Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) պաշտոնական հայտարարությամբ արձագանքել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի որոշմանը տիտղոսը պաշտպանելուց հրաժարվելու վերաբերյալ:
«Մագնուս Կարլսենը արժանի է միայն ՖԻԴԵ-ի և ամբողջ շախմատային հանրության հարգանքին՝ անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնի իր կարիերայի վերաբերյալ: Պատմության մեջ շատ քիչ մարդիկ կարող են հասկանալ և գնահատել այն հսկայական զոհաբերությունները, որոնք պահանջվում են տիտղոսային հինգ մրցախաղի մասնակցելու համար։ Այլ մարզաձևերի մեծ չեմպիոններից շատերն են նման պահեր ապրել. տարիների ընթացքում դժվարանում է մարզվելու և ամենաբարձր մակարդակով մրցելու մոտիվացիա գտնելը, իսկ հաղթանակի համար պարգևը երբեք այնքան ուժեղ հույզեր չի առաջացնում, որքան առաջին անգամ հաղթելու դեպքում։
Հուսով էինք, որ վաստակած հանգստից հետո Մագնուսը այլ կերպ կնայի իրավիճակին։ Նրա կարգի սպորտային լեգենդները միշտ ձգտում են նվաճումների և ռեկորդների։ Նա երիտասարդ է և, հնարավոր է, դեռ կարող էր դասական խաղի ավելի շատ տիտղոսներով զարդարել իր արդեն փառավոր կարիերան։
Այն պահից, երբ նա առաջին անգամ հրապարակավ արտահայտել էր իր կասկածները, ՖԻԴԵ-ն բաց է եղել երկխոսության և աշխարհի առաջնության ձևաչափը փոխելու կոնկրետ առաջարկների քննարկման համար: Այդ գաղափարներից մի քանիսը մայիսին քննարկվել են Կարլսենի և այլ առաջատար խաղացողների հետ։ Իսկ Մադրիդում հանդիպման ընթացքում բաց և մանրամասն ենք քննարկել բոլոր խնդիրները։ Ավաղ, նա չմտափոխվեց։
Տիտղոսը պաշտպանելուց հրաժարվելու նրա որոշումն, անկասկած, հիասթափություն և վատ նորություն է երկրպագուների համար։ Այն մեծ դատարկություն է առաջացնում։ Բայց հիմա շախմատն առավել քան երբևէ ուժեղ է՝ մասամբ Մագնուսի շնորհիվ։ Իսկ աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը, մարզաշխարհի ամենահին և հարգված ավանդույթներից մեկը, կշարունակվի»,- մամուլի պաշտոնական հաղորդագրությունում նշել է ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը։
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Մագնուս Կարլսենը հայտարարել է, որ չի մասնակցելու ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ՝ 2023 թվականի սկզբին նախատեսված աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտին։


