ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
«Կասկած չունեմ, որ Ձեր փորձը, գիտելիքները, չխոսելով անգամ ֆուտբոլի հանդեպ ունեցած Ձեր սիրո և մարդկային որակների մասին, կօգնեն դիմակայել ապագա բոլոր մարտահրավերներին՝ ի ծառայություն եվրոպական ֆուտբոլային հանրության:
Համոզված եմ, որ որպես ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ՝ Դուք կկարողանաք կարևոր ներդրում ունենալ ՈՒԵՖԱ-ի և, ինչը ամենակարևորն է, մեզ բոլորիս միավորող համաշխարհային սպորտի զարգացման գործում:
Լավագույն մաղթանքներս եմ հղում և ցանկանում եմ հաջողություն ու համարձակություն առջևում առկա բոլոր մարտահրավերների դեպքում:
Հարգելի՛ նախագահ, անհամբեր սպասում եմ մեր նոր հանդիպմանը»,- ասել է Ինֆանտինոն։
ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը նույնպես շնորհավորել է Մելիքբեկյանին.
«Ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորանքները ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեում ընդգրկվելու կապակցությամբ: Բելգրադում անցկացված վերջին ընտրությունները նշանավորվում են մեր կազմակերպության համար հետաքրքիր նոր շրջանով, իսկ Ձեր հաջող քարոզարշավը հստակ վկայությունն է այն հարգանքի և վստահության, որը Դուք վաստակել եք եվրոպական ֆուտբոլային համայնքում տարիների ընթացքում: Դուք առաջին անգամ եք ստանձնում այս պաշտոնը, սակայն Ձեր հեղինակությունն առաջնորդում է Ձեզ:
Ձեր ձայնը, ազնվությունն ու ֆուտբոլի նկատմամբ ունեցած նվիրվածությունն իրական արժեք կլինեն Կոմիտեում աշխատելու ընթացքում: Ես անհամբերությամբ սպասում եմ մեր համատեղ աշխատանքին: Ձեր թարմ հայացքն ու յուրօրինակ տեսանկյունից եկող խորհուն մոտեցումը, անկասկած, հենց սկզբից կարևոր ազդեցություն կունենան: Մաղթում եմ Ձեզ հաջողություն այս կարևոր և պատասխանատու աշխատանքում»,- նշել է Չեֆերինն իր նամակում։
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Արմեն Մելիքբեկյանը չորս տարի ժամկետով ընտրվել է ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամ։


