2022-ին ֆուտբոլն իր բնականոն հունով առաջ էր գնում. «Ռեալը» ՉԼ գավաթակիրն էր, «Մանչեսթեր Սիթին»՝ Անգլիայի չեմպիոնը, ՊՍԺ-ն՝ Ֆրանսիայի, «Բավարիան»՝ Գերմանիայի, գրանդերն իրենց տեղերում էին, Պրեմիեր լիգայում էլ լավագույն քառյակի հիմնական հավակնորդները կանխատեսելի թիմերն էին՝ «Արսենալը», «Լիվերպուլը», «Չելսին»... Բայց ինչ-որ պահից ֆուտբոլային «աշխարհակարգը» փոխվեց, ու առաջին փոփոխություններից մեկն Անգլիայում էր: Այդ «ինչ-որ պահերից» մեկն Ունայ Էմերիի՝ «Ասթոն Վիլան» գլխավորելն էր: Դրանից հետո բիրմինգհեմյան թիմը հայտնվեց ֆուտբոլային լայն շրջանակի համար տեսանելի քարտեզում. կայուն լավ խաղ՝ անկախ մրցակիցներից, դրական արդյունքներ, Չեմպիոնների լիգա:
Էմերիի թիմում, որպես կանոն, աճում են բոլորը՝ ինչպես «հանգած հրաբուխները», այնպես էլ տաղանդավոր երիտասարդները: Այդ երիտասարդներից է Մորգան Ռոջերսը: Նրա՝ թիմում հայտնվելը ոչ ոք չնկատեց, իսկ հիմա բոլորը չէ, որ տեսնում են, թե ինչ խաղամակարդակ է ցույց տալիս ու թե ինչ ներուժ ունի 22-ամյա ֆուտբոլիստը:
FastNews-ը կպատմի հենց այդ ամենի մասին:
«Սիթիի» ակադեմիայի զարդը, որն այդպես էլ չտեղավորվեց Պեպի թիմում
Մորգան Ռոջերսը 4 տարեկանում մասնակցել է իր քաղաքում՝ Բիրմինգհեմում անցկացված ֆուտբոլային մրցույթին, որին մասնակցում էին ևս 150 երեխաներ: Մրցույթին հետևել են անգլիական տարբեր ակումբների սկաուտներ ու ներկայացուցիչներ, այդ թվում՝ Փոլ Թեյթը, որը նախկինում 140 խաղ էր անցկացրել «Բիրմինգհեմում»: 150 երեխաներից Թեյթն ընտրում է հենց Ռոջերսին: «Մորգանը 5 թե 6 տարեկան էր, բայց մեր որոշմամբ խաղում էր 11 տարեկան երեխաների հետ ու միշտ հաղթում բոլորին: Նա բիրմինգհեմցի է, բայց ընտանիքի անդամները «Վեսթ Բրոմվիչի» երկրպագուներ են, ուստի Մորգանին ուղարկեցին «Վեսթ Բրոմ»: Հետո արդեն հետաքրքրություն եղավ «Մանչեսթեր Սիթիից»: Անձամբ ես դեմ էի նրա՝ «Սիթի» տեղափոխությանը, բայց Մորգանը որոշեց անել այդ մեծ քայլը»,- նշում է Թեյթը:
Մանչեսթերում Ռոջերսի համար լավագույն ձեռքբերումը ոչ թե խաղադաշտում էր, այլ դրանից դուրս: «Գիտե՞ք, որ Պալմերի՝ գոլերը տոնելու ձևն առաջինն իմն է եղել, նա պարզապես կրկնօրինակել է այն: Գիտեի, որ Քոլը հասնելու է այն խաղամակարդակին, որին հասել է հիմա: Մինչև հիմա մեր կապն ամուր է, ու երկուսս էլ հպարտ ենք մեր ընկերությամբ», - նշում է ֆուտբոլիստը, որի ընդհանրությունը Պալմերի հետ միայն գոլը տոնելու ձևը չէ, այլ նաև «Մանչեսթեր Սիթիի» կազմում չընդգրկվելն ու ի վերջո ակումբից հեռանալը:

Պալմերը միանգամից տեղափոխվեց «Չելսի», իսկ Ռոջերսը վարձակալությամբ «թափառեց» Չեմպիոնշիփը ներկայացնող ակումբներում՝ այդպես էլ չգտնելով իր թիմը: «Լինքոլն», «Բորնմութ», «Բլեքպուլ», «Միդլսբրո»... Ու հնչեց ամենասպասված զանգը. «Ասթոն Վիլայի» ակադեմիայի մենեջերն ու սկաուտների ղեկավար Սթիվ Հոփկրոֆթը, որոնք «Վեսթ Բրոմում» աշխատելու տարիներին ծանոթ էին Ռոջերսի խաղին, Ունայ Էմերիին խորհուրդ տվեցին թիմ հրավիրել անգլիացուն: Էմերիին դուր եկավ Ռոջերսի խաղը, և գործարքը կայացավ:
«Վիլա Պարկում» Ռոջերսը ծաղկում է
Էմերին մարզումային ծրագրեր կազմելու, տակտիկա մշակելու և մրցակցին հարմարվելու տեսանկյունից փայլուն մարզիչ է, բայց նա ունի ևս մեկ թերագնահատված որակ՝ աշխատանքն անհատների հետ: Էմերիի գլխավորությամբ իրենց լավագույն խաղը գտան Լուկա Դինը, Յուրի Տիլեմանսը, Լեոն Բեյլին, Օլի Ուոթկինսը: Իսպանացին բացահայտեց նաև Մորգան Ռոջերսի տաղանդը: Ֆուտբոլիստը 2024-ի փետրվարի 1-ին տեղափոխվեց «Ասթոն Վիլա» 10 միլիոն եվրոյով, 12 ամիս անց նրա տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 40 միլիոն եվրո:
Սկզբում թվում էր՝ Ռոջերսը եկել է դառնալու ռոտացիայի ենթարկվող հերթական ֆուտբոլիստը: Իր նոր թիմում առաջին 3 խաղում նա ոչ մի րոպե չանցկացրեց խաղադաշտում: Բայց Ռոջերսն ուներ մի հաղթաթուղթ, որի շնորհիվ էլ մտավ մեկնարկային կազմ ու չի զիջում իր տեղը: Այս մրցաշրջանում նա մասնակցել է «Ասթոն Վիլայի» բոլոր խաղերին:
Գաղտնիք չէ, որ Էմերին, որ թիմում էլ աշխատի, սիրում է «քամելեոնային» տակտիկա: Նրա սխեման երբեք հստակ չէ, այն փոխվում է՝ պայմանավորված բազմաթիվ գործոններով: Ու «Վիլայի» նման թիմում Ռոջերսի նման բազմակողմանի ֆուտբոլիստ ունենալն իսկական հարստություն է:
Ռոջերսի խաղային քարտեզն այս մրցաշրջանում

Ռոջերսը կարիերան սկսել է որպես եզրային հարձակվող, բայց նման տեխնիկական որակներ ունեցող ֆուտբոլիստին պարզապես եզրում օգտագործելը նման է նրան, որ ունենաս շենգենյան վիզա ու այցելես միայն Ռումինիա: Ռոջերսը բարձրահասակ է (189սմ), արագ, գնդակի հետ հրաշալի է վարվում, ունի վառ երևակայություն (ֆուտբոլային, իհարկե), ստեղծում ու խփում է գոլեր, ստեղծում ու կատարում է ասիստներ: Նրա լավագույն հատկանիշը գնդակը վերցնելն ու, մրցակցի պաշտպանական շերտերը պատռելով, առաջ շարժվելն է: Այս որակները Ռոջերսին թույլ են տալիս 4-4-2 սխեմայում լինել հարձակվող Օլի Ուոթկինսի կողքին, 4-2-3-1-ում՝ զբաղեցնել «10 համարի» դիրքը, 4-3-3 սխեմայում էլ՝ լինել եզրային հարձակվող:
Իսկ հիմա գեղարվեստական չափազանցություններից անցնենք անշունչ թվերին. 11 գոլ, 7 ասիստ, դրիբլինգի 68 հաջող փորձ, 43 արագացում ու 19 փոխանցում դեպի մրցակցի տուգանային հրապարակ, ընդհանուր 23 րոպե գնդակով արագացում (4-րդը ԱՊԼ-ում), 513 պրեսինգ մրցակցի կիսադաշտում, 296 խլում՝ առավելագույնը 10 վայրկյան տևողությամբ պրեսինգից հետո: Ավելի հակիրճ և հասկանալի եթե բացատրենք Ռոջերսի խաղաոճը, կստացվի մի փոքր ավելի արագ ու ճկուն Ջուդ Բելինգհեմ: Իհարկե, չենք շփոթում այս ամենը խաղամակարդակի հետ, որով Ռոջերսը «Ռեալի» աստղին ու հավաքականում իր թիմակցին դեռ շատ է զիջում:
Ի դեպ, Ռոջերսի այս փայլուն առաջընթացը պարգևատրվեց Անգլիայի հավաքական հրավերով, որտեղ նա նորամուտը նշեց 2024-ի նոյեմբերին:

Վրեժ «Սիթիից»
Մորգան Ռոջերսը, ի դեպ, փայլում է կարևոր խաղերում: Նա հեթ-տրիկ ձևակերպեց «Սելթիկի» դեմ ՉԼ Լիգայի փուլի վերջին ու որոշիչ տուրի խաղում, այդ գոլերի շնորհիվ թիմը հաղթեց և տեղ վաստակեց լավագույն 8-յակում:
Բայց սկզբունքայնության տեսանկյունից Ռոջերսի համար ամենաառանձնահատուկը «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղն էր, որտեղ նա ոչ միայն գոլ խփեց ու գոլային փոխանցում կատարեց, այլև ամբողջ խաղի ընթացքում իր տեղաշարժերով ու արագությամբ այնպես տանջեց «Սիթիի» պաշտպաններին, որ տպավորություն ստեղծվեց, թե նրանք 40-ն անց միջակ ֆուտբոլիստներ են: Այդպես Ռոջերսը ցույց տվեց Գվարդիոլային, թե նա ում է ժամանակին բաց թողել:

Տարիներ առաջ ֆուտբոլասերները Ջեք Գրիլիշին էին համարում «Ասթոն Վիլայի» Թոմի Շելբին՝ հանրահայտ հերոսը «Սուր հովարներ» սերիալից: Բայց ծնունդով բիրմինգհեմցի Մորգան Ռոջերսն է «Ասթոն Վիլայի» իրական «գանգստերը», որը շաբաթներ առաջ երկարաձգեց պայմանագրի ժամկետն ակումբի հետ մինչև 2030 թվականը: Ռոջերսը սոցիալական իր էջում տեղին հիշեցրեց Էլվիս Փրեսլիի երգի խոսքերը. «Տունն այնտեղ է, որտեղ սիրտն է»:
Home is where the heart is♥️ #2030 pic.twitter.com/ICdlHGErnh
— Morgan Rogers (@morgz_10) November 19, 2024


