ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների վարկանիշային հերթական աղյուսակը փետրվարի 1-ի դրությամբ:
Տղամարդկանց վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը (2852): Նախորդ ամսվա համեմատ նորվեգացի գրոսմայստերը 7-ով նվազեցրել է իր վարկանիշը:
Հայաստանը 100 ուժեղագույնների ցանկում ներկայացնում են 2 շախմատիստներ: Գաբրիել Սարգսյանը պահպանել է թե՛ իր 2699 վարկանիշը, թե՛ զբաղեցրած 41-րդ տեղը:
Իսկ Հայկ Մարտիրոսյանը որոշակի առաջընթաց է գրանցել: Նա վարկանիշն (2686) ավելացրել է 4-ով և 57-րդ տեղից բարձրացել է 51-րդ հորիզոնական:
Տղամարդկանց վարկանիշային աղյուսակում հայ շախմատիստներից երկուսը ներկայացնում են ԱՄՆ-ը: Լևոն Արոնյանը մեկով ավելացրել է իր վարկանիշը (2736) և նախկինի պես զբաղեցնում է 17-րդ տեղը: Սամուել Սևյանը պահպանել է իր 2687 վարկանիշը, սակայն 47-ից նահանջել է 50-րդ տեղ:
Կանանց վարկանիշային աղյուսակը գլխավորում է չինացի Հոու Յիֆանը՝ 2638: Նրա վարկանիշն անփոփոխ է մնացել:
100 ուժեղագույն շախմատիստուհիների ցանկում տեղ են զբաղեցրել Հայաստանի 3 ներկայացուցիչներ: Էլինա Դանիելյանի ցուցանիշներն անփոփոխ են մնացել: Նա 2431 վարկանիշով 35-րդ տեղում է:
Լիլիթ Մկրտչյանը պահպանել է վարկանիշը (2379) և, 2 աստիճանով բարձրանալով, զբաղեցնում է 68-րդ տեղը:
Զգալի առաջընթաց է ունեցել Աննա Սարգսյանը, որը վարկանիշն (2371) ավելացրել է 10-ով և 85-ից տեղափոխվել է 73-րդ տեղ:
Մինչև 20 տարեկան պատանիների վարկանիշային աղյուսակում Մամիկոն Ղարիբյանը 4-ով նվազեցրել է վարկանիշը (2486) և 57-րդ տեղից նահանջել է 59-րդ:
Մարիամ Մկրտչյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն է մինչև 20 տարեկան աղջիկների վարկանիշային աղյուսակում: Նա 38-ով նվազեցրել է վարկանիշը (2343) և 7-րդ տեղից նահանջել է 12-րդ:


