Fastex Պրեմիեր լիգայի 10-րդ տուրից հետաձգված խաղում «Նոան» 2-1 հաշվով տնային հաղթանակի հասավ «Արարատ-Արմենիայի» նկատմամբ։
Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած հանդիպման հաշիվը բացվեց արդեն 8-րդ րոպեին. կոլումբացի պաշտպան Խուլիո Բուենոյի ինքնագոլի շնորհիվ «Նոան» առաջ անցավ հաշվի մեջ։
18-րդ րոպեին Ռուի Մոտայի գլխավորած թիմը մնաց 10 ֆուտբոլիստներով. կոպիտ խախտման համար գլխավոր մրցավար Հենրիկ Նալբանդյանը դաշտից հեռացրեց պորտուգալացի վինգեր Էլդեր Ֆերեյրային։
«Արարատ-Արմենիան» քանակական առավելություն ստանալուց հետո մեծացրեց ճնշումն ու 35-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը. կոլումբացի վինգեր Ջոնաթան Դուարտեի հիանալի անցումից հետո աչքի ընկավ նիգերիացի եզրային հարձակվող Տենտոն Յենեն։
«Նոան» կարողացավ ընդմիջման գնալ հաղթողի կարգավիճակում։ Ավելացված 10-րդ րոպեին տուգանայինից կատարած շքեղ հարվածով մրցակցի դարպասը գրավեց մարոկկացի կիսապաշտպան Իմրան Ուլադ Օմարը։
Երկրորդ խաղակեսում հյուրերն ունեին խաղային առավելություն, ստեղծեցին մի շարք վտանգավոր պահեր, բայց Վարդան Մինասյանի գլխավորած թիմը չկարողացավ խփել երկրորդ պատասխան գոլը։
90+11-րդ րոպեին «Արարատ-Արմենիան» նույնպես մնաց 10 ֆուտբոլիստներով. երկրորդ դեղին քարտն ստացավ Խուլիո Բուենոն։
«Նոան» 14 խաղից հետո միավորների քանակը հասցրեց 34-ի և բարձրացավ երրորդ տեղ, 17 հանդիպում անցկացրած «Արարատ-Արմենիան» 35 միավորով երկրորդն է։
Fastex Պրեմիեր լիգա, 10-րդ տուր
«Նոա» - «Արարատ-Արմենիա»` 2-1
Խուլիո Բուենո, 8 (ինքնագոլ), Իմրան Ուլադ Օմար, 45+10 - Տենտոն Յենե, 35
Հեռացում` Էլդեր Ֆերեյրա, 17 («Նոա»), Խուլիո Բուենո, 90+11 («Արարատ-Արմենիա)