Վերջին տասնամյակում ժամանակակից ֆուտբոլի բառապաշարում է հայտնվել ֆինանսական ֆեյր փլեյ (արդար խաղի կանոններ) արտահայտությունը: Հաճախ ենք լսում, որ ինչ որ ակումբ խախտել է այդ կանոնները կամ ցանկանում է վաճառել որոշ ֆուտբոլիստների՝ այդ կանոնները խախտելուց խուսափելու համար:
VNews-ը ներկայացնում է՝ ինչ է ֆինանսական ֆեյր փլեյը, երբ է ստեղծվել, որն էր դրա նպատակը, ինչպես են այն հաշվարկում և ինչ է սպառնում ակումբներին կանոնները խախտելու համար:
Ե՞րբ է ստեղծվել ու ո՞րն էր նպատակը
Ֆինանսական ֆեյր փլեյի համակարգի կառուցման կոնցեպտը ստեղծվել է դեռ 2009 թվականին ՈւԵՖԱ-ի կողմից, և այն սկսել է կիրառվել արդեն 2011/12 մրցաշրջանից: ՖՖՓ-ի ստեղծման հիմնական նպատակն այն էր, որ ակումբները ծախսեին այնքան, որքան եկամուտ ունեցել են մրցաշրջանի ընթացքում՝ դրանով իսկ կանխելով ակումբների հետագա ֆինանսական ծանր կորուստները, ինչը կարող էր կասկածի տակ դնել նույնիսկ տվյալ ակումբների գոյությունը: «Պորթսմութը», «Ռեյնջերսը», «Լիդսը» և այլ ակումբներ դրանց լավագույն օրինակներից են: Նրանք չեն կարողացել վճարել աշխատակիցների աշխատավարձը, հարկերն ու որոշ ընկերություններին ունեցած պարտքերը: ՈւԵՖԱ-ն ցանկանում է դառնալ այն մարմինը, որը կվերահսկի ու կհավասարակշռի ակումբների ֆինանսները, հետևողական կլինի, որ նրանք ժամանակին վճարեն իրենց պարտքերը:
2009 թվականին ՈւԵՖԱ-ն բացահայտեց, որ եվրոպական 665 ակումբների կեսից ավելին նախորդած մրցաշրջանում ֆինանսական լուրջ խնդիրներ է ունեցել, ու դրանցից գրեթե 20 տոկոսը ֆինանսապես անդունդի եզրին է: Այս ամենը ստիպեց կառույցին գործուն քայլերի անցնել:
ՖՖՓ-ն նաև փորձում է զերծ պահել ակումբների ղեկավարներին սեփական միջոցներից գումար ներդնելուց՝ արդար մրցակցության գաղափարը պահպանելու համար:
Հեռուստահեռարձակումներից ստացված գումարների չափով անգլիական ակումբները հավասարը չունեն, ու հենց դա է պատճառը, որ անգլիական ակումբները ծախսում են եվրոպական մյուս թոփ առաջնությունները ներկայացնող ակումբներից մի քանի անգամ շատ, և որ, օրինակ, ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի ստորին հատվածի ակումբը կարող է պայքարել Ա Սերիայի առաջատարների հետ: Այս մրցաշրջանից առաջ Շառլ դե Կատելարեի տրանսֆերային իրավունքի համար պայքարում էին Ա Սերիայի հաղթող «Միլանը» և Պրեմիեր լիգայում մնալու պայքար մղող «Լիդսը»:
ՖՖՓ-ն թույլ է տալիս ակումբներին ծախսել իրենց եկամուտներից մինչև 5 միլիոն եվրո ավելի: Այդ թիվը կարող է հասնել 40 միլիոնի, եթե տվյալ ակումբների ղեկավարները կամ հովանավորները կարողանան «ծածկել» իրենց ֆինանսական կորուստները:
Համակարգի ներդրման առաջին տարիներին թույլատրվում էր 5 միլիոն եվրոյով «խախտել» ծախս/եկամուտ հավասարակշռությունը: 2015/16 մրցաշրջանից սկսած՝ այդ թիվը բարձրացավ ու հասավ 50 միլիոնի, բայց պայմանով, որ հաջորդ տարվա հունիսին ակումբները պետք է լրացնեն այդ տարբերությունը: Այսինքն՝ եթե մրցաշրջանի սկզբում ծախսել են 50 միլիոն եվրո ավելի, քան ունեցել են եկամուտ, ապա հաջորդ տարվա հունիսին պետք է 50 միլիոն եվրոյի վաճառք ապահովեն: Ֆինանսական տարին սկսվում է հուլիսին ու ավարտվում հաջորդ տարվա հունիսի 30-ին:
Քովիդը ստիպեց ակումբներին աշխատավարձերի շեմ սահմանել
Ֆինանսական առումով ֆուտբոլում ինչ-որ չափով հեղափոխական էր 2020 թվականը, երբ հայտնվեց կորոնավիրուսի համավարակը, ինչի պատճառով ֆուտբոլում եղավ բավականին մեծ դադար: Դադարի հետևանքով ակումբները զրկվեցին իրենց եկամուտներից. չկան խաղեր, հետևաբար չկան հեռուստահեռարձակումները՝ իրենց շահույթներով, չկա տոմսի վաճառքից գոյացած գումար... Իսկ ֆուտբոլիստները, ըստ կնքված պայմանագրերի, պետք է ստանան աշխատավարձ:
Քովիդն ամենաուժեղը հարվածեց «Բարսելոնային» ու «Յուվենտուսին», որոնց ֆուտբոլիստների աշխատավարձերի չափը գրեթե այնքան էր, որքան ակումբների շահույթները: Իսկ շահույթների բացակայությամբ այս ակումբները միայն ու միայն վճարում էին՝ առանց ստանալու: Դա է պատճառը, որ «Բարսելոնան» մինչև այժմ բազմաթիվ պարտքեր ունի կուտակած, թիմի բազմաթիվ ֆուտբոլիստներ ստիպված էին գնալ աշխատավարձի կրճատման, որոշ աշխատակիցներ հեռացվեցին, իսկ ակումբի նախագահ Ժոան Լապորտան մի քանի տրանսֆեր կատարելու համար այս մրցաշրջանից առաջ ստիպված էր ֆինանսական լծակներ ակտիվացնել՝ վաճառելով հեռուստահեռարձակման իրավունքների մի մեծ տոկոս:

Որո՞նք են ՖՖՓ-ի կանոնները
Ինչպես արդեն նշվեց, ֆինանսական ֆեյր փլեյ համակարգը վերահսկում է ակումբների եկամուտներն ու ծախսերը: Ակումբները մրցաշրջանի ավարտից հետո կարող են ծախսել այնքան գումար, որքան վաստակել են՝
- հեռուստահեռարձակումներից ստացած շահույթից
- տոմսերի վաճառքից գոյացած գումարից
- տրանսֆերային իրավունքների վաճառքից գոյացած գումարից
- հովանավորչական պայմանագրերից
- տարբեր մրցաշարերին մասնակցությունից ու այդ մրցաշարերում հաջողություններով պայմանավորված՝ ստացած շահույթներից
Հաշվի առնելով իրավիճակը՝ ՈւԵՖԱ-ն որոշեց ավելի խիստ վերահսկողություն սահմանել ոչ միայն տրանսֆերների, այլ նաև ֆուտբոլիստների աշխատավարձերի վրա:
Բոլոր երկրներում նույն կե՞րպ է գործում ՖՖՓ-ն
Ֆինանսական ֆեյր փլեյի կանոնները, իհարկե, ունեն ընդհանուր դրույթներ, բայց դրանք ամբողջովին նույնը չեն բոլոր երկրներում: Յուրաքանչյուր առաջնություն ունի իր կանոնները, որոնք թեև չեն հակասում ՈւԵՖԱ-ի ընդհանուր դրույթներին, բայց ունեն առանձնահատկություններ և իրենց ուրույն սահմանափակումները, որոնք որոշակի տարբերություններ են ստեղծում ակումբների համար:
Օրինակ՝ Իսպանիայում ՖՖՓ-ն ամենախիստն է գործում: Այն դարձել է Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասի և «Բարսելոնայի» ու «Ռեալի» նախագահների՝ Ժոան Լապորտայի ու Ֆլորենտինո Պերեսի հետ տարաձայնությունների գլխավոր պատճառներից մեկը: Ի տարբերություն Անգլիայի Պրեմիեր լիգայի կամ Լիգա 1-ի՝ Տեբասն իսպանական ակումբներին մանևրելու հնարավորություն չի տալիս: Յուրաքանչյուր ակումբի համար կա աշխատավարձերի հստակ լիմիտ: Իսպանիայում, ի տարբերություն այլ երկրների, բոլոր ֆուտբոլիստները պետք է ունենան հստակ հրաժարագին, առանց որի պայմանագիր կնքել հնարավոր չէ:
2021 թվականին տեղի ունեցածը վառ օրինակն է, թե որքան տարբեր է գործում այս համակարգը Ֆրանսիայում ու Իսպանիայում: «Բարսելոնան» այդ տարի ստիպված էր բաժանվել Լիոնել Մեսիից, քանի որ արդեն խախտել էր աշխատավարձերի շեմը, մինչդեռ ՊՍԺ-ն, որը դեռ նախորդ տարի ավելի քան 100 միլիոն եվրոյի խախտում էր թույլ տվել, կարողացավ ոչ միայն պահել իր առաջատարներին, այդ թվում՝ Կիլիան Մբապեին, որի համար «Ռեալը» 200 միլիոն եվրո էր առաջարկում, այլ նաև աստղաբաշխական պայմանագիր կնքել Լիոնել Մեսիի հետ, և այս ամենով հանդերձ՝ մնալ անպատիժ:

Արդյունավե՞տ էր ՖՖՓ-ի ներդրումը
2019 թվականին՝ այս համակարգի ներդրումից 10 տարի անց, առաջին անգամ եվրոպական ակումբների կորուստները կազմել են 125 միլիոն եվրո, ինչը դրական առումով էականորեն տարբերվում է 2009թ. իրավիճակից: Այս առումով կարելի է պնդել, որ ֆինանսական ֆեյր փլեյի համակարգն արդյունավետ էր, բայց շատ հարցեր դեռ մնում են անպատասխան, քանի որ կան ակումբներ, որոնց հաջողվում է շրջանցել կանոնները:
2017 թվականին ՊՍԺ-ն կարողացավ խուսափել ՖՖՓ-ի կանոնները խախտելուց: Նրանք վճարեցին Նեյմարի հրաժարագինը՝ 222 միլիոն եվրո, ու ձեռք բերեցին Կիլիան Մբապեին, բայց վարձավճարով, և միայն հաջորդ տարի գնեցին ֆրանսիացու տրանսֆերային իրավունքը՝ «Մոնակոյին» վճարելով 180 միլիոն եվրո:
2020թ. ՈւԵՖԱ-ն մեղադրանք առաջադրեց «Մանչեսթեր Սիթիին» ֆինանսական ֆեյր փլեյը խախտելու համար: Անգլիական ակումբին սպառնում էր 2 տարվա որակազրկում եվրագավաթային մրցաշարերից, ինչպես նաև 30 միլիոն եվրո տուգանք: «Մանչեսթեր Սիթին», սակայն, Սպորտային վճռաբեկ դատարանում (CAS) բողոքարկեց որոշումը և հաղթեց, իսկ ՈւԵՖԱ-ն բավարար ապացույցներ չունեցավ «Սիթիին» պատժելու համար: Արդյունքում՝ «Սիթին» մասնակցեց Չեմպիոնների լիգային, իսկ տուգանքի չափը կրճատվեց՝ 30 միլիոնից հասցվելով 10-ի:

Հաշվի առնելով այս ամենը՝ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան և «Յուվենտուսի» արդեն նախկին նախագահ Անդրեա Անյելին որոշեցին կյանքի կոչել Սուպերլիգայի նախագիծը՝ ցույց տալով իրենց անվստահությունն ՈւԵՖԱ-ին: Նախագիծը դեռ հաջողություններ չի գրանցել, բայց այդ գաղափարից Պերեսը և ընկերները չեն հրաժարվում: Պայքարը երկու ուժերի միջև դեռ առջևում է:


