Հունգարիայի 35-ակի չեմպիոն «Ֆերենցվարոշի» գլխավոր մարզիչ Պասկալ Յանսենը FastNews-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանին։ Այս տարվա սեպտեմբերին 23-ամյա ֆուտբոլիստը հունգարական ակումբից վարձավճարով տեղափոխվել էր Մոսկվայի «Լոկոմոտիվ»։
«Էդգարը լավ ֆուտբոլիստ է ու պայմանագիր ունի մեր ակումբի հետ: Նա բավարար խաղաժամանակ չէր ստանում մեզ մոտ, այդ պատճառով վարձավճարով տեղավոխվեց «Լոկոմոտիվ»: Սևիկյանն այս պահին հիանալի է խաղում և մեծ հույսեր ունենք նրա հետ, երբ վերադառնա: Տեսնենք, թե ապագան ինչպես կդասավորվի, բայց այս պահին իրավիճակը երկու կողմերին բավարարում է»,- զրույցում նշել է նիդերլանդցի մասնագետը։
Հիշեցնենք, որ Էդգար Սևիկյանը «Լոկոմոտիվի» սան է, մոսկովյան ակումբ վերադառնալուց հետո մասնակցել է 13 հանդիպման ու կատարել 4 գոլային փոխանցում։ Նա խաղացել է նաև իսպանական «Լևանտեում» ու ռուսական «Նիժնի Նովգորոդում», իսկ հունվարին տեղափոխվել էր «Ֆերենցվարոշ», որի կազմում անցկացրած 17 խաղում խփել է 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։ Կիսապաշտպանի պայմանագիրը հունգարական ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 2,5 միլիոն եվրո։