
Ֆուտբոլային երկրներն իսկական եվրոպական ֆուտբոլը վայելում են գարնանը, իսկ մենք՝ արդեն ամռան կեսից հրաժեշտ ենք տալիս եվրագավաթներին, որոնք այս տարի սկսվեցին հենց Հայաստանում։ Եվրոպա լիգային երեկ ճանապարհեցինք, Չեմպիոնների լիգան էլ շուտով կհեռանա, որովհետև «Ալաշկերտի» մրցակից ԲԱՏԵ-ն պայքարում է խմբային փուլ դուրս գալու, ոչ թե երկրորդ փուլը հաղթահարելու համար։ Շոգ մարզադաշտից զայրացած հեռանալու համար պատճառները չափից շատ են, բայց ինձ ողջ այս պատմության մեջ տանջում է մեկ հարց՝ ինչպե՞ս կարելի է տարվա գլխավոր խաղերին ցույց տալ ավելի վատ ֆուտբոլ, քան ազգային առաջնության խաղերին։ Ու այս ամենի մեջ ֆուտբոլիստների մեղքը գրեթե չկա…
Ոչ շահութաբեր բիզնեսը միֆ է
Ողջ աշխարհում են խոսում այն մասին, թե ֆուտբոլը բիզնես է, ու դա այդպես էլ կա։ Հայաստանում բոլոր մասնագետները շտապում են հավելել, որ այն ոչ շահութաբեր բիզնես է։ Ի՞նչ… «Ոչ շահութաբեր բիզնես» արտահայտությունը պարադոքս է, անհեթեթություն, իրար հակասող բառերի կապակցություն, տնտեսագիտության մեջ նման բան չկա։ Եթե մի բանը բիզնես է, ուրեմն այն ունի շահույթի ու վնասի հավանականություն, դա անհերքելի ճշմարտություն է։
Իսկ այ թե որ հավանական ելքին կհասնի բիզնես անողը, վնասին, թե շահույթին, կախված է երկու գործոններից՝ արտաքին միջավայրից ու իր ունեցած հմտություններից, դրանց կիրառումից։ Գուցե ծիծաղելի հնչի, բայց արտաքին միջավայրը հայկական ֆուտբոլում այս պահին ավելի քան բարենպաստ է։ Եվ ահա թե ինչու.
Գաղտնիք չէ, որ հայկական ակումբների համար գլխավոր արտաքին եկամտի աղբյուրը ՈՒԵՖԱ-ի կողմից եվրագավաթներին մասնակցության համար տրվող գումարներն են։ Չեմպիոնների լիգային մասնակցող թիմը նախորդ մրցաշրջանի տվյալներով երաշխավորված ունի 480 000 եվրո, իսկ մեկ փուլ հաղթահարելու դեպքում՝ ևս 225 000 եվրո։ Եվրոպա լիգայի որակավորման մեկ փուլին մասնակցած թիմը նախորդ տարի ստացել է 215 000 եվրո, այդ մեկ փուլը հաղթահարածը՝ ևս 225 000 եվրո։

ՈՒԵՖԱ-ի հրապարակած տվյալներով՝ Հայաստանում ակումբները ֆուտբոլիստների աշխատավարձերի վրա ծախսում են տարեկան միջինը 100 000 եվրո։ Եթե համարենք, որ նույնքան էլ ակումբները վճարում են որպես պարգևավճար, ապա տեսնում ենք, որ եվրագավաթային ընդամենը մեկ փուլի մասնակցելը բավարար է տարեկան աշխատավարձային բյուջեն ապահովելու համար։ Եվս մեկ փուլ, և կարելի է գրեթե լուծված համարել նաև մյուս ծախսերի հարցը։ Ի վերջո, հայկական և ոչ մի ակումբի բյուջե չի գերազանցում տարեկան 1 մլն եվրոն, ուստի սրանք քիչ փողեր չեն, սրանք հենց այն փողերն են, որոնց համար արժե և պետք է պայքարել ամեն գնով։ Իսկ երրորդ փուլը, որը մինչ հիմա էլ մեզ երազ է թվում, կարող է հստակորեն ոչ միայն ծախսածածկման, այլև շահութաբերության մակարդակի հասցնել։
Երրորդ փուլը կարող է շահութաբերության մակարդակի հասցնել
Ահա և հստակ ձևակերպված բիզնես նպատակը՝ հաղթահարել 2 փուլ եվրագավաթային մրցաշարերում։ Իսկ թե ինչու է արտաքին միջավայրը ավելի քան բարենպաստ՝ շատ պարզ է։ Գրեթե բոլոր բիզնեսների դեպքում շուկան անսահմանափակ է, այսինքն հնարավոր մրցակիցների թիվն անսահմանափակ է։ Իսկ Հայաստանում ակումբներից յուրաքանչյուրն ունի ընդամենը 5 մրցակից։ Բաղձալի եվրագավաթային տեղը նվաճելու համար անհրաժեշտ է ավելի լավը լինել ընդամենը 2 թիմից։ Եթե 8 թիմանոց առաջնությունում «կոտրած տաշտակի» դիմաց հայտնվելու հավանականությունը 50% էր, ապա հիմա՝ ընդամենը 33.3%: Իսկ հաշվի առնելով այն, որ թիմերից մեկը արդեն որերորդ տարին չի պայքարում այդ տեղի համար ու փաստացի այս «բիզնեսի» մասնակից չէ, մնում է հետևում թողնել ընդամենը մեկ ակումբի, ու եկամուտները երաշխավորված են։ Շուկայի մյուս գայթակղությունն էլ այն է, որ ամենևին պարտադիր չէ գերջանքեր գործադրել ողջ տարվա ընթացքում։ Ֆուտբոլը Հայաստանում վերածվել է խիստ սեզոնային բիզնեսի, բավական է ինտենսիվ աշխատանքը սկսել փետրվարից ու դիմանալ մինչև հուլիսի վերջ, և տարեկան շահույթը պատրաստ է։
Հարցը հասնում է բիզնեսի մյուս որոշիչ գործոնին՝ բիզնեսը վարելու հմտություններին ու դրանց կիրառմանը։ Եթե գիտես, որ քո բիզնես հաջողության գլխավոր քննությունը այս 2-4 խաղերն են, ապա ողջ տարվա աշխատանքային ծրագիրը պետք է կառուցել դրա շուրջ։ Ամեն ինչ պետք է հաշվարկել այնպես, որ այս խաղերին թիմը մոտենա իր լավագույն վիճակում, լավագույն կազմով։
Անհեթեթ է, որ 3 կազմ ունեցող թիմը այդպես էլ ՉԼ խաղերին ընդառաջ չի կարողանում գտնել լավ հարձակվողներ, կամ որ թիմը ձեռք է բերում ու դաշտ հանում Հայաստանի առաջնության մակարդակի նորեկների, որոնք դեռ պատրաստ չեն երկու խաղակես խաղալ։ Անհասկանալի է, թե ինչու ակումբը ձեռք բերել անմիջապես եվրագավաթային խաղերից առաջ, այլ ոչ թե կես տարի շուտ, ու թե ինչպես է վերոնշյալ հարցերում գրեթե միշտ մյուսներից տարբերվող պրոֆեսիոնալիզմ ցուցադրած ակումբը եվրագավաթային խաղերից առաջ հրաժարվում 4 հիմնական կազմի ֆուտբոլիստներից։

Եվրագավաթային այս մեկ ամիսը այն առանցքն է, որի շուրջ պետք է պտտվի հայկական ողջ ակումբային ֆուտբոլը։ Բոլոր գործընթացները, ողջ աշխատանքը պետք է պլանավորել այս իրադարձության հաշվարկով, որպեսզի հուլիսին թիմն ունենա իր հնարավոր ամենաուժեղ կազմը, լավագույն մարզավիճակը։ Ֆուտբոլիստների հետ պետք է ի սկզբանե պայմանավորվածություն հաստատել՝ կապված այս խաղերի հետ, անհրաժեշտության դեպքում նրանց պետք է մրցաշրջանի կեսին արձակուրդ ուղարկել, որպեսզի այս խաղերից առաջ նրանք կարոտից չփախչեն հարազատ Բրազիլիա կամ Աֆրիկա։ Չեմ ցանկանա այս հոդվածս ավելի շատ հեքիաթի նմանեցնել մյուս բոլոր օրինակները հիշելով, միտքը շատ պարզ է՝ այս խաղերին պետք է մոտենալ սուպերպատրաստ՝ 3 փուլ անցնելու հաշվարկով։ Ու դրա համար չպետք է խնայել գումար, որովհետև, գրողը տանի, դա ծախս չէ, այլ ներդրում։
Հայկական ֆուտբոլի համար գուցե խորթ, բայց բիզնես մտածողության համար սովորական մի գործընթաց, որը պետք է անել հստակ, պլանավորված, խնամքով ու ոգևորված, ու գումարն ինքն իրեն կգա։ Չարժե նույնիսկ շատ ծավալվել եկամտի այլ աղբյուրների հնարավորության ու նրանց հանդեպ ակումբների մեծ մասի ունեցած բացարձակ անտարբեր վերաբերմունքի մասին։
Այսքանից հետո բիզնեսը վատ վարելու պատճառով վնասներ կրելը բարեգործության անվան տակ գովազդելը նվազագույնը ստորություն է։ Հիշե՛ք միայն, որ հայ ֆուտբոլասերը ոչնչով պարտական չէ ձեզ։
Կարեն Ռաֆայելյան

