«Սարդարապատ» ֆուտբոլային ակումբը, լինելով հայ-ֆրանսիական համագործակցության վառ օրինակ և հայ-ֆրանսիական ֆուտբոլային ամենախոշոր նախագիծը, մարտի 21-ին հյուրընկալել է Ֆրանսիայի սպորտի դեսպան Սամուել Դյուկրոքեին, FastNews-ը տեղեկանում է «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունից:
Այցին ներկա են եղել նաև Հայաստանում ֆրանսիական դեսպանության Մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Քսավիե Ռիշարը և Տնտեսական ու տեխնիկական համագործակցության հարցերով կցորդ Էվան Դա Կոստա Մարկեսը:
Այցի շրջանակում հյուրերին ներկայացվել են «Սարդարապատ» ՖԱ -ի պատմությունը, ակադեմիան, ենթակառուցվածքը և ակումբի առաքելությունն ու սահմանած նպատակները: Հանդիպմանը քննարկվել են ակումբի ընթացիկ և առաջիկա ծրագրերը, ինչպես նաև հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակում համատեղ աշխատանքի հնարավորությունները:
«Մեծ պատիվ էր հյուրընկալել Ֆրանսիայի սպորտի դեսպանին և Ֆրանսիայի դեսպանության մեր ֆրանսիացի գործընկերներին ու պատմել «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբի մասին։ Վստահ եմ՝ այս համագործակցությունը նոր էջ կբացի ակումբի և տարածաշրջանում ֆուտբոլի զարգացման համար»,- նշել է «Սարդարապատի» գլխավոր տնօրեն Անուշ Անանյանը:
Սպորտի դեսպանը, որը, ի դեպ, «Սարդարապատ» ՖԱ-ի գործընկեր «Լանս» ֆուտբոլային ակումբի (RC Lens) երկրպագու է, ակադեմիայի մի քանի սաների հետ հարցուպատասխան ֆորմատով կիսվել է իր տպավորություններով. «Երբ փոքր տարիքում խաղում էր ֆուտբոլ, նման հնարավորությունների ու հարմարությունների մասին կարող էր միայն երազել»: Վերհիշելով Փարիզում 2024 թվականին կայացած ամառային Օլիմպիական խաղերը, ինչպես նաև խոսելով 2027 թվականին Հայաստանում կազմակերպվելիք Ֆրանկոֆոնիայի խաղերի մասին՝ Սամուել Դյուկրոքեն ընդգծել է սպորտի միավորելու հատկությունը: Սպորտի դեսպանի ու Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցիչների այցը եզրափակվել է ակադեմիայի սաների հետ խաղով, որը հնարավորություն է տվել Սամուել Դյուկրոքեին ցուցադրելու իր ֆուտբոլային ունակությունները:
«Սարդարապատ» ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 2021թ-ին ֆրանսիական «Լանս» ֆուտբոլային ակումբի (RC Lens) հետ տեխնիկական համագործակցությամբ՝ Հայաստան բերելով վերջինի մեթոդաբանութունն ու մարզումային ծրագիրը: Ակումբի ակադեմիան առաջարկում է բարձրակարգ ֆուտբոլային կրթություն թե՛ տղաներին, թե՛ աղջիկներին։ Մարզումներն անցկացվում են ժամանակակից և լիովին կահավորված մարզադպրոցում, որը գտնվում է Արմավիր քաղաքում։
Լուսանկարները՝ «Սարդարապատ» ՖԱ