Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչման մենամարտում ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկին պարտվելուց հետո բրիտանացի Թայսոն Ֆյուրին խոսել է հնարավոր ռևանշի մասին:
«Ուսիկն ինձ չզարմացրեց, նա պատրաստ էր։ Ես չէի կարող ավելի լավ հանդես գալ:
Ռևա՞նշ, չգիտեմ, թե ինչպես կդասավորվի ամեն ինչ։ Կարծում եմ՝ հնարավոր ռևանշ մենամարտում նույնկերպ կգործեմ։ Կփորձեմ պահել կենտրոնացվածությունը և լավ պաշտպանվել: Ուսիկի դեմ մենամարտը վայելեցի, նրան հարվածեցի բոլոր կողմերից»,- 35-ամյա Ֆյուրիի խոսքը մեջբերում է DAZN-ը:
Հիշեցնենք, որ WBA,WBO, IBO, IBF գոտիների տիրակալը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացրած մենամարտում հաղթել էր Ֆյուրիին՝ նրանից վերցնելով նաև WBC չեմպիոնական գոտին:
12-ռաունդանոց մենամարտի ավարտից հետո մրցավարները ոչ միաձայն հաղթանակը շնորհել էին 37-ամյա ուկրաինացուն՝ 115-112, 114-113, 113-114: Ուսիկն 9-րդ ռաունդում նոկդաունի էր ենթարկել Ֆյուրիին:
Անպարտելի Ուսիկի համար սա կարիերայի 22-րդ հաղթանակն է, իսկ Ֆյուրիի համար առաջին պարտությունը: 35-ամյա բրիտանացին նախորդ 35 մենամարտերում, տարել էր 34 հաղթանակ և գրանցել մեկ ոչ-ոքի: