Fastex Պրեմիեր լիգայում սեպտեմբերի 19-ին կմեկնարկի 7-րդ տուրը:
FastNews-ը ներկայացնում է տուրի անոնսը։
«Վան» - «Շիրակ»
Սեպտեմբերի 19, ժամը՝ 16:00, Չարենցավան, Քաղաքային մարզադաշտ
14 խաղ, «Վանը» հաղթել է 9 անգամ, «Շիրակը»՝ 2, գրանցվել է 3 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 20-7
«Վան»՝ 8-րդ տեղ (5 միավոր), «Շիրակ»՝ 9-րդ տեղ (5 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Նախորդ տուրն անհաջող էր «Վանի» համար, որը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց «Գանձասարին»: Առաջնության վերջին 3 հանդիպումներում Էդգար Թորոսյանի գլխավորած թիմը չի գտել մրցակիցների դարպասի բանալին: Եվ ընդհանրապես անցկացրած 5 հանդիպումներում «Վանն» ընդամենը մեկ գոլ է խփել, որի շնորհիվ հաղթել է «Արարատին»:
2. «Շիրակը» վերջապես ուրախացրեց իր երկրպագուներին՝ Գյումրիում 4-2 հաշվով հաղթելով «Արարատին»: Այդ խաղում Վարդան Թովմասյանը «Շիրակի» կազմում նորամուտը գոլով նշեց:
Ընթացիկ առաջնությունում շիրակցիներն առաջին հաղթանակը տարան սեփական դաշտում: Մինչև այդ թիմը Գյումրիում գոլազուրկ ոչ-ոքի էր խաղացել «Փյունիկի» հետ և նվազագույն հաշվով զիջել էր «Արարատ-Արմենիային»: Նախորդ հաղթանակը սեփական դաշտում «Շիրակը» տարել էր մայիսի 10-ին՝ 4 անպատասխան գնդակ ուղարկելով «Ալաշկերտի» դարպասը:

3. «Վանը» զգալի առավելության է հասել «Շիրակի» նկատմամբ: Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 5 խաղերում «Շիրակն» ընդամենը մեկ միավոր է վաստակել՝ չկարողանալով գրավել «Վանի» դարպասը: Նախորդ առաջնության 3 խաղերն էլ ավարտվել են «Վանի» հաղթանակով:
Անցյալ տարվա հոկտեմբերի 1-ին Գյումրիում կայացած Հայաստանի գավաթի 1/8 եզրափակչի խաղում էլ «Վանը» հաղթել էր 3-0 հաշվով: Վերջին հաղթանակը «Վանի» նկատմամբ շիրակցիները տարել են 2023թ. հոկտեմբերի 3-ին՝ Գյումրիում 2 անգամ գրավելով մրցակցի դարպասը:
4. Այս խաղում «Վանի» դարպասը խփված առաջին գնդակը կլինի Fastex Պրեմիեր լիգայում չարենցավանյան թիմի բաց թողած 250-րդ գոլը:
5. Ապրիլի 12-ին Գյումրիում մրցակիցների միջև կայացած նախորդ հանդիպումը հիշարժան էր ներկայումս «Վանում» հանդես եկող Հրայր Մկոյանի համար: «Շիրակի» այն ժամանակվա ավագը ֆուտբոլային կարիերայում հոբելյանական՝ 600-րդ խաղն անցկացրեց: Հետաքրքիր է, որ 500-րդ խաղի հոբելյանը Մկոյանը ևս նշել էր «Վանի» հետ կայացած խաղում: 2022թ. մարտի 1-ին Չարենցավանում տեղի ունեցած առաջնության 20-րդ տուրի այդ խաղում Մկոյանն «Արարատի» ավագն էր:
39-ամյա Մկոյանն ընթացիկ առաջնության ամենատարեց ֆուտբոլիստն է: Գործող ֆուտբոլիստներից նա Fastex Պրեմիեր լիգայում բոլորից շատ՝ 384 խաղ է անցկացրել:

Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Վան»՝ Ուիլֆրեդ Կուասի Էզա, Էդգար Մովսեսյան, Նարեկ Հովհաննիսյան, Քրիստոֆեր Բոնիֆեյս, Ջոն Բատիգի - 2-ական գոլ:
«Ուրարտու» - «Արարատ»
Սեպտեմբերի 19, ժամը՝ 19:00, Երևան, «Ուրարտու-1» մարզադաշտ
88 խաղ, «Ուրարտուն» հաղթել է 43 անգամ, «Արարատը»՝ 18, գրանցվել է 27 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 128-83
«Ուրարտու»՝ 3-րդ տեղ (10 միավոր), «Արարատ»՝ 10-րդ տեղ (1 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Նախորդ տուրում «Ուրարտուն» սեփական դաշտում 2-3 հաշվով պարտվեց «Արարատ-Արմենիային» և զիջեց առաջատարի իր դիրքը: Դա առաջնությունում «Ուրարտուի» 2-րդ պարտությունն էր: Մինչև այդ Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը 4-րդ տուրում տնային խաղում նվազագույն հաշվով զիջել էր «Ալաշկերտին»:
2. Առաջնության հետնապահ «Արարատը» շարունակում է հիասթափեցնել իր երկրպագուներին: Նախորդ տուրում արարատցիները Գյումրիում 2-4 հաշվով պարտվեցին «Շիրակին»՝ կրելով առաջնությունում 5-րդ անընդմեջ պարտությունը: Միակ միավորն «Արարատը» վաստակել է մեկնարկային խաղում՝ հյուրընկալվելիս 1-1 ավարտելով հանդիպումը «Գանձասարի» հետ:

3. Նախորդ 3 մրցաշրջաններում մրցակիցների միջև կայացած առաջնության 11 հանդիպումներում «Արարատն» այդպես էլ գեթ մեկ հաղթանակ չտոնեց՝ կրելով 6 պարտություն, 5 խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին հաղթանակն «Ուրարտուի» նկատմամբ արարատցիները տարել են 2022թ. ապրիլի 28-ին կայացած արտագնա խաղում (2-1):
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Ուրարտու»՝ Սամվել Մելքոնյան, Արսեն Բալաբեկյան - 5-ական գոլ:
«Արարատ»՝ Վահե Յաղմուրյան - 5 գոլ:
«Փյունիկ» - ԲԿՄԱ
Սեպտեմբերի 20, ժամը՝ 18:00, Աբովյան, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր
16 խաղ, «Փյունիկը» հաղթել է 13 անգամ, ԲԿՄԱ-ն՝ 1, գրանցվել է 2 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 37-9:
«Փյունիկ»՝ 5-րդ տեղ (7 միավոր), ԲԿՄԱ՝ 6-րդ տեղ (6 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Նախորդ տուրում «Փյունիկը» կրկին անհաջողության մատնվեց՝ հյուրընկալվելիս 1-3 հաշվով զիջելով «Նոային»: Դա Արտակ Օսեյանի գլխավորությամբ փյունիկցիների անցկացրած 3 հանդիպումներում գրանցված 2-րդ պարտությունն էր: Մինչև այդ էլ «Փյունիկը» սեփական դաշտում 1-2 հաշվով պարտվել էր «Ուրարտուին»:
2. Նախորդ տուրն անհաջող էր նաև ԲԿՄԱ-ի համար, որն առաջնությունում առաջին պարտությունը կրեց՝ սեփական դաշտում 1-3 հաշվով զիջելով «Ալաշկերտին»: Նախորդ երկու հանդիպումներում բանակայիններին չէր հաջողվել գրավել մրցակիցների դարպասները՝ գոլազուրկ ոչ-ոքի խաղալով «Գանձասարի» և «Վանի» հետ:

3. Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին հանդիպումը հիշարժան էր ԲԿՄԱ-ի համար, որին վերջապես հաջողվել էր առաջին հաղթանակը տոնել «Փյունիկի» նկատմամբ: Մայիսի 4-ին կայացած այդ խաղում բանակայիններին հաղթանակ էր պարգևել Արայիկ Էլոյանի դուբլը, որին փյունիկցիները պատասխանել էին Մատաս Վարեյկայի խփած գոլով:
Իսկ մինչև այդ խաղը մրցակիցների միջև կայացած առաջնության նախորդ 15 հանդիպումներից 13-ում հաղթել էր «Փյունիկը», 2-ում գրանցվել էր ոչ-ոքի: Բացի այդ, պարտությանը նախորդել էր ԲԿՄԱ-ի նկատմամբ փյունիկցիների տարած 6 անընդմեջ հաղթանակների շարքը, որից 4-ը՝ խոշոր հաշվով:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Փյունիկ»՝ Յուսուֆ Օտուբանջո – 9 գոլ:
ԲԿՄԱ՝ Արայիկ Էլոյան – 3 գոլ:
«Արարատ-Արմենիա» - «Նոա»
Սեպտեմբերի 20, ժամը՝ 18:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ
26 խաղ, «Արարատ-Արմենիան» հաղթել է 14 անգամ, «Նոան»՝ 8, գրանցվել է 4 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 44-25
«Արարատ-Արմենիա»՝ 2-րդ տեղ (10 միավոր), «Նոա»՝ 4-րդ տեղ (9 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. Տուրի կենտրոնական հանդիպումը մեծ հետաքրքրությամբ է սպասվում: Առաջնությունում հաջող մեկնարկած «Արարատ-Արմենիան» նախորդ տուրում շարունակեց հաղթարշավը՝ տոնելով 3-րդ անընդմեջ հաղթանակը: Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը հյուրընկալվելիս 3-2 հաշվով պարտության մատնեց «Ուրարտուին»: Ընթացիկ առաջնությունում «Արարատ-Արմենիան» միակ թիմն է, որ դեռ չի պարտվել:
Նախորդ մրցաշրջանում «Արարատ-Արմենիան» Վարդան Մինասյանի գլխավորությամբ մեկնարկային 4 հանդիպումներում 9 միավոր էր վաստակել, իսկ միակ պարտությունը կրել էր «Ուրարտուից» (1-3):

2. Հայաստանի գործող չեմպիոնը ևս հաղթանակով ավարտեց նախորդ տուրի իր հանդիպումը՝ սեփական դաշտում 3-1 հաշվով պարտության մատնելով «Փյունիկին»: «Նոան» առաջնությունում 3-րդ հաղթանակը տոնեց: Թիմը շատ վստահ է խաղում հատկապես սեփական դաշտում: Fastex Պրեմիեր լիգայում անցկացրած տնային վերջին 22 խաղերում էլ «Նոան» հաղթել է մրցակիցներին: Վերջին անգամ «Փյունիկին» է հաջողվել հյուրընկալվելիս չպարտվել «Նոային»՝ անցյալ տարվա մարտի 31-ին կայացած խաղն ավարտելով ոչ-ոքի՝ 1-1:
3. Նախորդ մրցաշրջանում մրցակիցների միջև կայացած բոլոր 4 խաղերում էլ, ներառյալ գավաթի եզրափակիչը, հաղթել է «Նոան»: Մինչդեռ մինչև 2021/22թթ. առաջնության 4-րդ շրջանի հանդիպումն «Արարատ-Արմենիան» Բարձրագույն խմբի միակ թիմն էր, որին «Նոան» Fastex Պրեմիեր լիգայում դեռ չէր հաղթել: Անցկացված 14 հանդիպումներից 10-ում հաջողությունն ուղեկցել էր «Արարատ-Արմենիային», 4-ում գրանցվել էր ոչ-ոքի:

Եվ ահա 2022թ. մայիսի 9-ին կայացած խաղում «Նոան» վերջապես ընդհատեց տխուր ավանդույթը: Հանդիպման 3-րդ րոպեին Դմիտրի Լավրիշչևի խփած միակ գոլը «Նոային» հաղթանակ պարգևեց, որը կարելի է պատմական համարել: Իսկ «Արարատ-Արմենիայի» համար այդ պարտությունը փաստորեն ճակատագրական եղավ «Փյունիկի» հետ չեմպիոնական մրցավազքում: Այդ հաղթանակը միակն էր Fastex Պրեմիեր լիգայում մրցակիցների միջև անցկացված 18 հանդիպումներում:
Իսկ ահա մրցակիցների միջև անցկացված առաջնության վերջին 6 հանդիպումներում էլ հաղթել է «Նոան»: Վերջին հաղթանակը «Նոայի» նկատմամբ «Արարատ-Արմենիան» տարել է 2023թ. սեպտեմբերի 15-ին՝ 4-3:
4. Իսկ պաշտոնական մյուս մրցաշարերում «Նոային» 3 անգամ հաջողվել է առավելության հասնել «Արարատ-Արմենիայի» նկատմամբ ու տիտղոսներ նվաճել: 2019/20թթ. Հայաստանի գավաթի խաղարկությունում «Նոան» գերարդյունավետ եզրափակչում (5-5) հետխաղյա 11մ հարվածներով 7-6 հաշվով հաղթելով «Արարատ-Արմենիային», նվաճել է պատվավոր մրցանակը:
2020թ. մրցակիցների միջև կայացած Սուպերգավաթի մրցավեճում էլ հաջողությունն ուղեկցել է «Նոային», որը լրացուցիչ ժամանակում հաղթել է 2-1 հաշվով: Գավաթի նախորդ խաղարկությունում էլ կրկին հաջողությունն ուղեկցեց Ռուի Մոտայի գլխավորած թիմին (3-1):
5. «Ուրարտուի» հետ նախորդ տուրի խաղում Ժիրայր Շաղոյանը բացել էր գոլերի հաշիվն ընթացիկ առաջնությունում: Եթե նրան հաջողվի այս խաղում էլ գրավել «Նոայի» դարպասը, ապա «Արարատ-Արմենիայի» կազմում 14-րդ գոլը կխփի ու կընդգրկվի Fastex Պրեմիեր լիգայում թիմի լավագույն ռմբարկուների տասնյակում:
6. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Կարեն Մուրադյանն «Արարատ-Արմենիայի» կազմում բոլոր մրցաշարերում հոբելյանական՝ 150-րդ խաղը կանցկացնի:

Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Արարատ-Արմենիա»՝ Մաիլսոն Լիմա - 5 գոլ:
«Նոա»՝ Մաքսիմ Մայրովիչ, Փոլ Գլադոն - 2-ական գոլ:
«Ալաշկերտ» - «Գանձասար»
Սեպտեմբերի 21, ժամը՝ 16:00, Արմավիր, Հ. Տոնոյանի անվան Քաղաքային մարզադաշտ
3 խաղ, որոնցից 2-ում հաղթել է «Ալաշկերտը», մեկում գրանցվել է ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 4-2:
«Ալաշկերտ»՝ 1-ին տեղ (12 միավոր), «Գանձասար»՝ 7-րդ տեղ (6 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. Խաղացանկի քմահաճույքով մրցակիցները 5 օրում երկրորդ անգամ կմրցեն միմյանց հետ: Սեպտեմբերի 17-ին «Ջունիոր սպորտ» մարզադաշտում կայացած գավաթի նախնական փուլի մրցավեճում գանձասարցիները 2-1 հաշվով հաղթեցին ու 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճեցին: Իսկ «Ալաշկերտը» 3-րդ տարին անընդմեջ առաջին իսկ փուլից դուրս է մնում գավաթի մրցաշարից:

Տարօրինակ էր, որ Վահե Գևորգյանը թիմի մեկնարկային կազմում չէր ընդգրկել Արսեն Բեգլարյանին, Արսեն Սադոյանին, Դավիթ Տերտերյանին, Էդգար Փիլոյանին, Կարեն Նալբանդյանին, Օլավալե Ֆառայոլային և Մոմո Տուրեին, որոնք «Ալաշկերտի» առանցքային ֆուտբոլիստներն են ու մասնակցել են առաջնության բոլոր 5 հանդիպումներին:
Իսկ ահա առաջնությունում «Ալաշկերտը» գերազանց է հանդես գալիս՝ 5 խաղում վաստակած 12 միավորով միանձնյա գլխավորելով մրցաշարային աղյուսակը: 6-րդ տուրում ալաշկերտցիները 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցին՝ 3-1 հաշվով պարտության մատնելով ԲԿՄԱ-ին:
2. 4-րդ անգամ մասնակցելով գավաթի մրցաշարին, «Գանձասարը» բոլոր խաղարկություններում էլ հաջողությամբ հաղթահարել է առաջին փուլի արգելքը: Գավաթի մրցաշարերում գանձասարցիները 2-րդ անգամ մրցեցին «Ալաշկերտի» հետ ու կրկին հասան հաջողության: 2022/23թթ. խաղարկության քառորդ եզրափակչում «Գանձասարը» հետխաղյա 11մ հարվածաշարում (5-4) պայքարից դուրս էր թողել «Ալաշկերտին» (հիմնական և լրացուցիչ ժամանակում հաշիվը չէր բացվել):

3. «Գանձասարն» առաջնությունում էլ վատ հանդես չի գալիս: Նախորդ տուրում «Վանի» դարպասը Պատվական Ավետիսյանի խփած միակ գոլի շնորհիվ գանձասարցիներն ընթացիկ առաջնությունում առաջին հաղթանակը տարան:
4. Հանդիպմանը մասնակցելու դեպքում գանձասարցի Աննան Մենսահը Fastex Պրեմիեր լիգայում 144-րդ խաղը կանցկացնի ու շրջանցելով Մարկո Պրլևիչին, կընդգրկվի ՀՀ առաջնությունների ամենափորձառու այլազգի ֆուտբոլիստների տասնյակում: Ցանկը գլխավորում է «Միկայի» նախկին պաշտպան Ալեքս դա Սիլվան, որը 230 խաղ է անցկացրել: Ընթացիկ առաջնության մասնակից այլազգի ֆուտբոլիստներից ռեկորդակիրն Օգնյեն Չանչարևիչն է, որը 193 խաղով ցանկում 4-րդն է:
Դիմակայության լավագույն ռմբարկուն
«Ալաշկերտ»՝ Պետրոս Ավետիսյան – 2 գոլ:


