Միջազգային ֆուտբոլի ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելու աշխարհի 2026 թվականի առաջնությունը, որն անցկացվելու է ԱՄՆ-ում, Կանադայում ու Մեքսիկայում, հաղորդում է ESPN-ը:
Թրամփը հայտարարել է Մունդիալին նախապատրաստվելու համար աշխատանքային խումբ ձևավորելու մասին, որը կղեկավարեն ամերիկյան կառավարության անդամները: «Մեր երկրի համար առաջնությունը հյուրընկալելը մեծ պատիվ է»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ մրցաշարի մի քանի հանդիպումների ներկա լինելու պատրաստակամություն հայտնելով:
Ջանի Ինֆանտինոն իր հերթին հայտարարել է, որ ՖԻՖԱ-ն ԱՄՆ-ում է՝ «մոլորակի վրա երբևէ եղած լավագույն շոուն ստեղծելու համար»: Նա Մունդիալը համեմատել է մեկ ամսվա ընթացքում օրական երեք Սուպերբոուլ անցկացնելու հետ՝ ընդգծելու համար, թե դա անվտանգության ու լոգիստիկ ինչպիսի մարտահրավեր է մրցաշարն ընդունող երկրների կառավարությունների համար:
ՖԻՖԱ-ի նախագահը Դոնալդ Թրամփին ներկայացրել է աշխարհի 2025թ. ակումբային առաջնության գավաթը, որը բացվում է հատուկ բանալիով: Ինֆանտինոն ցուցադրել է, թե ինչպես է աշխատում «ապագայի գավաթի» մեխանիզմը: Դոնալդ Թրամփը հիացել է նորարարությամբ: Նոր ձևաչափով ԱԱԱ-ն նույնպես կանցկացվի ԱՄՆ-ում 2025 թվականի հունիսի 14-ից հուլիսի 13-ը:
Դրանից բացի, Ջանի Ինֆանտինոն ԱՄՆ նախագահին նվիրել է անվանական գնդակ:



