Logo

Fastex Պրեմիեր լիգա. «Փյունիկ» - «Նոա» հանդիպմանն ընդառաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
11:06 / 24.11.2024Ֆուտբոլ
Բացառիկ
null

Fastex Պրեմիեր լիգայում նոյեմբերի 24-ին կկայանա 15-րդ տուրից հետաձգված «Փյունիկ» - «Նոա» հանդիպումը:

FastNews-ը ներկայացնում է խաղի անոնսը։

«Փյունիկ» - «Նոա»

Նոյեմբերի 24, ժամը՝ 19:00, Երևան, «Ջունիոր սպորտ» մարզադաշտ

22 խաղ, «Փյունիկը» հաղթել է 15 անգամ, «Նոան»՝ 5, գրանցվել է 2 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 33-15

1-ին շրջան. 24.09.2024  «Նոա» - «Փյունիկ»՝ 2-0 (0-0)

Գոլերը՝ 1-0՝ Գոնսալո Գրեգորիո 46՛, 2-0՝ Վիրժիլ Պինսոն 60՛:

«Փյունիկ»՝ 3-րդ տեղ (31 միավոր), «Նոա»՝ 4-րդ տեղ (28 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1.Առաջնության 15-րդ տուրից հետաձգված այս խաղը չեմպիոնության համար մղվող համառ պայքարում ընթացիկ մրցաշրջանի ամենասկզբունքային ու կարևորագույն մրցակցություններից մեկն է, որում հաղթանակի գինը շատ բարձր է: Երկու թիմերն էլ տպավորիչ ցուցանիշներով են ներկայանալու հանդիպմանը և ձգտելու են շարունակել անընդմեջ հաղթանակների շարքը:

2. Այնպես է ստացվել, որ «Փյունիկը» 17-օրյա ընդմիջումից հետո է կրկին խաղադաշտ դուրս գալու: Նախորդ տուրում «Վեստ Արմենիայի» հետ նախատեսված հանդիպումը չէր կայացել մրցակցի՝ խաղին չներկայանալու պատճառով: Նոյեմբերի 7-ին «Գանձասարի» հետ անցկացրած վերջին խաղում փյունիկցիներն աչքի էին ընկել բարձր արդյունավետությամբ՝ 5 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը:

Հայաստանի գործող չեմպիոնը 7-րդ անընդմեջ հաղթանակն էր տոնել, ինչը լավագույն արդյունքն է մասնակից թիմերի մեջ: Վերջին 3 խաղերում Հենրի Ավագյանի պաշտպանած դարպասն անառիկ է մնացել:

3. «Նոայի» համար «Փյունիկի» հետ մրցավեճը Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում նոյեմբերի 28-ին իսլանդական «Վիկինգուրի» հետ կայանալիք տնային խաղից առաջ վերջին փորձամրցումն է:

Նախորդ տուրում «Նոան» 6-րդ անընդմեջ հաղթանակով նշեց Fastex Պրեմիեր լիգայում իր հոբելյանական՝ 200-րդ խաղը՝ 4 անպատասխան գնդակ ուղարկելով «Արարատի» դարպասը: Հայաստանի փոխչեմպիոնը երկրորդ անընդմեջ խաղում մրցակցին հաղթեց խոշոր՝ 4-0 հաշվով: Դա ընթացիկ առաջնությունում «Նոայի» տարած խոշոր հաշվով 5-րդ հաղթանակն էր: Վերջին 6 հանդիպումներում Ռուի Մոտայի գլխավորած թիմը 22 գոլ է խփել:

4. Առաջնության առաջին շրջանում տարած հաղթանակով «Նոան» ընդհատել էր «Փյունիկի» հետ նախորդ 12 հանդիպումներում գրանցած առանց հաղթանակների շարքը (11 պարտություն, 1 ոչ-ոքի): Ի դեպ, Հայաստանի գործող չեմպիոնի համար սկզբունքային այդ հանդիպումը հոբելյանական՝ 850-րդն էր Fastex Պրեմիեր լիգայում:

«Նոան» «Փյունիկին» նախորդ անգամ հաղթել էր 3,5 տարի առաջ՝ 2021թ. մայիսի 15-ին ֆուտբոլի ակադեմիայում կայացած խաղում: Թիմին հաղթանակ էր պարգևել խաղավերջում Պետրոս Ավետիսյանի խփած միակ գոլը:

4. «Գանձասարի» հետ խաղում հեթ-տրիկ ձևակերպելով, Յուսուֆ Օտուբանջոն պատմական նվաճման էր հասել՝ 76 գնդակով դառնալով Հայաստանի առաջնությունների ամենաարդյունավետ այլազգի ֆուտբոլիստը: Նա գերազանցել էր բրազիլացի Մարկոս Պիզելիի ցուցանիշը, որի օգտին 75 գոլ էր գրանցված:

Եթե նիգերիացի հարձակվողին հաջողվի գրավել «Նոայի» դարպասը, ապա «Փյունիկի» կազմում Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 50-րդ գոլը կխփի: Դա կլինի «Նոայի» հետ հանդիպումներում Օտուբանջոյի 5-րդ գոլը, որի շնորհիվ նա կհավասարվի մրցակցի հետ դիմակայությունում «Փյունիկի» լավագույն ռմբարկու Հովհաննես Հարությունյանին:

Այդ գոլը կլինի Հայաստանում ակումբային բոլոր մրցաշարերում Օտուբանջոյի խփած 86-րդ գնդակը, որի շնորհիվ կհավասարվի Մարկոս Պիզելիին:

5. Նմանատիպ հաճելի հոբելյան է սպասում նաև Արտակ Դաշյանին, որի հերթական գոլը ևս կլինի հոբելյանական՝ 50-րդը Fastex Պրեմիեր լիգայում և 70-րդը կարիերայում:

6. Ալեքսեյ Պլոշադնին առաջնությունում անցկացրած իր վերջին 5 հանդիպումներում գոլ բաց չթողնելով, ընդհանուր առմամբ դարպասը 484 րոպե շարունակ անառիկ էր պահել ու գերազանցել էր թիմի նախկին դարպասապահ Վալերիո Վիմերկատիի ռեկորդային ցուցանիշը: Վերջինս 2020/21թթ. մրցաշրջանում «Նոայի» դարպասը 436 րոպե անընդմեջ անառիկ էր պահել:

Եթե «Փյունիկի» հետ խաղում 20-ամյա Պլոշադնին առնվազն 86 րոպե գոլ բաց չթողնի, ապա դարպասն անընդմեջ անառիկ պահած րոպեների քանակով (570) կգերազանցի «Սևանի» նախկին դարպասապահ Դիոգո Ֆիգերեդոյի տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում Հայաստանի առաջնություններում հանդես եկած դարպասապահներից բոլորից երկար՝ 569 րոպե շարունակ գոլ բաց չէր թողել:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Փյունիկ»՝ Հովհաննես Հարությունյան - 5 գոլ:

«Նոա»՝ Վլադիմիր Ազարով - 3 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա