Logo

Fastex Պրեմիեր լիգա. 5-րդ տուրի հանդիպումներին ընդառաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
13:36 / 29.08.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Fastex Պրեմիեր լիգայում օգոստոսի 29-ին կմեկնարկի 5-րդ տուրը:

FastNews-ը ներկայացնում է տուրի անոնսը։

ԲԿՄԱ - «Վան»

Օգոստոսի 29, ժամը՝ 16:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

15 խաղ, ԲԿՄԱ-ն հաղթել է 6 անգամ, «Վանը»՝ 3, գրանցվել է 6 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 26-17

ԲԿՄԱ՝ 5-րդ տեղ (5 միավոր), «Վան»՝ 7-րդ տեղ (4 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. ԲԿՄԱ-ի համար ընթացիկ առաջնության մեկնարկն ամենահաջողն է թիմի պատմության մեջ: Բանակայինները մեկնարկային 3 հանդիպումներում անպարտելի են՝ վաստակելով 5 միավոր: 4-րդ տուրում ԲԿՄԱ-ն սեփական դաշտում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Գանձասարի» հետ, իսկ նախորդ խաղում առաջին հաղթանակը տարավ՝ 2-1 հաշվով պարտության մատնելով «Շիրակին»:  

2. «Վանը» նախորդ տուրում խաղադաշտ դուրս չեկավ, քանի որ «Նոայի» հետ նախատեսված հանդիպումը հետաձգվել էր: Վերջին խաղն առաջնությունում Էդգար Թորոսյանի գլխավորած թիմն անցկացրել է օգոստոսի 15-ին՝ Չարենցավանում 0-2 հաշվով պարտվելով «Ուրարտուին»:

«Վանը» մեկնարկել էր «Արարատ-Արմենիայի» հետ մրցավեճում գրանցած գոլազուրկ ոչ-ոքիով, իսկ հաջորդ խաղում նվազագույն հաշվով հաղթել էր «Արարատին»: Մեկնարկային երկու հանդիպումներում էլ «Վանի» դարպասապահ Գոռ Մանուկյանը դարպասն անառիկ էր պահել, ինչը թիմային նոր ռեկորդ է:

Թիմի կազմն օրերս համալրել է նախկին շիրակցի Սեդրիկ Դոն:

3. Նախորդ առաջնության առաջին շրջանում նվազագույն հաշվով տարած հաղթանակով «Վանն» ընդհատել էր ԲԿՄԱ-ի հետ հանդիպումներում առանց հաղթանակների 6 խաղերի շարքը, որի ընթացքում 4 անընդմեջ պարտություն էր կրել: Իսկ նախորդ հաղթանակը ԲԿՄԱ-ի նկատմամբ «Վանը» տարել էր 2022թ. հոկտեմբերի 15-ին (3-0):

Դիմակայության լավագույն ռմբարկուները

ԲԿՄԱ՝ Գրենիկ Պետրոսյան, Արայիկ Էլոյան – 4-ական գոլ:

«Վան»՝ Էդգար Մովսեսյան - 3 գոլ:

«Փյունիկ» - «Ուրարտու»

Օգոստոսի 29, ժամը՝ 19:00, Աբովյան, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր

102 խաղ, «Փյունիկը» հաղթել է 50 անգամ, «Ուրարտուն»՝ 26, գրանցվել է 26 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 171-111

«Փյունիկ»՝ 1-ին տեղ (7 միավոր), «Ուրարտու»՝ 2-րդ տեղ (7 միավոր): 

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Երկու առաջատարների միջև կայանալիք տուրի կենտրոնական հանդիպումը մեծ հետաքրքրությամբ է սպասվում: «Փյունիկը» նախորդ տուրում Արտակ Օսեյանի գլխավորությամբ անցկացրած իր առաջին խաղում 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Արարատի» դարպասը:

«Փյունիկն» առաջնությունը սկսեց Եղիշե Մելիքյանի օրոք անցկացրած իր վերջին խաղում «Ալաշկերտի» նկատմամբ 2-1 հաշվով տարած արտագնա հաղթանակով, ապա Գյումրիում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Շիրակի» հետ: Իսկ «Արարատ-Արմենիայի» հետ 3-րդ տուրի հանդիպումը հետաձգվել էր:

2. Նախորդ տուրն անհաջող էր «Ուրարտուի» համար, որն առաջին պարտությունը կրեց՝ տնային խաղում նվազագույն հաշվով զիջելով «Ալաշկերտին»: Ռոբերտ Արզումանյանի  գլխավորած թիմը մեկնարկային խաղում ոչ-ոքի (1-1) էր ավարտել ԲԿՄԱ-ի հետ մրցավեճը, ապա հաղթել էր «Գանձասարին» (2-1) և «Վանին» (2-0):

3. Անցյալ տարվա օգոստոսի 5-ին կայացած առաջնության մեկնարկային տուրի հանդիպումը հոբելյանական՝ 100-րդն էր մրցակիցների միջև: 2-րդ շրջանի խաղում տարած հաղթանակով «Ուրարտուն» ընդհատել էր փյունիկցիների հետ առանց հաղթանակների 5 խաղերի շարքը (3 ոչ-ոքի, 2 պարտություն):

Նախորդ հաղթանակն «Ուրարտուն» տարել էր 2023թ. հունիսի 2-ին կայացած խաղում, որում ավելացված ժամանակում Եվգենի Ցիմբալյուկի խփած միակ գոլը ոչ միայն վճռել էր հանդիպման ելքը, այլև չեմպիոնի տիտղոսին էր արժանացրել Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմին: Իսկ մրցակիցների միջև կայացած վերջին խաղում «Ուրարտուն» հաղթել է 4-1 հաշվով:

Դիմակայության  լավագույն ռմբարկուները

«Փյունիկ»՝ Գևորգ Ղազարյան - 9 գոլ:

«Ուրարտու»՝ Արամ Հակոբյան, Սամվել Մելքոնյան -  6-ական գոլ:

«Գանձասար» - «Շիրակ»

Օգոստոսի 30, ժամը՝ 17:00, Երևան, «Ջունիոր Սպորտ» մարզադաշտ

3 խաղ, «Շիրակը» հաղթել է 1 անգամ, «Գանձասարը»՝ 1, գրանցվել է 1 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 2-2

«Գանձասար»՝ 8-րդ տեղ (2 միավոր), «Շիրակ»՝ 9-րդ տեղ (1 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Թեև «Գանձասարը» դեռ հաղթանակ չի տարել, սակայն նախորդ մրցաշրջանի համեմատ թիմի ելույթն ավելի հաջող է: Նախորդ առաջնության մեկնարկային 4 խաղերում էլ գանձասարցիները խաղադաշտից պարտված էին հեռացել:

Գանձասարը» մեկնարկել էր «Արարատի» հետ գրանցած ոչ-ոքիով (1-1), իսկ հաջորդ տուրում համառ պայքարում նվազագույն հաշվով պարտվել էր «Ուրարտուին», որին հաջորդել էր «Նոայից» խոշոր հաշվով կրած պարտությունը (1-4): 4-րդ տուրում կապանյան թիմը գոլազուրկ ոչ-ոքի խաղաց ԲԿՄԱ-ի հետ:

2. «Շիրակին» էլ առայժմ չի հաջողվում հաղթանակ տանել: Միակ միավորը շիրակցիները վաստակել են 2-րդ տուրում՝ Գյումրիում գոլազուրկ ոչ-ոքի խաղալով «Փյունիկի» հետ: Իսկ նախորդ տուրում շիրակցիները սեփական դաշտում դրամատիկ պայքարում զիջեցին «Արարատ-Արմենիային»՝ միակ գոլը բաց թողնելով ավելացված ժամանակի 9-րդ րոպեին: 

3. Մրցակիցների միջև մայիսի 17-ին կայացած նախորդ առաջնության 3-րդ շրջանի հանդիպումը հիշարժան էր «Գանձասարի» համար: Բերտրան Մանիի խփած միակ գոլի շնորհիվ Կարեն Բարսեղյանի գլխավորած թիմը վերջապես առաջնությունում առաջին հաղթանակը տոնեց՝ ընդհատելով մեկնարկից առանց հաղթանակների 26 խաղերի ռեկորդային շարքը:

«Արարատ-Արմենիա» - «Արարատ»

Օգոստոսի 30, ժամը՝ 19:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

26 խաղ, «Արարատ-Արմենիան» հաղթել է 21 անգամ, «Արարատը»՝ 2, գրանցվել է 3 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 56-18

«Արարատ-Արմենիա»՝ 6-րդ տեղ (4 միավոր), «Արարատ»՝ 10-րդ տեղ (1 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Նախորդ տուրում «Արարատ-Արմենիան» 20-օրյա ընդմիջումից հետո ընթացիկ առաջնությունում 2-րդ խաղն անցկացրեց և առաջին հաղթանակը տարավ: Գյումրիում դրամատիկ պայքարով աչքի ընկած մրցավեճի ելքը վճռեց ավելացված ժամանակի 9-րդ րոպեին Արայիկ Էլոյանի խփած գոլը, որը Fastex Պրեմիեր լիգայում թիմի հոբելյանական՝ 400-րդ գնդակն էր: Էլոյանը նաև բացեց գոլերի հաշիվն «Արարատ-Արմենիայում»

«Արարատ-Արմենիան» օգոստոսի 4-ին Չարենցավանում կայացած մեկնարկային տուրում գոլազուրկ ոչ-ոքի էր գրանցել «Վանի» հետ մրցավեճում: Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը միակն է, որ առաջնությունում դեռ գոլ բաց չի թողել: Թիմի պատմության մեջ այդ ցուցանիշը լավագույնն է:

2. «Արարատը» շարունակում է հիասթափեցնել իր երկրպագուներին: Նախորդ տուրում արարատցիները 3-րդ անընդմեջ պարտությունը կրեցին՝ 0-2 հաշվով զիջելով «Փյունիկին»: Մինչև այդ էլ «Արարատը» պարտվել էր «Վանին» (0-1) և «Ալաշկերտին» (0-3): Իսկ միակ միավորն արարատցիները վաստակել են «Գանձասարի» հետ մեկնարկում գրանցած ոչ-ոքիի (1-1) շնորհիվ:

«Արարատի» կազմը ևս մեկ սևամորթ ֆուտբոլիստ է համալրել՝ սենեգալցի 18-ամյա պաշտպան Գայ Ֆելիքս Լիման:

3. Մրցակիցների միջև կայացած վերջին խաղում «Արարատ-Արմենիան» 6 անպատասխան գնդակ էր ուղարկել «Արարատի» դարպասը: Դա մրցակիցների միջև խաղերում գրանցված ամենախոշոր հաշիվն է: Մարիուս Նուբիսին դարձել էր հեթ-տրիկի հեղինակ: Նա նման արդյունքի էր հասել նաև թիմերի միջև առաջին շրջանում կայացած խաղում:

Նախորդ մրցաշրջանի 2-րդ շրջանի խաղն ավարտելով ոչ-ոքի, «Արարատն» ընդհատել էր  առաջնության նախորդ 13 խաղերում «Արարատ-Արմենիայից» կրած պարտությունների շարքը: Վերջին միավորը Հայաստանի կրկնակի չեմպիոնի հետ մրցավեճում արարատցիները վաստակել էին 2021թ. մայիսի 19-ին կայացած խաղում (1-1): Իսկ վերջին հաղթանակն «Արարատ-Արմենիայի» նկատմամբ «Արարատը» տոնել է 2021թ. փետրվարի 25-ին Դմիտրիե Պոբուլիչի խփած միակ գոլի շնորհիվ:

4. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Կարեն Մուրադյանը Fastex Պրեմիեր լիգայում 320-րդ խաղը կանցկացնի և կընդգրկվի 21-րդ դարում Հայաստանի առաջնություններում առավել շատ հանդիպումների մասնակցած ֆուտբոլիստների հնգյակում՝ շրջանցելով Նորայր Գրիգորյանին: 404 խաղով ցանկը գլխավորում է Արտակ Գրիգորյանը, որին հաջորդում են Հրայր Մկոյանը (382 խաղ), Տիգրան Դավթյանն (355) ու Արտակ Եդիգարյանը (347):

Դիմակայության  լավագույն ռմբարկուները

«Արարատ-Արմենիա»՝ Մաիլսոն Լիմա - 7 գոլ:

«Արարատ»՝ Արտյոմ Սիմոնյան - 2 գոլ:

«Ալաշկերտ» - «Նոա»

Օգոստոսի 31, ժամը՝ 16:00, Արմավիր, Հակոբ Տոնոյանի անվան Քաղաքային մարզադաշտ

26 խաղ, «Ալաշկերտը» հաղթել է 11 անգամ, «Նոան»՝ 12, գրանցվել է 3 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 35-35

«Ալաշկերտ»՝ 4-րդ տեղ (6 միավոր), «Նոա»՝ 3-րդ տեղ (6 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Նախորդ երկու խաղերում «Ալաշկերտը» «չոր» հաշվով երկու հաղթանակ տարավ «Արարատի» (3-0) և «Ուրարտուի» (1-0) նկատմամբ: Ընդ որում «Ալաշկերտի» հետ խաղում Էդգար Փիլոյանի խփած գոլը ՀՀ առաջնություններում թիմի հոբելյանական՝ 500-րդ գնդակն էր:

2. «Նոան» խաղին կներկայանա բարձր տրամադրությամբ, քանի որ 2-րդ տարին անընդմեջ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր է նվաճել: Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիայի» հետ պատասխան խաղում էլ «Նոան» հաղթեց, այս անգամ՝ 3-2 հաշվով:

Այդ խաղում գրավելով Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիայի» դարպասը, Մաթեուս Այասը եվրագավաթներում 8-րդ գոլը խփեց ու դարձավ եվրոպական գավաթների մրցաշարերում հայկական ակումբների գլխավոր ռմբարկուն: Նա գերազանցեց նախկին փյունիկցի Յուսուֆ Օտուբանջոյի ռեկորդային ցուցանիշը, որի հաշվին եվրագավաթներում 7 գոլ էր գրանցված:

Առաջնությունում էլ Հայաստանի չեմպիոնի գործերը հիանալի են ընթանում: «Նոան»  փաստացի առաջնության առաջատարն է՝ անցկացրած երկու խաղերում էլ հաղթելով խոշոր հաշվով («Շիրակ»՝ 4-0, «Գանձասար»՝ 4-1):  

3. Մրցակիցների միջև կայացած նախորդ առաջնության առաջին երկու խաղերում էլ «Նոան» հաղթել էր խոշոր հաշվով (6-0, 4-0): Իսկ ահա առաջնության ավարտական տուրի խաղում, երբ արդեն «Նոան» նվաճել էր չեմպիոնի տիտղոսը ու խաղադաշտ էր դուրս եկել ոչ հիմնական կազմով, Սարգիս Մեթոյանի խփած միակ գոլի շնորհիվ «Ալաշկերտը» հաղթեց՝ ընդհատելով մրցակցից կրած 5 անընդմեջ պարտությունների շարքը:

Նախորդ հաղթանակը «Նոայի» նկատմամբ «Ալաշկերտը» տարել էր 2023թ. օգոստոսի 25-ին «Նաիրի» մարզադաշտում կայացած խաղում՝ 3-1:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Ալաշկերտ»՝ Արտակ Եդիգարյան - 7 գոլ:

«Նոա»՝ Արթուր Միրանյան - 4 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ