VNews Culture-ի զրուցակիցն է Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի նախկին առաջատար մենակատար, Օդեսայի օպերայի և բալետի ազգային թատրոնի նախկին առաջատար մենակատար, այժմ Բալետային թատերախմբի գեղարվեստական ղեկավար, Ուկրաինայի վաստակավոր արտիստ Գարի Սևոյանը:
Արտիստի հետ զրուցել ենք ոչ միայն ստեղծագործական գործունեության մասին, այլև, թե ինչպես է Օդեսայի թատրոնը շարունակում աշխատել պատերազմի ժամանակ ու բալետային ներկայացումներով մարդկանց ապրելու հույս տալիս:
Գարի Սևոյանի հետ զրուցել ենք տեսակապի միջոցով․
Երևանում Ձեր ստեղծագործական կարիերան համընկավ շատ բարդ ժամանակաշրջանի հետ: Երկրում պատերազմ էր, բլոկադա, ճգնաժամ:
-Երևանում 90-ականներին բլոկադա էր ու պատերազմ, լույս չկար, ջուր ու գազ չկար, Օպերային թատրոնը կես տարի աշխատում էր, մնացած կես տարին արտիստները չգիտեին՝ ինչով զբաղվել: Վիլեն Գալստյանի, Մաքսիմ Սահակյանի, Աշոտ Ասատրյանի հետ եմ աշխատել: Այդ ժամանակ դեռ Հովհաննես Դիվանյանն ու Էլվիրա Մնացականյանն էլ էին պարում (Նրա հետ մեր զրույցը՝ այստեղ), բայց ամսական ընդամենը մեկ ներկայացում էր լինում Օպերայում: Այո, իմ ստեղծագործական կարիերան համընկավ շատ բարդ ժամանակաշրջանի հետ, բացի այդ՝ ես Երևանում շատ մեծ ողբերգություն ապրեցի: Թատրոնում էի․ իմ դուստրն ինձ հետ հանդերձարանում էր․ երաժշտություն էր հնչում, ու ազատամարտիկների հոգեհանգիստն էր: Ես մի պահ թեքվեցի ու հաջորդ վայրկյանին տեսա, որ իմ աչքի առաջ իմ երկու տարեկան դուստրն ընկավ թատրոնի պատուհանից և մահացավ․․․ Ես այդ ժամանակ չխելագարվեցի ու ողջ մնացի իմ գործընկերների, ընկերների, հարազատների շնորհիվ: Նրանք ինձ աջակցում էին, երկար ժամանակ ինձ մենակ չէին թողնում, կարելի է ասել՝ ինձ մոտ հերթապահում էին: Ես իմ երեխայով հպարտանում էի, նրանով ապրում, ու իմ մեղքով նման ողբերգություն տեղի ունեցավ: Ես այդ դեպքից հետո բազմիցս եղել եմ Երևանում, բայց այդքան տարի անց էլ այդպես էլ չեմ կարողանում ինձ ստիպել ոտք դնել թատրոն։ Երբ այցելում եմ Երևան՝ հանդիպում եմ Հովհաննես Դիվանյանին, բայց թատրոն այդպես էլ ոտք չեմ դնում․․․ Դա իմ ցավն ու ողբերգությունն է: Դստերս գերեզմանը Երևանում է․․․ Իմ անձնական ողբերգությունից բացի, Երևանն էլ լավ վիճակում չէր, առանց գազի, լույսի, առանց գումարի: Հիմա, իհարկե, ուրիշ է: Ամեն անգամ, երբ այցելում եմ Երևան, տեսնում եմ, թե որքան է փոխվել, ծաղկում ու զարգանում է: Հայաստանն իմ հայրենիքն է: Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, բայց թե՛ երկրում էր վատ վիճակ, թե՛ թատրոնում, թե՛ ես անձնական ողբերգություն ապրեցի ու որոշ ժամանակ անց հեռացա Երևանից:

Ձեր կենսագրության մեջ նշված է, որ Դուք պարել եք նաև Բաքվի թատրոնում: Ո՞ր տարիներին եք աշխատել Ադրբեջանում:
-Մինչև 21 տարեկան ես ապրել եմ Բաքվում: Ծնվել եմ Բաքվի մերձակա շրջաններից մեկում: Բաքվում էլ ավարտել եմ Պարարվեստի դպրոցի բալետի բաժինը, և ընդամենը երկու-երեք տարի էր, ինչ աշխատում էի Բաքվի օպերային թատրոնում, երբ սկսվեց կոտորածը․ Ադրբեջանի տարբեր քաղաքներում հայերին զանգվածաբար կոտորում էին, ու մենք փախանք Բաքվից: Եկանք Երևան․ այստեղ բավական շատ բարեկամներ ունեինք: Ես բարեկամներից մեկի տանն էի ապրում, ծնողներս ու քույրս մեկ այլ բարեկամի, եղբայրս՝ մյուս բարեկամի: Ու այդպես մինչև 1995 թվականը ես ապրել եմ Երևանում ու աշխատել թատրոնում:
Հայաստանից հեռացել եք 25 տարի առաջ:
-Այո: Ես շատ սիրեցի Օդեսան, ինձ համար հարազատ քաղաք է: 1998-ին Օդեսայում կար նախագիծ, կոչվում էր «Համաշխարհային բալետի աստղերը»: Ես մասնակցում էի որպես առաջատար մենակատար, ու բոլոր հայտնի ներկայացումներում գլխավոր դերակատար եմ եղել: Երևանի համեմատ՝ Օդեսայում իմ խաղացանկը շատ հարուստ էր: Ես Ուկրաինայի վաստակավոր արտիստ եմ:
Դուք այդ կոչումը ստացել եք որպես բալետի արտի՞ստ, թե՞ որպես խորեոգրաֆ:
-Գիտե՞ք, 1998-ին, երբ ինձ հրավիրեցին Ուկրաինա՝ պարելու, մի շարք գայթակղիչ առաջարկներ արեցին, ու դրանցից մեկն էլ այն էր, որ ես կդառնամ Ուկրաինայի վաստակավոր արտիստ, բնակարան կտան և այլն: Բնակարան չտվեցին, իսկ կոչումը տվեցին (Ծիծաղում է - Հեղ․): Թեպետ խոստացել էին, որ երեք տարի անց կտան, բայց այն ստացա տասներեք տարի անց: Դա 2011 թվականն էր: Ես այդ ժամանակ գրեթե ավարտել էի բալետի արտիստի իմ կարիերան: Բայց ես այդ կոչումը ստացել եմ առանց ծանոթների ու առանց զանգերի: Այդ ժամանակ Ուկրաինայում էլ դժվար տարիներ էին: Տարբեր առաջարկներ էի ստանում այլ երկրներից, բայց որևէ մեկը չընդունեցի: Տնօրինությունն ինձ խնդրել էր, որ չհեռանամ թատերախմբից: Ինձ ասում էին՝ եթե ես հեռանամ, թատրոնն ուղղակի կփլուզվի, որովհետև ես միակ առաջատար մենակատարն էի:

Հեշտությա՞մբ եկաք այն մտքին, որ ժամանակն է ավարտել կարիերան:
-Բալետի արտիստի կարիերան դեռ չավարտած՝ ես արդեն բալետային թատերախմբի ղեկավարի տեղակալի պաշտոնն էի զբաղեցնում: Հիմա բալետային թատերախմբի ղեկավարն եմ, գեղարվեստական ղեկավարը: Ես, աշխատանքին զուգահեռ, Կիևում ավարտեցի համալսարանն ու դարձա դիպլոմավորված բալետմեյստեր: Հիմա Լվովում ասպիրանտուրան եմ ավարտում: Արդեն տասը տարի է՝ Օդեսայի բալետային թատերախմբի գեղարվեստական ղեկավարն եմ: Թեպետ ներկայացումներ բեմադրելն իմ անմիջական ու հիմնական պարտականությունը չէ, սակայն ղեկավարության առաջարկությամբ բեմադրել եմ «Դիմակահանդես», «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումները, «Бродвей по Одесски» համերգը, «Դիդոնա և Էնեյ» ներկայացման բալետային հատվածը: Բազմաթիվ այլ համերգներ, որտեղ հանդես եմ եկել որպես ռեժիսոր:
Ձեր հարցազրույցներից մեկում ասել եք, որ Ձեզ համար շատ կարևոր էր բեմադրել «Դիմակահանդես» ներկայացումը: Ինչո՞ւ հենց «Դիմակահանդես»-ը:
-Նախևառաջ ես հայ եմ: Իմ սրտին շատ մոտ է Արամ Խաչատրյանի երաժշտությունն ընդհանրապես, իսկ «Դիմակահանդես»-ինը՝ հատկապես: Բացի այդ, «Դիմակահանդես»-ը առաջին անգամ բեմադրվել է Օդեսայում: «Հարյուրամյակի սահմանին» երկու մասանոց պարային նախագիծ էի բեմադրել, որը ներառում էր հատվածներ «Սպարտակից», «Դիմակահանդեսից», «Գայանեից» ու շատ այլ դասական բալետային ներկայացումներից, իսկ երկրորդ մասը ժամանակակից ներկայացումներ էին: Ու հանդիսատեսն այդ ներկայացումից հետո անընդհատ պահանջում էր, որ թատրոնում ցուցադրվեր «Դիմակահանդես» բալետը: Սկզբում ես ցանկանում էի այն վերականգնել, բայց հետո որոշեցինք, որ երեսուն տարի առաջվա ներկայացումը վերականգնելու փոխարեն նոր ներկայացում բեմադրենք: Ընդհանրապես նման չէ այն ներկայացմանը, որը ցուցադրվում է Երևանում: Ոչ էլ այն ներկայացմանը, որը ժամանակին եղել է Օդեսայում: Իմ բեմադրության մեջ կային բազմաթիվ ժամանակակից լուծումներ: Ներկայացումը շատ ջերմ ընդունվեց, կային մարդիկ, որ ավելի քան տասը անգամ դիտել են ներկայացումն ու ամեն անգամ ինչ-որ նոր բան են գտել: Բավական մեծ ռեժիսորական աշխատանք էր կատարվել: Բայց հիմա, Ռուսաստանի հետ պատերազմով պայմանավորված, մենք խաղացանկից հանել ենք «Դիմակահանդեսը»: Որովհետև այն Լերմոնտովի ստեղծագործությունն է: Մեր թատրոնի և ընդհանրապես Ուկրաինայի բոլոր թատրոնների քաղաքականությունն է՝ չներկայացնել ու չխաղալ ռուս կոմպոզիտորների, գրողների ստեղծագործություններ:
Այսինքն՝ Ձեր թատրոնում ռուս որևէ կոմպոզիտորի ստեղծագործություն չկա: Օրինակ, չեն բեմադրվում Չայկովսկու, Պրոկոֆևի ստեղծագործությունները:
-Այո, Չայկովսկուց ու ընդհանրապես որևէ ռուս կոմպոզիտորից որևէ ստեղծագործություն չի բեմադրվում:
Իսկ Դուք կարծում եք՝ դա ճի՞շտ որոշում է մերժել ռուսական մշակույթը:
-Այո, ես կարծում եմ, որ դա ճիշտ որոշում է, քանի որ գնում է պատերազմ: Դուք չեք պատկերացնում, թե այստեղ ինչ է կատարվում: Մենք փորձեր ենք անում, ու հանկարծ սկսվում է օդային տագնապը: Մի քանի անգամ ներկայացումների ժամանակ թատրոնի մոտակայքում արկեր են պայթել: Եվ այս ամենը հաշվի առնելով՝ Ուկրաինայի մշակույթի նախարարությունը նման որոշում է կայացրել, ու բոլոր թատրոններում այդ քաղաքականությունն ընդունվել է: Մենք դա հասկանում ենք: Այո, դա ճիշտ որոշում է:

Այդ քաղաքականությունը կիրառվում է շատ երկրներում: Բայց արդյոք չե՞ք կարծում, որ մշակույթը, երաժշտությունը պետք է քաղաքականությունից բարձր լինի:
-Դուք ինձ հարց եք տալիս, որի պատասխանը ես չունեմ: Ես Օդեսայի օպերայի և բալետի ազգային թատրոնի բալետային թատերախմբի ղեկավարն եմ, ու ես համաձայն եմ այդ որոշման ու քաղաքականության հետ:
Ես Ձեզ հասկացա: Դուք այժմ չափազանց ծանր օրեր եք ապրում: Ավելի քան մեկ տարի է՝ ընթանում է սարսափելի պատերազմ, որը խլել է տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր: Ինչպիսի՞ն է մշակութային կյանքը պատերազմի ժամանակ:
-Բազմաթիվ արտիստներ են հեռացել: Եթե մինչև պատերազմը թատերախմբում 100 հոգի էր պարում, այսօր արտիստների թիվը 60 է: Նախորդ տարվա մայիսից թատրոնը վերսկսեց փորձերը, որից հետո կամաց-կամաց սկսեցին ներկայացումներ ցուցադրել: Շատ հաճախ փորձերի ժամանակ, ներկայացումների ժամանակ սկսվում է օդային տագնապը, ու ամեն ինչ կանգ է առնում, մենք իջնում ենք ապաստարան ու սպասում, մինչև իրավիճակը հանդարտվի: Երբեմն պատահել է, որ ներկայացումներն ուղղակի չենք ավարտել, քանի որ օդային տագնապը տևել է մի քանի ժամ: Պատահում է, որ օրական մի քանի անգամ է օդային տագնապ հնչում: Չգիտենք` մեր գլխի վրայով ինչեր են թռչում: Հիմնականում բոլոր արկերը, հրթիռները թռչում են Օդեսայի վրայով, որովհետև ծովը մոտ է: Պատահում է, որ չենք կարողանում ամբողջ օրվա ընթացքում գոնե մեկ ժամ փորձ անել: Պատահում է՝ բալերինաները վախից չեն կարողանում պուանտների վրա կանգնել: Սա շատ մեծ պատասխանատվություն է, ամեն օր գալ թատրոն ու աշխատել: Որևէ մեկի կյանքն ապահովագրված չէ, ու պետք է շատ զգույշ լինել:

Մարդիկ դեպրեսիայի, վախի ու սարսափի մեջ են: Ինչպե՞ս է բալետը, մշակույթը կարողանում օգնել պատերազմի մեջ ապրող մարդկանց:
-Երբ պատերազմը սկսվեց, թատրոնի մի մեծ հատված հատկացվեց մարդկանց համար: Ոչ ոք տնից դուրս չէր գալիս, քաղաքը կարծես քնի մեջ լիներ: Մարդիկ ընկճված էին, տխուր, լարված: Ամեն ինչ փակ էր, ամեն ինչ մթության մեջ էր: Չկար ոչինչ: Երբ թատրոնը սկսեց առաջին ներկայացումները տալ՝ մարդիկ կարծես վերակենդանացան: Դա նշանակում էր, որ կյանքը շարունակվում է: Մենք՝ արտիստներս, ստիպում ենք, որ մարդիկ շարունակեն ապրել, երազել, հույս ունենալ: Այն, որ թատրոնն աշխատում է, մարդկանց մոտ հավատ է ներշնչում ապագայի հանդեպ: Թատրոնը կարծես Օդեսայի սիրտը լինի: Մենք բազմաթիվ ներկայացումներ ենք տվել զինվորների, պատերազմի մասնակիցների համար: Նրանք շնորհակալություն էին հայտնում մեզ, որ մենք ներկայացումներ էինք տալիս․ կարծես հույսի ու լույսի մի շող լինի: Սա շատ մեծ հոգեբանական աջակցություն է՝ թե՛ զինվորականների, թե՛ քաղաքի բնակիչների համար:
Ես հաճելիորեն զարմացա, երբ իմացա, որ նախորդ տարի, պատերազմի ընթացքում, թատրոնը երկու ներկայացման պրեմիերա է ունեցել: Օգոստոսին «Դոն Կիխոտ», իսկ նոյեմբերին՝ «Սպիտակաձյունիկը» բալետներն են ներկայացվել:
-Այո, այդպես է: Մենք ունեցել ենք պրեմիերաներ պատերազի ժամանակ: «Դոն Կիխոտն» ավելի շատ վերաբեմադրություն էր, որոշ խմբագրումներ էին կատարվել, իսկ «Սպիտակաձյունիկը» նոր ներկայացում է երեխաների համար, թեպետ մեծերն էլ են հաճույքով գալիս ու վայելում: Մեր թատրոնում միշտ անշլագ է: Թատրոնը 1600 նստատեղ ունի, բայց, քանի որ թատրոնի ապաստարանը տեղավորում է 700-800 հոգու, ապա մենք դահլիճ այդքան քանակությամբ հանդիսատես ենք թողնում: Այսօր էլ մենք նոր ներկայացման փորձեր ենք անում: Հունիսին մեզ մոտ պրեմիերա է: Ուկրաինացի կոմպոզիտոր Շևչենկոյի «Մատնաչափիկը» ներկայացումն է լինելու:
Ձեր թատրոնում վերջերս ողբերգություն է տեղի ունեցել: Մարտի դաշտում զոհվել է թատրոնի մենակատար Ռոստիսլավ Յանչիշինը:
-Այո, դա շատ մեծ ցավ է ինձ համար, քանի որ մենք նաև ընկերություն էինք անում: Շատ կրթված ու բարոյական համոզմունքներով մարդ էր: Նա տասը տարի է՝ աշխատում էր թատրոնում, թատրոնի մենակատարն էր, բազմաթիվ դերեր ուներ: Պատերազմի առաջին իսկ օրից նա չի փախել կամ թաքնվել, այլ հակառակը՝ կամավորագրվել է զինված ուժերին ու մեկնել կռվի: Սկզբում նրան սովորեցրել են, հետո արդեն ուղարկել թեժ կետ: Շատ մեծ կորուստ է նրա մահը: Միասին շատ ենք հյուրախաղերի մեկնել: Երբ մենք հյուրախաղերով գնացել էինք Կանադա, ինձ ասաց՝ «Գարի Վլադիմիրովիչ, մտածում եմ տեղափոխվել Կանադա»: Ես էլ ասացի՝ «Ռոստիկ, դու, իհարկե, քո կյանքի տերն ես, բայց քո նման բարոյական մարդիկ մեզ թատրոնում շատ են հարկավոր»: Ռոստիկն ասաց, որ հիմա չէ, գուցե ավելի ուշ մեկնի Կանադա: Մայիսի 20-ին նա կդառնար 32 տարեկան: Թատրոնի համար մեծ ողբերգություն էր նրա մահը․․․
Ինչպե՞ս եք գտնում խոսքեր արտիստներին ասելու, որպեսզի նրանք մոտիվացվեն, որպեսզի շարունակեն աշխատել:
-Գիտե՞ք, ես իմ կյանքում շատ բան եմ տեսել: Իմ կյանքում ողբերգությունները շատ են եղել, ու արդեն հասուն եմ, կարծես ժայռ լինեմ, ու յուրաքանչյուրի համար բառեր կարողանում եմ գտնել: Մեկը վախենում է, մեկը թողել գնացել է, մեկը շարունակում է աշխատել: Այո, շատ դժվար է, երբ ոչ մի պայման չկա աշխատելու: Եղել է, որ շաբաթներով լույս չենք ունեցել, երբ բենզին չկար, քաղաքում բենզինի հերթեր էին: Թատրոնը չէր ջեռուցվում: Բայց մարդիկ հույսը չեն կորցնում ու հավատով ապրում են, որ այս պատերազմում հաղթանակ է լինելու: Մարդիկ հավատում են, որ լավ ու լուսավոր օրերը վերադառնալու են: Ու մենք էլ մեր աշխատանքով, մեր ներկայացումներով մարդկանց ապրելու հույս ենք տալիս, մի լուսավոր կետ ենք դառնում այս գորշ իրականության մեջ:
Ի՞նչ եք կարծում՝ մշակույթը կարո՞ղ է ազդել քաղաքականության վրա:
-Այս պահին ոչ, չի կարող: Մշակույթը կարող է ազդել հասարակության վրա, բայց մշակույթի միջոցով մարդկանց վրա ազդել, որոնք սկսել են պատերա՞զմ․․․Ես կարծում եմ՝ եթե նրանք մտածեին մշակույթի մասին, կամ եթե նրանց մեջ լիներ մշակույթ, նրանք պատերազմ չէին սկսի:
Այդ դեպքում ի՞նչ անել, որ մշակույթը լինի ազդեցիկ, որպեսզի մշակույթը նպաստի խաղաղության հաստատմանը:
-Գիտե՞ք, նման խոսք կա՝ «Пока поют музы, пушки молчат», ու որքան շատ մարդ այցելի թատրոն, լինի դա Օդեսայում, Կիևում, Երևանում, աշխարհի որևէ այլ քաղաքում, որքան շատ լինեն մարդիկ, որոնք սիրում ու գնահատում են մշակույթը, գուցե պատերազմները քչանան: Քանի մարդիկ լսում են լավ երաժշտություն, նրանք չեն պատերազմի: Մեր գործն է ամբողջ աշխարհով մշակույթի գաղափարախոսությունը տարածել, որպեսզի մարդիկ մտածեն մշակույթով, այլ ոչ թե պատերազմով: Ու մենք այսօր մեր առջև դրված առաջադրանքը կատարում ենք: Այսօր, երբ մեր թշնամուն ամեն առումով զրկել են ու մեկուսացրել՝ այդ թվում մշակույթի ոլորտում, գուցե նրանք հասկանան․․․ Ամբողջ աշխարհն այսօր մեր կողքին է, ամբողջ աշխարհը հրաժարվում է համագործակցել ռուս մշակութային գործիչների հետ: Ու այդ կերպ մշակույթն էլ իր խոսքն է ասում, ասում է «ո՛չ պատերազմին»:
Ինչպե՞ս փոխվեց Ձեր կյանքը 2022 թվականի փետրվարի 24-ից հետո:
-Ամբողջությամբ: Եթե առաջ ծրագրեր կային՝ սա անել, նա անել՝ թե՛ կյանքում, թե՛ ստեղծագործական կյանքում, հյուրախաղեր էինք նախագծում, ապա այսօր կա միայն մի առաջադրանք՝ ողջ մնալ: Պատերազմը մեզ շատ է փոխել: Հոգեբանորեն մեզ շատ է փոխել: Գիտե՞ք, երբ տանը նստած ես ու այնպիսի պայթյուն է, որից ամբողջ շենքը ցնցվում է, պատուհանից դուրս ես նայում ու տեսնում ես, որ դիմացի շենքն այրվում է, իհարկե, հոգեբանորեն ազդում է մարդու վրա: Օդեսայում շատ ընկերներ, բարեկամներ ունեմ, բոլորի կյանքի համար անհանգստանում եմ: Սա շատ վախենալու է:

Պատերազմը Ձեր երազանքները փոխե՞լ է:
-Այո: Հիմա կա ընդամենը մի երազանք, որ պատերազմը շուտ ավարտվի: Որպեսզի երկինքը խաղաղ լինի, որ բոլոր բարեկամներս, ընկերներս, ծանոթներս ողջ լինեն: Սա միակ երազանքն է: Իհարկե, ցանկանում ես ինչ-որ նոր բան, լավ ու բարեկեցիկ կյանք, ուզում ես վստահ լինել ապագայիդ հանդեպ: Բայց հիմա դա՛ չէ էականը. կարևորը պատերազմն ավարտվի: Որպեսզի ոչ մի տեղ պատերազմ չլինի: Որպեսզի Հայաստանում էլ այլևս պատերազմ չլինի: Իմ սիրտը ցավում է, երբ կարդում եմ, որ Հայաստանում տղաներ են զոհվում․․․ Դա մեծ ցավ է: Պատերազմը մեծ ցավ է, ու դա հասկանում է միայն այն մարդը, որ տեսել ու ապրել է այդ դժոխքը:
Զրուցեց Հասմիկ Հարությունյանը
Օգտագործվել են արխիվային կադրեր
Կարող եք կարդալ նաև՝
Լիլիթ Հակոբյան․ Ամբիցիան շատ կարևոր բան է, որն ինձ օգնում է գոյատևել
Նարեկ Մարտիրոսյան․ Լուրերից իմացա, որ արժանացել եմ «Մովսես Խորենացի» մեդալին
Արշակ Ղալումյան․ «Born in Armenia» արտահայտությունը միշտ ինձ հետ է
Վիկտորյա Անանյան․ Ներկայացումից հետո ծաղկեփունջ ու բացիկ ստացա Վլադիմիր Պուտինից


