Հայաստանի Մ21 հավաքականի նորեկ Ֆինն Գերագուսյանը եղել է ՀՖՖ-ի Next goal շարքի հերթական հերոսը` ներկայացնելով իր պատմությունը:
«Ֆուտբոլով սկսել եմ զբաղվել 4-5 տարեկանից։ Այդ ժամանակվանից հավատում էի, որ ֆուտբոլը դառնալու է իմ կյանքի անբաժան մասը։
Որևէ օր չեմ անցկացրել առանց գնդակի։ Իմ ընտանիքը դա տեսնում էր` միշտ աջակցելով ինձ։ Նրանք վստահ էին, որ ինձ մեծ ապագա է սպասում։
Ֆուտբոլիստ դառնալու հարցում մեծ դեր է ունեցել պապիկս, որը հայ է։ Նա շատ է պատմել Հայաստանի և հայկական մշակույթի մասին։ Նա խոսում է հայերեն և այժմ ինձ սովորեցնում է լեզուն։
Երբ առաջին անգամ հրավիրվեցի մինչև 19 տարեկանների Հայաստանի հավաքական, անբացատրելի հուզված էի։ Դա հրաշալի հնարավորություն էր ծանոթանալու հայկական մշակույթին, ձեռք բերելու նոր ընկերներ և աշխատելու նոր մարզիչների հետ։
Հայաստանի հավաքականի մարզաշապիկը հագնելը մեծ պատասխանատվություն է։ Լսելով Հայաստանի օրհներգը՝ ոգեշնչվում եմ, սիրտս սկսում է արագ բաբախել։
Երբեմն դժվար է հաղորդակցվել տղաների հետ, բայց թե՛ նրանք, թե՛ մարզիչները շատ են օգնում ինձ։ Կանեմ ամեն ինչ՝ շատ գոլեր խփելու և թիմիս հաղթանակներ պարգևելու համար։
Իմ առավելությունը հասակս է։ Փորձում եմ դա օգտագործել և՛ գնդակի համար պայքարում, և՛ գնդակը պահելու ժամանակ։ Կցանկանայի խաղալ «Սանդեռլենդի» հիմնական թիմում։ Անգլիայի Պրեմիեր լիգայում խաղալը յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է։ Դրանից բացի, շատ եմ ուզում խաղալ Հայաստանի ազգային հավաքականում»,- ասել է 18-ամյա ֆուտբոլիստը։


