Logo

Գագիկ Սարգսյան. «Հայկական սպորտում և հատկապես ձմեռային մարզաձևերում համակարգային փոփոխության խնդիր կա»

Հեղինակ
Հրայր Նազարյան
13:18 / 22.02.2023Ձմեռային մարզաձևեր
Բացառիկ
null

Աշոցքում կայացած դահուկավազքի Հայաստանի առաջնությունն ակնկալվող մրցակցությունից բացի, նաև խորհելու նոր նյութ է տվել մասնագետներին։ Այդ ամենի մասին VNews-ի հետ հարցազրույցում պատմեց Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը։

- Մարզաձևում առկա ինչպիսի պատկեր ուրվագծե՞ց Հայաստանի առաջնության առաջին փուլը և ինչպե՞ս կմեկնաբանեք գրանցված արդյունքները։

- Նախ նշեմ, որ աննպաստ եղանակային պայմանների, ձնածածկույթի բավարար շերտի բացակայության պատճառով բավականին մեծ դժվարությամբ անցկացրեցինք Հայաստանի առաջնությունը։ Այսինքն, մինչև այս մրցումը դահուկորդների մարզումային գործընթացը կիսախաթարված վիճակում էր։ Այդ պարագայում նրանցից շատ բարձր արդյունքներ ակնկալելն իրատեսական չէր և նման սպասելիքներ չունեինք։ Առաջնությունն անցկացվեց բոլոր տարիքային խմբերում՝ առաջին անգամ ապահովելով մասնակիցների մեծ ընդգրկվածություն։ Մեր նպատակն էր նախ հասկանալ, թե որ տարածաշրջանում իրապես որքան մասնակից ունենք։ Երկրորդը՝ ճշտել հերթափոխի առկայությունը և որակը։ Եվ, վերջապես, կարևոր էին նաև արդյունքները։ Հայաստանի առաջնությունը միջազգային ֆեդերացիայի օրացուցային ծրագրում ընդգրկված վարկանիշային մրցաշար է, ապահովում է միջազգային վարկանիշային միավորներ։ Ցավոք, մեծահասակների պայքարում մրցանակային տեղեր գրավեցին բացառապես արդեն որոշակի ճանաչում և համարում ունեցող մարզիկ-մարզուհիները։ Մրցաձևերից մեկում Թադևոս Պողոսյանի և Սպարտակ Ոսկանյանի բացակայությամբ մրցանակային տեղ գրավեց գյումրեցի Գարիկ Պարսամյանը, որը, սակայն, վերջին օրվա արդյունքով մի քանի րոպեով հետ է մնում առաջատարներից, ինչը մտածելու տեղիք է տալիս։

- Զգացվե՞ց մարզվածության պակասը։

- Ոչ միայն։ Նաև մարզչական կադրերի շատ լուրջ խնդիր ունենք։ Հատկապես կրտսեր պատանեկան տարիքի մարզիկների հետ աշխատող մարզիչների։ Նշանակում է՝ պետք է լրջորեն աշխատենք այդ ուղղությամբ։ Ցավոք, չունենք մարզադպրոցներում ընթացող գործընթացների վրա ազդելու լծակներ։ Իսկ մարզիչների վերապատրաստման դասընթացներ պարբերաբար կազմակերպում ենք։ Մնացածը կախված է մարզադպրոցների և մարզիչների ցանկությունից։ Բարեբախտաբար, նրանք պատրաստակամորեն մասնակցում են, նաև նկատել ենք, որ որոշ դեպքերում գործնականում կիրառում են ստացած գիտելիքները։ Բայց դա դեռ բավարար չէ։ Նման դասընթացներ նախատեսել ենք նաև այս ամառ. մարզումները, բնականաբար, անցկացնելու ենք անվադահուկներով։ Առհասարակ, ստացվում է այնպես, որ գործընթացը հիմնականում անվադահուկներով ենք անցկացնում։ Մեթոդաբանությունը շատ չի տարբերվում։

- Տեկյակ եմ նաև, որ ունեիք ֆինանսական որոշ խնդիրներ։ Ինչի՞ մասին էր խոսքը և արդյոք լուծվե՞լ է խնդիրը։

- Բավականին լուրջ խնդրի էինք բախվել։ Պետֆինանսավորմամբ մեր ֆեդերացիային հատկացվող գումարը տրամադրվեց միայն փետրվարի 10-ին։ Իսկ բնությունը չի սպասում. ձմեռը երեք ամիս է տևում։ Անգամ աշխարհի առաջնությանը մասնակցելու կանխավճարը կատարելու խնդիր ունենք, այն պետք է կատարվեր դեռ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։ Պետական լիազոր մարմնին առաջարկել ենք, որ նման դեպքերում փորձեն գոնե միջնաժամկետ լուծում տալ խնդրին, որն առայժմ բաց է մնում։

- Ֆեդերացիան ի վիճակի չէ՞ նաև ինքնուրույն ապահովել ֆինանսական հոսքեր։

- Մեր հայթայթած ֆինանսական միջոցները բավարար չեն, որովհետև մեր ֆեդերացիայի կազմում ընդգրկված մարզաձևերը դասվում են ամենաթանկերի շարքին։ Սակայն, Հայաստանում գործող այն եզակի ֆեդերացիաներից ենք, որոնք կարողանում են պետության տրամադրած գումարից մի քանի անգամ ավելի ֆինանսական հոսք ապահովել։ Դա տեղի է ունենում հիմնականում միջազգային ֆեդերացիայի օգնությամբ։ Միաժամանակ, ստիպված ենք զբաղվել մեր լիազորությունների շրջանակից դուրս գտնվող գործառույթով՝ մարզադպրոցներին որոշ չափով օգնել գույքով և հանդերձանքով։ Խոշոր հաշվով դա պետության գործառույթն է, բայց ստիպված մենք ենք անում, որովհետև մարզադպրոցները չունեն այդպիսի հնարավորություն։

- Հայաստանում ձմեռային մարզաձևերը սահմանափակ տարածում ունեն։ Տեսնո՞ւմ եք աշխարհագրությունն ընդլայնելու հնարավորություն։

- Հայկական սպորտում և հատկապես ձմեռային մարզաձևերում համակարգային փոփոխության խնդիր կա։ Պետք է տարբերակված, թիրախային և նպատակային մոտեցում դրսևորվի յուրաքանչյուր մարզաձևի նկատմամբ։ Չի կարելի նույն մոտեցումը ցուցաբերել ամառային և ձմեռային մարզաձևերին։ Չի կարելի նաև տարբեր կերպ վերաբերվել ամառային և ձմեռային օլիմպիական մարզաձևերին։

Նաև հստակեցնեմ, թե ինչ նկատի ունեմ համակարգված մոտեցում ասելով։ Տեսեք՝ ունենք Հանրապետական մարզադպրոց, որի անվանումը հուշում է՝ այն պետք է ծառայի ամբողջ հանրապետությանը։ Բայց Հանրապետական մարզադպրոցը գտնվում է մեկ բնակավայրում, ունի բազմաթիվ հաստիքներ, որոնք կոնկրետ տարածաշրջանի համար են։ Մինչդեռ պետք է հնարավորություն լինի դահուկային մարզաձևերը զարգացնել նաև Ջերմուկի և Վարդենիսի պես ձյունառատ և ամենակարևորը՝ սահմանամերձ շրջաններում, որտեղ շատ կարևոր է ապահովել երեխաների զբաղվածությունը և ֆիզիկական դաստիարակությունը։ Էլ չեմ խոսում այն մասին, որ հիմնականում այնտեղ են գտնվում մեր բարձրադիր մարտական դիրքերը, իսկ ձմռանը միջդիրքային տարածքը հնարավոր է հաղթահարել միայն դահուկներով։ Հանրապետական մարզադպրոցի ներուժը կարելի է օգտագործել հաստիքներ ունենալով գրեթե բոլոր տարածաշրջաններում։ Դրանով մի քանի խնդիր կլուծենք։ Առաջինը՝ կընդլայնենք դահուկային սպորտի աշխարհագրությունը։ Երկրորդը կապահովենք մասսայականությունը, ինչն էլ, բնականաբար, կհանգեցնի մարզաձևի զարգացմանը։

Այլ խնդիր էլ կա։ Մանկապատանեկան մարզադպրոցների սաներ կարող են հանդիսանալ որոշակի տարիքի երեխաներ։ Դրանից հետո մեզ մոտ առաջանում է վակում, իսկ հետո գալիս է հավաքականներ կազմավորելու պահը։ Սա նույնպես համակարգային խնդիր է։ Եթե ցանկանում ենք արդյունքի հասնել, պետական հոգածություն պետք է դրսևորվի բոլոր տարիքային խմբերի մարզիկների նկատմամբ։ Ինչ զարգացման կամ արդյունքների աճի մասին կարող է խոսք գնալ, եթե չենք ապահովում մարզումային գործընթացի շարունակականությունը։ Կամ դահուկավազքի հանրապետական նշանակության մեկ մարզադպրոց ունենք Գյումրիում, լեռանադահուկային մարզաձևի էլ՝ Ծաղկաձորում։ Անհնար է մեկական մարզադպրոցով մարզաձև զարգացնել։ Ունենք նաև համայնքային մարզադպրոց Վանաձորում, երկու խումբ՝ Աշոցքում, իսկ Ապարանում նվիրյալներն աշխատում են անվճար, կամավորական հիմունքներով։ Նման տարերային ձևով հնարավոր չէ ապահովել մարզաձևի զարգացումը։

- Պետք է փոխվի՞ պետության մոտեցումը։

- Պետության համար ցանկացած մարզաձևի, հատկապես ձմեռայինների զարգացումը, պետք է առաջնային լինի։ Այսօր մեր ֆեդերացիան պաշտպանության նախարարության հետ սկսել է իրականացնել բանակին առնչվող փորձնական ծրագիր, որը հետագայում լուրջ ծրագիր է դառնալու։ Բանակի համար պատրաստում ենք դահուկային հրահանգիչներ։ Այսինքն, ՀՀ-ում դահուկային սպորտն այլևս կրում է ռազմակիրառական բնույթ։ Եվրոպական մի շարք երկրներ, չգտնվելով պատերազմական իրավիճակում, լուրջ ստորաբաժանումներ ունեն։

Բացի այդ, դահուկային մարզաձևերը ձմեռային տուրիզմի զարգացման հենքն են։ Նույն Վրաստանը, չունենալով ֆրիսթայլ և սնոուբորդ մարզաձևերը, պատրաստվում է պետական մեծ աջակցությամբ աշխարհի առաջնություն կազմակերպել։ Բակուրիանին աշխարհի մարզական քարտեզին արդեն նշվում է որպես դահուկային սպորտի կենտրոն։ Պատկերացրեք, թե դրանից հետո տարեցտարի որքան է ավելանալու զբոսաշրջիկների հոսքը այդ կենտրոն, և դա ինչ եկամուտ է ապահովելու պետությանը։ Մեր մարզաձևերը, լինելով ակադեմիական և օլիմպիական, նաև ռազմա-կիրառական ու տնտեսական շատ լուրջ գործոն են։ Ահա, թե ինչու դա պետք է առաջնահերթություն լինի պետության համար։

- Ձմեռն ավարտվում է, բայց տարին նոր է թափ հավաքում։ Ի՞նչ ծրագրեր ունեք 2023 թվականին։

- Փետրվարի 22-ից մարտի 5-ը մեր դահուկորդները Սլովենիայում մասնակցելու են աշխարհի առաջնությանը։ Մրցավայր են մեկնել աշոցքցիներ Կատյա Գալստյանը, Թադևոս Պողոսյանը, Սպարտակ Ոսկանյանը և գյումրեցի Աննա Ռաշոյանը։ Աշոցքցի մյուս դահուկորդ Միքայել Միքայելյանը նրանց կմիանա փետրվարի 25-ին։ Ի դեպ, նա առաջին անգամ ուժերը փորձելու է 50 կմ մարաթոնում, որին մասնակցած մարզիկ մինչև օրս չենք ունեցել։ Նշեմ նաև, որ վերջերս Տոբլախում կայացած աշխարհի գավաթի խաղարկության փուլում Միքայելն ընդգրկվեց 50 լավագույնների շարքում։ Դա աննախադեպ իրադարձություն և շատ մեծ հաջողություն է հայկական դահուկավազքի պատմության մեջ, քանի որ այս մարզաձևում գավաթային մրցումներն առանձնահատուկ են։

Միքայելը ուսումնամարզական հավաքի է մասնակցել Նորվեգիայի հավաքականի հետ։ Նախատեսում ենք հետագայում խորացնել համագործակցությունը նորվեգական թիմերի հետ։ Միքայելյանի կարգի այլ դահուկորդ դեռ չունենք, իսկ նման մակարդակի մարզիկները պետք է մարզվեն իրենց հավասարների կամ ուժեղների հետ, այլապես նահանջ կապրեն։

Վերադառնալով ծրագրերին՝ նշեմ, որ փետրվարի 22-ին մեկնարկելու է նաև լեռնադահուկային սպորտի Հայաստանի առաջնությունը։ Մարտին փորձելու ենք անցկացնել դահուկավազքի Հայաստանի բոլոր տարիքային խմբերի առաջնության երկրորդ փուլը։ Նախատեսված է նաև պարալեռնադահուկային առաջնություն կազմակերպել։ Այսինքն, փորձելու ենք հնարավորինս արագ իրականացնել այն ամենը, ինչ դեռ չենք հասցրել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ