Իտալիայի փոխչեմպիոն «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացած պորտուգալացի մասնագետ Պաուլու Ֆոնսեկան դիմել է թիմի երկրպագուներին:
«Ես գրկում եմ բոլորին և ասում շնորհակալություն հարգանքի և աջակցության համար: Հպարտ եմ, որ «Միլանի» մարզիչն եմ եղել: Հրաժեշտ եմ տվել թիմին և հեռացել»,- Ֆոնսեկայի խոսքը մեջբերում է MilanNews.it-ը:
51-ամյա Ֆոնսեկան Իտալիայի փոխչեմպիոնի գլխավոր մարզչի ղեկը ստանձնել էր հուլիսին: Նրա գլխավորությամբ «Միլանն» անցկացրել է 24 խաղ, տարել 12 հաղթանակ, գրանցել 6 ոչ-ոքի և պարտվել նույնքան խաղում:
Հանրահայտ ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկացրել է, որ «Միլանի» նոր գլխավոր մարզիչը կլինի պորտուգալացի Սերժիու Կոնսեյսաուն, նա Իտալիա կժամանի դեկտեմբերի 30-ին:
50-ամյա Կոնսեյսաուն նախորդ 7 տարիներին գլխավորել է պորտուգալական «Պորտուն»:


