Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) վարկածով 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստի ընտրության քվեարկութանը։
«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրի փոխարեն դա արել է Պորտուգալիայի հավաքականի փոխավագ, «Պորտուի» պաշտպան Պեպեն:
40-ամյա ֆուտբոլիստը առաջին տեղում նշել է Փարիզի ՊՍԺ-ի ֆրանսիացի ռմբարկու Կիլիան Մբապեին, երկրորդում՝ Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի ավագ Կարիմ Բենզեմային, երրորդում՝ Խորվաթիայի ազգային հավաքականի և «Արքայական ակումբի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչին:
Հիշեցնենք, որ կարիերայում երկրորդ անգամ The Best մրցանակին արժանացել էր աշխարհի նորընծա չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ, Փարիզի ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին:
38-ամյա Ռոնալդուն 2007 թվականից հետո առաջին անգամ չէր ընդգրկվել ՖԻՖԱ-ի վարկածով տարվա խորհրդանշական հավաքականում։


