Հունգարական «Ֆերենցվարոշի» մարզական տնօրեն Տամաշ Հայնալը պատմել է, թե ինչպես է թիմի գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչը վերաբերվում Հայաստանի հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Էդգար Սևիկյանին:
«Ստանկովիչը Սևիկյանին մեծ տաղանդ է համարում: Նա հասկանում է, որ Էդգարին դեռ ժամանակ է հարկավոր թիմին ու պայմաններին հարմարվելու համար: Գլխավոր մարզիչը տեսնում է, որ մեր նորեկը բոլոր անհրաժեշտ տվյալներն ունի «Ֆերենցվարոշին» համապատասխանելու համար»,- sport-express.ru-ի հետ զրույցում ասել է Հայնալը:
Հիշեցնենք, որ Էդգար Սևիկյանը հունվարի 17-ին է ռուսական «Նիժնի Նովգորոդից» տեղափոխվել «Ֆերենցվարոշ», որը 1,2 միլիոն եվրո է վճարել տրանսֆերի համար։ 22-ամյա ֆուտբոլիստը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է։ 2017-ին Սևիկյանը տեղափոխվել էր իսպանական «Լևանտե», որի համակարգում 5 տարի անցկացնելուց հետո 2022-ի ամռանը միացել էր «Նիժնի Նովգորոդին»։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը ռուսական ակումբի կազմում անցկացրել է 24 հանդիպում ու դարձել 7 գոլի հեղինակ։ 2023-ին նա նորամուտն էր նշել Հայաստանի հավաքականում, որի կազմում անցկացրել է 4 հանդիպում։


