Logo

Fastex Պրեմիեր լիգա. Մեկնարկային տուրի հանդիպումներին ընդառաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
15:02 / 01.08.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Օգոստոսի 1-ին «Գանձասար» - «Արարատ» հանդիպումով կմեկնարկի Fastex Պրեմիեր լիգայի 34-րդ առաջնությունը:

FastNews-ը ներկայացնում է տուրի անոնսը։

«Գանձասար» - «Արարատ»

Օգոստոսի 1, ժամը՝ 19:00, Երևան, «Ջունիոր սպորտ» մարզադաշտ

2 խաղ, որից մեկում հաղթել է «Արարատը», մյուսում գրանցվել է ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 1-3

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ 

1. Նախորդ մրցաշրջանում Fastex Պրեմիեր լիգայի նորեկ «Գանձասարը» Կարեն Բարսեղյանի գլխավորությամբ շատ անհաջող ելույթներ ունեցավ առաջնությունում՝ 30 հանդիպումներում վաստակած 10 միավորով (2 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 24 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 16-73) եզրափակելով մրցաշարային աղյուսակը: Կապանյան թիմը վաստակեց հնարավոր միավորների ընդամենը 11,1 տոկոսը:

Իրականում «Գանձասարը» 28 խաղ անցկացրեց: Առաջնությունից հեռացված «Վեստ Արմենիայի» հետ չկայացած խաղում գանձասարցիներին 3-0 հաշվով տեխնիկական հաղթանակ գրանցվեց, իսկ «Արարատի» հետ անավարտ մնացած մրցավեճում կապանցիներին 0-3 հաշվով տեխնիկական պարտություն գրանցվեց: Այնպես որ, իրականում «Գանձասարը» 13 գոլ խփեց, սեփական դարպասը 70 գոլ բաց թողեց:

Միակ հաղթանակն էլ գանձասարցիները տոնեցին միայն առաջնությունում անցկացրած 27-րդ խաղում՝ սեփական դաշտում նվազագույն հաշվով պարտության մատնելով «Շիրակին»:

2. «Արարատի» երկրպագուներն էլ չեն կարող գոհ լինել նախորդ առաջնությունում թիմի ցույց տված արդյունքից: Թիմը 32 միավորով զբաղեցրել էր 8-րդ տեղը: Նոր մրցաշրջանում արարատցիների գործողությունները կղեկավարի գլխավոր մարզչի պաշտոնում Տիգրան Եսայանին փոխարինած Ալբերտ Սաֆարյանը, որն «Արարատում» մարզչական աշխատանքի զգալի փորձ ունի:

Թիմի կազմը կրկին զգալի փոփոխություններ է կրել: Հայ ֆուտբոլիստներից «Արարատում» կրկին կխաղան Արթուր Գրիգորյանն ու Արման Հովհաննիսյանը, ինչպես նաև Արթուր Քարտաշյանն ու Տիգրան Սարգսյանը: Թիմը համալրել են նաև սևամորթ մի խումբ ֆուտբոլիստներ:

«Արարատից» հեռացել են Տիագո Գոմեսը, Ռայան Մզուգին, Արմեն Նահապետյանը, Բադեմ Դիաբիրան, Մարվին Էվունան, Մարկ Ֆրեդ Ցունգին, Կեսա Փոլ Բահը և Սերոբ Գալստյանը:

3. «Գանձասարի» կազմում ևս մեծ փոփոխություններ են տեղի ունեցել: Թիմից հեռացել են Տիգրան Ոփանյանը, Վահե Մուրադյանը, Ամին Միզյեդը, Սարգիս Շահինյանը, Աշոտ Քոչարյանը, Գրիգոր Մուրադյանը, Էրիկ Սողոմոնյանը, Գևորգ Մաթևոսյանը, Սուրեն Զաքարյանը, Ալեն Տատինցյանը, Ուսման Ֆայեն, Դավիթ Բարսեղյանն ու Էդվին Գյասին։

Թիմը համալրել են ռուս դարպասապահ Նիկիտա Լոբուսովը, նախկին ալաշկերտցիներ, բելառուս պաշտպան Եվգենի Գուլեցկին, Արման Խաչատրյանը, Աննան Մենսահը, Պետրոս Ավետիսյանը և Տարոն Ոսկանյանը, Նարեկ Ալավերդյանը, Պետրոս Մանուկյանը, Լեւոն Պետրոսյանը, Պատվական Ավետիսյանն ու Բեն Դիյադ Իսմայիլը:

ԲԿՄԱ - «Ուրարտու»

Օգոստոսի 2, ժամը՝ 19:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

15 խաղ, ԲԿՄԱ-ն հաղթել է 2 անգամ, «Ուրարտուն»՝ 13, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 12-32

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Նախորդ մրցաշրջանն ամենահաջողն էր ԲԿՄԱ-ի պատմության մեջ: Fastex Պրեմիեր լիգայի 33-րդ առաջնությունը թիմն ավարտեց 6-րդ տեղում՝ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ անցկացրած 30 հանդիպումներում վաստակելով 36 միավոր (10 հաղթանակ, 6 ոչ-ոքի, 14 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 44-54):

Fastex Պրեմիեր լիգայի 34-րդ առաջնությունը ԲԿՄԱ-ն դիմավորում է կազմի զգալի կորուստներով: Թիմից հեռացել են Արման Ներսեսյանը, Արամ Խամոյանը, Միսակ Հակոբյանը, Էդիկ Վարդանյանը, Կառլեն Հովհաննիսյանը, Դանիել Աղբալյանը, Մհեր Թառլոյանը, Արայիկ Էլոյանն ու Դավիթ Հակոբյանը:

«Նոայից» թիմ է վերադարձել 16 գոլով Fastex Պրեմիեր լիգայում ԲԿՄԱ-ի գլխավոր ռմբարկու Գրենիկ Պետրոսյանը: Բանակայինների շարքերը համալրել են նաև  Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան, նախորդ մրցաշրջանում «Սյունիքում» հանդես եկած Պողոս Կրմզյանը և Անդրանիկ Հակոբյանը:

2. Նախորդ առաջնության բրոնզե մրցանակակիր «Ուրարտուն» կրկին գլխավորել է Ռոբերտ Արզումանյանը՝ փոխարինելով Դմիտրի Գունկոյին, որը 2022/23թթ. մրցաշրջանում թիմի գլխավոր մարզչի պաշտոնում հենց նրա տեղն էր զբաղեցրել:

Ռոբերտ Արզումանյանը թիմի գլխավոր մարզչի պաշտոնն առաջին անգամ ստանձնել էր 2021թ. ապրիլին՝ փոխարինելով Ալեքսանդր Գրիգորյանին: «Ուրարտուն» շատ անհաջող սկսեց նոր մրցաշրջանը՝ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում երկու հանդիպումներում էլ զիջելով բելառուսական «Նեմանին»՝ 1-2, 0-4:

3. «Ուրարտուի» կազմը համալրել են Անդրիա Դրագոևիչը, Էդիկ Վարդանյանը, Անտոն Բրատկովը, թիմ վերադարձած Եվգենի Ցիմբալյուկն ու Արման Ղազարյանը:

Թիմից հեռացել են Ալեքսանդր Մելիխովը, Ալեքսանդր Պուսկոն, Իսաակ Բարին, Էդգար Մովսեսյանն ու Դմիտրի Տիխին:

4. «Ուրարտուն» ԲԿՄԱ-ի ամենադժվարին մրցակիցներից մեկն է Fastex Պրեմիեր լիգայում: Միայն մրցակիցների միջև կայացած 11-րդ խաղում էր ԲԿՄԱ-ին հաջողվել առաջին հաղթանակը տոնել «Ուրարտուի» նկատմամբ, որին զիջել էր նախորդ բոլոր հանդիպումներում: Բանակայինների համար պատմական այդ խաղը կայացել է 2023թ. դեկտեմբերի 4-ին ֆուտբոլի ակադեմիայում, որում Գրենիկ Պետրոսյանի գոլի և մրցակցի պաշտպան Իվան Զոտկոյի ինքնագոլի շնորհիվ ԲԿՄԱ-ն հաղթել է 2-0 հաշվով:

Եվ ահա նախորդ առաջնության առաջին շրջանում բանակայիններին հաջողվեց երկրորդ անգամ հաղթել «Ուրարտուին»: Իսկ մյուս երկու խաղերում առավելությունը կրկին «Ուրարտուի» կողմն էր:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

ԲԿՄԱ՝ Գրենիկ Պետրոսյան - 3 գոլ:

«Ուրարտու»՝ Կարեն Մելքոնյան - 4 գոլ:

«Նոա»  - «Շիրակ»

Օգոստոսի 3, ժամը՝ 20:00, Աբովյան, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր

22 խաղ, «Նոան» հաղթել է 11 անգամ, «Շիրակը»՝ 7 գրանցվել է 4 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 39-23

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ 

1. «Նոան» նոր գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչի գլխավորությամբ հաղթանակով նշեց նորամուտը Չեմպիոնների լիգայում՝ սեփական դաշտում նվազագույն հաշվով հաղթելով Չեռնոգորիայի «Բուդուչնոստին»: Պատասխան խաղն ավարտելով ոչ-ոի (2-2), «Նոան» որակավորման 2-րդ փուլում չկարողացավ հաղթահարել հունգարական «Ֆերենցվարոշի» արգելքն ու պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում, որտեղ կմրցի Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ Իմպսի» հետ: «Նոան» առաջին անգամ եվրագավաթներում մրցակցին զիջեց դիմակայության երկու հանդիպումներում էլ՝ 1-2, 3-4:

Մաթեուս Այասը գրավելով «Ֆերենցվարոշի» դարպասը, 7 գնդակով դարձավ եվրագավաթներում «Նոայի» գլխավոր ռմբարկուն: Բրազիլացի հարձակվողը մեկ գնդակով գերազանցեց Գոնսալու Գրեգորիուի ցուցանիշը: Այասը փյունիկցի Յուսուֆ Օտուբանջոյի հետ 7 գնդակով գլխավորեց եվրագավաթներում հայկական ակումբների լավագույն ռմբարկուների ցանկը:

2. «Շիրակն» էլ մրցաշրջանը կսկսի նոր գլխավոր մարզիչ Արսեն Հովհաննիսյանի գլխավորությամբ, որը փոխարինել է Ռաֆայել Նազարյանին: Հովհաննիսյանը վերադարձել է հարազատ ակումբ: Նա թիմի ղեկը ստանձնել էր նախորդ առաջնության 5-րդ տուրում՝ փոխարինելով Էդգար Թորոսյանին:

ԲԿՄԱ-ից հարազատ ակումբ է վերադարձել Մհեր Թառլոյանը, «Փյունիկից» հայրենի քաղաք է տեղափոխվել Համլետ Ալեքսանյանը, թիմին է միացել նիգերիացի հարձակվող Ջեսի Ակիլան «Վանից»:

«Շիրակից» հեռացել են Դարկո Վուկաշինովիչը, Հրայր Մկոյանը, Մաջիկո Ջունիոր Տրաորեն, Սեդրիկ Դոն և Ալի Կուլիբալին:

3. Մրցակիցների միջև կայացած առաջնության նախորդ 9 հանդիպումներում «Նոան» մեծ առավելության է հասել «Շիրակի» նկատմամբ՝ տոնելով 7 հաղթանակ, մեկ խաղ ավարտելով ոչ-ոքի, կրելով մեկ պարտություն: Միակ հաղթանակը «Շիրակը» տոնել է 2024թ. ապրիլի 27-ին՝ Գյումրիում առավելության հասնելով Մորի Կոնեի խփած միակ գոլի շնորհիվ:

4. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Սերգեյ Մուրադյանը «Նոայի» կազմում Fastex Պրեմիեր լիգայում 64-րդ խաղը կանցկացնի ու կդառնա թիմի ռեկորդակիրը: Նա կգերազանցի Մաքսիմ Մայրովիչի ցուցանիշը, որը 63 խաղի էր մասնակցել:

5. Հաղթելու դեպքում «Նոան» Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 100-րդ հաղթանակը կտոնի:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Նոա»՝ Վլադիմիր Ազարով, Արթուր Միրանյան, Էրալդ Չինարի - 3-ական գոլ:

«Շիրակ»՝ Մորի Կոնե - 4 գոլ:

«Վան» - «Արարատ-Արմենիա»

Օգոստոսի 4, ժամը՝ 17:30, Չարենցավան, Քաղաքային մարզադաշտ

18 խաղ, «Վանը» հաղթել է 3 անգամ, «Արարատ-Արմենիան»՝ 14, գրանցվել է 1 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 13-42

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Նախորդ մրցաշրջանում «Վանը» Վահե Գևորգյանի գլխավորությամբ բավական լավ տպավորություն թողեց և կարող էր նույնիսկ Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր նվաճել: Թե ինչպիսի արդյունք կգրանցի թիմը նոր մրցաշրջանում, դժվար է գուշակել, քանի որ մարզչական շտաբը թիմի բոլոր ֆուտբոլիստներով տեղափոխվել է «Ալաշկերտը»: «Վանը» գլխավորել է Էդգար Թորոսյանը:

Թիմը համալրած ֆուտբոլիստներից առաջին հերթին պետք է առանձնացնել բազմափորձ Հրայր Մկոյանին: «Վանում» կխաղան նաև ռուս դարպասապահ Դանիլա Բոկովը, Բենիկ Հովհաննիսյանը, Պետրոս Աֆաջանյանը, Գոռ Մանուկյանն ու Համլետ Մինասյանը:

2. «Արարատ-Արմենիան» նոր մրցաշրջանը սկսեց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի տնային խաղում ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» հետ գրանցած գոլազուրկ ոչ-ոքիով: Դա թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ, պորտուգալացի Մանուել Տուլիպայի գլխավորությամբ անցկացրած պաշտոնական առաջին հանդիպումն էր:

Հյուրընկալվելիս «Արարատ-Արմենիան» 2-1 հաշվով կամային հաղթանակ տոնեց ու Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի ուղեգիր նվաճեց: Ընդ որում հաղթական գոլը թիմի կազմում նորամուտը նշած Փոլ Այոնգոն խփեց լրացուցիչ ժամանակում:

3. Թիմից հեռացել են «Արարատ-Արմենիայի» գլխավոր ռմբարկուներ Մարիուս Նուբիսին և Տենտոն Յենեն, Էրիկ Օկանսին, Հովհաննես Հարությունյանը, Ամոս Նոնդին, Ռոմերսիոն, Հենրի Ավագյանը, Դանիլո Կուչերը, Ռաֆայել Մանասյանը և Ալեքսանդր Պավլովեցը:

Թիմը համալրած Բրունո Պինտուն, Ժոաու Լիման, Խուան Բալանտան, Միսակ Հակոբյանը, Արայիկ Էլոյանը, Ալեքսանդրոս Մալիսը, Վելթոնը, Հուգո Օլիվեյրան և Փոլ Այոնգոն արդեն նշել են իրենց նորամուտն «Արարատ-Արմենիայի» կազմում: Թիմի կազմը համալրել է նաև դարպասապահ Արման Ներսեսյանը:

4. Մրցակիցների միջև կայացած նախորդ առաջնության 3 հանդիպումներից 2-ում հաղթել է «Արարատ-Արմենիան», մեկն ավարտվել է ոչ-ոքի, որը միակն է թիմերի մրցավեճում:

«Արարատ-Արմենիան» մեծ առավելության է հասել «Վանի» նկատմամբ: Վերջին 12 հանդիպումներից 10-ն ավարտվել են «Արարատ-Արմենիայի» հաղթանակով: Միակ հաղթանակը «Վանի» օգտին գրանցվել է անցյալ տարվա մարտի 3-ին Ֆուտբոլի ակադեմիայում կայացած խաղում՝ 2-0:

5. «Վանի» դարպասը գրավելու դեպքում «Արարատ-Արմենիան» Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 400-րդ գոլը կխփի:

6. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Միսակ Հակոբյանը ոչ միայն նորամուտը կնշի «Արարատ-Արմենիայում» Fastex Պրեմիեր լիգայում, այլև ՀՀ առաջնություններում հոբելյանական՝ 100-րդ խաղը կանցկացնի:

7. 38-ամյա Հրայր Մկոյանը «Վանում» նորամուտը նշելու դեպքում կդառնա Fastex Պրեմիեր լիգայում չարենցավանյան թիմի կազմում հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստը: «Շիրակի» նախկին ավագը կգերազանցի Նիկոլայ Ցիգանի ռեկորդային ցուցանիշը, որն իր վերջին խաղը «Վանում» անցկացրել է 37 տարեկան 118 օրականում:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Արարատ-Արմենիա»՝ Ուիլֆրեդ Կուասի Էզա, Ջոնաթան Դուարտե, Արթուր Սերոբյան - 5-ական գոլ:

«Ալաշկերտ»  - «Փյունիկ»

Օգոստոսի 4, ժամը՝ 17:30, Արմավիր, Հ. Տոնոյանի անվան Քաղաքային մարզադաշտ

48 խաղ, «Ալաշկերտը» հաղթել է 12 անգամ, «Փյունիկը»՝ 22, գրանցվել է 14 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 55-75

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Նոր մրցաշրջանն «Ալաշկերտը» սկսում է ակումբում կատարված արմատական փոփոխություններով: Անտոն Զինգարևիչն ու Բագրատ Նավոյանը ստորագրած պայմանագրի համաձայն այսուհետ «Ալաշկերտ» ակումբի համասեփականատերերն են։ Նախորդ մրցաշրջանում «Վանում» սկսված նախագիծը կշարունակվի «Ալաշկերտում»։

Ուստի «Վանի» մարզչական շտաբը Վահե Գևորգյանի գլխավորությամբ և ֆուտբոլիստների ամբողջ կազմը տեղափոխվել են «Ալաշկերտ»: Թիմի կազմը համալրել են նաև մի խումբ նոր ֆուտբոլիստներ: Նախորդ առաջնությունում «Ալաշկերտում» խաղացած ֆուտբոլիստներից միայն Յուրի Մարտիրոսյանը կշարունակի ելույթները թիմում:

2. «Փյունիկը» հաջող էր սկսել նոր մրցաշրջանը: Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հաջողությամբ հաղթահարեց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը՝ պայքարից դուրս թողնելով Սան Մարինոյի «Տրե Ֆիորիին» (0-1, 5-0): Իսկ ահա 2-րդ փուլում փյունիկցիները երկխաղյա դիմակայությունում զիջեցին հունգարական «Դյորին» (2-1, 1-3) ու ավարտեցին ելույթները եվրագավաթներում:

Թիմի կազմում զգալի փոփոխություններ են կատարվել: «Փյունիկից» հեռացել են Անտոն Բրատկովը, Դավիդ Դավիդյանը, Արման Հովհաննիսյանը, Տարոն Ոսկանյանը, Սերժ Դեբլեն, Ագդոն Մենեզեսը, Թեմուր Ջիկիան, Բրայան Ալսեուսը, Միմիտոն և Արթուր Գրիգորյանը:

Թիմի կազմը համալրել են Մարիուս Նուբիսին, Սերոբ Գալստյանը, Գևորգ Տարախչյանը, Սարգիս Մեթոյանը, Կառլեն Հովհաննիսյանը, Դանիել Աղբալյանը, Նիկոլայոս Կայնուրգիոսը, Ֆիլիպե Ալմեյդան, Խավի Մորենոն, Դանիիլ Պոլյանսկին, Սեադ Իսլամովիչը, Էրիկ Օկանսին:

3. Նախորդ առաջնության առաջին շրջանում «Փյունիկի» նկատմամբ 2-0 հաշվով տարած հաղթանակով «Ալաշկերտն» ընդհատել էր չեմպիոնի հետ հանդիպումներում առանց հաղթանակների 12 խաղերի շարքը, որում կրել էր 9 պարտություն, 3-ն ավարտել էր ոչ-ոքի: Նախորդ անգամ ալաշկերտցիները «Փյունիկին» հաղթել էին 2021թ. մայիսի 6-ին: Հանդիպման ելքը վճռել էր ալաշկերտցի Բրանկո Միհայլովիչի խփած միակ գոլը: Ի դեպ, դա Բարձրագույն խմբում «Ալաշկերտի» հոբելյանական՝ 100-րդ հաղթանակն էր:

Երկրորդ շրջանում փյունիկցիները նույնպիսի հաշվով ռևանշի էին հասել, իսկ հաջորդ խաղում գրանցվել էր ոչ-ոքի՝ 1-1:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Ալաշկերտ»՝ Միհրան Մանասյան -11 գոլ:

«Փյունիկ»՝ Սարգիս Բալոյան, Կամո Հովհաննիսյան, Սերժ Դեբլե, Հովհաննես Հարությունյան - 4-ական գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ