Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Բիլբաոյի «Ատլետիկը» լրացուցիչ ժամանակում հաղթանակի (3:2) է հասել գործող գավաթակիր «Բարսելոնայի» դեմ խաղում:
«Բարսելոնայի» կազմում 61-րդ րոպեին Ֆերան Ժուտգլայի փոխարեն խաղադաշտ է դուրս եկել Անսու Ֆատին, որը լրացուցիչ ժամանակի 6-րդ րոպեին վնասվածքի պատճառով չի կարողացել շարունակել խաղը:
Ֆատին արցունքներն աչքերին լքել է խաղադաշտը, նրան փոխարինել է Սերժինիո Դեստը:
«Բարսելոնան» խաղից հետո պաշտոնական հայտարարություն է տարածել 19-ամյա հարձակվողի վնասվածքի վերաբերյալ՝ հաղորդելով, որ իսպանացին վնասել է ձախ ազդրը:
Ֆուտբոլիստի ապաքինման ժամկետը հայտնի կդառնա մի շարք հետազոտություններից հետո: Ըստ նախնական տեղեկությունների՝ Անսու Ֆատին կարող է շարքից դուրս մնալ 4-6 շաբաթով:
Հիշեցնենք, որ Ֆատին 2 ամիս բացակայելուց հետո խաղադաշտ էր վերադարձել Իսպանիայի Սուպերգավաթի՝ «Ռեալի» դեմ կիսաեզրափակիչ (2:3) խաղում՝ դառնալով գոլի հեղինակ: