Մրցաշրջանի 1/3-րդն արդեն անցյալում է. կարող ենք որոշակի վերլուծություններ անել եվրոպական թիմերի խաղի վերաբերյալ: Իսպանիայում «Բարսելոնան» առաջատար է բոլոր վիճակագրություններով: «Բարսան» այն թիմն է, որ ամենալավն է խաղացել, ամենաշատ գոլերն է խփել և ամենաշատ միավորն է վաստակել:
Կա ևս մեկ վիճակագրություն, որն անակնկալի բերեց բոլորին. կատալոնական ակումբի՝ խաղից դուրս ստեղծելու նոր հմտությունը, որին անդրադառնում է FastNews-ը։
Հանսի Ֆլիկը բազմաթիվ փոփոխություններ է մտցրել թիմի խաղում, որոնցից շատերը տեսանելի են (ինտենսիվ խաղ, անհատների աճ, գնդակի ավելի լավ վերահսկում), բայց արհեստական խաղից դուրս ստեղծելու նորամուծությունը հետաքրքրում է բոլորին, հատկապես՝ «Էլ կլասիկոյից» հետո:
Եվրոպական թոփ-5 առաջնություններում որևէ թիմի դեմ մրցակիցն ավելի շատ խաղից դուրս վիճակում չի հայտնվել, քան «Բարսայի»: Ընդ որում՝ կատալոնացիների առավելությունն այս հարցում ահռելի է. «Բարսելոնայի» մրցակիցները խաղից դուրս վիճակում են հայտնվել 86 անգամ՝ 2 անգամ ավելի շատ, քան այս հարցում մոտակա հետապնդող «Պարմայի» մրցակիցները (43): Յուրաքանչյուր 90 րոպեի ընթացքում «Բարսելոնայի» մրցակիցները 6.62 անգամ են հայտնվում խաղից դուրս վիճակում, «Պարմայի» դեպքում այդ ցուցանիշը կազմում է 3.58:
Ինչպե՞ս է «Բարսելոնան» ստեղծում խաղից դուրս վիճակ
Ակնհայտ է, որ «Բարսայի» այս նոր տակտիկայի հիմքում բարձր պրեսինգն է և գործողությունների հիմնական բեմահարթակը մրցակցի կիսադաշտը դարձնելը: Մրցակցի դարպասից 40 մետր հեռավորության շրջանակում խլումների քանակով Ֆլիկի թիմը եվրոպական թոփ-5 լիգաներում լավագույն տասնյակում է:
Բնականաբար՝ ամեն ինչ այդքան հեշտ ու պարզ չէ, այս մարտավարությունը ներառում է տարբեր հնարքներ և դետալներ, որոնց վրա թիմը մարզումների ընթացքում քրտնաջան աշխատում է: Պետք է հաշվի առնել նաև, որ այս տակտիկան չափազանց ռիսկային է, ու բոլոր ֆուտբոլիստները, հատկապես՝ պաշտպաններն ու կիսապաշտպանները, չափազանց ուշադիր պիտի լինեն՝ չնչին սխալից խուսափելու համար:
Կենտրոնական պաշտպանները շարժվում են առաջ, եզրայինները հետևում են նրանց յուրաքանչյուր քայլին: Միտքն այն է, որ մրցակցի հարձակվողները հեռու լինեն իրենց դարպասից՝ որքան հնարավոր է, ու միևնույն ժամանակ չիմանան՝ ինչ հեռանկարներ ունեն մեկնարկային արագությունն այնպես զարգացնելու համար, որ հանկարծ խաղից դուրս վիճակում չհայտնվեն:
Վերլուծությունները ցույց են տալիս, որ «Բարսելոնայի»՝ խաղից դուրս ստեղծելու առաջին հնարքը պաշտպանների ու կիսապաշտպանների շերտերի միջև տարածության կրճատումն է: Պաշտպանները մոտ են տեղակայվում կիսապաշտպաններին, մրցակցին էլ զրկում են միմյանց կարճ փոխանցումներ կատարելու հնարավորությունից: Այսպես՝ գրոհող թիմի ֆուտբոլիստը, չունենալով բազմաքայլ կոմբինացիա խաղարկելու հնարավորություն, մտածում է միանգամից գնդակը դեպի հարձակման կրակագծում գտնվող ֆուտբոլիստի ուղղությամբ փոխանցելը, այդ ժամանակ էլ «Բարսայի» պաշտպանները կազմակերպված գիծ են կառուցում ու մրցակցին թողնում խաղից դուրս վիճակում:
Նմանատիպ դրվագ՝ «Օսասունայի» հետ մրցավեճից
«Օսասունայի» հետ խաղում «Բարսելոնան» պարտվեց, բայց ցույց տվեց, որ աշխատում է խաղից դուրս ստեղծելու ուղղությամբ, և այն արդյունավետ կերպով շաբաթներ անց կիրառեց Մադրիդի «Ռեալի» դեմ մրցավեճում: «Էլ կլասիկոյի» դրվագներից մեկում, երբ «Ռեալը» խորքից գրոհ էր սկսում, «Բարսայի» կիսապաշտպաններից մեկը փակում էր դեպի միջին գոտի փոխանցման հնարավորությունները, ևս 3 ֆուտբոլիստներ պրեսինգի էին ենթարկում փոխանցում կատարող ֆուտբոլիստին: Միակ տարբերակը գնդակը Վինսիուսին փոխանցելն էր, այդ դեպքում էլ կատալոնացիների պաշտպանության շերտը պատրաստ էր մեկ շարժվումով խաղից դուրս վիճակում թողնել բրազիլացի հարձակվողին:
Ամեն անգամ թիմային, սինխրոն ու ներդաշնակ համագործակցություն ապահովելը բարդ է, եթե ոչ՝ անհնար: Ուստի, «Բարսան» մշակել է նաև այլընտրանքային մեթոդներ, որոնցից մեկը թիմը նույնպես կիրառեց «Ռեալի» հետ մրցավեճում: Պաշտպաններն այս իրավիճակում արդեն մեկ գծով չէին դիրքավորված, մեծ մասը դաշտի միջին հատվածում էր: Միայն Պաու Կուբարսին էր, որ հետևում էր Կիլիան Մբապեի տեղաշարժին: Երիտասարդ ֆուտբոլիստը հետապնդում էր ֆրանսիացուն, բայց կանգ առավ հենց այն պահին, երբ Ջուդ Բելինգեմը կատարեց փոխանցումը, և Մբապեն նորից մնաց խաղից դուրս վիճակում: Չափազանց կարևոր է ճիշտ պահին կանգնելու գործոնը:
Իսկ ի՞նչ, եթե մրցակիցը որոշում է խաղից դուրս վիճակից խուսափելու համար փոխանցում կատարելու փոխարեն միայն գնալ առաջ՝ ստեղծելով դիրքային առավելություն: Այս մարտավարությանն էլ է «Բարսելոնան» պատրաստ: Ֆլիկն ավտոմատիզացրել է դիրքային նահանջի ժամանակ ևս խաղից դուրս ստեղծելը:
«Ալավեսի» հետ մրցավեճում, երբ «Բարսելոնան» ամբողջ կազմով մրցակցի կիսադաշտում էր, ֆուտբոլիստներից մեկը որոշեց առաջ շարժվել ու օգտագործել ազատ տարածությունը: «Ալավեսի» ֆուտբոլիստներն այդ ժամանակ ունեին դիրքային առավելություն, ընդամենը 1 փոխանցում էր անհրաժեշտ՝ գոլային գրոհ ձեռնարկելու համար: Բայց այստեղ էլ կենսական նշանակություն է ունենում խաղից դուրսը «փակող» պաշտպանի աշխատանքը: Տվյալ դեպքում այդ ֆուտբոլիստն Ինիգո Մարտինեսն է, որը գնդակով առաջ սլացող մրցակցի ու գնդակի ուղղությամբ նայելու փոխարեն նայում է եզրային հարձակվողի տեղաշարժին՝ նրանից հետ մնալու համար:
Այսպես՝ Ինիգոն «լույսի» արագությամբ խաղից դուրս վիճակում է թողնում «Ալավեսի» վինգերին՝ ստիպելով գնդակով առաջ շարժվող ֆուտբոլիստին հրաժարվել փոխանցում կատարելու մտքից:
Այդ կերպ «Բարսելոնան» խաղից դուրս վիճակ ստեղծելը վերածել է արվեստի, դարձրել է պաշտպանվելու և գոլ ընդունելուց խուսափելու նոր ճանապարհ՝ կատենաչոյից, մրցակցին գնդակից զրկելուց կամ պարզապես ավտոբուս մարտավարությունից զատ: Բոլորն են հասկանում, որ այս ամենը շատ ռիսկային է ու պաշտպաններից պահանջում է լինել 100 տոկոսով զգոն և կենտրոնացած խաղի ցանկացած պահի. «Գիտենք՝ որքան բարդ ճանապարհ ենք ընտրել, բայց չենք փոխելու այս խաղաոճը»,- պնդում է Ֆլիկը:
Գերմանացին ցույց է տալիս, որ երբ գտնում ես մեթոդ ու աշխատում դրա վրա ամենայն մանրամասնությամբ՝ այն աշխատում է: Հատկապես հիմա, երբ գործում է VAR համակարգը և օգնում է մրցավարներին չսխալվել ու արձանագրել բոլոր խաղից դուրս վիճակները, որոնց չարձանագրվելու դեպքում «Բարսան» մի շարք գոլեր կընդուներ: Պետք չէ մոռանալ, որ «Բարսելոնայի» դարպասին այս մրցաշրջանում արդեն 11 գոլ է չեղարկվել (13, եթե հաշվենք նաև Չեմպիոնների լիգան):
Այսպիսով՝ բոլոր թիմերն արդեն գիտեն, թե ինչի հետ գործ ունեն: «Բարսայի» մրցակիցներն էլ գոլը տոնելուց առաջ երկար են մտածում: Մնում է սպասել ու տեսնել, թե որը կլինի առաջին թիմը, որ չի հայտնվի Ֆլիկի ծուղակում ու կգտնի այդ ծուղակի հակախաղը: