
«ԱԼԱՇԿԵՐՏ» – «ԲԱՆԱՆՑ»
5 խաղ, +2=2-1, 3-2
17 ապրիլի, ժ.16:00, Երևան, «Նաիրի» մարզադաշտ
2012/13թթ. խաղարկություն, 1/8 եզրափակիչ
14.11.2012 «Բանանց» – «Ալաշկերտ»՝ 0-0
28.11.2012 «Ալաշկերտ» – «Բանանց»՝ 0-0, 5-4՝ 11մ
2015/16թթ. խաղարկություն, կիսաեզրափակիչ
15.03.2016 «Բանանց» – «Ալաշկերտ»՝ 0-1 (0-1)
Հեբեր Արաուխո 45՛
12.04.2016 «Ալաշկերտ» – «Բանանց»՝ 1-2 (0-1)
Անդրանիկ Ոսկանյան 90+4՛ – Զավեն Բադոյան 14՛, Լաերսիո Գոմես Կոստա 75՛
2017/18թթ. խաղարկություն, կիսաեզրափակիչ
08.03.2018 «Բանանց» – «Ալաշկերտ»՝ 0-1 (0-0)
Արտակ Դաշյան 59՛
Ընդամենը 3 օր առաջ մրցակիցներն իրենց հարաբերությունները պարզեցին առաջնության 23-րդ տուրի մրցախաղում, որում «Բանանցը» բոլոր առումներով գերազանցեց չեմպիոնին՝ 3-0 խոշոր հաշվով հաղթանակ տոնելով: Այդ հաջողությունը «Բանանցի» համար ինչ-որ չափով կարելի է պատմական համարել, քանի որ երկու տարի շարունակ, 11 խաղ անընդմեջ չէր հաջողվում հաղթել «Ալաշկերտին»: Եվ ահա «սառույցը կոտրվեց»:

Անշուշտ, «Բանանցն» այժմ էլ կփորձի չեմպիոնի նկատմամբ հաջողության հասնել նաև գավաթի մրցաշարում ու եզրափակչի ուղեգիր նվաճել: Կիսաեզրափակչի առաջին հանդիպումը «Բանանցի» համար անհաջող էր: Արամ Ոսկանյանի սաները սեփական հարկի տակ նվազագույն հաշվով զիջեցին մրցակցին: Եվ այժմ «Բանանցը» պետք է փորձի մրցակցի հարկի տակ ռևանշի հասնել «Ալաշկերտի» նկատմամբ:
Եթե ՀՀ առաջնություններում մինչ օրս «Բանանցին» չի հաջողվել մրցակցի հարկի տակ հաղթել «Ալաշկերտին», ապա գավաթի մրցաշարում թիմը նման հաջող փորձ արդեն ունի: Երկու տարի առաջ «Բանանցը», գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում սեփական հարկի տակ նվազագույն հաշվով զիջելով «Ալաշկերտին», հյուրընկալվելիս կարողացել էր ռևանշի հասնել ու եզրափակչի ուղեգիր նվաճել:
Ի դեպ, 2016թ. «Բանանցն» իր կենսագրության մեջ առայժմ վերջին՝ 3-րդ անգամ նվաճեց ՀՀ գավաթը՝ իսպանացի Տիտո Ռամալյոյի գլխավորությամբ «Միկայի» հետ վճռորոշ խաղում հաղթելով Լաերսիո Գոմես Կոստայի և Ացամազ Բուրաևի խփած գոլերի շնորհիվ:

Իսկ մինչ այդ «Բանանցը» գավաթակիր էր դարձել 1992թ. Վարուժան Սուքիասյանի և 2007թ.՝ Յան Պոշտուլկայի գլխավորությամբ:
Չնայած «Ալաշկերտի» ֆուտբոլային կարճ կենսագրությանը, գավաթի մրցաշարերում երկրի չեմպիոնն արդեն 3-րդ անգամ է մրցելու Հայաստանի առաջին գավաթակիր «Բանանցի» հետ:
Մրցակիցների գավաթային առաջին դիմակայությունը կայացել է 2012թ.: Այն ժամանակ նորաստեղծ «Ալաշկերտը» հանդես էր գալիս առաջին խմբում: Սակայն դա չխանգարեց առաջին խմբի նորեկին Ալբերտ Սարգսյանի գլխավորությամբ գավաթային երկու հանդիպումներում էլ լուրջ դիմադրություն ցույց տալ փորձառու «Բանանցին» և հետխաղյա 11մ հարվածների ավելի հաջող իրացման շնորհիվ քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճել:

Այդ փուլում էլ ալաշկերտցիներն իրենց վատ չդրսևորեցին՝ երկու խաղերի ընդհանուր արդյունքով նվազագույն հաշվով զիջելով «Գանձասարին» (0-0, 0-1):
«Ալաշկերտին» առայժմ ոչ մի կերպ չի հաջողվել եզրափակչի ուղեգիր նվաճել: Ալաշկերտցիները 3-րդ անգամ են հանդես գալիս գավաթի կիսաեզրափակչում: Նախորդ երկու դեպքում էլ եզրափակչի ուղեգիրը նրանք զիջել են մրցակիցներին: Մինչև 2016թ. «Բանանցին» կիսաեզրափակչում զիջելը, «Ալաշկերտը» գավաթի 2014/15թթ. խաղարկությունում պարտվել էր նաև «Փյունիկին» (1-3, 1-0):
Գավաթի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակչում «Ալաշկերտին» բաժին էր հասել առաջին խմբում հանդես եկող նորաստեղծ «Արցախը», որն ի զորու չէր լրջորեն դիմադրելու չեմպիոնին: Արդեն առաջին խաղում ալաշկերտցիները գործնականում վճռեցին մրցակցության ելքը՝ հյուրընկալվելիս հաղթելով 3-1 հաշվով:

Իսկ պատասխան խաղում «Ալաշկերտը» պարզապես ջախջախեց մրցակցին՝ 6 անպատասխան գնդակ ուղարկելով «Արցախի» դարպասը: Դա գավաթի մրցաշարերում «Ալաշկերտի» տոնած ամենախոշոր հաշվով հաղթանակն էր: Մինչ այդ ամենախոշոր հաշիվը գրանցվել էր 2015/16թթ. խաղարկության քառորդ եզրափակչում, որում «Ալաշկերտն» «Արարատին» հաղթել էր 4-0 հաշվով:
«Արցախի» հետ հանդիպումներում ալաշկերտցիներից արդյունավետ խաղով հատկապես աչքի ընկավ Արթուր Եդիգարյանը, ով խփած 4 գնդակով ներկայումս գավաթի ընթացիկ խաղարկության լավագույն ռմբարկուն է: Ընդ որում պատասխան խաղում նա դարձել էր հեթ-տրիքի հեղինակ:
«Բանանցին» կիսաեզրափակչի ուղեգիրը տրվեց անհամեմատ դժվարին պայքարում: Հյուրընկալվելիս «Փյունիկի» հետ հանդիպումն ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի, «Բանանցը» պատասխան հանդիպումը շահեց 4-2 հաշվով: Այդ հաղթանակում մեծ էր Նենադ Ինյացի ներդրումը, ով դուբլի հեղինակ դարձավ:

«Բանանցը» 17-րդ անգամ է հանդես գալիս գավաթի կիսաեզրափակիչ փուլում: 8 անգամ «Բանանցի» ֆուտբոլիստներին հաջողվել է հաղթահարել կիսաեզրափակչի արգելքն ու եզրափակչի ուղեգիր նվաճել:
Ընթացիկ առաջնությունում մրցակիցների մրցավեճում հավասարակշռություն է: Թիմերից յուրաքանչյուրը մեկական հաղթանակ է տոնել, 3 խաղ ավարտվել է ոչ-ոքի, միևնույն՝ 2-2 հաշվով:
Աշոտ Հայրապետյան

