Աշխարհի կրկնակի չեմպիոն, հոլանդացի մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը կարծում է, որ Ֆորմուլա-1-ի գալիք մրցաշրջանում «Ռեդ Բուլի» գլխավոր մրցակիցը կլինի «Մերսեդեսը»:
«Նախորդ մրցաշրջանում «Մերսեդեսին» երբեմն հաջողվում էր ցուցադրել առավելագույնը: Եթե գալիք մրցաշրջանից առաջ նրանց հաջողվել է կատարելագործել բոլիդն այնպես, ինչպես ցանկանում էին, ապա վստահ եմ, որ հենց իրենք կլինեն մեր գլխավոր մրցակիցը»,- Ֆերստապենի խոսքը փոխանցում է F1i-ն:
Հիշեցնենք, որ Ֆորմուլա-1-ի նոր մրցափուլը Բահրեյնի Գրան պրիով կմեկնարկի մարտի 5-ին և կավարտվի Աբու-Դաբիի մրցումով նոյեմբերի 26-ին:


