ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ ստեղծված աշխատանքային խումբը դիտարկում է VAR համակարգում փոփոխություններ կատարելու հարցը, հայտնում է Marca-ն:
Այժմ մասնագետները փորձարկում են տեսակրկնությունների համակարգը թիմերի գլխավոր մարզիչների պահանջով օգտագործելու տարբերակը:
Ստեղծվել է ավելի պարզունակ տեխնոլոգիա, ավելի քիչ տեսախցիկներով, բայց հասանելի բոլորի համար:
Յուրաքանչյուր թիմի մարզիչ հանդիպման ընթացքում իրավունք կունենա 2 անգամ օգտվել VAR համակարգից: Խաղացողները նույնպես կարող են խնդրել մարզիչներին դիմել համակարգի օգնությանը: Եթե մրցավարը մարզչի պահանջով տեսակրկնապատկերը դիտելուց հետո փոխի որոշումը, ապա թիմը կպահպանի 2 հնարավորության իրավունքը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները որոշել էին քննարկել հաջորդ մրցաշրջանում VAR համակարգը պահպանելու տարբերակը:


