Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից փետրվարի 28-ին հեռացած Նոել լե Գրեն նոր աշխատանք ունի, հայտնում է RMC Sport-ը:
ՖԻՖԱ-ն 81-ամյա մասնագետին նշանակել է իր փարիզյան գրասենյակի ղեկավար:
«Մենք շնորհակալություն ենք հայտնել նախագահին իր բացառիկ ծառայությունների և հիանալի ղեկավար լինելու համար: Նախագահը նոր պաշտոնի նշանակվել է Ջանի Ինֆանտինոյի կողմից: Նա կգլխավորի ՖԻՖԱ-ի Փարիզի գրասենյակը»,- հայտարարել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ Էրիկ Բորգինին:
Հիշեցնենք, որ Լե Գրեն հայտնվել էր սկանդալի կենտրոնում, երբ ասել էր, որ չի վերցնի հեռախոսը, եթե իրեն զանգի ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանը, որի թեկնածությունը շրջանառվում էր Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում: Այդ միջադեպից հետո նա ներողություն էր խնդրել լեգենդար ֆուտբոլիստից:
Բացի այդ, Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին և ներկայիս աշխատակցուհիները հայտարարել են, որ սեռական բռնության են ենթարկվել նրա կողմից: 2023 թվականի հունվարի 17-ին Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել դրա առնչությամբ:
Նոել լե Գրեն 2011 թվականից էր զբաղեցնում Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը և ՖԻՖԱ-ի խորհրդի 37 անդամներից է։


