Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն խոսել է թիմի հարձակվողներ Լիոնել Մեսիի և Կիլիան Մբապեի հարաբերությունների մասին:
Ֆրանսիացի մասնագետին հարցրել են, թե արդյոք անհարգալից վերաբերմունք չի ցուցաբերել Մեսին Մբապեի նկատմամբ, երբ Արգենտինայի հավաքականի չեմպիոնական շքերթի ժամանակ թույլ է տվել դարպասապահ Էմիլյանո Մարտինեսին Կիլիանի դեմքով տիկնիկով ծաղրել ֆրանսիացի հարձակվողին: Այդ ժամանակ «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրն անգլիական «Ասթոն Վիլայի» դարպասապահի կողքին էր:
«Մեսին անհարգալից վերաբերմունք չի ցուցաբերել Մբապեի նկատմամբ: Նրանք ձեռքսեղմում ունեցան, իսկ Կիլիանը եզրափակիչում կրած պարտությունից հետո իրեն ճիշտ պահեց՝ շնորհավորելով Լեոյին»,- Գալտյեի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Կատարում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչում Արգենտինայի հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով էր հաղթել Ֆրանսիային (3-3, 11մ՝ 4-2): Մբապեն 8 գոլով ճանաչվել էր ԱԱ-2022-ի լավագույն ռմբարկու, իսկ Մեսին՝ եզրափակիչ խաղի և մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ:


