Գարիկ Կարապետյանը (102 կգ) Հայաստանի չորրորդ չեմպիոնական տիտղոսը նվաճեց Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում:
Մինչև 20 տարեկանների պայքարում հայ ծանրորդը երկամարտում գրանցեց 386 կգ (181+205) արդյունք: Կարապետյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց նաև պոկում ու հրում վարժություններում։ Երկամարտում նա 27 կգ գերազանցեց երկրորդ տեղը գրաված վրացի Գուրամի Վեկուային:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Գարիկ Կարապետյանը դարձել էր նաև մեծահասակների Եվրոպայի չեմպիոն՝ երկամարտում գրանցելով 392 կգ արդյունք:
Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ, Մ23), Գառնիկ Չոլակյանը (61 կգ, Մ23) և Սուրեն Գրիգորյանը (89 կգ, Մ20) ևս հռչակվել էին Եվրոպայի չեմպիոն: Կարեն Մարգարյանը (81 կգ) դարձել էր Եվրոպայի Մ23 փոխչեմպիոն, մինչև 20 տարեկանների պայքարում Տիգրան Կարապետյանը (67 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ) և Էմմա Պողոսյանը (81 կգ) նվաճել էին արծաթե մեդալ, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ), Սեյրան Խուդանյանը (55 կգ), Մերուժան Եղոյանը (61 կգ), Մարտին Պողոսյանը (73 կգ) և Մնացական Աբրահամյանը (81 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիր։


