Logo

Fastex Պրեմիեր լիգա. 9-րդ տուրի հանդիպումներին ընդառաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
14:04 / 03.10.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Fastex Պրեմիեր լիգայում հոկտեմբերի 3-ին կմեկնարկի 9-րդ տուրը, որով կավարտվի առաջնության առաջին շրջանը:  

FastNews-ը ներկայացնում է տուրի անոնսը։

«Ալաշկերտ» - «Շիրակ»

Հոկտեմբերի 3, ժամը՝ 15:30, Արմավիր, Հակոբ Տոնոյանի անվան քաղաքային մարզադաշտ

46 խաղ, «Ալաշկերտը» հաղթել է 18 անգամ, «Շիրակը»՝ 14, գրանցվել է 14 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 59-51

«Ալաշկերտ»՝ 1-ին տեղ (18 միավոր), «Շիրակ»՝ 9-րդ տեղ (5 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Առաջնության առաջատար «Ալաշկերտը» նախորդ տուրում մեծ դժվարությամբ կարողացավ կոտրել «Վանի» դիմադրությունը և 2-1 հաշվով դժվարին հաղթանակ տարավ: Ընդ որում հաղթական գոլն ալաշկերտցիները խփեցին ավելացված ժամանակում Կարեն Նալբանդյանի իրացրած 11մ հարվածի շնորհիվ: Վերջինս 6 գնդակով թիմի լավագույն ռմբարկուն է: Նա վերջին 4 խաղերում մեկական գոլ է խփել՝ 3 անգամ դիպուկ իրացնելով 11մ հարվածները:

2. Առաջնության վերջին երկու խաղերն անհաջող դասավորվեցին «Շիրակի» համար: Նախ գյումրեցիները հյուրընկալվելիս 2-3 հաշվով պարտվեցին «Վանին», ապա նվազագույն հաշվով զիջեցին «Ուրարտուին»: Այդ հանդիպումը «Շիրակի» համար հոբելյանական՝ 900-րդն էր Հայաստանի առաջնություններում;

Գյումրիում ընթացիկ առաջնությունում անցկացրած 4 հանդիպումներում «Շիրակը» նույնքան միավոր է վաստակել՝ միակ հաղթանակը տոնելով «Արարատի» նկատմամբ (4-2):

3. Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 6 խաղերից 4-ում հաղթել է «Շիրակը», 2 անգամ գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի: Վերջին հաղթանակը «Շիրակի» նկատմամբ «Ալաշկերտը» տարել է 2023թ. օգոստոսի 31-ին Գյումրիում կայացած խաղում (3-2):

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Ալաշկերտ»՝ Միհրան Մանասյան - 7 գոլ:

«Շիրակ»՝ Մորի Կոնե - 5 գոլ:

«Փյունիկ» - «Վան»

Հոկտեմբերի 4, ժամը՝ 17:00, Աբովյան, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր

18 խաղ, «Փյունիկը» հաղթել է 11 անգամ, «Վանը»՝ 4, գրանցվել է 3 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 39-11

«Փյունիկ»՝ 5-րդ տեղ (13 միավոր), «Վան»՝ 6-րդ տեղ (8 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Նախորդ տուրում «Փյունիկը» նվազագույն հաշվով հաղթեց «Գանձասարին», իսկ մինչև այդ պարտության էր մատնել ԲԿՄԱ-ին (2-1): Այդ խաղերում փյունիկցիներից աչքի էր ընկել Դանիիլ Կուլիկովը՝ մեկական անգամ գրավելով մրցակիցների դարպասները:

2. Իսկ ահա «Վանը» երկու անընդմեջ պարտություն կրեց՝ միևնույն 1-2 հաշվով զիջելով «Նոային» և «Ալաշկերտին»: Ընդ որում երկու հանդիպումներում էլ մրցակիցները հաղթական գոլերը խփեցին ավելացված ժամանակում:

3. Նախորդ առաջնության 3-րդ շրջանի խաղում «Փյունիկի» նկատմամբ 3-2 հաշվով տարած հաղթանակով «Վանն» ընդհատել էր մրցակցից կրած 3 անընդմեջ պարտությունների շարքը: Նախորդ հաղթանակը փյունիկցիների նկատմամբ չարենցավանյան ակումբը տարել էր անցյալ տարվա մարտի 8-ին՝ սեփական դաշտում առավելության հասնելով նվազագույն հաշվով:

4. «Վանի» նկատմամբ նախորդ առաջնության 2-րդ շրջանի խաղում տարած հաղթանակը 100-րդն էր Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ «Փյունիկի» անցկացրած պաշտոնական մրցումներում: 

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Փյունիկ»՝ Յուսուֆ Օտուբանջո - 10 գոլ:

«Վան»՝ Ջոսուե Գաբա, Մոմո Տուրե – 2-ական գոլ:

«Արարատ» - ԲԿՄԱ

Հոկտեմբերի 4, ժամը՝ 19:00,  Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

16 խաղ, «Արարատը» հաղթել է 6 անգամ, ԲԿՄԱ-ն՝ 5, գրանցվել է 5 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 21-19

«Արարատ»՝ 10-րդ տեղ (1 միավոր), ԲԿՄԱ՝ 7-րդ տեղ (7 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Առաջնության մեկնարկում «Գանձասարի» հետ խաղն ավարտելով ոչ-ոքի, «Արարատին» ոչ մի կերպ չի հաջողվում միավոր վաստակել՝ կրելով 7 անընդմեջ պարտություն: Ճիշտ է, նախորդ տուրում արարատցիները համառ դիմադրություն ցույց տվեցին «Նոային», սակայն ավելացված ժամանակում 2 գոլ բաց թողեցին ու հերթական անգամ խաղադաշտից պարտված հեռացան՝ 2-րդ անընդմեջ խաղում չգտնելով մրցակիցների դարպասի բանալին:

Ավելի անհաջող «Արարատը» մեկնարկել է 2009թ. առաջնությունում՝ մեկնարկում կրելով 13 անընդմեջ պարտություն: Ընդ որում մեկնարկային 7 խաղերում արարատցիները գոլ չէին խփել, իսկ առաջին միավորը վաստակել էին միայն 14-րդ տուրում՝ գոլազուրկ ոչ-ոքի խաղալով «Փյունիկի» հետ:

Արդեն 11 խաղ է, ինչ արարատցիները ՀՀ առաջնություններում չեն հաղթել՝ վաստակելով ընդամենը մեկ միավոր: Վերջին հաղթանակը թիմի օգտին գրանցվել է նախորդ առաջնությունում մայիսի 8-ին «Վանի» հետ կայացած խաղում (2-1):

2. ԲԿՄԱ-ն նախորդ տուրում դրամատիկ պայքարում մարտական ոչ-ոքի (2-2) խաղաց «Արարատ-Արմենիայի» հետ: Բանակայինները պարտությունից խուսափեցին ավելացված ժամանակում Նարեկ Հովհաննիսյանի 11մ հարվածով խփած գոլի շնորհիվ: Այդ խաղում դուբլ ձևակերպած Նարեկը 4 գնդակով թիմի լավագույն ռմբարկուն է:

3. Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 5 հանդիպումներն անցել են արարատցիների առավելությամբ, որոնք 2 հաղթանակ են տարել, 3 խաղ ավարտել են ոչ-ոքի: Վերջին անգամ ԲԿՄԱ-ն «Արարատին» հաղթել է 2023թ. հոկտեմբերի 29-ին՝ 2-0:

4. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Արգիշտի Պետրոսյանը ԲԿՄԱ-ի կազմում Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 100-րդ խաղը կանցկացնի: Իսկ ընդհանուր առմամբ դա կլինի փորձառու ֆուտբոլիստի 268-րդ հանդիպումը հայկական ակումբներում:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Արարատ»՝ Սերոբ Գալստյան - 3 գոլ:

ԲԿՄԱ՝ Նարեկ Ալավերդյան - 2 գոլ:

«Արարատ-Արմենիա» - «Գանձասար»

Հոկտեմբերի 5, ժամը՝ 17:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

3 խաղ, որոնցում հաղթել է «Արարատ-Արմենիան», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 10-0

«Արարատ-Արմենիա»՝ 4-րդ տեղ (15 միավոր), «Գանձասար»՝ 8-րդ տեղ (6 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Նախորդ տուրում «Արարատ-Արմենիան» ԲԿՄԱ-ի հետ մրցավեճում ավելացված ժամանակում գոլ ընդունեց սեփական դարպասն ու ձեռքից բաց թողեց հաղթանակը (2-2): «Ալաշկերտի» հետ կայացած խաղում էլ Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը կրկին ավելացված ժամանակում գոլ էր բաց թողել, սակայն դա չէր ազդել հանդիպման ելքի վրա, քանի որ մինչև այդ Արայիկ Էլոյանն ու Հուգո Օլիվեյրան գրավել էին մրցակցի դարպասը:

2. «Գանձասարը» նախորդ տուրում նվազագույն հաշվով զիջեց «Փյունիկին»: Մինչև այդ էլ գանձասարցիներն Արմավիրում 2 անպատասխան գնդակ էին բաց թողել «Ալաշկերտից», որին պայքարից դուրս էին թողել գավաթի մրցաշարից՝ հաղթելով 2-1 հաշվով։ Իսկ առաջնությունում միակ հաղթանակը «Գանձասարը» տարել է 6-րդ տուրում՝ սեփական դաշտում նվազագույն հաշվով պարտության մատնելով «Վանին»։

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Արարատ-Արմենիա»՝ Ալեքսիս Ռոդրիգես, Մարիուս Նուբիսի, Տենտոն Յենե- 2-ական գոլ:

5-րդ զգուշացման պատճառով «Գանձասարից» կբացակայի Տարոն Ոսկանյանը:

«Ուրարտու» - «Նոա»

Հոկտեմբերի 5, ժամը՝ 20:00, Երևան, «Ուրարտու-1» մարզադաշտ

24 խաղ, «Ուրարտուն» հաղթել է 9 անգամ, «Նոան»՝ 7, գրանցվել է 8 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 32-25

«Ուրարտու»՝ 3-րդ տեղ (16 միավոր), «Նոա»՝ 2-րդ տեղ (16 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Տուրի կենտրոնական հանդիպումը մեծ հետաքրքրությամբ է սպասվում: «Ուրարտուն» առաջնության վերջին 2 խաղերում էլ հաղթել է: Եթե «Արարատին» Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը 6 անպատասխան գնդակ խփեց, որից 4-ն իր օգտին գրանցեց Բրունո Միշելը, ապա «Շիրակի» հետ խաղում թիմին հաղթանակ պարգևեց նույն Միշելի խփած միակ գոլը:

«Ուրարտուի» հարձակվողն առաջնության վերջին 3 խաղերում դաշտից առանց գոլի չի հեռացել՝ 7 անգամ գրավելով մրցակիցների դարպասները: Նա 8 գնդակով առաջնության գլխավոր ռմբարկուն է:

2. «Նոայի» ֆուտբոլիստները ևս բարձր տրամադրությամբ խաղադաշտ դուրս կգան, քանի որ հաղթանակով մեկնարկեցին Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում՝ սեփական դաշտում նվազագույն հաշվով առավելության հասնելով Խորվաթիայի չեմպիոն «Ռիեկայի» նկատմամբ:

Առաջնությունում էլ «Նոայի» գործերը հաջող են ընթանում: Վերջին երկու խաղերում չեմպիոնը հաղթանակներ է տոնել «Վանի» (2-1) և «Արարատի» (2-0) նկատմամբ և ընդամենը 2 միավորով է հետ մնում առաջատար «Ալաշկերտից», որից մեկ խաղ պակաս է անցկացրել:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Ուրարտու»՝ Դմիտրո Խլյոբաս - 4 գոլ:

«Նոա»՝ Մաքսիմ Մայրովիչ - 3 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ