Fastex Պրեմիեր լիգայում նոյեմբերի 25-ին կկայանա 3-րդ տուրից հետաձգված հանդիպումը:
FastNews-ը ներկայացնում է խաղի անոնսը։
«Փյունիկ» - «Արարատ-Արմենիա»
Նոյեմբերի 25, ժամը՝ 18:00, Աբովյան, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր
24 խաղ, «Փյունիկը» հաղթել է 8 անգամ, «Արարատ-Արմենիան»՝ 9, գրանցվել է 7 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 32-35
«Փյունիկ»՝ 4-րդ տեղ (23 միավոր), «Արարատ-Արմենիա»՝ 1-ին տեղ (31 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. Չեմպիոնի տիտղոսի հավակնորդ երկու թիմերն ընթացիկ առաջնությունում առաջին անգամ են հանդիպելու, քանի որ նրանց միջև 3-րդ տուրում կայանալիք մրցավեճը հետաձգվել էր: Առաջնությունում մրցակիցների միջև վերջին հանդիպումը կայացել է մարտի 28-ին և ավարտվել է «Արարատ-Արմենիայի» կամային հաղթանակով՝ 3-2:
Այդ խաղում հաշիվը 11մ հարվածով բացել էր Էդգար Մալաքյանը, այնուհետև Մատաս Վարեյկան երկրորդ գնդակն էր ուղարկել «Արարատ-Արմենիայի» դարպասը: Սակայն հետագայում Ժիրայր Շաղոյանի, Էրիկ Օկանսիի և Մարիուս Նուբիսիի խփած գոլերի շնորհիվ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ էր տարել: Ընդ որում Նուբիսին ավելացված ժամանակում 11մ հարվածով էր խփել հաղթական գոլը:
Իսկ պաշտոնական վերջին հանդիպումը մրցակիցների միջև տեղի է ունեցել ապրիլի 29-ին Հայաստանի գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղում, որում «Փյունիկը» թեև հաղթեց 2-0 հաշվով, սակայն հետխաղյա 11մ հարվածաշարում հաջողությունն ուղեկցեց «Արարատ-Արմենիային» (4-2), որն առաջին խաղում 2 անպատասխան գնդակ էր ուղարկել մրցակցի դարպասը:
Մինչև այդ էլ, ապրիլի 9-ին կայացած Սուպերգավաթի խաղում գործող գավաթակիր «Արարատ-Արմենիան» 4:0 հաշվով պարտության էր մատնել գործող չեմպիոն «Փյունիկին»։

2. Նախորդ տուրում «Փյունիկն» «Ուրարտուի» հետ մրցավեճում հրաշքով փրկվեց պարտությունից: Ավելացված ժամանակում աչքի ընկավ Սերգեյ Վակուլենկոն, որն իր առաջին գոլը խփեց փյունիկցիների կազմում: Նախորդ երկու խաղերում «Փյունիկը» հաղթել էր «Գանձասարին» (2-0) և ԲԿՄԱ-ին (2-1):
3. «Արարատ-Արմենիան» խնդիրներ չունեցավ «Արարատի» հետ նախորդ տուրի խաղում՝ հաղթելով 2-1 հաշվով: Հայաստանի կրկնակի չեմպիոնը շարունակեց առաջնության մեկնարկից իր անպարտելի 13 խաղերի շարքը: Հայաստանի առաջնություններում «Արարատ-Արմենիայի» անպարտելի խաղերի ամենաերկար շարքը գրանցվել է 2022/23թթ. մրցաշրջանում:
Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ թիմը 11-28-րդ տուրերում 18 խաղ շարունակ չէր պարտվել՝ տանելով 13 հաղթանակ, 5 խաղ ավարտելով ոչ-ոքի: Հետաքրքիր է, որ այդ շարքին նախորդած և հաջորդած երկու պարտություններն էլ «Արարատ-Արմենիան» կրել էր «Փյունիկից» (1-2, 1-4):
4. Մրցակիցների միջև կայացած առաջնության նախորդ 6 խաղերից միայն մեկում է «Փյունիկը» հաղթել (3-1): Դա տեղի է ունեցել անցյալ տարվա հոկտեմբերի 3-ին ֆուտբոլի ակադեմիայում կայացած խաղում: Մյուս հանդիպումներից 3-ում հաղթել է «Արարատ-Արմենիան», 2-ում գրանցվել է ոչ-ոքի:
5. Իր նախկին թիմի դարպասը գրավելու դեպքում 29-ամյա Մարիուս Նուբիսին ընթացիկ առաջնությունում 5-րդ գոլը կխփի ու կգերազանցի Լուկաս Վիլյելայի արդյունավետության տարիքային ռեկորդը: Վերջինս փյունիկցի այլազգի ֆուտբոլիստներից այդ տարիքում բոլորից շատ՝ 4 գոլ է խփել:
6. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Կամո Հովհաննիսյանը ֆուտբոլային կարիերայում հոբելյանական՝ 600-րդ խաղը կանցկացնի:

7. «Փյունիկի» ավագ Էդգար Մալաքյանն էլ խաղադաշտ դուրս գալու դեպքում Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 300-րդ խաղը կանցկացնի: Նա կդառնա այդ սահմանագիծը հատած ընդամենը 20-րդ ֆուտբոլիստը ՀՀ առաջնությունների անցկացման 33-ամյա պատմության մեջ: 461 խաղով ռեկորդակիրը նախկին շիրակցի Հովհաննես Թահմազյանն է:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Փյունիկ»՝ Լուկա Յուրիչիչ, Յուսուֆ Օտուբանջո - 4-ական գոլ:
«Արարատ-Արմենիա»՝ Տենտոն Յենե - 6 գոլ:


