Logo

ՖԻԴԵ. Հայ շախմատիստներից ամենամեծ առաջընթացը գրանցել է Էլինա Դանիելյանը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
12:20 / 01.05.2023Շախմատ
null

ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների վարկանիշային թարմացված աղյուսակը մայիսի 1-ի դրությամբ: 

Տղամարդկանց վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել նորվեգացի Մագնուս Կառլսենը (2853), որը պահպանել է իր վարկանիշը: Լավագույն եռյակում են նաև ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին (2794) և աշխարհի նորընծա չեմպիոն, չինացի Դին Լիժենը (2789):

Հայաստանը 100 ուժեղագույնների ցանկում ներկայացնում են 3 շախմատիստներ: Գաբրիել Սարգսյանը 2692 վարկանիշով զբաղեցնում է 42-րդ տեղը, Հայկ Մարտիրոսյանը 2675 վարկանիշով 61-րդն է: Նախորդ ամսվա համեմատ նրանց ցուցանիշներն անփոփոխ են:

Հրանտ Մելքումյանը 5-ով ավելացրել է վարկանիշը (2650) և 100-րդ տեղից բարձրացել է 92-րդ հորիզոնական: 

Տղամարդկանց վարկանիշային աղյուսակում հայ շախմատիստներից երկուսը ներկայացնում են ԱՄՆ-ը: Լևոն Արոնյանի ցուցանիշն անփոփոխ է: Նախկինի պես նա 2745 վարկանիշով 11-րդ տեղում է: 

Սամուել Սևյանն էլ պահպանել է իր 2684 վարկանիշը, սակայն մեկ աստիճան բարձրացել է՝ զբաղեցնելով 51-րդ տեղը:

Կանանց վարկանիշային աղյուսակի առաջատարը նախկինի պես չինացի Հոու Յիֆանն է՝ 2628: Նրա վարկանիշն անփոփոխ է: 

100 ուժեղագույն շախմատիստուհիների ցանկում տեղ են զբաղեցրել Հայաստանի 4 ներկայացուցիչներ: Էլինա Դանիելյանը 12-ով ավելացրել է վարկանիշը (2416) և 50-ից բարձրացել է 43-րդ տեղ:

63-րդ տեղը զբաղեցնող Լիլիթ Մկրտչյանը պահպանել է իր 2389 վարկանիշը՝ նահանջելով մեկ աստիճան: 

2375 վարկանիշը պահպանած Աննա Սարգսյանը երեք աստիճան նահանջել ու զբաղեցնում է 75-րդ տեղը:
Մարիամ Մկրտչյանը 2360 վարկանիշով զբաղեցնում է 87-րդ տեղը: Նրա ցուցանիշներն չեն փոխվել:

Մինչև 20 տարեկան պատանիների վարկանիշային աղյուսակում Մամիկոն Ղարիբյանը պահպանել է վարկանիշը (2500), սակայն 54-րդ տեղից նահանջել է 56-րդ: Առաջին անգամ ցանկում է ընդգրկվել Էմին Օհանյանը, որը 2444 վարկանիշով 98-րդ տեղում է:

Մարիամ Մկրտչյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն է մինչև 20 տարեկան աղջիկների վարկանիշային աղյուսակում: Նա 9-րդ  տեղից նահանջել է 10-րդ հորիզոնական:  

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ