Logo

Ֆրիդա Կալո՝ «Երկու Ֆրիդաները». Իրական ու երևակայական Ֆրիդաները

Հեղինակ
melaniesargsian
00:00 / 14.02.2019ՄՇԱԿՈՒՅԹ
frida kahlo 1050x700 - Ֆրիդա Կալո՝ «Երկու Ֆրիդաները». Իրական ու երևակայական Ֆրիդաները

Մռալ, փոթորկալից ու մթագնած ֆոնի վրա նստած են երկու Ֆրիդաները՝ ձեռք ձեռքի տված: Սա մի յուրօրինակ ստեղծագործություն է. կրկնակի ինքնադիմանկարը հազվադեպ է հանդիպում նկարչության մեջ:

Ֆրիդան ստեղծել է այս կտավը 1939 թվականին՝ որմնանկարիչ Դիեգո Ռիվերայից բաժանվելուց անմիջապես հետո: Բաժանումից խորապես խոցված՝ նկարչուհին իր տանջանքները արտահայտում է կտավում:

Ի՞նչ ենք տեսնում

Ձախ կողմի Ֆրիդան

Հարսանեկան զգեստ հագած Ֆրիդայի սիրտը մորթազերծված է և տեսանելի զգեստի վրայից: Նա աքցանի միջոցով փորձում է դադարեցնել իր սրտից դուրս եկած երակի արյան հոսքը: Սակայն արյունն արդեն իսկ թափվել է մինչ այդ անբիծ, սպիտակ զգեստի վրա: Աղջիկը գունատ է և խոցելի: Նա խորհրդանշում է ամուսնացած և կոտրված սրտով Ֆրիդային: Դիեգո Ռիվերան նրան լքել է և ապահարզան է պահանջում, ինչն ընդունել նկարչուհին դեռ պատրաստ չէ:

Աջ կողմի Ֆրիդան

Ֆրիդան՝ հագած ավանդական մեքսիկական տեհուանա զգեստը, որն այնքան խելահեղորեն սիրում էր իր ամուսինը, իր ձեռքում պահում է Դիեգոյի փոքրիկ դիմանկարը: Նրա սիրտը նույնպես տեսանելի է, բայց այս անգամ՝ անվնաս: Սրտից եկող զարկերակը չի արնահոսում, բայց այն ծառայում է որպես ամուսնու դիմանկարի հիմք: Սա այն Ֆրիդային է խորհրդանշում, որին սիրում է Դիեգոն, այն Ֆրիդային, որի սիրտը չի արնահոսում ամուսնու բացակայության պատճառով: Նա կարծես ավելի ուժեղ է: Նրա տղամարդկային բեղերը ավելի արտահայտիչ են, և ոտքերի՝ իրարից հեռու դիրքը նրան հավելյալ առնական ուժ է հաղորդում, ինչը ձախ կողմի՝ ավելի փխրուն Ֆրիդայի հակապատկերն է:

Ֆրիդայի բացատրությունը

Իր անձնական հուշատետրում՝ «Երկու Ֆրիդաների ծագումը» բաժնում, նա բացատրում է, որ իր համար միշտ մի երևակայական ընկեր է հորինել, որն ուղեկցում էր իրեն և օգնում դիմակայել խնդիրներին: Սպիտակազգեստ աղջիկը իրական Ֆրիդան է, մինչդեռ տեհուանա զգեստովը գալիս էր երևակայությունից ՝ աջակցելու բաժանման ծանր փորձության ժամանակ:

Խորհրդանշական գույներ

Աջ կողմում նստած Ֆրիդայի զգեստը դարչնագույն է, կապույտ և կանաչ: Եթե հավատանք Ֆրիդայի անձնական հուշատետրին, որում նկարչուհին բացատրում է իր կտավներում օգտագործված գույների նշանակությունը, ապա կնկատենք, որ երևակայական Ֆրիդան կրում է սիրո, բայց նաև խելագարության, տարածության, վախի և տեսիլքի գույները: Հակասական այս զգացողությունները Ֆրիդան ապրել է բաժանման օրերին, և իր՝ ավելի ուժեղ կրկնօրինակն էր, որ կրում էր այդ զգացմունքները, որոնցից իրական Ֆրիդան ցանկանում էր ձերբազատվել:

frida kahlo the two fridas pg reproductions - Ֆրիդա Կալո՝ «Երկու Ֆրիդաները». Իրական ու երևակայական Ֆրիդաները

Նյութը պատրաստեց՝ Տաթև Մանուկյան

Աղբյուրը՝ arts-in-the-city.com

«Մի նկարի պատմություն» ամբողջ շարքը՝ այստեղ

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ