Թիմի հանդեպ հավատարմությունը Ֆորմուլա 1-ի ու ընդհանրապես ավտոսպորտի մասին չէ։ Եթե թիմային այլ մարզաձևերում անհատն ակումբին կարող է նվիրվել տասնամյակներ, երբեմն նաև ամբողջ կարիերա, ապա ավտոսպորտում չես գտնի Ֆրանչեսկո Տոտի կամ Քոբի Բրայանթ: Այս պարագայում, սակայն, պիլոտներին մեղադրելը դժվար է։ Նախ՝ բազմաթիվ այլ սպորտաձևերում թիմը բաղկացած է ոչ թե 2, այլ ավելի անդամից, այսինքն՝ տեղերը շատ են, հետո՝ շատ են նաև թիմերը, իսկ Ֆորմուլա 1-ում պիլոտներն ունեն ընդամենը 20 մարտական տեղ 10 թիմում։ Սրան գումարում ենք նաև այն հանգամանքը, որ չեմպիոնության համար կոնկրետ մրցաշրջանում պայքարում է առավելագույնը 5 թիմ, և ստացվում է, որ անհատների համար մնում է առավելագույնը 10 տեղ։ Պետք է նաև հաշվի առնել, որ կանոնակարգի փոփոխության պայմաններում, ինչը տեղի է ունենում 5-6 տարին մեկ, ուժերի վերադասավորումը ևս կարող է փոխվել, իսկ պիլոտները, բնականաբար, ցանկանում են հանդես գալ ավելի մրցունակ թիմում։
FastNews-ը ներկայացնում է Ֆորմուլա 1-ի պատմության մեջ ամենահավատարիմ 3 պիլոտներին.
ԼՅՈՒԻՍ ՀԵՄԻԼԹՈՆ

Աշխարհի 7-ակի չեմպիոնը Ֆորմուլա 1-ում ոչ միայն ուժի, այլ նաև հավատարմության մարմնացում է։ Լյուիսն իր կարիերայից 11 տարի նվիրել է «Մերսեդեսին», ինչն «Արքայական ավտոսպորտում» բացառիկ ռեկորդ է։ Լյուիսը գերմանական կոնցեռնին միացել է 2013-ին ու թիմից հեռացել միայն նախորդ մրցաշրջանի վերջում։
Շատերը սա բացատրում են 2026-ի նոր կանոնակարգի պայմաններում Լյուիսի հաղթանակի ցանկությամբ։ Կարծիք կա, որ հաջորդ տարվանից «Ֆերարին» ավելի լուրջ պայքար է մղելու չեմպիոնության համար, քան «Մերսեդեսը»։ Բայց եթե չլիներ գերմանական թիմը, Լյուսն անգամ չէր էլ կարող մտածել Միխայել Շումախերի ռեկորդին հավասարվելու մասին։
2013-ին, երբ Լյուիսը միացավ «Արծաթե նետերին», ուներ չեմպիոնական 1 տիտղոս, իսկ գերմանացիների հետ նա նվաճեց ևս 6-ն ու հավասարվեց Շումախերին։ 6 չեմպիոնությունը նաև լավագույն ցուցանիշն է մեկ թիմի ու պիլոտի գործակցության արդյունքում։ Լյուիսը «Մերսեդեսի» հետ հաղթել է 84 Գրան պրի, ինչը ևս ռեկորդ է։ Այս ամենին ավելացնում ենք նաև այն հանգամանքը, որ Լյուիսը ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել միայն «Մերսեդեսի» շարժիչով, և ստանում ենք լեգենդար համադրություն՝ սերունդներին որպես օրինակ ներկայացնելու համար։
ՄԱՔՍ ՖԵՐՍՏԱՊԵՆ

Երբ 17 ամյա Մաքս Ֆերստապենը եկավ Ֆորմուլա 1, շատերն էին նրա համար կանխատեսում այն ապագան, որտեղ հիմա ապրում է Մաքսը։ Նա ամբողջ կարիերան անցկացրել է «Ռեդ Բուլի» համակարգում. նախ՝ կես մրցաշրջան «Տորո Ռոսոյում», հետո արդեն՝ մի ամբողջ կանք «Ռեդ Բուլում»։
Մաքսը «կարմիր ցուլը» սանձեց 2016-ի Իսպանիայի Գրան պրիում՝ փոխարինելով Դանիիլ Կվյատին։ Հենց այդ Գրան պրիում Մաքսը տարավ իր առաջին հաղթանակն ու հաստատվեց ավստրիական թիմում։ Հաջորդ մրցաշրջանը Մաքս – «Ռեդ Բուլ» տանդեմի համար հոբելյանական 10-րդն է լինելու, իսկ կողմերի պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2028-ի ավարտը։
Այս զույգը 186 Գրան պրիում 63 հաղթանակ է տարել (3-րդ արդյունքը պատմության մեջ), նվաճել է անհատական չեմպիոնության 4 տիտղոս, ևս երկուսը՝ թիմային։ Եվ ամեն ինչ դեռ առջևում է...
ՄԻԽԱՅԵԼ ՇՈՒՄԱԽԵՐ

Բնականաբար, երբ նշում ենք Շումիի անունը, որպես թիմ՝ անմիջապես պատկերացնում ենք «Ֆերարին»։ «Կարմիր բարոնը» կարմիր հագավ 1996-ին ու մնաց այդ գույնով 11 տարի։ Գերմանացին Սկուդերիա եկավ աշխարհի կրկնակի չեմպիոնի կարգավիճակում և հեռացավ բացարձակ ռեկորդով՝ 7 չեմպիոնությամբ։
Այդ ճանապարհին Միխայելը մասնակցեց 181 Գրան պրիի ու հաղթեց դրանցից 72-ը։
Թերևս հենց Շումախերը Ֆորմուլա 1-ում հավատարմության որոշակի տենդենց մտցրեց, ինչի արդյունքում ժամանակակից պիլոտները փորձում են երկար տարիներ անցկացնել նույն թիմում։


