: Նա գերազանցել էր Մուսա Փոլ Բակայոկոյի ռեկորդային ցուցանիշը, որի հաշվին 30 գոլ է գրանցված: Կոնեն այլևս թիմում չէ:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

ԲԿՄԱ՝ Միսակ Հակոբյան – 2 գոլ:

«Շիրակ»՝ Լյովա Մրյան – 4 գոլ:

«Նոա» - «Գանձասար»

Օգոստոսի 17, ժամը՝ 20:00, Աբովյան, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր

3 խաղ, որոնցում հաղթել է «Նոան», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 11-0

«Նոա»՝ 4-րդ տեղ (3 միավոր), «Գանձասար»՝ 8-րդ տեղ (1 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. «Նոան» չկարողացավ լուծել Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ մտնելու հարցը, ինչը թիմին նվազագույնը Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի ուղեգիր կապահովեր: Աբովյանում կայացած պատասխան խաղում «Նոան» այդպես էլ չգտավ Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ Իմպսի» դարպասի բանալին՝ բավարարվելով գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով, իսկ հետխաղյա 11մ հարվածաշարում պարտվեց 5-6 հաշվով: Մրցակարգի համաձայն, Հայաստանի չեմպիոնը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆում, որտեղ օգոստոսի 21-ին հյուրընկալվելիս կմրցի Սլովենիայի «Օլիմպիայի» հետ:

Առաջնությունում «Նոան» մեկնարկել էր «Շիրակի» նկատմամբ 4-0 հաշվով տարած հաղթանակով:

2. Նոր մրցաշրջանի մեկնարկում «Գանձասարը» բավական լավ տպավորություն է թողնում: Գանձասարցիները մեկնարկեցին «Արարատի» հետ գրանցած ոչ-ոքիով (1-1), իսկ հաջորդ տուրում համառ պայքարում նվազագույն հաշվով պարտվեցին «Ուրարտուին»:

3. «Նոան» «Գանձասարի» ամենադժվարին մրցակիցներից մեկն է: Մրցակիցների ծանոթությունը տեղի է ունեցել նախորդ մրցաշրջանում: Թե առաջնության և թե գավաթի մրցաշարում կայացած բոլոր 5 խաղերն էլ ավարտվել են «Նոայի» հաղթանակով, ընդ որում առաջին 4 խաղերում գրանցվել է խոշոր հաշիվ: Ընդհանուր առմամբ «Նոան» 18 գոլ է խփել: Իսկ ահա գանձասարցիները դեռ չեն գտել մրցակցի դարպասի բանալին:

Ընդ որում անցյալ տարվա դեկտեմբերի 8-ին մրցակիցների միջև կայացած առաջին խաղում «Նոան» 7 անպատասխան գնդակ էր խփել գանձասարցիների դարպասը՝ տոնելով Հայաստանի առաջնություններում իր ամենախոշոր հաշվով հաղթանակը: Այդ խաղում Էրալդ Չինարին հեթ-տրիկի հեղինակ էր դարձել:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Նոա»՝ Էրալդ Չինարի, Գոնսալու Գրեգորիու - 3-ական գոլ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ